Ծովային քարադր
Ծովային քարադր | |
Ծովային քարադր (արու) | |
Ծովային քարադր (էգ) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Քարադրանմաններ (Charadriiformes) |
Ընտանիք | Քարադրներ (Charadriidae) |
Ցեղ | Charadrius |
Տեսակ | Ծովային քարադր (C. alexandrinus) |
Միջազգային անվանում | |
Charadrius alexandrinus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Ծովային քարադր (լատին․՝ Charadrius alexandrinus), քարադրների ընտանիքին պատկանող բնադրող-չվող և քիչ տարածված թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 15-17 սմ է, թևերի բացվածքը՝ 42-45 սմ, կենդանի զանգվածը՝ 38-47,5 գ։ Փետրածածկը բաց գույնի է, ոտքերը՝ սևավուն։ Բնադրման շրջանում արուի գագաթի միջին մասը և ծոծրակը դարչնագույն են՝ շիկակարմրավուն երանգով փոփոխական, իսկ հոնքը՝ սպիտակ։ Գագաթի առջևի մասի սևը չի հասնում սև ակնաշերտին, կրծքի կողքերը սև բծերով են։ Էգի գագաթը և թիկնոցը միատարր դարչնագույն են, գագաթի առջևի մասը, ակնաշերտը և կրծքի կողքերի բծերը՝ մուգ դարչնագույն։ Չափազանց շարժուն և բավական զգույշ թռչուն է։
Բնակման վայր
խմբագրելԲնակվում է ձկնաբուծական լճակներում, լճափերին, մանրաքարոտ գետափերին, ինչպես նաև աղուտներում, աղային և կավային տեղամասերում։ 1986-1994 թվականներին Արարատյան դաշտի ճահճուտներում ու լճափերին կատարված յուրաքանչյուր հաշվառման արդյունքում՝ 8 կմ տարածության վրա գրանցվել է 1-10, առանձին դեպքերում՝ 24-35 թռչուն։ Սնվում է անողնաշարավորներով։ Գարնանային ամենավաղ վերադարձը մարտի երկրորդ տասնօրյակի վերջին է։ Բնադրում է չոր, աղքատիկ կիսաանապատային բուսականության պայմաններում։ Հաճախ ոչ մեծ բնադրագաղութներ է կազմում այլ քարադրների և ջրածիծառների հետ համատեղ։
Բույն
խմբագրել80-90 մմ տրամագծով բույնը ոչ խորը փոսիկ է։ Ցամքարը պատրաստված է չոր ջրային բույսերից։ Բնադրում է գետնին։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի երրորդ տասնօրյակից հուլիսի առաջին կեսը։ Դնում է 31 մմ տրամագծով, բաց կանաչավուն-դարչնագույն, մուգ դարչնագույն և բաց կապտամանուշակագույն պտերով 3 ձու։ Երիտասարդ, ձմեռային թարմ փետրածածկով անհատները հասուն թռչունների խմբերում հանդիպում են սեպտեմբերի ընթացքում։ Թխսակալման ժամանակ վտանգի դեպքում քարադրը աշխատում է թաղվել բնի մեջ և հնարավորին չափ մնալ անշարժ, վտանգի անխուսափելիության դեպքում և բույնը փրկելու նպատակով անաղմուկ, գաղտագողի դուրս է սողում բնից, կռացած ու մանրաքայլ, թևերը քարշ տալով անցնում է որոշակի տարածություն և իր վրա հրավիրում վտանգը։ Պաշտպանական ճիչերը սրնգի զրնգուն հնչյուններ են հիշեցնում։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Պորտուգալիայից մինչև Ճապոնիա, դեպի հարավ` մինչև Կապյան Երկիր, Ցեյլոն, Տասմանիա, ԱՄՆ, Վեստ Ինդիա ու Չիլիի ափերը։
Բնադրում է Արարատի մարզում` Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում, հավանաբար, նաև մասնատված` Արմավիրի մարզում, Արմավիր քաղաքի շրջակայքում[1]։
Պահպանություն
խմբագրելՀայաստանում խիստ սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Բնադրավայրերը հայտնի են միայն Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքից։ Պոպուլյացիան կազմված է հավանաբար 30-40 զույգից։
Սպառնացող վտանգներից է փոքր թվաքանակը, տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ ապրելավայրերի ոչնչացումը և ենթադրվող բնադրավայրերի մոտ անասունների արածեցումը։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային քարադր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային քարադր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |