Կապանի պղնձի հանքավայր

Կապանի պղնձի հանքավայր, հանքավայր Հայաստանի Սյունիքի մարզում, Ողջի գետի ավազանում, Կապան քաղաքից 3-4 կմ հյուսիս։ Հայաստանի պղնձի հիմնական հանքավայրերից է։

ԲնութագիրԽմբագրել

Տարածքը ավելի քան 25 կմ² է։ Հայտնի է հնագույն ժամանակներից, շահագործվում է 1846 թվականից։ Միջին ջերմաստիճանի ջրաջերմային հանքավայր է՝ կապված միջին յուրայի հրաբխային գործունեության հետ։ Հանքայնացումը պլագիոկլազային և քվարցային պորֆիրիտների մեջ է՝ ներկայացված երակներով (ավելի քան 500 արդյունաբերական նշանակության հանքային երակ) և երակիկացանավոր գոտիներով։

Արդյունաբերական նշանակության հանքանյութերի հիմնական պաշարները կապված են երակիկացանավոր հանքայնացման հետ, որն ըստ խորության փոխարկվում է երակային հանքայնացման։ Երակիկացանավոր մարմինները ոսպնյակաձև են և մերձլայնական ուղղությամբ ձգվում են 400-500 մ։ Ըստ խորության՝ դրանք հետամտվում են մինչև 500 մ հաստության՝ 10-20 մ։ Երակների միջին հաստությունը 0, 2-0, 5 մ է, ըստ տարածման՝ հետամտվում են 100-150, երբեմն՝ 300-350 մ, ըստ անկման՝ 200-250 մ։ Հանքանյութը կազմված է հիմնականում խալկոպիրիտ, քիչ քանակությամբ՝ բոռնիտ, խալկոզին, գալենիտ, սֆալերիտ, քվարց, կալցիտ, անհիդրիտ, գիպս և այլ միներալներից։ Պղնձի պարունակությունը 1, 54, 6% է։ Կան նաև ոսկի (մինչև 0, 3 գ/տ) և արծաթ (մինչև 24 գ/տ)։ Հանքադաշտը տեկտոնական խախտումներով բաժանված է բեկորների, որոնց շարժման տատանումները հասնում են 100-300 մ խորքում՝ տասնյակ մետրերի։ Կապանի պղնձի հանքավայրի հիմքի վրա գործում է Կապանի հանքահարստացուցիչ ֆաբրիկան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։