Կարեն Դեմիրճյան փողոց (Երևան)
Կարեն Դեմիրճյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի։
Կարեն Դեմիրճյան | |
---|---|
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Սկիզբ | Սարյան փողոց |
Ավարտ | Մաշտոցի պողոտա |
Անվանվել է ի պատիվ | Կարեն Դեմիրճյան |
Պատմություն
խմբագրելՇահարի կամ Արարատյան հայկական թաղի տարածքում նոր թաղամասի կառուցումն սկսվել է 1837 թ.՝ դեպի Մանկական երկաթուղի տանող թունելների տարածքից, որը պարսկական տիրապետության ժամանակ կոչվել է Խանի բաղեր կամ Խանբաղ, որովհետև այդտեղ են գտնվել Երևանի խանի այգիները։
Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց ձգվող երկու զուգահեռ փողոցները նախկինում կոչվել են Բեհբութովսկայա և Ցարսկայա և մի քանի անգամ վերանվանվել։ Իսկ 2014 թ. դրանք վերանվանվեցին Կարեն Դեմիրճյանի անունով։ Չնայած այդ որոշման, այսօր փողոցները շարունակվում են կոչվել Բուզանդի և Արամի փողոցներ։
Փողոցին հարող գլխավոր պողոտայում կանգնեցվել է հուշաքար։ Այդտեղ նախատեղվում է տեղադրել Կարեն Դեմիրճյանի հուշարձանը։
Մաշտոցի պողոտայից դեպի Սարյան փողոց ձգվող հատվածում եղել են հիմնականում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կառուցված տներ։
Ներկայիս Արամի փողոց կոչվող հատվածի նշանավոր շենքերից են Արամի փողոցի և Մաշտոցի պողոտայի անկյունում գտնվող բնակելի շենքը, որտեղ այժմ գործում է հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը։ Նա այդ շենքում ապրել և ստեղծագործել է 1932-1937 թթ։
Շենքը կառուցվել է 1932 թ. Բագրատ Ազարյանի նախագծով։ Շենքի կառուցման տարիներին Չարենցը խնդրանքով դիմել է Աղասի Խանջյանին, որ վերջինիս միջամտությամբ իրեն բնակարան հատկացվի այդ շենքում։ Մինչև այդ Չարենցը բնակվել է Ինտուրիստ հյուրանոցի շենքում։ Այսպիսով, շենքի 3-րդ հարկում Չարենցին հատկացվեց երեքսենյականոց բնակարան։ 1968 թվականի փետրվարի 8-ին որոշում կայացվեց բնակարանը վերածել թանգարանի։ 11 տարի նյութեր հավաքելուց հետո 1975 թ. շենքի առաջին հարկում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը։ Հետագայում թանգարանը ընդլայնվեց և ներառեց ևս երեք հարկաբաժին։
Նույն շենքում են բնակվել նաև ՀՍՍՀ Լուսավորության ժողկոմ (1938-1942 թթ) և ՀՍՍՀ արտաքին գործերի մինիստր (1958-1972) Բալաբեկ Մարտիրոսյանն ու Լուսավորության նախարար, պրոֆեսոր Ներսես Ստեփանյանը։
Այդ հատվածում են բնակվել վաճառական Հովհաննես Ազիզյանը, ով մեծ ներդրում է ունեցել Երևանի ջրամատակարարման գործում, հայ անվանի նկարիչ Մարտիրոս Սարյանը, Մարկ Գրիգորյանը, բժիշտ Ալեքսանդր Տեր-Մարտիրոսյանը, կոմպոզիտոր և խմբավար Մարտին Մազմանյանը։
Արամի 64 շենքում է ապրել կինոռեժիսոր Գենադի Մելքոնյանը՝ «Թթենի» ֆիլմի ռեժիսորը։
Արամի 80 շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին և պատկանել Մկրտչյանների ընտանիքին։ Այդտեղ 1945-1970 թթ ապրել և ստեղծագործել է ՀՍՍՀ կոմպոզիտոր Արամ Սաթունցը և նրա որդիները՝ Արամ Սաթյանն ու Ռուբեն Սաթյանը։
Արամի 88 շենքում է ապրել Ալեքսանդր Թամանյանի աշակերտ, ճարտարապետ Գևորգ Մուշեղյանը։ Շենքը կառուցվել է նրա պապի՝ Պողոս Մուշեղյանի կողմից։ Այդ շենքում է բնակվել նաև հայտնի իգդիրցի բժիշկ Գևորգ Մուշեղյանը։ Շենքում եղել է նկուղ, որտեղ գործել է Երևանի առաջին գինու գործարաններից մեկը, որը հետագայում գնել է գինեվաճառ Նիկոլայ Շուստովը։
Արամի փողոցի այդ հատվածում է նկարահանվել «Նվագախմբի տղաները» ֆիլմի դրվագներից մեկը։
Արամի 90 և 92 հասցեի շենքերը պատկանել են Երկրաբանական վարչությանը։ Նախագծվել են 1964 թ. ճարտարապետ Վերա Հովակիմյանի կողմից։ Ժամանակին շենքի առաջին հարկում է գործել №2 փոստատունը։
19-րդ դարի սկզբին ներկայիս Մաշտոցի պողոտայի և Արամի փողոցի խաչմերուկում թնդանոթի պայթյունով ազդարարվում էր ժամը 12-ը։
Մաշտոցի պողոտայի և Կ. Դեմիրճյան փողոցի անկյունում է գտնվում 1968 թ. Բաղդասար Արզումանյանի և Ռաիսա Սիմոնյանցի նախագծով կառուցված շենքը։ Այն պատկանել է Երքիմշինտրեստին։ Խորհրդային տարիներին այստեղ է տեղակայված եղել Աերոֆլոտ ընկերությունը։ Այդ շենքում է բնակվել Մարտիրոս Սարյանի աշակերտ, ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանը։
Փողոցի երկայնքով ամբողջությամբ եղել են 19-րդ դարի երկրորդ կեսին կառուցված բնակելի տներ։ Այսօր դրանք ամբողջությամբ քանդվել են՝ իրենց տեղը զիջելով բնակելի շենքերին։
Տներից մեկի դիմաց ժամանակին մի խաչ է արված եղել, որը ցույց է տվել Երևանի ճիշտ կենտրոնը։
Դեմիրճյան փողոցի տներից մեկում է ապրել անվանի լեզվաբան, պրոֆեսոր Արարատ Ղարիբյանը։
Դեմիրճյան փողոցից դեպի Ամիրյան փողոց դուրս եկող նրբանցքի անկյունում է գտնվում ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով 1929-1930 թթ. կառուցված հինգհարկանի շենքը (№101)։ Շենքի անկյունային լուծումը նախատեսված է եղել Ալեքսանդր Թամանյանի գլխավոր հատակագծով, որի համաձայն այդտեղ նախատեսված էր կառուցել օղակաձև փողոց[1]։ Այդ շենքում են ապրել ճարտարապետ Էդվարդ Զաքոյանը, վիրաբույժ Իվան Գևորգյանն ու ՀՍՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող Սպարտակ Մելիքսեթյանը։
Փողոցի սկզբնամասում են գտնվում դեպի Մանկական երկաթուղի տանող թունելները։ Դրանք կառուցվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Ալեքսանդր Թամանյանի նախագծով` որպես ապաստարան[2]։
Գլխավոր պողոտա
խմբագրելԳլխավոր պողոտայի ծառուղին նախագծվել է ճարտարապետ Արմեն Զարյան-Եղյազարյանի կողմից։ Կանաչապատման խնդիրները լուծվել են Սիլվա Աղաբաբյանի ջանքերով։
Տվյալներ
խմբագրելՍկսվում է Սարյան փողոցից և պուրակի երկու կողմերով ձգվում մինչև Մաշտոցի պողոտա։ Փողոցը Երևանի ավագանու որոշմամբ անվանակոչվել է 2014 թվականի ապրիլի 30-ին։ Նախկինում այս փողոցի աջակողմյան հատվածը եղել է Փավստոս Բուզանդի փողոցի վերջնամասը, իսկ ձախակողմյանը՝ Արամի փողոցի վերջնամասը[3]։
Հատող փողոցներ
խմբագրելՆշանակալի օբյեկտներ
խմբագրել- Կարեն Դեմիրճյանի հուշարձան (նախատեսվում է տեղադրել)
- Եղիշե Չարենցի տուն-թանգարան
Պատկերասրահ
խմբագրել-
Հատումը Մաշտոցի պողոտայի հետ (Փավստոս Բուզանդի փողոցի նախկին վերջին հատվածը)
-
Հատումը Մաշտոցի պողոտայի հետ (Արամի փողոցի նախկին վերջին հատվածը)
-
Հատումը Մաշտոցի պողոտայի հետ (Փավստոս Բուզանդի փողոցի նախկին վերջին հատվածը)
-
Հատումը Մաշտոցի պողոտայի հետ (Արամի փողոցի նախկին վերջին հատվածը)
-
համար 90 շենքը
-
համար 88 շենքը
-
համար 88 շենքը
-
Գևորգ Մուշեղյանի հուշատախտակը
-
համար 80 շենքը
-
համար 80 շենքը
-
համար 64 շենքի կամարը
-
համար 64 շենքի կամարը
-
համար 64 շենքը
-
համար 64 շենքը
-
Գեննադի Մելքոնյանի հուշատախտակը
-
համար 64 շենքը
-
Ներսես Ստեփանյանի հուշատախտակը
-
Կարեն Դեմիրճյանի հուշարձանը տեղադրելու մասին քարը
-
Աերոֆլոտի շենքը
-
Աերոֆլոտի շենքը
-
Կապի շենքը
-
Հատումը Մաշտոցի պողոտայի հետ (Փավստոս Բուզանդի փողոցի նախկին վերջին հատվածը)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Այլ Երևան» նախագիծ
- ↑ «Փողոց» ծրագիր
- ↑ «Երևանը կունենա Կարեն Դեմիրճյանի անվան փողոց, իսկ Մաշտոցի պողոտայում կտեղադրվի նրա արձանը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.