Կարեն Դեմիրճյանի հուշարձան (Երևան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Դեմիրճյանի հուշարձան (այլ կիրառումներ)

Կարեն Դեմիրճյանի հուշարձան, հուշարձան Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մերձակա տարածքում[1], որի բացումը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 9-ին՝ համալիրի 40-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում[2]։ Արձանը նվիրված է Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին։

Կարեն Դեմիրճյանի հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
Առաջին հիշատակում 2014, ապրիլի 30
Գտնվում է Մարզահամերգային համալիրի հարակից տարածք
Բարձրություն 3,6 մ
Քանդակագործ(ներ) Սարգիս Բաբայան
Նախագծի հեղինակ Երևանի քաղաքապետարան
Նյութ բրոնզ
Շինարարության սկիզբ 2014
Շինարարության ավարտ 2023, սեպտեմբերի 9
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակներ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Արձանը բրոնզից է։ Բարձրությունը 3 մետր 60 սանտիմետր, պատվանդանի բարձրությունը՝ 1,40-1,60 մետր։ Պատվանդանն ունի թեքահարթակի տեսք, որը նման է համալիրի աստիճաններին։ Դեմիրճյանը պատկերվում է դեպի ժողովուրդն իջնելիս[1]։

Պատմություն խմբագրել

 
Կարեն Դեմիրճյանի հուշարձանը տեղադրելու մասին քարը Կարեն Դեմիրճյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման մասում

Երևանի ավագանու 2014 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ Երևան քաղաքի Արամի և Բուզանդի փողոցների՝ Սարյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածները անվանակոչվել են Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անունով։ Ավագանին որոշել էր նաև Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 և թիվ 17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու՝ Մաշտոցի պողոտային հարակից հատվածում տեղադրելու մասին որոշումը[3]։ Արձանը պատրաստվում էր Արցախի սպիտակ մարմարից, բարձրությունը պետք է լիներ 3 մետր 70 սանտիմետր[4]։

Հուշարձանը քանդակում էր Տիգրան Արզումանյանը։ Ըստ նրա՝ արձանի բարձրությունը պետք է լիներ 3,7 մետր։ Դա լինելու էր կոմպոզիցիոն արձան, և պատվանդանը լինելու էր պայմանական[5]։ Հեղինակը սկզբում ցանկացել է հուշարձանի բացումը կատարել Կարեն Դեմիրճյանի սպանության տարելիցի օրը՝ հոկտեմբերի 27-ին[6]։ Սակայն հետագայում շրջանառվել է այլ ամսաթիվ՝ 2016 թվականի ապրիլի 17-ը՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը, թեպետ եղել է նաև Դեմիրճյանի 85-ամյակի՝ 2017 թվականի նույն օրը արձանը բացելու վերաբերյալ տեսակետ[4]։ Ի վերջո հենց այդ օրն էլ պետք է կայանար արձանի բացումը[7]։ Սակայն հուշարձանը նշված վայրում այդպես էլ չտեղադրվեց։

Ի վերջո որոշվել է Կարեն Դեմիրճյանի հուշարձանը տեղադրել նոր վայրում՝ Լենինգրադյան փողոցում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ։ Դեմիրճյանի ընտանիքի խնդրանքով փոխվել է նաև քանդակագործը. արձանի հեղինակը Սարգիս Բաբայանն է։

Բացման արարողություն խմբագրել

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 9-ին։ Արարողությանը մասնակցել է Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, նրանց ընտանիքի մյուս անդամները, բազմաթիվ հյուրեր[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Կարեն Դեմիրճյանի հուշարձանը` մարզահամերգային համալիրի հարակից հարթակում».
  2. 2,0 2,1 «Բացվեց Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանը».
  3. Մաշտոցի պողոտային հարակից այգում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի հուշարձանը
  4. 4,0 4,1 «Տարոն Մարգարյանի ու Կարեն Դեմիրճյանի ընտանիքի տեսակետներն իրարամերժ են արձանի հարցում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  5. Կարեն Դեմիրճյանի արձանի պատրաստումը վստահվել է քանդակագործ Տիգրան Արզումանյանին(չաշխատող հղում)
  6. Դեմիրճյանի արձանի բացումը ցանկանում են անել հոկտեմբերի 27-ին...
  7. Կարեն Դեմիրճյանի հուշարձանը գրեթե պատրաստ է
  8. «Բրոնզաձույլ խորհրդանիշ՝ մարդկանց ընդառաջ․ բացվել է Կարեն Դեմիրճյանի արձանը».

Արտաքին հղումներ խմբագրել