Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ազգային ծրագիր

Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից

Խորհրդային միության կոմունիստական կուսակցության ազգային ծրագիր , ԽՄԿԿ գաղափարախոսության ծրագրի բաղկացուցիչ մասը, որի նպատակն ըստ սեփական պնդման հետևյալն էր. «Ռուսական կայսրության տարածքում ապրող բոլոր ազգերին խորհրդային ժողովուրդներին ազատագրել ցարիզմի, կալվածատերերի և բուրժուազիայի լծից, վերջ դնել ազգային խտրականությանը, հաղթահարել նախկինում հարստահարված ժողովուրդների կուլտուրական և տնտեսական հետամնացությունը, երկրի բոլոր ազգերին համախմբել մեկ միասնական ընտանիքում, ստեղծել բազմազգ սոցիալիստական պետություն՝ ի շահ սոցիալիզմի և կոմունիզմի կառուցման ԽՍՀՄ-ում»։

«Կոմունիստական կուսակցության մանիֆեստում» Կարլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը ձևակերպել էին հասարակության՝ սոցիալիզմի անցման հիմնական խնդիրները, նշելով, որ կապիտալիզմի ժամանակ մասնավոր սեփականության հիմքի վրա ստեղծված սոցիալական հակամարտության և անհավասարության դրսևորումներից մեկն էլ ազգերի միջև հակադրությունների, թշնամական հարաբերությունների սրումն էր։ Իրենց երկերում, քննարկելով կապիտալիզմի պայմաններում ազգերի զարգացման պատմական միտումները, ազգային ընդհանրության և ազգային հարաբերությունների բազմազան կողմերն ու դրսևորումները, Կարլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը մշակեցին պրոլետարական ինտերնացիոնալիզմի, որպես ազգային հարցում բանվոր դասակարգի աշխարհայեցողության և քաղաքականության դրսևորում, և որպես ազգային հավասարության հիմնադրույթներից մեկը հռչակեցին «չի կարող ազատ լինել մի ժողովուրդ, որը ճնշում է ուրիշ ժողովուրդների» գաղափարը։

ՌԽԴԲԿ 1-ին համագումարը (1898) թեև չկարողացավ հրապարակել այդ ծրագիրը, որի հիմնական սկզբունքներն արդեն մշակված էին Լենինի վաղ շրջանի աշխատությունններում, այնուամենայնիվ ընդունեց ազգային հարցի այնպիսի կարևոր սկզբունք, ինչպիսին ազգերի ինքնորոշման իրավունքն էր։ ՌԽԴԲԿ 2-րդ համագումարը, որն ընդունեց կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, առաջին անգամ պատմության մեջ առաջ քաշեց ազգային հարցի լուծման հետևողական ու ամբողջական հայեցակետ, ազգային հարցում, որպես կուսակցության նպատակ հռչակելով «Դասերի ոչնչացումը և բոլոր քաղաքացիների լիակատար իրավահավասարությունը՝ անկախ սեռից, կրոնից, ռասայից ու ազգությունից», «Բնակչության՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը, այն ապահովելով պետության և ինքնավարության օրգանների հաշվին անհրաժեշտ դպրոցների ստեղծումով, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը՝ ժողովներում արտահայտվելու մայրենի լեզվով, բոլոր հասարակական և պետության տեղական հաստատություններում մտցնել մայրենի լեզու՝ պետականի հետ համահավասար կերպով», «Պետության կազմի մեջ մտնող բոլոր ազգերի ինքնորոշման իրավունքը» ։ Լենինը իր մի շարք աշխատություններում («Թեզիսներ ազգային հարցի մասին», «Ազգերի ինքնորոշման իրավունքի մասին» են) հատուկ և հստակ ձևակերպեց ազգային հարցում կուսակցության ծրագրի հիմնական սկզբունքները, գրելով․ «Ազգերի լիակատար իրավահավասարություն, ազգերի ինքնորոշման իրավունք, բոլոր ազգերի բանվորների միաձուլում, — ազգային այս ծրագիրն է ուսուցանում մարքսիզմը բանվորներին, ուսուցանում է ամբողշ աշխարհի փորձը և Ռուսաստանի փորձը» ։ Վլադիմիր Լենինը խորապես ուսումնասիրեց նաև ազգային տնտեսական կյանքի, լեզվի և մշակույթների փաստական հավասարության հասնելու ուղիներն ու միջոցները։ Այդ բոլորը հիմք դարձան ազգային հարցում կուսակցության այնպիսի որոշումների համար, ինչպիսիք էին ՌԽԴԲԿ 1913 թվականի Օգոստոսյան խորհրդակցության և 1917 թվականի համառուսաստանյան 7-րդ (ապրիլյան) կոնֆերանսի ազգային հարցի առթիվ ընդունված բանաձևերը։ Տեղափոխությունից անմիջապես հետո խորհրդային կառավարությունը հանդես եկավ Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիայով, ուր պետականորեն հռչակեց Ռուսաստանի բոլոր ժողովուրդների ազատ պետական ինքնորոշման ու կամավոր միավորման, ազգերի փաստական հավասարություն հաստատելու և բոլոր աշխատավորներին միասնական քաղաքական ու հասարակական կազմակերպությունների մեջ միավորելու սկզբունքները։

ՌԽՖՍՀ զինանշան

1918 թվականին Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերակառուցվեց որպես խորհրդային ֆեդերատիվ հանրապետություն՝ սեփական պնդմամբ փորձելով ինքնավարություն տալ իր կազմում գտնվող ժողովուրդներին։ 1917—1921 թվականների ընթացքում, հիմնականում՝ օկուպացիայի եղանակով խորհրդայնացվեցին Ուկրաինան, Բելառուսը, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը։ Այդ բոլորի հիման վրա հանդես եկավ ազգային և ազգային-պետական հարաբերությունների սկզբունքորեն նոր՝ սոցիալիստ, տիպ, որն անհրաժեշտորեն պահանջում էր սոցիալիստական հանրապետությունների սերտ համագործակցություն և միավորում այսպես կոչված՝ իմպերիալիստական պետություններից պաշտպանվելու, միասնական ուժերով երկարատև պատերազմներից քայքայված ժողտնտեսությունը վերականգնելու և ժողովուրդների միջև եղած փաստական անհավասարությունը հաղթահարելու համար։ ՌԿ(բ)կ 8-րդ համագումարը (1919) հաստատեց կուսակցության նոր ծրագիրը, որն ազգային հարաբերությունների բնագավառում անկյունաքար դարձնելով տարբեր ազգությունների պրոլետարների և կիսապրոլետարների մերձեցման քաղաքականությունը, ամեն մի ազգային խմբակցության բոլոր և ամեն տեսակի արտոնությունների ոչնչացումը, ազգերի լիակատար իրավահավասարության ու պետականորեն անջատվելու իրավունքի ճանաչումը գաղութների և անհավասար ազգերի համար, արձանագրեց, «․․․որպես անցման ձևերից մեկը դեպի լիակատար միասնություն տանող ուղու վրա, կուսակցությունը առաջադրում է սովետական տիպով կազմակերպված պետությունների ֆեդերատիվ միավորումը» ։ ՌԿ(բ) կ 10-րդ համագումարը (1921) հատկապես ընդգծեց առանձին սովետական հանրապետություններից պետական միություն կազմելու հրամայական անհրաժեշտությունը և նշեց, որ «խորհրդային հանրապետությունների՝ ռազմական որևէ տնտեսական գործի ընդհանրության վրա հիմնված ֆեդերացիան պետական միության այն ընդհանուր ձևն Է, որ հնարավորություն է տալիս՝

  • ապահովելու ինչպես առանձին հանրապետությունների, այնպես Էլ ամբողջ ֆեդերացիայի ամբողջությունն ու տնտեսական զարգացումը,
  • ընդգրկելու զարգացման տարբեր աստիճանների վրա կանգնած զանազան ազգերի ու ժողովուրդների կենցաղի, մշակույթի ու տնտեսական վիճակի ամբողջ բազմազանությունը և դրա համեմատ կիրառելու ֆեդերացիայի այս կամ այն ձևը
  • կարգավորելու իրենց բախտը այս կամ այն ձևով ֆեդերացիայի բախտի հետ կապած ազգերի ու ժողովուրդների խաղաղ համակեցությունն ու եղբայրական համագործակցությունը»

1922 թվականի դեկտեմբերի 30-ին կազմակերպված Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (ԽՍՀՄ) փորձում էր ներկայանալ որպես ազգերի ազատ ու կամավոր միավորման սկզբունքի իրական մարմնավորում։

Հայրենական մեծ պատերազմ

1941-1945 թվականի Հայրենական մեծ պատերազմը լիովին ապացուցեց այդ բարեկամության ամրությունն ու այն խախտելու ճիգերի անզորությունը։ ԽՄԿ 22-րդ համագումարը, հանրագումարի բերելով ազգերի և ազգային հարաբերությունների զարգացումը, կուսակցության է որ ծրագրում հատուկ բաժին նվիրեց կուսակցության խնդիրներին ազգային հարաբերությունների բնագավառում և դրանց հետագա զարգացման միտումներին, նշելով․ «Կոմունիստական ծավալուն շինարարությունը ԽՍՀՄ-ում ազգային հարաբերությունների զարգացման նոր էտապ է նշանավորում, որը բնութագրվում է ազգերի հետագա մերձեցմամբ և նրանց լիակատար միասնության իրագործմամբ», որ ԽՍՀՄ-ում «Կոմունիզմի հաղթանակի շնորհիվ տեղի կունենա ազգերի Էլ ավելի մերձեցում։ Կաճի նրանց տնտեսական ու գաղափարական ընդհանրությունը, կզարգանան նրանց հոգևոր կերպարի կոմունիստական ընդհանուր գծերը։ Սակայն ազգային տարբերությունների, հատկապես լեզվական տարբերությունների ջնջվելը, զգալիորեն ավելի տևական պրոցես Է, քան դասակարգային սահմանագծերի ջնջվելը։ Յուրաքանչյուր խորհրդային հանրապետություն կարող է այսուհետև Էլ ծաղկել և ամրապնդվել միայն ԽՍՀՄ եղբայրական սոցիալիստական ազգերի մեծ ընտանիքում» ։ Ծրագրում տվյալ ժամանակաշրջանին համապատասխան կոնկրետացվեցին ազգային հարաբերությունների բնագավառում կուսակցության հիմնական խնդիրները։ Հալուն սոցիալիզմի փուլում ԽՄԿԿ ազգային քաղաքականության մի շարք արդիական հարցեր մասնավորապես վերլուծված են ԽՍՀՄ կազմավորման 50-ամյակի և 60-ամյակի մասին ԽՄԿԿ ԿԿ որոշումներում, ԽՄԿԿ 24-րդ, 25-րդ, 26-րդ համագումարների նյութերում։ ԽՄԿԿ 26-րդ համագումարը, ընդհանրացնելով ազգ․ային հարաբերությունների բնագավառում վերջին տարիներին կուսակցության ու խորհրդային կառավարության իրականացրած խոշոր միջոցառումները, ընդգծեց, որ մեր երկրում հարգվում են ազգային զգացմունքները, յուրաքանչյուր մարդու ազգային արժանապատվությունը և, որ կուսակցությունը կշարունակի վճռականորեն պայքարել սոցիալիզմի բնույթին խորթ երևույթների դեմ, ինչպիսիք են շովինիզմը կամ նացիոնալիզմը, ամեն տեսակ ազգայնական խեղաթյուրումները՝ ԽՍՀՄ ժողովորդների հետագա մերձեցումն իրագործելով նրանց հավասարության, եղբայրական համագործակցության ու կամավորության հիման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 528 CC-BY-SA-icon-80x15.png