Խրուշչովյան ձնհալ[1] (ռուս.՝ хрущёвская оттепель), ԽՍՀՄ պատմության՝ Ստալինի մահվանը հաջորդած ժամանակաշրջանի ոչ պաշտոնական անվանում, որ շարունակվել է շուրջ տասը տարի (1950-ական թվականների կեսերից մինչև 1960-ականների կեսեր)։ Բնութագրվել է ԽՍՀՄ ներքին քաղաքական կյանքում Ստալինի անձի պաշտամունքի ու 1930-ական թվականների քաղաքական բռնաճնշումների քննադատությամբ, քաղբանտարկյալներին ազատության շնորհմամբ, ԳՈՒԼԱԳ-ի լուծարմամբ, տոտալիտարիստական իշխանության թուլացմամբ, խոսքի որոշակի ազատությունների ի հայտ գալով, ստեղծագործական գործունեության մեծ ազատությամբ։ Անվանումը կապված է այդ ժամանակ ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնն զբաղեցրած Նիկիտա Խրուշչովի (1953-1964) ազգանվան հետ։

Նիկիտա Խրուշչովը և Իոսիֆ Ստալինը 1936 թվականին

«Ձնհալ» (ռուս.՝ «оттепель») բառը վերցված է Իլյա Էրենբուրգի համանուն պոեմից։

Պատմություն խմբագրել

«Խրուշչովյան հալոցքի» համար սկզբնակետ է ծառայել Ստալինի մահը 1953 թվականին։ «Հալոցքին» վերագրում նաև այն ոչ մեծ ժամանակաշրջանը (1953-1955), երբ երկրի ղեկավարությունը գտնվել է Գեորգի Մելնիկովի ձեռքում և փակվել են խոշոր քրեական գործերը («Լենինգրադյան գործ», «Բժիշկների գործ»), համաներման են ենթարկվել աննշան հանցագործությունների համար դատապարտվածները։ Այդ տարիներին ԳՈՒԼԱԳ-ի համակարգում տեղի են ունեցել կալանավորների ապստամբություններ (Նորիլսկի, Վորկուտայի, Կենգիրի և այլն)։

Ապաստալինականացում խմբագրել

Խրուշչովի իշխանության ամրապնդմանը զուգահեռ «հալոցքն» սկսել է ասոցացվել Իոսիֆ Ստալինի անձի պաշտամունքի մերկացման հետ։ Սակայն դրա հետ միաժամանակ 1953-1956 թվականներին Ստալինը շարունակել է Խորհրդային Միությունում պաշտոնապես համարվել մեծ առաջնորդ. այդ ժամանակաշրջանի դիմանկարներում նա հաճախ պատկերվել է Լենինի հետ միասին։ 1956 թվականին կայացած ԽՄԿԿ XX համագումարում Խրոշչովը կարդացել է զեկուցում «Անձի պաշտամունքի և նրա հետևանքների մասին», որում քննադատության են ենթարկվել Ստալինի անձի պաշտամունքն ու ստալինյան բռնաճնշումները, իսկ ԽՍՀՄ արտաքին քաղաքականության մեջ ընտրվել է կապիտալիստական աշխարհի հետ «խաղաղ գոյակցության» ուղղությունը։ Խրուշչովը նաև սկսել է կարգավորել հարաբերությունները Հարավսլավիայի հետ, որոնք խզվել էին Ստալինի օրոք։

Ընդհանուր առմամբ նոր ուղղությանը կողմ է հանդես եկել ԽՄԿԿ ղեկավարությունը, քանզի նախկինում անգամ ամենաականավոր կուսակցական գործիչները, արժանանալով առաջնորդի զայրույթին, կարող էին զրկվել անգամ կյանքից։ ԽՍՀՄ և սոցիալիստական այլ երկրների բազմաթիվ քաղբանտարկյալների ազատություն է շնորհվել, իսկ նրանց իրավունքները վերականգնվել են։ 1953 թվականից ստեղծվել են գործերի ստուգման և իրավունքների վերականգնման հանձնաժողովներ։ 1930-1940-ական թվականներին արտաքսվածների մեծ մասին թույլ է տրվել վերադառնալ հայրենիք։

Մեղմացվել է նաև աշխատանքային օրենսդրությունը, մասնավորապես 1956 թվականի ապրիլի 25-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը հաստատել է իր նախագահության հրամանը, որ չեղարկում էր դատական պատասխանատվությունը ձեռնարկություններից կամ հիմնարկություններից ինքնակամ հեռանալու, ինչպես նաև առանց հարգելի պատճառի աշխատանքից բացակայելու և ուշանալու համար։

Հայրենիք են ուղարկվել տասնյակ հազարավոր գերմանացի ու ճապոնացի ռազմագերիներ։ Որոշ երկրներում իշխանության գլուխ են անցել համեմատաբար լիբերալ ղեկավարներ, ինչպիսին էր Իմրե Նաձը Հունգարիայում։ Ձեռք է բերվել համաձայնություն Ավստրիայի պետական չեզոքության և այնտեղից օկուպացիոն բոլոր զորքերի դուրսբերման վերաբերյալ։ 1955 թվականին Նիկիտա Խրուշչյովը Ժնևում հանդիպել է Միացյալ Նահանգների Դուայթ Էյզենհաուերի և Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կառավարությունների ղեկավարների հետ։

Դրա հետ միասին ապաստալինականացումը չափազանց բացասաբար է անդրադարձել մաոիստական Չինաստանի հետ հարաբերությունների վրա։ Չինաստանի կոմունիստական կուսակցությունն ապաստալինականացումը դատապարտել է որպես ռեվիզիոնիզմ։

1957 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունն արգելել է քաղաքներն ու գործարանները կոչել կուսակցական գործիչների անունով նրանց կենդանության օրոք։

1958 թվականի դեկտեմբերի 29-ին ՌՍՖՍՀ քրեական օրենսգրքից հանվել է «ժողովրդի թշնամի» հասկացությունը։

1961 թվականի հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը Ստալինի մարմինը հանվել է դամբարանից ու վերաթաղվել Կրեմլյան պատի մոտ։

Խրուշչյովի օրոք Ստալինի նկատմամբ վերաբերմունքը եղել է չեզոք-դրական։ Խրուշչյովյան ձնհալի ժամանակ խորհրդային բոլոր հրատարակություններում Ստալինին կոչել են ականավոր կուսակցական գործիչ, աննկուն հեղափոխական ու կուսակցության խոշոր տեսաբան, որ համախմբել է կուսակցությունը դժվարին փորձությունների ժամանակներում։ Սակայն միևնույն ժամանակ այդ շրջանի բոլոր հրատարակություններում գրում էին, թե Ստալինն ունեցել է թերություններ և իր կյանքի վերջին տարիներին թույլ է տվել մեծ սխալներ ու ծայրահեղություններ։

Ձնհալի սահմաններն ու հակասությունները խմբագրել

Ձնհալի ժամանակաշրջանը ձգվել է ոչ երկար։ Արդեն 1956 թվականի հունգարական հեղափոխության ճնշման հետ ի հայտ են եկել հստակ սահմանափակումներ։ Կուսակցական ղեկավարությունը վախենում էր նրանից, որ վարչակարգի լիբերալացումը Հունգարիայում հանգեցրեց հակակոմունիստական բացահայտ ելույթների ու բռնության, և Խորհրդային Միությունում նույնպես վարչակարգի լիբերալացումը կարող է նման հետևանքներ ունենալ։

1956 թվականի դեկտեմբերի 16-ին ԽՄԿԿ կենտկոմի նախագահությունը հաստատել է ԽՄԿԿ կենտկոմի նամակի տեքստը «Ժողովրդի շրջանում կուսակցական կառույցների քաղաքական գործունեության ուժեղացման և հակասովետական, թշնամական տարրերի հարձակումները կանխարգելելու մասին»։ Դրանում ասվում էր.

  Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն անհրաժեշտ է համարում դիմել բոլոր կուսկազմակերպություններին... նրա համար, որպեսզի հրավիրվի կուսակցության ուշադրությունն ու մոբիլիցավեն կոմունիստները ժողովրդի շրջանում կուսակցական աշխատանքների ուժեղացման, հակասովետական տարրերիի առաջն առնելու ուղղությամբ վճռական պայքարի, որոնք վերջին ժամանակներում, կապված միջազգային իրադրության որոշակի սրացումների հետ, ակտիվացրել են իրենց թշնամական գործունեությունն ընդդեմ Կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության։
 

Ապա խոսվում էր վերջին ժամանակներում տեղ գտած «հակախորհրդային ու թշնամական տարրերի գոծունեության ակտիվացման» մասին։ Առաջին հերթին դա «հակահեղափոխական դավադրությունն է ընդդեմ հունգարական ժողովրդի», որ կատարվել է «ազատության ու դեմոկրատիայի կեղծ լոզունգներով» և օգտագործվել է «բնակչության զգալի մասի դժգոհությունը, որի պատճառն այն ծանր սխալներն էին, որոնք թույլ էր տվել Հունգարիայի պետական ու կուսակցական նախկին ղեկավարությունը»։ Նաև նշվել է․ «Վերջին ժամանակներում գրականության և արվեստի առանձին աշխատավորների շրջանում, որոնք սողոսկել էին կուսակցական պաշտոններ, եղել են քաղաքականապես ոչ հասուն ու քաղքենիական տրամադրություններով, ի հայտ են եկել խորհրդային գրականության ու արվեստի զարգացման ոլորտում կուսակցական ուղղության ճշմարտացիությունը կասկածի տակ առնելու, սոցիալիստական ռեալիզմի սկզբունքներից գաղափարազուրկ արվեստի անցնելու փորձեր, առաջ են քաշվում գրականությունն ու արվեստը կուսակցական ղեկավարությունից «ազատելու», «ստեղծագործության ազատություն» ապահովելու պահանջներ, որ հասկացվում են բուրժուա-անարխիստական, անհատապաշտական ոգով»։ Նամակում պետական անվտանգության ոլորտում աշխատող կոմունիստներին հանձնարարվել է «աչալուրջ կանգնել մեր սոցիալիստական պետության հետաքրքրությունների պաշտպանության գծում և Խորհրդային Միության օրենքներին համապատասխան ժամանակին կանխարգելել հանցավոր գործողությունները»[2]։

Այդ նամակի ուղղակի հետևանքն է դարձել 1957 թվականին «հակահեղափոխական գործունեության» համար դատապարտվածների թվի զգալի աճը (2948 մարդ, ինչը չորս անգամ շատ է, քան 1956 թվականին)[3]։ Ծայրահեղական ելույթների համար ուսանողները հեռացվում էին ինստիտուտից[2]։

1953-1964 թվականներին տեղի են ունեցել հետևյալ իրադարձությունները.

  • 1953 թվական – զանգվածային բողոքի ցույցեր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում, 1956 թվականին՝ Լեհաստանում,
  • 1956 – ճնշվել է Թբիլիսիի երիտասարդության ելույթները Թբիլիսիում,
  • 1957 – Բորիս Պաստեռնակի հետապնդումներն Իտալիայում վեպի հրատարակության համար,
  • 1958 – Գրոզնիում զանգվածային անհանգստությունների ճնշում,
  • 1960-ական թվականներին Նիկոլաևյան դոկերները հացի մատակարարման համար պայքարում հրաժարվել են հացահատիկն ուղարկել Կուբա,
  • 1961 – գործող օրենսդրությունը խախտելու համար[Ն 1] գնդակահարվել են վալյուտայի սպեկուլյանտներ Յան Ռոկոտովն ու Ֆայբիշենկոն (Ռոկոտով-Ֆայբիշենկո-Յակովլևի գործ),
  • 1962 – Նովոչերկասկում բանվորների ելույթները ճնշվել են զենքի կիրառմամբ,
  • 1964 – ձերբակալվել է Իոսիֆ Բրոդսկին[Ն 2]։ Բանաստեղծի դատը դարձել է Խորհրդային Միությունում իրավապաշտպանական շարժման առաջացման գործոններից մեկը։

«Ձնհալն» արվեստում խմբագրել

Ապաստալինականացման շրջանում նկատելիորեն մեղմացել է գրաքննությունը. առաջին հերթին դա վերաբերել է գրականությանը, կինոյին ու արվեստի մյուս բնագավառներին, և հնարավորություն է ստեղծվել ավելի քննադատորեն ներկայացնել շրջապատող իրականությունը։ «Ձնհալի» ժամանակաշրջանի «բանաստեղծական առաջին բեսթսելլերը»[4] դարձել է Լեոնիդ Մարտինովի բանաստեղծությունների ժողովածուն[5]։ «Ձնհալի» կողմնակիցների ինքնարտահայտման հիմնական հարթակը եղել է «Новый мир» ամսագիրը։ Այդ ժամանակաշրջանում ստեղծված մի շարք ստեղծագործություններ հայտնի են դարձել նաև արտասահմանում, որոնց թվին են պատկանում Վլադիմիր Դուդինցևի «Ոչ միայն հացիվ» (ռուս.՝ «Не хлебом единым») վեպն ու Ալեքսանդր Սոլժենիցինի «Իվան Դենիսովիչի մեկ օրը» (ռուս.՝ «Один день Ивана Денисовича») վիպակը։ 1957 թվականին Միլանում հրատարակվել է Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպը։ «Ձնհալի» ժամանակաշրջանի մյուս հայտնի գրողներից ու բանաստեղծներից են եղել Վիկտոր Աստաֆևը, Վլադիմիր Տենդրյակովը, Բելլա Ախմադուլինան, Ռոբերտ Ռոժդեստվենսկին, Անդրեյ Վոզնեսենսկի, Եվգենի Եվտուշենկոն։

Կտրուկ աճել է նկարահանվող ֆիլմերի թիվը։ Գրիգորի Չուխրայն առաջինն է կինոարվեստում անդրադարձել ապաստալինականացման ու «ձնհալի» թեմային «Մաքուր երկինք» (ռուս.՝ «Чистое небо», 1963)։ Այդ ժամանակաշրջանի հիմնական ռեժիսորներն են Մառլեն Խուցիևը, Միխայիլ Ռոմմը, Գեորգի Դանելիան, Էլդար Ռյազանովը, Լեոնիդ Գայդայը։ Մշակութային կարևոր իրադարձություններ են դարձել «Դիմակահանդեսային գիշեր» (ռուս.՝ «Карнавальная ночь»), «Իլյիչի ուղեկալը» (ռուս.՝ «Застава Ильича»), «Գարունը Զարեչնայա փողոցում» (ռուս.՝ «Весна на Заречной улице»), «Ապուշը» (ռուս.՝ «Идиот»), «Ես քայլում եմ Մոսկվայով» (ռուս.՝ «Я шагаю по Москве»), «Երկկենցաղ մարդը» (ռուս.՝ «Человек-амфибия»), «Բարի գալուստ, կամ Կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվում է» (ռուս.՝ «Добро пожаловать, или Посторонним вход воспрещён») ֆիլմերը և այլն։

1955-1964 թվականներին երկրի տարածքի մեծ մասւոմ տարածված էր հեռուսատահեռարձակումը։ Հեռուստաստուդիաներ են բացվել բոլոր միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում և շատ մարզային կենտրոններում։

1957 թվականին Մոսկվայում անցկացվել է Երիստասարդության և ուսանողների VI համաշխարհային փառատոնը։

Պետանվտանգության մարմինների նոր դեմքը խմբագրել

Խրուշչովի իշխանության տարիներին վերափոխվել են խորհրդային պետանվտանգության մարմինները, ինչը բարդացրել է այն արձագանքը, որ առաջացրել էր 1956 թվականին Խրուշչովի զեկույցը, որում քննադատվել է հատուկ ծառայությունների դերը Մեծ ահաբեկչությունում։ Այդ ժամանակ «չեկիստ» բառը զրկվել է պաշտոնական դրական վերաբերմունքից, և դրա հիշատակումն անգամ կարող էր առաջ բերել կտրուկ հանդիմանություններ։ Սակայն 1967 թվականին Յուրի Անդրոպովի՝ պետանվտանգության կոմիտեի նախագահ նշանակվելու ժամանակ այն վերականգնվել է. հենց Խրուշչովի կառավարության տարիներին «չեկիստ» բառը «մաքրվել», իսկ գաղտնի ծառայության համբավը հետզհետե վերականգնվել է։ Չեկիստների իրավունքների վերականգնումը ներառել է մի շարք նոր ասոցիացիաների ստեղծումը, որոնք պետք է խորհրդանշեին հեռացում ստալինյան անցյալից. «չեկիստ» տերմինը նոր ծնունդ է ապրել և ստացել նոր բովանդակություն։ Անդրեյ Սախարովը հետագայում ասել է, թե ՊԱԿ-ը «դարձել է ավելի «քաղաքակիրթ», ձեռք է բերել նոր դեմք՝ թեկուզ ոչ այնքան մարդկային, սակայն ամեն դեպքում արդեն ոչ վագրային»»[6]։

Խրուշչովի կառավարման շրջանն աչքի է ընկել Ֆելիքս Ձերժինսկու մեծարման վերածննդով։ 1958 թվականին Մոսկվայի Լյուբյանա հրապարակում տեղադրվել է նրա արձանը, իսկ 1950-ական թվականների վերջին նրա հիշատակը հավերժացվել է Խորհրդային Միության ողջ տարածքում։ Մասնակցած չլինելով Մեծ ահաբեկչությանը՝ Ձերժինսկին պետք է խորհրդանշեր խորհրդային չեկիզմի արմատների մաքրությունը։ Այդ ժամանակի մամուլում նկատվել է ձգտումը Ձերժինսկուն առանձնացնելու ՆԳԺԿ-ի գործունեությունից, երբ, ըստ ՊԱԿ նախագահ Իվան Սերովի խոսքերի, գաղտնի ծառայությունը համալրել են «պրովոկատորներն» ու «կարիերիստները»։ Պետական անվտանգության մարմինների նկատմամբ վստահության աստիճանական աճը Խրուշչովի կառավարության տարիներին հենվել է ՊԱԿ-ի ու Ձերժինսկու արտակարգ հանձնաժողովի (ЧК) հաջորդականության ամրապնդման վրա, իսկ Մեծ ահաբեկչությունը ներկայացվել է որպես նահանջ չեկիստական սկզբնական գաղափարներից. չեկայի ու ՆԳԺԿ-ի միջև կատարվել է հստակ սահմանազատում[7]։

Նիկիտա Խրուշչովը, որ մեծ ուշադրություն էր դարձնում կոմերիտմիությանը և մեծ հույսեր էր կապում երիտասարդության հետ, 1958 թվականին ՊԱԿ նախագահ է նշանակել քառասնամյա Ալեքսանդր Շելեպինին, որ չէկիստ չէր և նախկինում զբաղեցրել էր ղեկավար պաշտոն կոմերիտմիությունում։ Այդ ընտրությունը համապատասխանել է ՊԱԿ նոր կերպարին, ինչպես նաև նոր ձգտմանը՝ ստեղծել ամուր միություն նորացման ու վերածննդի ուժերի հետ։ Կադրային փոփոխությունների ժամանակ, որ սկսվել են 1959 թվականին, ՊԱԿ կադրերի ընդհանուր քանակը կրճատվել է, սակայն ընդունվել են նաև նոր չեկիստներ, որոնք եղել են մեծ մասամբ կոմերիտմիությունից։ Փոխվել է նաև չեկիստի կերպարը կինոյում. կաշվե բաճկոններով մարդկանց փոխարեն 1960-ական թվականներից էկրաններին սկսել են հայտնվել երիտասարդ հերոսներ խիստ ոճի կոստյումներով։ Այդ ժամանակ նրանք արդեն հասարակության հարգված անդամներ էին, որ լիովին ինտեգրված էին խորհրդային պետական համակարգում և ներկայացնում էին պետական ինստիտուտներից մեկը։ Ընդգծվել է չեկիստների կրթական մակարդակի բարձրացումը. այսպես, «Ленинградская правда» թերթում նշվել է, թե «այսօր Պետական անվտանգության կոմիտեի աշխատակիցների բացարձակ մեծամասնությունն ունեն բարձրագույն կրթություն, շատերը տիրապետում են մեկ կամ մի քանի օտար լեզուների» այն դեպքում, երբ 1921 թվականին բարձրագույն կրթություն ուներ չեկիստների միայն 1,3 %-ը[8]։

Ընտրյալ գրողների, տեժիսորների ու պատմաբանների հասանելի են դարձել նախկինում գաղտնի աղբյուրները հետախուզության խորհրդային սպաների գործունեության վերաբերյալ, գաղտնազերծվել են խորհրդային մի քանի հետախուզական օպերացիաների (օրինակ՝ «Տրեստ» գործողություն) և առանձին սպաների (ներառյալ Ռուդոլֆ Աբելը և Յան Բույկիսը) վերաբերող նյութերը[9]։

Խիստ ճնշում կրոնական միությունների վրա խմբագրել

1956 թվականին սկսվել է հակակրոնական պայքարի ակտիվացումը։ ԽՄԿԿ կենտկոմի՝ 1958 թվականի հոկտեմբերի 4-ի գաղտնի որոշումը «ԽՄԿԿ ԿԿ պրոպագանդայի և ագիտացիայի՝ միութենական հանրապետությունների գծով բաժնի գրության մասին «Գիտա-աթեիստական պրոպագանդայի թերությունների վերաբերյալ»» պարտադրել է կուսակցական, կոմերիտմիութենական ու հասարակական կազմակերպություններին քարոզչական «գրոհներ» սկսել «կրոնական վերապրուկների» դեմ. պետական հիմնարկներին հանձնարարվել է իրականացնել վարչական բնույթի միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն կրոնական համայնքի գոյության պայմանների խստացմանը։ 1958 թվականի հոկտեմբերի 16-ին ԽՍՀՄ մինիստրների խորհուրդն ընդունել է որոշում «Խորհրդային Միության վանքերի մասին» և «Թեմական կառույցների ու վանքերի եկամուտների հարկի ավելացման մասին»[10][11]։

1960 թվականի ապրիլի 21-ին Խորհրդի՝ Ռուս ուղղափառ եկեղեցու գործերով նախագահ Վլադիմիր Կուրոեդովը, որ նշանակվել էր նույն թվականի փետրվարին, Խորհրդի լիազորների համամիութենական ժողովում ունեցած իր զեկույցում նախկին ղեկավարության աշխատանքը բնութագրել է հետևյալ կերպ. «Ուղղափառ եկեղեցու գործերով խորհրդի գլխավոր սխալն այն է, որ այն հետևողականորեն չի անցկացրել կուսակցության ու պետության գիծը եկեղեցու նկատմամբ և ընկել է պարզապես եկեղեցական կազմակերպություններին ծառայողի դիրքը։ Գրավելով պաշտպանական դիրքեր եկեղեցու նկատմամբ՝ խորհուրդը ոչ թե պայքար է մղել հոգևորականության կողմից օրենսդրության խախտման դեմ, այլ սահմանափակել է եկեղեցական հետաքրքրությունները»[12]։

Պաշտամունքների մասին օրենսդրության կիրառման վերաբերյալ 1961 թվականի մարտի գաղտնի հանձնարարությունը հատուկ ուշադրություն է դարձրել նրա վրա, որ կրոնի ծառայողներն իրավունք չունեն միջամտելու կրոնական համայնքների կարգադրական ու ֆինանսատնտեսական գործունեությանը[13]։ Հանձնարարության մեջ առաջին անգամ սահմանվել են գրանցման ոչ ենթակա այն «աղանդները, որոնք դավանաբանությունն և գործունեության բնույթը կրում է հակապետական ու մելոկրոնական հատկանիշներ». դրանք են Եհովայի վկաները, հիսունականները, ադվենտիստ-ռեֆորմիտները»[14]։

Հասարակության շրջանում պահպանվել է Խրուշչովին վերագրվող արտահայտությունը, որում նա խոստանում է վերջին քահանային ցույց տալ հեռուստացույցով 1980 թվականին[15]։

«Ձնհալի» ավարտը խմբագրել

Ձնհալի ավարտը համարվում է Խրուշչովի հեռացումը պաշտոնից և իշխանության անցումը Լեոնիդ Բրեժնևին 1964 թվականին։ Սակայն ներքին քաղաքական վարչակարգի ու գաղափարախոսական վերահսկողության խստացումն սկսվել էր դեռ Խրուշչովի օրոք՝ Կարիբյան ճգնաժամի ավարտից հետո։ Ապաստալինականացումը դադարեցվել է, իսկ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի քսանամյակի տոնման հետ կապված սկսվել է պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի փառաբանման գործընթացը։ Ստալինի անձն սշխատել են, որքան հնարավոր է, անտեսել. նա այդպես էլ չի ռեաբիլիտացվել։ Սովետական մեծ հանրագիտարանի երրորդ հրատարակությունում (1976 թվական) Ստալինի մասին թողնվել է չեզոք հոդված։ 1979 թվականին, երբ լրացել է Ստալինի ծննդյան հարյուր տարին, տպագրվել են մի քանի հոդվածներ, սակայն տոնական հատուկ միջոցառումներ չեն կազմակերպվել։

Զանգվածային քաղաքական բռնաճնշումները, սակայն, չեն վերսկսվել, իսկ իշխանությունից զրկված Խրուշչովն անցել է թոշակի և նույնիսկ մնացել կուսակցության կազմում։ Դրանից կարճ ժամանակ առաջ Խրուշչովն ինքն էր քննադատել «ձնհալ» հասկացությունը, իսկ այն հորինած Էրենբուրգին կոչել էր «անպիտան» (ռուս.՝ «жулик»)[16]։

Ուսումնասիրողների մի մասը ենթադրում է, որ վերջնականապես ձնհալն ավարտվել է 1968 թվականին՝ Պրահայի գարունը ճնշելուց հետո։

«Ձնհալի» ավարտից հետո խորհրդային իրականության քննադատությունն սկսել է տարածվել միայն ոչ պաշտոնական միջոցներով, ինչպիսին էր Ինքնահրատարակությունը (ռուս.՝ Самиздат

Զանգվածային անկարգություններ ԽՍՀՄ-ում խմբագրել

  • 1957 թվականի հունիսի 10-11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում։ Մի խումբ քաղաքացիներ տարածել են լուրեր, թե ոստիկանները սպանել են ձերբակալված վարորդին։ «Հարբած անձանց խմբի» անդամների թվաքանակը եղել է 3 հազար մարդ։ Քրեական պատասխանատվության են ենթարկվել ինը սադրիչներ։
  • 23-31 օգոստոսի, 1958 թվական, քաղաք Գրոզնի։ Պատճառը՝ ռուս տղայի սպանությունը միջազգային աճող լարվածության ֆոնի վրա։ Հանցագործությունն ստացել է հասարակական լայն արձագանք, իսկ տարերային բողոքի ցույցերը վերաճել են մասշտաբային քաղաքական ելույթի, որի ճնշման համար քաղաք են մտցվել զորքեր։
  • 15 հունվարի, 1961 թվական, քաղաք Կրասնոդար։ Պատճառները՝ հարբած քաղաքացիների գործողությունները, որոնք լուրեր են տարածել, թե պարեկախմբի անդամները ծեծել են զինվորականին, երբ նրան ձերբակալելիս են եղել համազգեստի կրելու կարգը խախտելու համար։ Մասնակիցների թիվը՝ 1300 մարդ։ Կիրառվել է հրազեն, սպանվել է մեկ մարդ։ Քրեական պատասխանատվության է ենթարկվել 24 մարդ։
  • 25 հունիսի, 1961 թվական, Ալթայի երկրամասի Բիյսկ քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցել է 500 մարդ։ Նրանք պաշտպանել են հարբած մարդուն, որին ոստիկանությունը ցանկանում էր ձերբակալել կենտրոնական շուկայում։ Հարբած քաղաքացին ձերբակալման ժամանակ դիմադրություն է ցույց տվել հասարակական կարգի պաշտպաններին։ Սկիզբ է առել քաշքշուկ զենքի կիրառմամբ։ Մեկ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել, իսկ տասնհինգը ենթարկվել է քրեական պատասխանատվության։
  • 1961 թվականի հունիսի 30-ին Վլադիմիրի մարզի Մուրոմ քաղաքում Օրջոնիկիձեի անվան տեղի գործարանի ավելի քան 1,5 հազար բանվորներ ցանկանում էին ավերել բժշկական զգաստարանը, որտեղ մահացել էր ոստիկանության կողմից այնտեղ տարված իրենց գործընկերը։ Հասարակական կարգի պահապանները կիրառել են զենք, երկու բանվոր վիրավորվել են, իսկ 12 տղամարդ կանգնել են դատարանի առաջ։
  • 1961 թվականի հուլիսի 23-ին 1200 մարդ դուրս է եկել Վլադիմիրի մարզի Ալեքսանդրով քաղաքի փողոցներ և շարժվել դեպի ոստիկանության քաղաքային բաժնի շենքը, որպեսզի օգնեն ձերբակալված իրենց երկու ընկերներին։ Ոստիկանությունը զենք է կիրառել, ինչի արդյունքում չորս մարդ սպանվել է, տասնմեկը՝ վիրավորվել։ Դատարանում հայտնվել է քսան մարդ։
  • 15-16 սեպտեմբերի, 1961 թվական – փողոցային անկարգություններ Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքում։ Խռովարարների քանակը՝ 700 մարդ։ Խռովություն սկսվել է այն պատճառով, որ ոստիկանությունը ցանկացել է ձերբակալել հասարակական վայրում հարբած վիճակում գտնվող հինգ անձի։ Ոստիկանությանը ցույց է տրվել զինված դիմադրություն։ Մեկ մարդ սպանվել է, յոթը՝ դատվել։
  • 1-2 հունիսի, 1962 թվական, Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաք։ Էլեկտրաքարշերի գործարանի չորս հազար բանվոր, դժգոհ լինելով մսի ու կաթի գների թանկացման պատճառների բացատրության ժամանակ վարչակազմի գործողություններից, դուրս են եկել բողոքի ցույցի։ Նրանց ցրել են զորքի օգնությամբ։ Զոհվել է 23, վիրավորվել՝ 70 մարդ։ Քրեական պատասխանատվության է ենթարկվել 132 սադրիչ, որոնցից յոթը հետագայում գնդակահարվել են։
  • 16-18 հունիսի, 1963 թվական, Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում տեղի ունեցած ելույթներին մասնակցել է շուրջ 600 մարդ։ Պատճառը՝ Հարբազ զինծառայողի դիմադրությունը ոստիկանությանը նրան ձերբակալելու ժամանակ։ Չորս մարդ սպանվել է, տասնհինգը՝ վիրավորվել։ Դատարանի առաջ կանգնել է 41 մարդ։
  • 7 նոյեմբերի, 1963 թվական, Սումգայիթ քաղաքում 800 մարդ պաշտպան են կանգնել ցուցարարներին, որոնք քայլում էին Ստալինի նկարները ձեռքներին։ Ոստիկաններն ու դրուժիննիկները փորձել են վերցնել չարտոնված նկարները։ Կիրառվել է զենք։ Մեկ մարդ վիրավորվել է, վեցը հայտնվել են դատարանում։
  • 16 ապրիլի, 1964 թվականի, մերձմոսկովյան Բրոննիցիում շուրջ 300 մարդ ավերել է մեկուսարանը, որտեղ ծեծի հետևանքով մահացել էր քաղաք բնակիչներից մեկը։ Ոստիկանության անիրավազոր գործողություններն առաջացրել են ժողովրդի զայրույթը։ Զենք չի կիրառվել, վիրավորներ և զոհեր չեն եղել։ Քրեական պատասխանատվության է ենթարկվել ութ մարդ։

Նշումներ խմբագրել

  1. Քրեական օրենսգրքի՝ վալյուտային գործողությունների համար գնդակահարություն նախատեսող հոդվածն ընդունվել է դատի ավարտից հետո Խրուշչովի անձնական հրամանով։
  2. 1964 թվականի մարտի 13-ին Լենինգրադում դատարանի երկրորդ նիստում Բրոդսկին դատապարտվել է «պորտաբուծության» համար նախատեսվող ամենախիստ պատժի՝ հինգ տարի հարկադիր աշխատանքի հեռավոր վայրերում և աքսորվել Արխանգելսկի մարզի Կոնոշսկի շրջան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական Համառոտ Հանրագիտարան, 4 հատոր, ՀԽՀ գլխ. խմբ, 1990-2003թթ., Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ, 2003։
  2. 2,0 2,1 «Рудольф Пихоя. Политические итоги 1956 года». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  3. «Елена Паповян,Александр Паповян. УЧАСТИЕ ВЕРХОВНОГО СУДА СССР В ВЫРАБОТКЕ РЕПРЕССИВНОЙ ПОЛИТИКИ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  4. http://www.litera.ru/stixiya/articles/529.html Արխիվացված 2011-05-14 Wayback Machine Евтушенко Е. Леонид Мартынов (Строфы века)
  5. Леонид Мартынов, Стихи. М., Молодая гвардия, 1955.
  6. Федор, 2012, էջ 41-45
  7. Федор, 2012, էջ 47-50
  8. Федор, 2012, էջ 51-54
  9. Федор, 2012, էջ 58
  10. Русская Православная Церковь и право. Издательство «Бек», 1999, стр. 35.
  11. «Записка заместителя председателя Совета по делам РПЦ П. Г. Чередняка в ЦК КПСС о мерах по реализации постановления ЦК КПСС от 4 октября 1958 года. 18 ноября 1958 г.». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.
  12. Из доклада В. А. Куроедова на Всесоюзном совещании уполномоченных совета. 12 апреля 1960 г. // «Отечественные архивы». 1994, № 5, стр. 62.
  13. ГАРФ. Ф. 6991. Оп. 2. Д. 306. Л. 4.
  14. ГАРФ. Ф. 6991. Оп. 2. Д. 306. Л. 11-12.
  15. «Сергей Мироненко: перед Церковью спасовал даже Хрущёв». Маяк. 2007 թ․ մայիսի 15. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  16. Коммерсантъ-власть: статья Евгения Жирнова

Գրականություն խմբագրել

անգլ.]. — Питер, 2012. — ISBN 978-5-459-01176-0.

Արտաքին հղումներ խմբագրել