Լեռ
Լեռ, հարակից հարթավայրերի նկատմամբ Երկրի մակերևույթի բարձրադիր տեղամաս, որը ռելիեֆի` համեմատաբար հարթ վայրից կտրուկ բարձրացած է։ Լեռները սովորաբար ունենում են լավ արտահայտված գագաթներ, լանջեր, ստորոտներ։
Լեռները պատում են Ասիայի 64 %-ը, Եվրոպայի 25 %-ը, Հարավային Ամերիկայի 22 %-ը, Ավստրալիայի 17 %-ը և Աֆրիկայի 3 %-ը։ Երկրի ցամաքային զանգվածի 24 %-ը լեռներ են, և մարդկության 10 %-ը ապրում է լեռնային վայրերում[1]։ Երկրի վրա լեռներն առաջացել են միլիոնավոր տարիներ առաջ, բայց այսօր էլ շարունակվում են լեռնակազմավորման շարժընթացները՝ տեղի են ունենում երկրաշարժեր, ժայթքում են հրաբուխներ և այլն։ Ըստ այդմ` լեռները կարող են լինել երիտասարդ և ծեր։
Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են հարաբերական բարձրություն. այդ ցուցանիշով աշխարհում ամենաբարձրը Արարատն է (4365 մ)։ Ծովի մակարդակից հաշված բարձրությունը կոչվում է «բացարձակ», որով առաջին տեղում է Էվերեստը (8848 մ)։ Բլուրները նույնպես լեռներ են, որոնք ունեն փոքր հարաբերական բարձրություն։
ԼեռնաշղթաներԽմբագրել
Մոլորակի վրա հազվադեպ են հանդիպում առանձին լեռներ։ Դրանք հիմնականում հանգած կամ գործող հրաբուխներ են։ Կազմելով խումբ` լեռները միանում են լեռնաշղթաների, իսկ լեռնաշղթաները` լեռնային համակարգերի ու լեռնաշխարհների մեջ։ Լեռնաշղթայի ամենաբարձր մասը կատարն է կամ գագաթը։ Սրածայր գագաթները կոչվում են պիկեր։ Կատարի վրայի իջվածքը, որը հարմար է լեռնաշղթայով անցնելու համար, կոչվում է լեռնանցք։
Լեռնաշղթաները կարող են ձգվել հարյուրավոր, իսկ լեռնային համակարգերը` հազարավոր կիլոմետրեր։ Ցամաքի ամենաերկարաձիգ լեռները՝ Անդերը, գտնվում են Հարավային Ամերիկայի արևմուտքում և հյուսիսից հարավ ձգվում 9 000 կմ երկարությամբ։
20-րդ դարի ընթացքում երկրաբանները հայտնաբերել են օվկիանոսների գրեթե կենտրոնով ձգվող երկար լեռնաշղթաներ, որոնք առաջացնում են ավելի քան 70 000 կմ երկարությամբ միասնական շղթա` 2000-3000 մ հարաբերական բարջրությամբ։ Ստորջրյա լեռների առանցքի երկարությամբ անցնում է մինչև 3 կմ խորություն ունեցող բեկվածք։ Դրանցում կան գործող և հանգած հրաբուխներ։ Հայտնի են Հյուսիսատլանտյան (Ատլանտյան օվկիանոս), Լոմոնոսովի, Մենդելեևի (Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս), Հավայան (Խաղաղ օվկիանոս), Կենտրոնական (Հնդկական օվկիանոս) լեռնաշղթաները և այլն։
Ստորջրյա լեռնաշղթաների գագաթները երբեմն դուրս են գալիս մակերևույթ և առաջացնում են կղզիներ։ Դրանցից հայտն են Իռլանդիան, Համբարձման կղզին, Ազորյան կղզեխումբը և այլն)։
ՏեսակներԽմբագրել
ԲարձրությունԽմբագրել
Ըստ բարձրության` լեռները լինում են ցածր (500-1000 մ), միջին (1000-2500 մ) և բարձր (2500 մ և ավելի)։
Երկիր մոլորակի ամենաբարձր և հզոր լեռնային համակարգը Հիմալայներն է (թարգմանաբար նշանակում է «երկրի տանիք»)` Նեպալի,Հնդկաստանի և Չինաստանի սահմանին։ Երկարությունը 2400 կմ է, լայնությունը՝ 180–350 կմ, տարածությունը՝ մոտ 650 000 կմ2։ Այն ունի ձյունով և սառցեդաշտերով ծածկված 11 գագաթ` ավելի քան 8000 մ բարձրությամբ, և դրանց մեջ է Երկրի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (Ջոմոլունգմա 8848 մ)։
Եվրոպայի ամենաբարձր լեռնային համակարգը Ալպերն է` Շվեյցարիայի տարածքում և Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի ու Գերմանիայի սահմանին։ Այն Միջերկրական ծովից 1200 կմ երկարությամբ աղեղնաձև ձգվում է մինչև Միջինդանուբյան դաշտավայր։ Առավելագույն բարձրությունը 4807 մ է (Մոնբլան լեռ)։
Երկրագնդի ամենաբարձր մեկուսի լեռնազանգվածը Մաունա-Լոա հրաբուխն է Խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում, որի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 4170 է, իսկ օվկիանոսի հատակից` 9350 մ։
Ըստ բարձրության` օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 1 կմ-ում իջնում է 5–6օC-ով, ավելանում է տեղումների քանակը, ամպամածությունը և այլն։ Կլիմայական պայմանների փոփոխությունը, որն առաջանում է սրա հետևանքով, կոչվում է վերընթաց գոտիականություն։ Բարձրլեռնային երկրներում տարածված կործանարար և աղետալի երևույթներից են սողանքները, ձնահյուսերը։
ԿառուցվածքԽմբագրել
Ըստ կառուցվածքի՝ տարբերում են ծալքավոր, ծալքաբեկորային և հրաբխային լեռներ։ Ծալքավոր են այն լեռները, որոնց ապարաշերտերը ճկվել են, առաջացրել ծալքեր, օրինակ՝ Կովկասյան, Հիմալայան, Պոնտական, Տավրոսի լեռները և այլն։ Ծալքաբեկորային լեռների կառուցվածքում կան միաժամանակ ծալքեր և ապարաշերտերի բարձրացումից ու իջեցումից առաջացած բեկորներ կան (Զանգեզուրի, Փամբակի լեռներ)։ Հրաբխային լեռներն էլ առաջանում են հրաբխի ժայթքման ժամանակ դուրս մղված լավայի կուտակումից։
ՀասակԽմբագրել
Ըստ տարիքի՝ տարբերվում են երիտասարդ և հին լեռներ։ Առաջին խմբի լեռները սովորաբար բարձր են, սրածայր կատարներով ու զառիթափ լանջերով։ Նման օրինակ է Ալպ-հիմալայան գեոսինկլինալայաին օղակի լեռնաշղթաներն ու լեռնային համակարգերը, որոնց տեղում ժամանակին ջրային տարածություն է եղել։
Հին լեռները ցածր են` քայքայված ու հարթված լանջերով։ Դրանցից են Ուրալյան, Սկանդինավյան, Ապալաչյան լեռները։ Հին լեռները սովորաբար առավել հարուստ են օգտակար հանածոներով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Panos (2002)։ «High Stakes»։ Վերցված է 2009 թ․ փետրվարի 17
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեռներ կատեգորիայում։ |