Անդեր
Անդեր, Անդյան լեռներ, Անդյան Կորդիլերներ (իսպ.՝ Andes; Cordillera de los Andes) («անտա» բառից, ինկերի լեզվով - պղինձ, պղնձե լեռներ), աշխարհի ամենաերկար (7000 կմ) լեռնաշղթան։ Ձգվում է Հարավային Ամերիկայի արևմտյան ափեզրով՝ հյուսիսից հարավ։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռներից մեկը՝ Ակոնկագուան, 6 962 մ։ Անդերը համարվում է Հյուսիսային Ամերիկայում ձգվող Կորդիլերների հարավային շարունակությունը։ Անդերի միջին բարձրությունը մոտ 4000 մ է։
Անդեր | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հարավային Ամերիկա |
Տեղադրություն | Հարավային Ամերիկա |
Լեռնաշղթա | Կորդիլերներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 6,962 |
Երկարություն | 7000 կմ |
Մակերես | 3 300 000 կմ² |
Մեծագույն գագաթ | Ակոնկագուա |
Անդերի երկարությամբ տարածվում են մի շարք պետություններ՝ Վենեսուելա, Կոլումբիա, Էկվադոր, Բոլիվիա, Պերու, Չիլի, Արգենտինա։
Հյուսիսային Անդեր
խմբագրելՀյուսիսային Անդերի ստորին գոտին, մինչև ծովի մակերևույթից 1200 - 1500 մ բարձրությունը, գրավում են խոնավ հասարակածային անտառները։ Այստեղ ջերմաստիճանը միշտ բարձր է, լինում են մեծ քանակությամբ տեղումներ, այսինքն՝ խոնավ հասարակածային գոտու կլիմա է։ Հողերը կարմրա-դեղին են, որոշ տեղերում ճահճակալված։
Ավելի բարձր վայրերում խոնավ հասարակածային անտառները փոխվում են լեռնային անտառների գոտու։ Այստեղ ջերմաստիճանն ավելի ցածր է՝ տարվա ընթացքում ջերմաստիճանը շարունակ մոտավորապոս +15° +20 °C է, տեղումներ լինում են մինչև 3000 մմ։ Կարմրահողերում աճում են ծառանման պտերներ, հնդկեղեգ, քինաքինայի ծառ, թփուտներ։
2800-ից մինչը 3800 մ բարձրության վրա տարածվում է բարձր լեռնային անտառների գոտին։ Այս գոտում տարվա միջին ջերմաստիճանը հասնում է մինչև +10 °C։ Այդպիսի բարձրության վրա օդը զգալիորեն նոսր է, օրվա ընթացքում ջերմաստիճանը խիստ փոփոխվում է։ Տեղումներ ավելի քիչ են լինում, քան լեռնային անտառների գոտում։ Հաճախ լինում է մառախուղ, փչում են ցուրտ, սառնաշունչ քամիներ։
Հողները համատարած ծածկույթ չեն կազմում, քանի որ թե’ անձրևները, թե’ քամիները քշում-տանում են հողի բերրի շերտը։ Բուսական աշխարհը կազմում են կորաբուն ցածր ծառատեսակները, թփուտները։
Ավելի բարձր վայրերում, մինչև 4500 մ-ի վրա, տարածվում է բարձր լեռնային մարգագետինների գոտին (պարամո)։ Թեև այս գոտում տարվա միջին ամսական ջերմաստիճանները դրական են (+4° +8 °C), սակայն հաճախ գիշերները ցրտեր են լինում։ Այդ գոտու կլիմայի դաժանությունը խստացնում են մշտական փչող ուժեղ քամիները։ Սակայն պարզ եղանակներին երբեմն նույնիսկ շոգ է լինում։ Տեղումների քանակը հասնում է մոտավորապես 1000 մմ-ի։ Բուսականությունն այս գոտում փոխվում է հոտավետ բույսերի ու մամուռների մարգագետինների։
Վերին գոտում, 4500 մ-ից ավելի բարձր վայրերում, իշխում են մշտնջենական ձյունը և սառցադաշտերը։
Անդերի բարձր լեռնային շրջաններում պատահում են լամաներ. դրանք շատ լավ հաղթահարում են լեռնային զառիթափ լանջերը։
Կենտրոնական Անդեր
խմբագրելԿենտրոնական Անդերի ընդարձակ սարահարթերում, որոնք արևելքից և արևմուտքից պատնեշված են լեռնաշղթաներով, տարածված են լեռնային չոր տափաստաններ ու անապատներ։ Տափաստաններում պատահում է շինշիլա կոչվող կրծողը, որն անխնա ոչնչացվում է՝ թանկարժեք մորթու պատճառով։ Լեռներում տարածված են վիթխարի գիշատիչ թռչունները՝ կոնդորները, որոնց թևերի երկարությունը հասնում է 3 մ։ Լեռնային տափաստանների բնակիչները քամուց պաշտպանված ցածրավայրերում ցանում են եգիպտացորեն, կորեկ, աճեցնում են կարտոֆիլ։ Շատ փոքր դաշտերը շրջափակված են քարե պարիսպներով՝ լեռնային գետերի հորդացումներից պաշտպանելու համար։ Արոտավայրերում արածում են ոչխարների ու այծերի փոքր հոտեր։
Լեռներում հայտնաբերված են զանազան օգտակար հանածոների` անագի, պղնձի և այլ մետաղների հանքաքարերի մեծ պաշարներ։
Խաղաղ օվկիանոսի ափերին` հարավային արևադարձի մոտերքում, տարածվում է Ատակամա անապատը։ Որոշ տարիներ այստեղ բոլորովին անձրևներ չեն լինում։ Միայն որոշ տեղերում հանդիպում են կակտուսներ և միմոզաներ, իսկ ցածրավայրերում՝ աղուտաբույսեր։ Ատակամայում արդյունահանում են բորակ և պղնձի հանքաքար։
Հարավային Անդեր
խմբագրելՀարավային Անդերում՝ Անապատից դեպի հարավ, ծովափին, տեղումների քանակն աստիճանաբար ավելանում է, և սկսվում է մերձարևադարձային մշտադալար բուսականության գոտին (հարավային լայնության 32 - 38°), որը նման է միջերկրածովային մերձարևադարձներին։ Այստեղ գերակշռող դարչնագույն հողերում աճում են մշտադալար թփուտներ։ 2000 - 2500 մ բարձրության վրա թփուտային անտառներն անհետանում են, սկսվում է լեռնային մարգագետինների գոտին։ Մերձարևադարձային առափնյա շրջանում բնակչությունը խիտ է, և բնական բուսականությունն ամենուրեք փոխվում է խաղողի, ձիթենիների այգիների, ցիտրուսային և այլ պտղատու խառերի, որոնք այստեղ են բերվել Եվրոպայից։ Հարթավայրերում աճեցնում են ցորեն և եգիպտացորեն։
Ծայր-Հարավային Անդեր
խմբագրելԱնդերի ամենահարավային մասերում, բարեխառն գոտում, լեռների՝ օվկիանոսի կողմում գտնվող լանջերին մշտապես փչող քամիները մեծ քանակությամբ տեղումներ են բերում (մինչև 6000 մմ)։ Այստեղ տարվա ընթացքում ավելի քան 200 օր անձրևներ են լինում։ Խիտ լայնատերև ու խառն անտառներում աճում են հսկա ծառեր, մեծ թվով ծառանման ձարխոտեր և մամուռներ։ Անտառներում լեռնալանջերով ցած են սահում լեռնային սառցադաշտերը, որոնք գահավիժում են ոլորապտույտ ափեր ունեցող ծովածոցերի մեջ։
Գրականություն
խմբագրել- Е. Н. Лукашова, Южная Америка, М, 1958;
- Латинская Америка, Энциклопедический справочник, т.1, М, 1980.
Արտաքին հղումներ
խմբագրել- Об Андах на сайте института географии РАН
- Геологическое строение Анд на сайте Аризонского университета Արխիվացված 2005-09-22 Wayback Machine(անգլ.)
- Климат, флора и фауна Анд Արխիվացված 2007-12-14 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 388)։ |