Օգտակար հանածոներ
Օգտակար հանածոներ, միներալային հումք, երկրակեղևի անօրգանական և օրգանական բնական միներալային գոյացումներ, որոնք տնտեսության նյութ, արտադրության ոլորտի հիմքն են։ Ըստ ֆիզիկական վիճակի՝ օգտակար հանածոները լինում են պինդ (ածուխներ, մետաղային և ոչ մետաղային), հեղուկ (նավթ, հանքային ջրեր) և գազային (բնական այրվող և իներտ գազեր)։
Տեսակներ
խմբագրելՕգտակար հանածոներն ընդունված է բաժանել 3 հիմնական խմբերի՝
- վառելիքային
- մետաղային
- ոչ մետաղային
Օգտակար հանածոները ձևավորվել են երկրակեղևի զարգացման ողջ պատմության ընթացքում՝ ներծին և արտածին շարժընթացների հետևանքով։ Օգտակար հանածոների ձևավորման համար անհրաժեշտ նյութերը տեղափոխվում են Երկրի վերին միջնապատյանից, երկրակեղևից և մակերևույթից՝ մագմայական հալոցքների, հեղուկ և գազանման լուծույթների միջոցով։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանի տարածքում առավել տարածված են մետաղային և ոչ մետաղային oգտակար հանածոները։ Մետաղային օգտակար հանածոների հանքավայրերը հիմնականում ջրաջերմային են․ առավել կարևոր են պղինձ-մոլիբդենային (Ագարակ, Քաջարան, Թեղուտ և այլն), պղնձի (Ալավերդի, Կապան, Շամլուղ և այլն), ոսկու (Սոթք, Լիճքվազ-Թեյ, Մեղրաձոր, Արմանիս և այլն), բազմամետաղային (Ախթալա, Գլաձոր, Կաքավասար, Մովսեսգեղ, Պրիվոլնոյե), երկաթի (Կապուտան, Հրագդան, Սվարանց և այլն) հանքավայրերը։ Կարևոր նշանակություն ունեն մագմայական (նեֆելինային սիենիտ, երկաթ, քրոմիտ) և փոխակերպային (մարմար, տիտան և այլն) հանքավայրերը։ Հայաստանի մետաղային հանքավայրերը պարունակում են նաև հազվագյուտ, ցրված և ազնիվ տարրեր (արծաթ, ռենիում, սելեն, թելուր, բիսմութ, կադմիում, ցերիում, լանթան և այլն)։ Համեմատաբար ոչ մեծ հանքավայրեր և հանքերևակումներ են առաջացնում քրոմը (Շորժա), մանգանը (Սևքար, Սարիգյուղ), ծարիրը (Ամասիա), սնդիկը (Խոսրով, Բահար) և այլ մետաղական տարրեր։
Հայկական լեռնաշխարհը բացառիկ հարուստ է հրաբխային, նստվածքային և փոխակերպային ծագման ոչ մետաղային օգտակար հանածոներով։ Հայկական հրաբխային բարձրավանդակն առանձնանում է բնական շինանյութերով՝ տուֆ, բազալտ, անդեզիտ, բազալտային անդեզիտ, պեռլիտ, պեմզա, կրաքար, մարմար, տրավերտին, խարամ և այլն, լեռնաքիմիական հումքով և բնական սորբենտներով՝ քարաղ, բենթոնիտային կավ, ցեոլիթ, բարիտ, պիրիտ, գիպս և այլն, հրակայուն հումքով՝ կավ, քվարցիտ, մագնեզիտ և այլն, ձայնավերմամեկուսիչ, թթվա- և հիմնակայուն հումքով՝ դիատոմիտ, ասբեստ, քվարց, ագաթ և այլն։
Հայաստանում կան թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, հանքային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք հիմնականում կապված են երկրակեղևի խախտման գծերի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |