Ալպ-Հիմալայան գեոսինկլինալ
Ալպ-Հիմալայան գեոսինկլինալ կամ Միջերկրածովյան գեոսինկլինալ[1], երկրակեղևի ամենամեծ գեոսինկլինալներից։ Տարածվում է Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս՝ ընդգրկելով Հարավային Եվրոպան, Հարավային ու Հարավ-Արևելյան Ասիան և Հյուսիսային Աֆրիկայի մի մասը։
Երկրաբանական պատմություն
խմբագրելԱլպ-հիմալայան գեոսինկլինալի երկրաբանական պատմությունը բաժանվում է՝
- գեոսինկլինալային էտապի (մեզոզոյ-պալեոգեն, մոտ 215 միլիոն տարի)՝ գերազանցապես ծովային ռեժիմով (Թետիս ծով), վայրընթաց տեկտոնական շարժումներով, տրանսգրեսիաներով, նստվածքային ու մագմատիկ ֆորմացիաների կուտակումով,
- հետգեոսինկլինալային կամ օրոգեն էտապի (նեոգեն-անթրոպոգեն, մոտ 30 մլն. տարի), երբ տիրապետող են դառնում վերընթաց տեկտոնական շարժումները, լեռնակազմական պրոցեսները և այժմյան խիստ մասնատված լեռնային ռելիեֆի ձևերը։
Լեռնակազմական պրոցեսները Ալպ-հիմալայան գեոսինկլինալում շարունակվում են հաճախակի ուղեկցվելով, երկրաշարժներով ու հրաբխային երևույթներով։
Ալպ-հիմալայան գեոսինկլինալը կազմված է՝
- մեգաանտիկլինորիումներից (Ալպեր, Կարպատներ, Հիմալայներ և այլն),
- միջադիր զանգվածներից (Լոմբարդիա, Մակեդոնիա, Զիրուլ և այլն),
- մեզասինկլինորիումներից, միջլեռնային ու նախալեռնային իջվածքներից (Կուրի, Հունգարական, Վալախյան, Իրանա-Անատոլիական, Միջագետքի և այլն)։
Գոտիներ
խմբագրելԱլպ-հիմալայան գեոսինկլինալում անջատվում է երեք գոտի[2]։
Հյուսիսային և Հարավային արտաքին գոտիներ
խմբագրելՀյուսիսային և Հարավային արտաքին գոտիները կազմված են գերազանցապես նստվածքային ապարներից, բնորոշվում են մագմատիզմի թույլ զարգացմամբ, ծալքերի, վրաշարժերի ու տեկտոնական ծածկույթների համապատասխանաբար դեպի հյուսիս (Պիրենեյներ, Հյուսիսային Ալպեր, Կարպատներ) և դեպի հարավ (Հարավային Ալպեր, Ապենիններ, Տավրոսի և Զագրոսի լեռներ) թեքվածությամբ, շրջմամբ և ուղղվածությամբ։
Կենտրոնական գոտի
խմբագրելԿենտրոնական գոտին (Կենտրոնական Ալպեր, Դինարիդներ, Անատոլիա, Իրան, Փոքր Կովկաս) բնորոշվում է ավելի բարդ կառուցվածքով և մագմատիզմի ինտենսիվ զարգացմամբ։ Այս գոտում են գտնվում նաև Միջերկրական, Մարմարա, Սև ծովերը և Կասպից ծովի հարավային մասը, որոնք իրենց խորքային կառուցվածքներով անցողիկ են երկրակեղևի օվկիանոսային և մայրցամաքային տիպերի միջև։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ K.M. Storetvedt, K. M., The Tethys Sea and the Alpine-Himalayan orogenic belt; mega-elements in a new global tectonic system, Physics of the Earth and Planetary Interiors, Volume 62, Issues 1–2, 1990, Pages 141–184 Abstract
- ↑ Цейслер В.М., Караулов В.Б., Успенская Е.А., Чернова Е.С. Основы региональной геологии СССР. — М: Недра, 1984. — 358 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Historic Earthquakes & Earthquake Statistics - USGS Արխիվացված 2006-01-17 Wayback Machine
- "Ring of Fire", Plate Tectonics, Sea-Floor Spreading, Subduction Zones, "Hot Spots" - USGS
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպ-Հիմալայան գեոսինկլինալ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 189)։ |