Իզաբելա դ՛Էստե

Մանտովայի մարքիզուհի

Իզաբելա դ՛Էստե (անգլ.՝ Isabella d'Este, մայիսի 18, 1474, Ֆեռարա, Duchy of Ferrara - փետրվարի 13, 1539[1], Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա[2]), Մանտովայի մարքիզուհի, որը որպես խոշոր մշակութային և քաղաքական գործիչ հանդիսացել է իտալական Վերածննդի ժամանակաշրջանի առաջատար կանանցից մեկը։ Եղել է արվեստի հովանավոր, ինչպես նաև նորաձևության առաջատար, որի հագնվելու նորարարական ոճը կրկնօրինակվել է կանանց կողմից ամբողջ Իտալիայում և ֆրանսիական արքունիքում։ Բանաստեղծ Արիոստոն նրան անվանել է «լիբերալ և մեծահոգի Իզաբելա»[4], Մատտեո Բանդելլոն նկարագրել է նրան որպես «գերագույնը կանանց մեջ»[5]։ Դիվանագետ Նիկոլո դա Կորեգիոն ավելի հեռուն է գնացել՝ նրան անվանելով «աշխարհի առաջին տիկին»[5]։

Իզաբելա դ՛Էստե
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1474
ԾննդավայրՖեռարա, Duchy of Ferrara
Մահացել էփետրվարի 13, 1539[1] (64 տարեկան)
Մահվան վայրՄանտովա, Մանտուա, Լոմբարդիա[2]
Գերեզմանchurch Santa Paola
Մասնագիտությունգրական սալոնի տեր և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինՖրանչեսկո II Գոնզագա
Ծնողներհայր՝ Էրկոլե դ՛Էստե, Ֆերարայի դուքս[3], մայր՝ Էլեանոր Նեապոլցի, Ֆերարայի դքսուհի[3]
Զբաղեցրած պաշտոններգահի խնամակալ
ԵրեխաներFederico II Gonzaga, Duke of Mantua?[3], Էլեոնորա Գոնզագա, Ուրբինոյի դքսուհի, Ercole Gonzaga?, Ferrante Gonzaga?, Ippolita Gonzaga?, Livia (Paola) Gonzaga? և Fernando I Gonzaga, Conte di Guastalla, Duca di Ariano?[3]
 Isabella d'Este Վիքիպահեստում

Ամուսնու՝ Մանտովայի մարքիզ Ֆրանչեսկո II Գոնզագայի բացակայության ընթացքում և որդու՝ Ֆեդերիկո Գոնզագայի անչափահասության ընթացքում եղել է Մանտովայի ռեգենտ։ 1500 թվականին Միլանում դիվանագիտական առաքելությամբ հանդիպել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XII-ին, որպեսզի վերջինիս համոզի իր զորքերը չուղարկել Մանտովայի դեմ։

Բեղմնավոր նամակագիր է եղել ու ամբողջ կյանքում նամակագրություն է պահպանել ամուսնու քրոջ՝ Էլիսաբետա Գոնզագայի հետ։ Լուկրեցիա Բորջիան նույնպես նրա ազգականուհին է եղել, որը հետագայում դարձել է Իզաբելայի ամուսնու սիրուհին։ Ունեցել է գրավիչ արտաքին տեսք, մի փոքր գիրություն, ինչպես նաև «աշխույժ աչքեր» և «ժիր նազելիություն»[6]։

Իզաբելա դ՛Էստեն հասակ է առել Ֆերարա քաղաք-պետության բարեկիրթ ընտանիքներից մեկում, ստացել բարձրակարգ դասական կրթություն և պատանեկության տարիներին հանդիպել բազմաթիվ հայտնի հումանիստ գիտնականների և արվեստագետների։ Իզաբելայի և նրա ընտանիքի ու ընկերների միջև պահպանված հսկայական նամակագրության շնորհիվ նրա կյանքն անսովոր կերպով լավ փաստաթղթավորված է[7]։

Վաղ կյանք խմբագրել

Իզաբելան ծնվել է 1474 թվականի մայիսի 19-ի երեքշաբթի օրը երեկոյան ժամը իննին[8][9] Ֆերարայում, Ֆերարայի դուքս Էրկոլե I դ՛Էստեի ու Էլեանոր Նեապոլցու ընտանիքում[10]։ Վերջինս եղել է Նեապոլի արագոնցի թագավոր Ֆերդինանդ I-ի ու Իզաբելա դե Կլերմոնի դուստրը[11]։

Մեկ տարի անց, 1475 թվականի հունիսի 29-ին ծնվել է նրա քույր Բեատրիչեն, իսկ 1476 և 1477 թվականներին՝ երկու եղբայրները՝ Ալֆոնսո դ՛Էստեն ու Ֆերանտե դ՛Էստեն։ 1479 և 1480 թվականներին ծնվել են ևս երկու եղբայրները՝ Իպոլիտո դ՛Էստեն ու Սիզիգմոնտո դ՛Էստեն։ Բոլոր երեխաներից Իզաբելան եղել է ամենասիրելին[12]։

Իր եղբայր Ֆերանտեի ծննդյան տարում Իզաբելան իր մոր հետ ճամփորդել է դեպի Նեապոլ, իսկ երբ մայրը վերադարձել է Ֆերերա, Իզաբելան ուղեկցել է նրան, մինչդեռ մյուս երեխաները ութ տարվա ընթացքում մնացել են տանը պապիկի հետ։ Իր մայրիկի հետ ճամփորդության ընթացքում է, որ Իզաբելան ձեռք է բերել դիվանագիտական ու պետական կառավարման հմտություններ։

Կրթություն խմբագրել

Իզաբելան բարեկիրթ երիտասարդ կին էր։ Մանկության ընթացքում ուսումնասիրել է հռոմեական պատմություն, արագորեն սովորել թարգմանություններ կատարել հունարենից ու լատիներենից (առաջինը դարձել է նրա սիրելի լեզուն)[փա՞ստ]։ Իր բացառիկ խելքի շնորհիվ հաճախ է դեսպանների հետ դասականների ու պետական գործեր քննարկել։ Ավելին, անձնապես ծանոթ է եղել արքունիքում ապրող նկարիչների, երաժիշտների, գրողների ու գիտնականների հետ։ Բացի պատմության ու լեզուների իմացությունից՝ կարող էր անգիր մեջբերումներ անել Վերգիլիոսից ու Տերենտիուսից։ Իզաբելան նաև տաղանդավոր երգչուհի ու երաժիշտ էր, նրան լյուտնյա նվագել էր սովորեցրել Ջովանի Անջելո Տեստագրոսան[13]։ Այս բոլոր հիասքանչ կարողություններից բացի, նա նաև նոր պարեր էր բեմադրում, որը նրան սովորեցրել էր հրեա պարուսույց Ամբրոջիոն[14]։

Նշանադրություն և ամուսնություն խմբագրել

 
Մանրանկար Իզաբելայի պատկերով

1480 թվականին վեց տարեկան հասակում Իզաբելան նշանվել է Մանտովայի մարքիզի որդի Ֆրանչեսկոյի հետ, 25․000 դուկատ օժիտի դիմաց[15]։ Չնայած Ֆրանչեսկոն գեղեցկադեմ չէր, Իզաբելան հիացել է նրա ուժով ու համարձակությամբ ու նրան վերաբերել որպես ջենտլմենի։ Նրանց առաջին հանդիպումներից հետո Իզաբելան պարզել է, որ իրեն դուր է գալիս Ֆրանչեսկոյի ընկերակցությունը և հետագա տարիների ընթացքում զբաղվել է նրան ճանաչելով ու Մանտովայի մարքիզուհի դառնալ պատրաստելով։ Նրանց սիրախաղի ընթացքում Իզաբելան բարձր է գնահատել Ֆրանչեսկոյի կողմից իրեն ուղարկված նամակները, բանաստեղծությունները և սոնետները[փա՞ստ]։

Տասը տարի անց, 1490 թվականի փետրվարի 11-ին, 15 տարեկան հասակում Իզաբելան վստահված անձի միջոցով ամուսնացել է Ֆրանչեսկոյի հետ։ Դարձել է վերջինիս կինն ու մարքիզուհին փետրվարի 15-ին տեղի ունեցած համաժողովրդական մեծ տոնակատարությամբ[15]։ Բացի մարքիզությունից, Ֆրանչեսկոն նաև Վենետիկի հանրապետության բանակների գեներալ կապիտանն էր։ Որպես ամուսնության նվեր Իզաբելան իր հետ բերել էր 3,000 դուկատ գումար, ինչպես նաև արժեքավոր զարդեր, ափսեներ ու արծաթե սպասք[16]։ Հարսանիքին հաջորդած հոյակապ ճաշկերույթից առաջ նա թանկարժեք քարերով ու ոսկով զարդարված ձի հեծնած շրջել է Ֆերարայի գլխավոր փողոցներով[17]։

 
Իզաբելայի ամուսինը՝ Մանտուայի մարքիզ Ֆրանչեսկո II Գոնզագան

Քանի որ զույգը միմյանց ճանաչել ու միմյանցով հիացել է երկար տարիներ, նրանց փոխադարձ հիացմունքը փոխակերպվել է սիրո․ Ֆրանչեսկոյի հետ ամուսնությունը ենթադրաբար Իզաբելային «ծաղկեցրել է»[18]։ Ամուսնության պահին Իզաբելան եղել է գեղեցիկ, բարակիրան, նրբագեղ ու լավ հագնված[19]։ Նրա երկար, նուրբ մազերը ներկվել էին բաց խարտյաշ գույնով, իսկ աչքերը՝ «աշնան եղևնու կոների պես շագանակագույն, ծիծաղ էին տարածում»[20]։

Որպես բանակի գեներալ կապիտան՝ Ֆրանչեսկոն ի պաշտոնե ստիպված է եղել հաճախ մեկնել Վենետիկ խորհրդակցությունների՝ Իզաբելային մենակ թողնելով Մանտովայում, Գոնզագաների կեցավայր La Reggia հնագույն պալատում[21]։ Սակայն նա ընկերակցության կարիք չի ունեցել, քանի որ ժամանակն անցկացրել է իր մայրիկի ու քույր Բեատրիսի հետ։ Ամուսնու 18-ամյա քրոջը՝ Էլիսաբետա Գոնզագային հանդիպելուց հետո վերջինիս հետ մտերիմ ընկերներ են դարձել։ Նրանք հաճույք էին ստանում միասին գրքեր կարդալուց, թղթախաղ խաղալուց ու գյուղերում շրջելուց:Մի անգամ Ֆրանչեսկոյի բացակայության ժամանակ նրանք ճամփորդել են դեպի Գարդա լիճն[21] ու հասել Վենետիկ։ Նրանք կայուն նամակագրություն են վարել մինչև 1526 թվականին Էլիսաբետայի մահը։

Ամուսնությունից մոտավորապես չորս տարի անց՝ 1493 թվականի դեկտեմբերին, Իզաբելան ծնունդ է տվել իրենց ութ երեխաներից առաջինին՝ Էլեոնորա անունով դստերը, որին կարճ Լեոնորա էին անվանում։

Երեխաներ խմբագրել

Միասին Ֆրանչեսկոն ու Իզաբելան ունեցել են ութ երեխա[22]

  • Էլեոնորա Գոնզագա (31 դեկտեմբերի, 1493 – 13 փետրվարի, 1570), ամուսնացել է Ուրբինոյի դուքս Ֆրանչեսկո Մարիա I դելլա Ռովերեի հետ, որից զավակ է ունեցել
  • Մարգերիտա Գոնզագա (13 հուլիսի, 1496 – 22 սեպտեմբերի, 1496)
  • Ֆեդերիկո II Գոնզագա, Մանտովայի դուքս (17 մայիսի, 1500 – 28 օգոստոսի, 1540), ամուսնացել է Մարգարետ Պալեոլոգայի հետ, որից զավակ է ունեցել
  • Լիվիա Գոնզագա (1501 – հունվար, 1508)
  • Իպոլիտա Գոնզագա (13 նոյեմբերի, 1503 – 16 մարտի, 1570), միանձնուհի
  • Էրկոլ Գոնզագա (23 նոյեմբերի, 1505 – 2 մարտի, 1563), Կարդինալ, Մանտովայի եպիսկոպոս
  • Ֆերանտե Գոնզագա (28 հունվարի, 1507 – 15 նոյեմբերի, 1557), կապիտան, ամուսնացել է Իզաբելա դի Կապուայի հետ, որից զավակ է ունեցել
  • Լիվիա Գոնզագա (օգոստոս, 1508 – 1569), միանձնուհի

Լուկրեցիա Բորջիա խմբագրել

Իզաբելայի եղբայր Ալֆոնսոյի հետ ամուսնանալուց մեկ տարի անց[23], 1502 թվականին, տխրահռչակ Լուկրեցիա Բորջիան դարձել է Ֆրանչեսկոյի սիրուհին։ Իզաբելան մոտավորապես այդ ժամանակ դուստր էր ունեցել՝ Իպոլիտային, ու շարունակել է ամուսնուն երեխաներ պարգևել վերջինիս երկարատև ու կրքոտ սիրավեպի ընթացքում, որն ավելի շատ սեքսուալ էր, քան ռոմանտիկ[24]։ Լուկրեցիան նախկինում բարեկամության փորձեր է արել Իզաբելայի հետ, որոնց վերջինս սառնորեն ու անտարբերությամբ է վերաբերվել։ Լուկրեցիայի՝ առաջին անգամ որպես Ալֆոնսոյի հարսնացու Ֆերերա ժամանելուց ի վեր Իզաբելան նրան հակառակորդ է համարել ու ամեն առիթով փորձել գերազանցել[25]։ Ֆրանչեսկոյի սիրավեպը հանրահայտ գեղեցկուհի Լուկրեցիայի հետ[18] Իզաբելային շատ խանդ ու հուզական ցավ է պատճառել[24]․ նրանց կապն ավարտվել է, երբ Ֆրանչեսկոն սիֆիլիսով հիվանդացել է մարմնավաճառների հետ հանդիպումներից հետո։

Ռեգենտություն խմբագրել

Մանտովա քաղաքի համար անհանգիստ ժամանակներում Իզաբելան կարևոր դեր է խաղացել։ Երբ նրա ամուսինը գերեվարվել էր 1509 թվականին ու Վենետիկում պատանդ էր պահվում, նա ստանձնել է Մանտովայի ռազմական ուժերի ղեկավարությունն ու հետ պահել նվաճողներին մինչև ամուսնու ազատ արձակվելը 1512 թվականին։ Նույն տարում նա նախագահել է Մանտովայի համագումարը, որը հրավիրվել էր Ֆլորենցիային ու Միլանին վերաբերող հարցերը լուծելու համար[26]։ Որպես ղեկավար նա ավելի հաստատակամ ու բանիմաց էր, քան իր ամուսինը։ Երբ այս մասին խոսել են Ֆրանչեսկոյի վերադարձրց հետո, վերջինս իրեն նվաստացած է զգացել ու կատաղել կնոջ գերակա քաղաքական ունակությունների պատճառով։ Դա պատճառ է դարձել, որ նրանց ամուսնությունն անդառնալիորեն լուծարվի։ Արդյունքում Իզաբելան սկսել է ազատ ճանապարհորդել ու ամուսնուց անկախ ապրել մինչև 1519 թվականի մարտր 19-ին վերջինիս մահը[փա՞ստ]։

Ամուսնու մահից հետո Իզաբելան ղեկավարել է Մանտովան որպես իր որդի Ֆեդերիկոյի ռեգենտ։ Նա սկսել է կարևոր դեր խաղալ իտալական քաղաքականության մեջ ու կայուն կերպով առաջ մղել Մանտուայի դիրքերը։ Նա կարևոր դեր է խաղացել Մանտովան դքսություն դարձնելու հարցում, որը ձեռք է բերվել որդու ամուսնությունն իմաստուն ու դիվանագիտորեն կազմակերպելու միջոցով։ Նաև հաջողել է իր որդի Էրկոլի համար կարդինալություն ապահովելու հարցում։ Չեզարե Բորջայի հետ բանակցություններում ցուցաբերել է քաղաքական խորաթափանցություն, որը 1502 թվականին ունեզրկել էր Ուրբինոյի դուքս Գվիդոբալդո դա Մոնտեֆելտրոյին՝ իր տալ Էլիսաբետա Գոնզագայի ամուսնուն։

Մշակութային հետաքրքրություններ խմբագրել

Իզաբելա դ՛Էստեն հայտնի է որպես Վերածննդի ժամանակաշրջանի ամենակարևոր արվեստի հովանավորը․ նրա կյանքը փաստաթղթավորված է իր նամակգրությունների շնորհիվ, որն այժմ գտնվում է Մանտովայում (մոտավորապես 28,000 նամակներ ստացվել են ու մոտավորապես 12,000 նամակ պատճենահանվել է)[27][28]։

Արվեստի հովանավորություն խմբագրել

Կերպարվեստի ժանրում այն ժամանակ հայտնի նկարիչներ աշխատել են Իզաբելայի համար, այդ թվում՝ Ջովաննի Բելլինին, Ջորջոնեն, Լեոնարդո դա Վինչին, Անդրեա Մանտենյան (պալատական նկարիչ մինչև 1506 թվականը), Պիետրո Պերուջինոն, Ռաֆայել Սանտին, Տիցիանը, Կոռեջոն, Լորենցո Կոստան (պալատական նկարիչ 1509 թվականից), Դոսսո Դոսսին, Ֆրանչեսկո Ֆրանչան, Ջուլիո Ռոմանոն ու շատ ուրիշներ։ Օրինակ՝ Մանտովայում նրա Պալացցո Դուկալե պալատի աշխատասենյակը զարդարված է եղել Մանտենյայի, Պերուջինոյի, Կոստայի ու Կոռեջոյի հեղինակած այլաբանություններով[29]։

Զուգահեռաբար նա պայմանագիր է կնքել իր ժամանակի ամենակարևոր քանդակագործների հետ ու մեդալագործների, այդ թվում՝ Միքելանջելոյի, Քրիստոֆորո Ռոմանոյի, Տուլիո Լոմբարդոյի հետ․ հավաքել է նաև հին հռոմեական արվեստի նմուշներ[30]։

Ինչ վերաբերում է գրողներին, ապա նա կապ է ունեցել Պիետրո Արետինոյի, Լուդովիկո Արիոստոյի, Պիետրո Բեմբոյի, Բալդասսար Կաստիլոնեի, Ջանջորջո Տրիսինոյի և այլոց հետ[31]։

Երաժշտության ոլորտում Իզաբելան հովանավորել է երգահաններ Բարտոլոմեո Տրոմբոնչինոյին ու Մարկո Կարային, անձամբ ինքը նաև լյուտնյա նվագել[32]։ Պալատում երգելու համար հրավիրել է կին պրոֆեսիոնալ երգիչների[33]։

Ճարտարապետության ոլորտում Իզաբելան նոր պալատներ կառուցել իրեն չէր կարող թույլ տալ, սակայն աշխատանքներ է հանձնարարել Բիաջիո Ռոզետիին ու Բատիստա Կովոյին[34]։

Նորաձևության բնագավառում առաջատար լինելով՝ պատվիրել է ամենանրբաճաշակ հագուստը, այդ թվում՝ մորթեղեն ու օծանելիքի ամենաթարմ մշակումները, որոնք ինքն էր ստեղծում ու մատուցում որպես նվերներ։ Գլխարկներ ու բաց դեկոլտեներ կրելու նրա ոճը կրկնօրինակվել է ամբողջ Իտալիայում ու ֆրանսիական արքունիքում[35]։

Կապ Լեոնարդոյի «Մոնա Լիզայի» հետ խմբագրել

 
Ձախից աջ՝ Լեոնարդո դա Վինչի «Իզաբելա դ՛Էստե» (1499), Լեոնարդո դա Վինչի (արվեստանոց) «Մոնա Լիզա» (1502–1506, Պրադո, Մադրիդ, մաքրվել է 2012), Լեոնարդո դա Վինչի «Մոնա Լիզա» (մոտավորապես 1503–1506)

Իզաբելա դ՛Էստեն առաջարկվել է որպես հավանական թեկնածու[36] Լեոնարդո դա Վինչիի՝ մոտավորապես 1503–1506 թվականներին ստեղծված «Մոնա Լիզա» կտավի համար, որը սովորաբար համարվում է Լիզա դել Ջոկոնդոյի դիմանկարը։ Վկայությունները, որ հենց Իզաբելան է հանրահայտ կտավի հերոսուհին, ներառում են 1499 թվականին Լեոնարդոյի կողմից արված «Իզաբելա դ՛Էստե» գծանկարն ու 1501–1506 թվականների ընթացքում Իզաբելայի գրած նամակները, որոնցում նա խնդրել է խոստացված դիմանկարը[37]։ Հետագա փաստարկներ են հանդիսացել ետին պլանում երևացող լեռները[38] և միապետի դիմանկարի վերածննդյան խորհրդանիշ հանդիսացող ձեռքերի դիրքը։

Դիմանկարների հնարավոր նույնականացում խմբագրել

 
Իզաբելա դ՛Էստեն դիմանկարներում․ հատվածներ կտավներից՝ Ջիան Քրիստոֆորո Ռոմանոյի հեղինակած մեդալ, Լեոնարդո դա Վինչիի գծանկար, Տիցիան (հայտնի Պիտեր Պոլ Ռուբենսի կրկնօրինակի շնորհիվ), «Իզաբելան կարմիրի մեջ», Տիցիան (երիտասարդեցրած), «Սևազգեստ Իզաբելան» ընդդեմ «Գեղեցկուհի» կտավի (1536), անհայտ հեղինակի Ամբրասի մանրանկար

Չնայած այն հանգամանքին, որ Իզաբելան եղել է արվեստի կարևոր հովանավոր, պահպանվել են շատ փոքր թվով նրա նույնականացված դիմանկարներ։ Այս մի քանի նույնականացումը հայտնի է որպես անհամատեղելի (այսինքն՝ ունեն տարբեր աչքերի ու մազերի գույն, ինչպես նաև տարբերվող հոնքեր, ինչպես Տիցիանի երկու դիմանկարներում է)[39] և բացակայում են 26 - 54 տարիքային սահմանում արված դիմանկարներ։ Հայտնի է, որ ավագ տարիքում Իզաբելան նախընտրել է իդեալականացված նկարները և նույնիսկ հրաժարվել որպես բնորդ հանդես գալ դրանց համար[40]։ Իզաբելան խնամքով է վերաբերել իր կերպարին։ Անդրեա Մանտենյայի հեղինկած մի դիմանկարից նա հրաժարվել է, քանի որ այն «բոլորովին նման չէր մեզ»․ հավանաբար դիմանկարը չափազանց նման է եղել Իզաբելային, որը գիրանալու հակում է ունեցել։

Վերջին տարիներին մի քանի թանգարան հետ է կանչել դիմանկարների՝ որպես Իզաբելա իրենց նույնականացումներից մի քանիսը սխալ նույնականացման ռիսկի պատճառով[41]։ Մնացած երեք գունավոր դիմանկարները անհմատեղելի են (Վիեննայի Արվեստի պատմության թանգարան)[42]

  • «Իզաբելան կարմիրի մեջ», Տիցիան, մոտավորապես 1529 թվական (կորել է, հայտնի է 1605 թվականին արված Ռուբենսի արած կրկնօրինակից)
  • «Սևազգեստ Իզաբելան», Տիցիան, 1536 թվական
  • «Ամբրասի մանրանկար», 16-րդ դար

Պիտտի թանգարանում գտնվող «Գեղեցկուհի» կտավը համարվել է 1536 թվականին Տիցիանի ստեղծած կտավի այլընտրանք, քանի որ 60-ամյա հովանավորը պատվիրել էր երիտասարդեցված դիմանկար․ եթե «Գեղեցկուհին» Իզաբելան լիներ, ապա աչքերի գույը, մազերի գույնը, հոնքերը և ընդհանուր արտաքին տեսքը համանման կլինեին բոլոր դիմանկարներին[43]։

Ներկայումս 1495 թվականին Ջիան Քրիստոֆորո Ռոմանոյի ստեղծած մեդալը հանդիսանում է միակ վստահելի նույնականացման աղբյուրը, քանի որ մեդալի վրայի մակագրությունն արվել է Իզաբելայի կենդանության օրոք[44]։

Դիվանագիտական առաքելություններ և վերաբերմունք ստրուկների նկատմամբ խմբագրել

1500 թվականին Միլանում հաջողակ դիվանագիտական առաքելությամբ Իզաբելան հանդիպել է Ֆրանսիայի թագավորին․ նա ձգտել է պաշտպանել Մանտովան ֆրանսիական ներխուժումից։ Թագավորը տպավորվել է նրա հրապուրիչ անհատականությամբ ու սուր խելքով[45]։ Այդ ժամանակ է, որ մինչ նա վայելում էր թագավորի հյուրընկալությունը, վերջինիս զորքերը գրավել են Միլանն ու Իզաբելան ապաստան է առաջարկել միլանացի փախստականներին, որոնց թվում էր նաև իր քույր Բեատրիսի ամուսնու սիրուհին՝ Չեչիլիա Գալլերանին[46]։

Իզաբելան իր տան աֆրիկացի սևամորթ ստրուկների հանդեպ վերաբերմունքով ևս օրինակ է հանդիսացել Վերածննդի ժամանակաշրջանի Եվրոպայի համար։ Նրա հետաքրքրությունը սևամորթ մանկահասակ ծառաներով մանրամասնորեն փաստագրված է[47]։ 1491 թվականի մայիսի մեկին Վենետիկի իր գործակալ Ջիորջիո Բրոնյոլոյին խնդրել է ձեռք բերել մեկուկեսից չորս տարեկան սևամորթ աղջկա[48]։ Նրա ֆինանսական փստաթղթերում նշված է, որ նրա տանն արդեն եղել է ավելի մեծ տարիքի սևամորթ աղջիկ երեխա, երբ նա ցանկացել է ունենալ նաև ավելի փոքրին։ Գրառումները նաև վկայում են, որ նա վենետիկյան որբանոցից ձեռք է բերել մի փոքրիկ սևամորթ աղջկա, բանակցություններ վարել փոքրիկ սևամորթ տղայի վաճառքի վերաբերյալ ու իր քրոջից գնել ստրկացված ևս մի փոքրիկ աղջկա[49]։ Սևամորթ երեխաների գնումները կարելի է համարել նրա էկզոտիզմի արտահայտված դրսևորում[50]։

Այրիություն խմբագրել

«Պետության նվիրված ղեկավար» խմբագրել

45 տարեկանում արդեն այրիացած Իզաբելան դարձել է «պետության նվիրված ղեկավար»[51]։ Մարքիզուհու նրա դիրքը լուրջ ուշադրություն էր պահանջում, հետևաբար նրանից պահանջվում էր ուսումնասիրել քաղաք-պետության կառավարչի առջև ծառացած խնդիրները։ Իր ենթակաների բարեկեցությունը բարելավելու համար ուսումնասիրել է ճարտարապետություն,գյուղատնտեսություն ու արդյունաբերություն, ինչպես նաև հետևել «Տիրակալը» գրքում Նիկոլո Մաքիավելիի առաջ քաշած սկզբունքներին։ Ի պատասխան, Մանտովայի ժողովուրդը հարգում ու սիրում էր նրան[52]։

 
Մայոլիկա ափսե Իզաբելայի ու վերջինիս հանգուցյալ ամուսնու զինանշանով, Ուրբինո, մոտավորապես 1524 (Վիկտորիայի և Ալբերտի թանգարան)

1527 թվականին Իզաբելան Մանտովայից մեկնել է Հռոմ։ Նա այնտեղ է եղել քաղաքի աղետալի կողոպուտի ժամանակ, իր տունը վերածել ապաստանի՝ կայսերական զինվորներից փախչող շուրջ 2000 մարդու համար։ Իզաբելայի տունն այն քչերից մեկն էր, որի վրա հարձակում չէր եղել, պայմանավորված այն փաստով, որ նրա որդին գտնվել է զավթիչների բանակի կազմում։ Մեկնելուց հետո նրան հաջողվել է ապահով անցում ստանալ բոլոր այն փախստականների համար, ովքեր ապաստան էին գտել իր տանը։

Հետագա տարիներ ու մահ խմբագրել

Երբ կողոպուտից հետո Հռոմում վիճակը կայունացել է, Իզաբելան հեռացել է այնտեղից ու վերադարձել Մանտովա։ Նա այն դարձրել է մշակույթի կենտրոն, դպրոցներ հիմնել աղջիկների համար, իր բնակարանները թանգարան դարձրել, որտեղ արվեստի լավագույն գանձեր են գտնվել։ Սակայն այսքանով նա չի բավարարվել, ու թեև արդեն վաթսունն անց տարիքում էր, վերադարձել է քաղաքական կյանք ու ղեկավարել Էմիլիա Ռոմանիա մարզի Սոլարոլո քաղաքը մինչև 1539 թվականի փետրվարի 13-ին իր մահը։ Թաղված է ամուսնու կողքին Մանտովայի Սան Ֆրանչեսկո եկեղեցում[53]։

Մեծարում խմբագրել

Իր կյանքի ընթացքում ու մահից հետո Իզաբելային հարգանքի տուրք են մատուցել բանաստեղծներ, Հռոմի պապեր ու պետական այրեր։ Հռոմի պապ Լեո X-ը նրան խնդրել է վերաբերել իրեն «այնպիսի ընկերությամբ, ինչպես կվերաբերվեիք Ձեր եղբորը»[7]։ Նրա քարտուղար Պիետրո Բեմբոն նկարագրել է Իզաբելային որպես «ամենաիմաստուն և բախտավոր կանանցից մեկը», իսկ բանաստեղծ Արիոստոն նրան համարել է «լիբերալ և մեծահոգի Իզաբելա»։ Մատտեո Բանդելլոն գրել է, որ նա «գերագույնն է կանաց մեջ», իսկ դիվանագետ Նիկոլո դա Կորեգիոն նրան շնորհել է «աշխարհի առաջին տիկին» տիտղոսը[7]։

Պատկերում արվեստում խմբագրել

Ամերիկացի ֆեմինիստ նկարչուհի Ջուդի Չիկագոյի «Ճաշկերույթ» ստեղծագործության մեջ պատկերված է Իզաբելա դ՛Էստեի կեցավայրը[54]։

«Բորջիա» հեռուստասերիալում (2011–2014) Իզաբելա դ՛Էստեին մարմնավորել է բելգիացի դերասանուհի Ալեքսանդրա Օպոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2017.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Pas L. v. Genealogics — 2003.
  4. Marek, George R. (1976). The Bed and the Throne: The Life of Isabella d'Este. New York: Harper and Row Publishers.p.ix 978-0-06-012810-4
  5. 5,0 5,1 Marek, p.ix
  6. Marek, p.16
  7. 7,0 7,1 7,2 Marek, p.xiv
  8. Marek, p.12 Isabella's mother wrote a letter to her friend Barbara Gonzaga describing the details of Isabella's birth
  9. Note: In 15th century Italy the day began at sunset rather than at midnight; therefore as Isabella's birth occurred on 19 May at the second hour, this indicated that she was actually born on 18 May, at 9.00 PM
  10. Julia Mary Cartwright Ady, Isabella d'Este, marchioness of Mantua, 1474–1539: a study of the renaissance, Volume 1, 1907
  11. Marek, p.12
  12. Gardener, Edmund (1904). Dukes & Poets in Ferrara. London: Archibald Constable & Co. LTD. էջ 238.
  13. Կաղապար:Cite Grove
  14. Marek, pp.16–17
  15. 15,0 15,1 Tamalio, Raffaele (2004). «ISABELLA d'Este, marchesa di Mantova». Dizionario Biografico degli Italiani (իտալերեն). Vol. 62.
  16. Marek, p.28
  17. Marek, p.30
  18. 18,0 18,1 Marek, p.33
  19. Marek, pp.33–34
  20. Marek, p.34
  21. 21,0 21,1 Marek, p.35
  22. Marek, Miroslav. «Complete Genealogy of the House of Gonzaga». Genealogy.EU. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
  23. Note:In June 1505, Alfonso succeeded their father as duke, making Lucrezia Duchess of Ferrara
  24. 24,0 24,1 Marek, pp.166–69
  25. Marek, pp.147–48
  26. Marek, p.250
  27. Shemek, Deanna: Phaethon's Children: The Este Court and its Culture in Early Modern Ferrara. Medieval and Renaissance Texts and Studies (Arizona) 2005, p. 277
  28. For a documentations of art related letters see: Luzio, Alessandro: La Galleria dei Gonzaga – Appendice B: I ritratti d'Isabella d'Este. Casa Editrice L. F. Cogliati (Milan) 1913
  29. Ferino, Sylvia: Isabella d'Este – Fürstin und Mäzenatin der Renaissance. Kunsthistorisches Museum Wien (Vienna) 1994, pp. 86–425
  30. Ferino (1994), pp. 106, 315, 321; Cartwright, Julia: Isabella d'Este. Murray (London) 1907, Table of contents
  31. Cartwright (1907), table of contents
  32. Ferino (1994), pp. 429–432
  33. Tick, Judith et al.: Women in music, §II: Western classical traditions in Europe & the USA. In: Macy, Laura: Grove Music Online. Oxford Music Online. Oxford University Press. (subscription required)
  34. Ferino (1994), p. 18
  35. Marek (1952), p. 159
  36. Zöllner, Frank: Leonardo da Vinci – Sämtliche Werke. Taschen Verlag (Cologne) 2007, p. 241 (effective catalogue raisonné)
  37. Lewis, Francis-Ames: Isabella and Leonardo. Yale University Press (New Haven) 2012, Appendix Letters pp. 223–240 (original letters in Italian and English)
  38. Florence/Tuscany versus Mantua/Dolomites
  39. Ferino (1994), p. 86
  40. Ferino (1994), p. 94
  41. See:
    • Royal Collection, London (RCIN 405762): Lorenzo Costa Portrait of a Lady with a Lapdog (c. 1500–05)
    • Royal Collection, London (RCIN 405777): Giulio Romano 'Margherita Paleologa' (1531)
    • Currier Museum of Art, Manchester (inv. 1947.4): Lorenzo Costa Portrait of a Woman (1506–10)
    • Louvre, Paris (inv 894): Giovanni Francesco Caroto Portrait de femme (c. 1505–10)
  42. KHM Vienna: Inv. 83, Inv 1534, Inv 5081
  43. i.e. Ozzola, Leandro (1931): Isabella d'Este e Tiziano. In: Bolletino d'Arte del Ministero della pubblica istruzione. BdA (Rome) 1931 No. 11, pp. 491–494; Download: http://www.bollettinodarte.beniculturali.it/opencms/multimedia/BollettinoArteIt/documents/1407155929929_06_-_Ozzola_491.pdf Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  44. KHM Vienna, Inv 6.272bß and Ferino (1994), pp. 373–378
  45. Marek, p.80-81
  46. Marek, p.80
  47. Alessandro Luzio and Rodolfo Renier, 'Buffoni, schiavi e nani alla corte dei Gonzaga ai tempi d'Esabella d'Este', Nuova Antologia, 19 (1891), pp. 112–46, 140–5.
  48. Paul H.D. Kaplan, "Isabella d'Este and black African women," Black Africans in Renaissance Europe, (Cambridge: Cambridge University Press, 2005)
  49. Kaplan, 153.
  50. Joaneath Spicer, "European Perceptions of Blackness as Reflected in the Visual Arts," Revealing the African Presence in Renaissance Europe, (Baltimore: The Walters Art Museum, 2012)
  51. Marek, p.204
  52. Marek, p.205
  53. «Este, Beatrice d' and Isabella d' – Dictionary definition of Este, Beatrice d' and Isabella d' | Encyclopedia.com: FREE online dictionary». www.encyclopedia.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  54. Place Settings. Brooklyn Museum. Retrieved 6 August 2015.

Հետագա ընթերցանություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզաբելա դ՛Էստե» հոդվածին։