Վերածննդի դարաշրջանի գրականություն

Վերածննդի դարաշրջանի գրականությունը գրականության խոշոր ուղղություն է, որը Վերածննդի դարաշրջանի մի մասն է կազմում։ Զբաղեցնում է 14-16 դարերի ժամանակաշրջանը։ Միջնադարյան գրականությունից այն տարբերավում է նրանով, որ հիմնվում է հումանիզմի նոր, առաջադեմ գաղափարների վրա։ Վերածննդի հոմանիշը «Ռենեսսանս» ֆրանսիական ծագման բառն է։ Հումանիզմի առաջին գաղափարները սկզբում առաջացել են Իտալիայում, այնուհետև տարածվել ամբողջ Եվրոպայով։ Վերածննդի գրականությունը նույնպես տարածվել է ողջ Եվրոպայով, սակայն ամեն երկրում ստացել է իր ազգային առանձնահատկությունները։ Վերածնունդ եզրույթը նշանակում է թարմացում, նկարիչների, գրողների, մտավորականների վերաբերմունքը անտիկ մշակույթի և արվեստի նկատմամբ, դրա բարձր իդեալների նմանակումը։

Հումանիզմ հասկացություն խմբագրել

«Հումանիզմ» հասկացությունն առաջին անգամ գիտնականներն օգտագործել էն 19-րդ դարում[1][2]։ Այն ծագում է լատիներեն humanitas (մարդկային բնույթ, հոգևոր մշակույթ) և humanus (մարդկային) բառերից, նշանակում է մարդուն ուղղված գաղափարախոսություն։ Միջնադարում արմատացած էին կրոնական և ֆեոդալական գաղափարախոսությունները։

Վերածննդի դարաշրջանում նկատվեց ֆեոդալ-եկեղեցական գաղափարախոսության նահանջ, հայտնվեցին անձի ազատագրման, որպես երկրային երջանկության ազատ ստեղծողի՝ մարդու բարձր պատվի հաստատման գաղափարներ։ Այդ մտքերը որոշիչ դարձան ամբողջ մշակույթի ստեղծման գործում, ազդեցին արվեստի, գրականության, երաժշտության, գիտության և քաղաքականության զարգացման վրա։ Հումանիզմը աշխարհիկ՝ հակադավանական և հակասխոլաստիկ աշխարհայացքի բնույթն է։ Հումանիզմի զարգացումը սկսում է 14-րդ դարում այնպիսի հումանիստների արվեստում, ինչպիսիք են՝ Դանտեն, Պետրարկան, Բոկաչոն և այլք։ 16-րդ դարում նոր աշխարհայացքի զարգացումը դանդաղում է ֆեոդալ-կաթոլիկ արձագանքի ազդեցության ներքո։ Դրան փոխարինելու է գալիս Ռեֆորմացիան։

Իտալիա խմբագրել

Հումանիզմին բնորոշ գծեր ի հայտ են գալիս Դանտե Ալիգյերիի՝ Վերածննդի նախահոր մոտ, ով ապրել է արտասահմանում 13-14 դարերում։ Նոր շարժումն ավելի մեծ թափով սկսեց 14-րդ դարի կեսին։ Իտալիան համարվում է ամբողջ եվրոպական Վերածննդի բնօրրանը, քանի որ այստեղ բոլորից շուտ հասունացան սոցիալ-տնտեսական նախադրյալները։ Իտալայում ավելի վաղ սկսեցին ձևավորվել կապիտալիստական հարաբերությունները, և դրա զարգացմամբ հետաքրքրված մարդիկ պետք է դուրս գային ֆեոդալիզմի և եկեղեցու ճնշման տակից։ Նրանք լայն աշխարհայացքով, ճամփորդող, մի քանի լեզուների տիրապետող և քաղաքական բոլոր իրադարձություններին ակտիվ մասնակցող բուրժուաներն էին։

Այդ ժամանակշրջանի մշակութային գործիչները պայքարում էին սխոլաստիկայի, ասկետիզմի, միստիկայի դեմ. գրականությունն ու մշակույթը չպետք է ենթարկվեին կրոնին։ Նրանք իրենց անվանում էին հումանիստներ։ Միջնադարյան գրողները անտիկ հեղինակներից վերցնում էին «տառ»՝ շրջանակից կտրված առանձին տեղեկություններ, հատվածներ, սենտենցիաներ։ Վերածննդի գրողները կարդում և ուսումնասիրում էին ստեղծագործություններ՝ ուշադրություն դարձնելով դրանց բնույթին։ Նրանք դիմում էին նաև ֆոլկլորին, ժողովրդական արվեստին ու իմաստասիրությանը։ Առաջին հումանիստներն են Լաուրայի պատվին գրված սոնետների հեղինակ Ֆրանչեսկո Պետրարկան և «Դեկամերոն» նովելների ժողովածուի հեղինակ Ջովանի Բոկաչոն։

Վերածննդի գրականությունում պատկերման հիմնական առարկան դառնում է մարդը, ում տալիս են ուժեղ բնավորություն։ Մեկ այլ բնորոշ կողմով է ընդգծվում այդ ժամանակվա գրականությունը՝ կյանքի տարաձայնությունների պատկերումը։ Հեղինակներն այլ կերպ են սկսում ընկալել նաև բնությունը։ Եթե Դանտեի մոտ այն խորհրդանշում է տրամադրությունների հոգեբանական գամման, ապա ավելի ուշ ստեղծագործողների աշխատանքներում բնությունն ուրախություն է պարգևում իր իրական գեղեցկությամբ[3]։

Հաջորդ դարերը ծնում են գրականության խոշոր ներկայացուցիչների մի ամբողջ համաստեղություն՝ Լուդովիկո Արիոստո, Պիետրո Արետինո, Տորկվատո Տասսո, Յակոպո Սանաձարո, Նիկոլո Մաքիավելի, Բեռնարդո Դովիցի։

Ֆրանսիա խմբագրել

Ֆրանսիայում նոր գաղափարների զարգացման նախադրյալներն ընդհանուր առմամբ այնպիսին էին, ինչպիսին Իտալիայում։ Եթե Իտալիայում բուրժուազիան ավելի առաջատար էր, Հյուսիասային Իտալիան բաղկացած էր առանձին պետություններից, ապա Ֆրանսիան միապետություն էր, զարգանում էր աբսոլյուտիզմը (միահեծանություն)։ Բուրժուազիան այդքան մեծ դեր չէր խաղում։ Բացի այդ, այստեղ տարածվում էր նոր կրոն՝ բողոքականություն, որն իր հիմնադիր Ժան Կալվինի անունով կոչվեց կալվինիզմ։ Սկզբում առաջատար լինելով՝ հետագա տարիներին բողոքականությունը մուտք գործեց զարգացման հետադիմական փուլ։

Հատկապես 16-րդ դարի առաջին կեսի ֆրանսիական գրականությունում նկատելի է իտալական մշակույթի ուժեղ ազդեցությունը։ Այդ տարիներին կառավարող Ֆրանցիսկ I-ը ցանկանում էր իր արքունիքը դարձնել օրինակելի, փայլուն, որը կգրավեր հայտնի իտալացի շատ գրողների ու նկարիչների, և նրանք իր մոտ կանցնեին ծառայության։ 1516 թվականին Ֆրանսիա տեղափոխված Լեոնարդո դա Վինչին մահացել է Ֆրանցիսկի ձեռքերում։

Համեմատած միջնադարյան հեղինակների՝ ֆրանսիական Վերածննդի գրողներին բնորոշ է արտակարգ լայն աշխարհայացք, մտավորական հետաքրքրությունների գերակշռում և իրականության նկատմամբ ռեալիստական մոտեցում։

Այդ շրջանի գրականությունն անցել է զարգացման երկու փուլ՝ վաղ, որտեղ գերակշռում էին հումանիստական գաղափարներն ու օպտիմիզմը, և ուշ, որտեղ քաղաքական իրադրության և կրոնի պառակտման ժամանակ առաջացավ հիասթափություն ու կասկած։ Ֆրանսիական Ռենեսսանսի ամենավառ ներկայացուցիչներն են «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպի հեղինակ Ֆրանսուա Ռաբլեն և «Պլեադա» բանաստեղծական դպրոցի ղեկավար Պիեռ Ռոնսարը։

Անգլիա խմբագրել

Կապիտալիստական հարաբերությունների զարգացումն Անգլիայում ավելի արագ է տեղի ունենում Անգլիայում, քան Ֆրանսիայում։ Զարգանում են քաղաքներն ու առևտուրը։ Ձևավորվում է ուժեղ բուրժուազիա, հայտնվում է նոր պալատականություն, որը հակադրվում է հին՝ նորմանդական ղեկավարությանը։ Այդ ժամանակվա անգլիական մշակույթի առանձնահատկությունն ընդհանուր գրական լեզվի բացակայությունն է։ Նորմանները խոսում էին ֆրանսերեն, գյուղացիներն ու քաղաքացիները խոսում էին անգլո-սաքսոնական բազմաթիվ բարբառներով, իսկ եկեղեցու պաշտոնական լեզուն լատիներենն էր։ Շատ ստեղծագործություններ լույս էին տեսնում ֆրանսերենով[4]։ Չկար նաև միացյալ ազգային մշակույթ։ 14-րդ դարի կեսին լոնդոնյան բարբառի հիմքի վրա սկսում է ձևավորվել գրական անգլերենը։

14-րդ դարի վերջում միայն Ջեֆրի Չոսերի մոտ է նկատվում իտալական Ռենեսսանսի ազդեցությունը։ Պետրարկի ժամանակակիցը այնուամենայնիվ մնում է միջնադարյան գրող։ Հումանիզմն անգլիական մշակույթում հաստատվում է միայն 15-րդ դարի վերջում։ Անգլիայի Վերածննունդը համապատասխանում է Թյուդորների ղեկավարման տարիների հետ (1485—1603)[5]։ Անգլիայի գրականության վրա են ազդում նաև այլ երկրները։ 16-րդ դարում ծաղկում է անգլիական միտքն ու արվեստը։

Անգլիական Վերածննդի ամենախոշոր ներկայացուցիչներն են՝ Ուիլյամ Շեքսպիրը, Քրիստոֆեր Մարլոն, Թոմաս Քիդը դրամատուրգիայում, Ջեֆրի Չոսերը, Էդմունդ Սպենսերը չափածոյում, Ջոն Լիլին և Թոմաս Նեշը՝ վեպում, իսկ հումանիստական աշխատություններում՝ Թոմաս Մորը։

Գերմանիա խմբագրել

15-16-րդ դարերում Գերմանիան ապրում էր տնտեսական աճ, չնայած Եվրոպայի առաջատար երկրներից՝ Իտալիայից, Ֆրանսիայից և Նիդերլանդներից հետ էր մնում։ Գերմանիայի առանձնահատկությունը անհամաչափ զարգացումն էր։ Տարբեր քաղաքներ գտնվում էին առևտրային տարբեր ճանապարհների վրա և համագործակցում տարբեր հովանավորների վրա։ Որոշ քաղաքներ հեռու էին առևտրից և պահպանում էին զարգացման իրենց միջնադարյան մակարդակը։ Ուժեղ էին նաև դասային տարաձայնությունները։ Ազնվականության վերնադասը կայսրի հաշվին ուժեղացնում էր իր իշխանությունը, իսկ մանր պալատականությունը՝ աղքատանում։ Ավելի զարգացած էին հարավային Ստրասբուրգ, Աուգսբուրգ, Նյուրնբերգ քաղաքները՝ նրանք, որոնք մոտ էին Իտալիային և վերջինիս հետ ունեին առևտրային կապեր։

Այդ ժամանակ Գերմանիայի գրականությունը տարրաբնույթ էր։ Հումանիստները հիմնականում գրում էին լատիներեն։ Գիտական հումանիզմի խոշորագույն ներկայացուցիչներից են Յոհան Ռեյխլինը և Ուլրիխ ֆոն Գուտենը։ Բացի այդ ուղղությունից կար նաև բարենորոգչական գրականություն, որը ներկայացնում էին Մարտին Լյութերը և Թոմաս Մյունցերը։ Լյուտերը՝ ելույթ ունենալով հռոմեական եկեղեցի դեմ, ում աջակցում էր բնակչության մեծ մասը, անցավ իշխանների կողմը՝ վախենալով գյուղական հեղափոխական շարժումից։ Իսկ Մյունցերն ընդհակառակը, մինչև վերջ կողմ էր գյուղական շարժմանը, կոչ էր անում ավերել տաճարներն ու ամրոցները, առգրավել և կիսել կարողությունը։ «Մարդիկ սոված են, նրանք ցանկանում են և պիտի ապրեն», - գրել է նա։

Զարգանում էր նաև բյուրգերական գրականությունը։ Սակայն այն պահպանում էր իր միջնադարյան գծերն ու կրում էր գավառականության երանգներ։

Իսպանիա և Պորտուգալիա խմբագրել

Այս երկրներում գրականությունն այլ կերպ էր զարգանում։ Սոցիալ-քաղաքական իրավիճակն այստեղ բարդ էր։ Նախ՝ անցնում էր Ռեկոնկիստան՝ հողերի գրավումը մավրներից։ Իսպանիան միասնական երկիր չէր, այլ բացկացած մի քանի պետություններից։ Բոլոր գավառները թույլ էին զարգանում։ Աբսոլյուտիզմն ի հայտ եկավ ավելի ուշ։ Հետո՝ այդ ժամանակ Իսպանիան իր գաղութներից ներկրում էր հսկայական քանակությամբ ոսկի, կուտակվել էր մեծ հարստություն, և այդ ամենը դադարեցրել էր մտավորականության զարգացումն ու բուրժուազիայի ձևավորումը։ Այնուամենայնիվ, իսպանական և պորտուգալական Վերածննդի գրականությունը հարուստ է և ներկայացված բավական խոշոր անուններով։ Օրինակ՝ Միգել Սերվանտեսը, ով լուրջ ժառանգություն է թողել ինչպես արձակում, այնպես էլ չափածոյում։ Պորտուգալիայում ամենահայտնի գործիչն էր Լուիշ դի Կամոենսը։ Զարգանում էր ինչպես պոեզիան, այնպես էլ վեպի և նովելի ժանրերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Murray, P. and Murray, L. (1963) The Art of the Renaissance. London: Thames & Hudson (World of Art), p. 9. 978-0-500-20008-7
  2. Michelet, Jules. History of France, trans. G. H. Smith (New York: D. Appleton, 1847)
  3. Early Italian humanism, which in many respects continued the grammatical and rhetorical traditions of the Middle Ages, not merely provided the old Trivium with a new and more ambitious name (Studia humanitatis), but also increased its actual scope, content and significance in the curriculum of the schools and universities and in its own extensive literary production. The studia hunanitatis excluded logic, but they added to the traditional grammar and rhetoric not only history, Greek, and moral philosophy, but also made poetry, once a sequel of grammar and rhetoric, the most important member of the whole group. —Paul Oskar Kristeller, Renaissance Thought II: Papers on Humanism and the Arts (New York: Harper Torchbooks, 1965), p. 178.

    See also Kristeller's Renaissance Thought I, "Humanism and Scholasticism In the Italian Renaissance", Byzantion 17 (1944–45), pp. 346–74. Reprinted in Renaissance Thought (New York: Harper Torchbooks), 1961.
  4. «Orkneyjar - The History and Archaeology of the Orkney Islands».
  5. Dictionary of Literary Terms and Literary Theory, p. 523.

Գրականություն խմբագրել