Այլաբանություն, ալեգորիա (հին հունարեն՝ ἀλληγορία` այլաբանություն), փոխակերպության տեսակներից մեկը, որով իրականության որևէ կողմի, երևույթի, առարկայի մասին գաղափար է տրվում ոչ թե ուղղակի նկարագրությամբ, այլ գեղարվեստական կոնկրետ պատկերի, խոսքի ուրույն կառուցման միջոցով[1]։

Երաժշտության այլաբանություն, Ֆիլիպպո Լիպպի (1475 - 1500): Երաժշտության այլաբանությունը նկարչության մեջ տարածված թեմա է: Լիպպին օգտագործել է Վերածննդի ժամանակաշրջանում տարածված երաժշտության խորհրդանիշներ, որոնցից շատերը եկել են հունական դիցաբանությունից:

Բնությունից, կենդանիների կյանքից վերցված կամ որևէ այլ պատկերի օգնությամբ այլաբանությունը տալիս է հասարակական այս կամ այն երևույթի փոխաբերական նկարագիրը։ Այլաբանության բովանդակությունը պայմանական է, որի միջոցով բուն իմաստն արտահայտվում է անուղղակի կերպով։ Արվեստի տարբեր ճյուղերում օգտագործվում են այլաբանական կայուն պատկերներ։ Օրինակ` հայ մանրանկարչության և ճարտարապետության մեջ խաղողի ու նռան պատկերներն արտահայտել են հայ մարդու ստեղծագործ աշխատանքը, իսկ գեղարվեստական գրականության մեջ վարդի և սոխակի պատկերներով արտահայտվել է սիրո այլաբանությունը։ Առակները, առածները, հանելուկները, հեքիաթները հիմնականում կառուցվում են այլաբանական սկզբունքով։ Դրանցում, օրինակ, աղվեսը խորամանկության արտահայտություն է, առյուծը` ուժի և հզորության, գայլը` ագահության, նապաստակը՝ վախկոտության, մրջյունն ու մեղուն` աշխատասիրության և այլն։ Այլաբանական իմաստ կարող են ունենալ նաև այլ ժանրի գործեր (Եղիշե Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմը, Մաքսիմ Գորկու Մրրկահավի երգը բանաստեղծությունը, «Դանկոյի սիրտը» պատմվածքը և այլն)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 10։

Աղբյուրներ խմբագրել

  • Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, «Գրականագիտական բառարան», 1980, էջ 12
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այլաբանություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 343