Ժիվանա «Ժանկա» Ստոկիչ ( սերբական կիրիլիցա՝ Живана Жанка Стокић, հունվարի 24, 1887(1887-01-24)[1], Veliko Gradište, Սերբիա - հուլիսի 21, 1947(1947-07-21)[1], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն), սերբ դերասանուհի։

Ժանկա Ստոկիչ
Ծնվել էհունվարի 24, 1887(1887-01-24)[1]
ԾննդավայրVeliko Gradište, Սերբիա
Մահացել էհուլիսի 21, 1947(1947-07-21)[1] (60 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Սերբիա
Մասնագիտությունկինոդերասանուհի և դերասանուհի

Ժանկա Ստոկիչն առավել հայտնի է կատակերգական ժանրում, սակայն նաև փայլել է դրամատիկ դերերում։ Հաճախ Նրան հաճախ անվանել են «Սերբ Սառա Բեռնար » և «Մեծ Ժանկա»[2][3]։ Քննադատները և իր հասակակիցներից շատերը նրան համարել են բոլոր ժամանակների մեծագույն սերբ դերասանուհին[4][5]։

Վաղ կյանք խմբագրել

Ժիվանա Ստոկիչը ծնվել է 1887 թվականի հունվարի 24-ին Արևելյան Սերբիայի Վելիկո Գրադիշտե քաղաքում, նրա հացթուխ հայրը՝ Բոգոսավը, որը ոստիկան էր, մահացել է, երբ Ժիվանան դեռ մանուկ էր[6]։ Նրա մայրը՝ Ջուլկան, այնուհետև նորից ամուսնացել է՝ այրի քահանա Ալեքսանդր «Սանդա» Նիկոլաևիչի հետ, և տեղափոխվել Ռաբրովո գյուղ (ներկայիս Կուչևոյի մունիցիպալիտետ)։ Արդյունքում Ռաբրովոն 20-րդ դարի վերջին, տասնամյակներ շարունակ համարվել է Ժանկա Ստոկիչի ծննդավայրը, մինչև որ 1990-ականներին հայտնաբերված տվյալները այլ բան են ցույց տվել[6]։ Ժիվանան չի համակերպվել խորթ հոր հետ՝ 14 տարեկանում որոշելով փախչել տնից Զայեչար, որտեղ ամուսնացել է տեղացի դերձակի հետ։ Ամուսնական կյանքում երջանիկ չի եղել, և մեկ տարվա ընթացքում՝ 1902 թվականին, դեռահաս Ժանկան փախել է իր ամուսնուց՝ այս անգամ միանալով շրջիկ դերասանական թատերախմբին։

Գործունեություն խմբագրել

Վաղ աշխատանքներ խմբագրել

Ստոկիչի առաջին դերասանական դաստիարակը Լյուբոմիր «Չվրգա» Ռաջիչիչը` շրջիկ դերասանների ընկերության ղեկավարն է եղել, ում հետ նա փախել էր ամուսնուց։ Ի սկզբանե թատերախմբի համար նա լվացարարուհու աշխատանք է կատարել։ Իր առաջին դերում՝ «Թերեզա»-ն «Հարսանեկան գիշերներ» (Bračne noći ) 1902 թվականին, նա տեղական մակարդակով սենսացիա է առաջացրել[7]։ Չվրգայի թատերախումբը շուտով բաժանվել է, և Ժանկան մի քանի նախկին գործընկերների հետ մեկնել է շրջագայության Սուրբ Ստեֆան Հունգարացու թագի հողերը Վոևոդինա, Բոսնիա և Խորվաթիա՝ հարևան Ավստրո-Հունգարիայի սահմանային շրջաններում, որտեղ սերբերեն էին խոսում։

Այնուհետև նա հանդես է եկել Միկա Բակիչի, Դիմիտրիե Նեշիչի և Միխայլո «Էրա» Ռատկովիչի ընկերություններում։ 1907 թվականին Վարաժդինում նա ստացել է իր առաջին դրամատիկ` Նադայի այրու դերը։ Նույն թվականին նա դարձել է Խորվաթիայի ազգային թատրոնի (Օսիեկ) անդամ, որտեղ նրան նկատել է թատերագետ Բրանկո Գավելլան։ 1911 թվականին Բելգրադում հյուրախաղերի ժամանակ գրականագետ և Բելգրադի Ազգային թատրոնի ղեկավար Միլան Գրոլը աշխատանք է առաջարկել քսաներեքամյա Ստոկիչին[8]։

Ազգային թատրոնում խմբագրել

Բելգրադի Ազգային թատրունում սկզբում նրան ժամանակավոր աշխատանք է առաջարկվել, բայց շուտով նա դարձել է ընկերության լիիրավ անդամ՝ իր կարիերայի ընթացքում հանդես գալով ավելի քան 100 գլխավոր և երկրորդական դերերում։ Անմիջական Գավելլայի ղեկավարությամբ խաղացել է Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Սյուզանի դերում), Էդմոն Ռոստանի «Սիրանո դե Բերժերակ» դրամայում և Յովան Ստերիա Պոպովիչի «Ռոդոլյուպչի» կատակերգությունում։

Այլ դերերից են[9]` Դորինա ( «Տարտյուֆ», Մոլիեր), Մադամ Սանս-Ժեն ( Վիկտորիեն Սարդու ), Կատյուշա ( Լև Տոլստոյի «Հարություն» ), Տիկին Ուորեն ( «Տիկին Ուորենի մասնագիտությունը», Ջորջ Բեռնարդ Շոու ) և հատկապես հաջողել է Թուանետի դերում` Մոլիերի «Երևակայական հիվանդ» վեպում։ Ազգային խաղացանկում նա աչքի է ընկել Ֆեմայի դերով ( Pokondirena tikva, հեղինակ՝ Յովան Ստերիա Պոպովիչ), Սուլթանիյա/Պելա ( Zla žena, նաև Ստերիյա), Ներա ( Խաբեությունը, Միլովան Գլիշիչ ), Էմինա ( Zulumćar, Սվետոզար Կորովիչ) դերերով, Ռուշկա ( Պետար Պետրովիչ Պեցիյա) և Jela ( U zatišju, Ուրոշ Դոյչինովիչ)։

Ժանկայի ամենալայն ժողովրդականության հիմքում, այնուամենայնիվ, սերբ մեծագույն դրամատուրգներից Բրանիսլավ Նուշիչի ստեղծագործություններում ունեցած դերերն են։ Դրանց թվում են պանդոկապանուհի Յանյան ( «Ընկեցիկը»), Սարկան ( «Որբացած ընտանիք» ), տիկին Սպասիչը ( SYEW – Հարավսլավիայի ազատագրված կանանց միություն ), Յուլիշկան ( «Ճամփորդություն աշխարհի շուրջ» ), Միկան ( «Իշխանություն» ), բայց ամենից առաջ Ժիվկան ( «Կառավարության նախարարի կինը»)։ Նուշիչը վերջինս գրել է հատուկ նրա համար[10][11][12], որի պրեմիերան կայացել է 1929 թվականի մայիսի 25-ին Վիտոմիր Բոգիչի ղեկավարությամբ, այն նրա կարիերայի գագաթնակետն է եղել, որի շնորհիվ նա ստացել է Մեծ Ժանկա և Մեծագույն սերբ դերասանուհի մականունները։ Մինչև 1941 թվականը պիեսն ունեցել է ավելի քան 200 ներկայացում, ներառյալ հյուրախաղերով ներկայացումները Վիեննայի, Պրահայի, Սոֆիայի, Վարշավայի, Կրակովի և Վիլնյուսի թատրոններում։

Նա նկարահանել է մեկ ֆիլմում՝ «Մեղավորն առանց մեղքի» ( Grešnica bez greha ), 1927 թվականին, ռեժիսոր Կոստա Նովակովիչ, իսկ գլխավոր դերակատար` Վիկտոր Ստարչիչ[13]։

Անձնական կյանք խմբագրել

1902 թվականին, երբ Ժանկան առաջին ամուսնուց փախել էր, ամուսինը նրան գտել և ֆիզիկական բռնի ուժով հետ է բերել իր տուն։ Նա կրկին փախել է։ Այս անգամ գնդի զինվորներն են պաշտպանել նրան, իսկ նա ապաստանել է նրանց մոտ։ Նրան հատկապես պաշտպանել է հայտնի դերասան Ալեքսանդր Ացա Գավրիլովիչը և շուտով դարձել է Ժանկայի մեծ սերը։ Նրանց սիրավեպը հետագայում ավարտվել է, երբ Գավրիլովիչը հեռացել է նրանից դերասանուհի Միկա Հրվոյիչի համար[14]։ Ժանկան երկրորդ անգամ ամուսնացել է 1908 թվականին, բայց ամուսնությունը նույնպես կարճատև և ցավալի ավարտ է ունեցել։

1939 թվականին նա մտերիկ հարաբերություններ է սկսել իրենից մոտ 20 տարով փոքր աշխատակցի՝ Մորիս Պիջադեի հետ։ Այնուամենայնիվ, 1941 թվականին Սերբիայի գերմանական օկուպացիայից հետո, որպես հրեա, Պիյադեն արտաքսվել է, ըստ երևույթին, Սայմիշտե և Դախաու համակենտրոնացման ճամբարներ և զոհվել, չնայած Ժանկան դիմել էր Բելգրադի ոստիկանության ղեկավարներից մեկին Բոժիդար Բեչարևիչին, խնդրելով խնայել նրան[15][16]։

Ի վերջո, դժգոհ լինելով իր անձնական կյանքից՝ նա մեկուսացել է Բելգրադի Թոփչիդերսկո Բրդո թաղամասում գտնվող իր տանը՝ լինելով ծանր դիաբետով հիվանդ, ապրել է իր ընտանի կենդանիների և երկարամյա սպասուհու և վստահելի մի կնոջ՝ Մագդայի հետ։

Անհատականություն և հանրային կերպար խմբագրել

Թեև հաջողել է դրամատիկական դերերում, ինչպես նաև արտասահմանյան բեմական բեմադրություններում, որտեղ Ժանկա Ստոկիչը հատկապես գերազանց է կատարել սուբրետային (իտալ.` soubrette, շոու կատարում) դերերը, նրա ամենաբարձր գեղարվեստական նվաճումը կատակերգական կերպարներն են եղել՝ իր անդիմադրելիորեն տպավորիչ խաղով, որը տոգորված է եղել անմիջականությամբ, թարմ արտահայտչականությամբ, վառ երևակայությամբ, բուռն խառնվածքով և դինամիկ ոգով[17]։

Ժանկան նույնքան զվարճալի է եղել իր անձնական կյանքում և նա Բելգրադի կաֆանաներում բոհեմական կյանք է վարել՝ եղբայրանալով այնտեղի, նույնքան անապահով` բոհեմ, արական սեռի տարեկիցների հետ, ինչպիսիք են Չիչա Իլիյա Ստանոևիչը և Միլան Գավրիլովիչը[18]։ Երբ նա կազմակերպել է իր դերասանական գործունեության 25-ամյակի տոնակատարությունը Բելգրադի բոհեմական (նյութապես անապահով) Skadarlija հին թաղամասում, երկրի տարբեր ծայրերից հավաքվել են երկրպագուներ՝ նվիրելով նրան նվերներ, ներառյալ կանխիկ գումար, մետաղադրամներով լի պարկեր, ծաղիկների զամբյուղներում քոթոթներ և զինվորական պարտատոմսեր։ Հայտնի է, որ թեև մեկ տարուց ավելի էր նոր դեր չէր ստացել, բայց երբեք չի բողոքել։ Գովազդային հնարքների մեջ Ժանկան հանդես է եկել որպես Բելգրադի կենդանաբանական այգում ծնված ձագերի կնքամայր։

Երկրորդ համաշխարհային պատերազմ խմբագրել

Պատերազմի տարիները Ստոկիչն անցկացրել է հիվանդությունից և ինսուլին ձեռք բերելու դժվարությունից ընկճված վիճակում։ Նա շարունակել է նկարահանվել՝ հանդես գալով «Վեսելյաչի» (Veseljaci) և«Հումորի կենտրոն» (Centrala za humor) կատակերգական թատրոններում, հաճախ մարմնավորելով ծաղրական կերպար` Պելա լվացարարուհուն՝ պարզասիրտ, շաղակրատ սովորական կնոջ։ Նա նաև ակտիվորեն մասնակցել է Բելգրադի ռադիոյում «Ուրախ սերբերական կեսօր»(Veselo srpsko popodne) և «Գունագեղ կեսօր» (Šareno popodne ) շոուներում, որոնք հեռարձակվում էին նորություններից և գերմանական քաղաքային հրամանատարի հրապարակային հայտարարություններից հետո։ Այդ բոլոր շոուները, այսպես կամ այնպես, հովանավորվել են գերմանացիների կողմից՝ օկուպացված Բելգրադում նորմալ կյանքի առերևույթությունը պահպանելու համար։

1945 թվականի դատավարություն խմբագրել

Այն բանից հետո, երբ 1944 թվականի հոկտեմբերի 20-ին Հարավսլավիայի պարտիզանների և Կարմիր բանակի կողմից գերմանացիներին դուրս մղելուց և Բելգրադը ազատագրելուց հետո, կոմունիստական նոր իշխանություններն անմիջապես սկսել են դատավարություններ կազմակերպել գերմանացիների հետ կապված մարդկանց դեմ, իսկ Ժանկան ձերբակալվել է։

1945 թվակաի փետրվարի 3-ին մի խումբ մարմնավաճառների նկատմամբ նվաստացուցիչ հեղափոխական դատավարության ժամանակ` զրկված լինելով փաստաբանից, նույնիսկ հանրային պաշտպանից, դատարանը Ժանկային մեղավոր է ճանաչել օկուպացիոն ուժերի հետ համագործակցելու համար[19]։ Նրա պատիժը ներառում էր 8 տարի ազգային պատիվը կորցնելը և չվարձատրվող հանրօգուտ աշխատանքը, մասնավորապես՝ փողոց մաքրելը[20]։ Ենթադրվում է, որ Միտրա Միտրովիչի՝ ժամանակին Միլովան Ջիլասի կնոջ միջամտության և դատավարության ընթացքում դիաբետ հիվանդության ծանր նոպաների պատճառով, նա խուսափել է ավելի վատ ճակատագրից, քանի որ, ըստ պաշտոնական վիճակագրության, իր գործընկեր դերասաններից 77-ին նոր կառավարությունը դատապարտել է գնդակահարության, ներառյալ այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Ալեքսանդր Ցվետկովիչը և Յովան Տանովիչը[21]։

1947 թվականին Ժանկան բողոքարկել է վճիռը՝ ընդունելով, որ ինքը թատրոնում հանդես է եկել իր կամքով, քանի որ իրեն գումար էր պետք ինսուլինի համար, սակայն գերմանացիներն իրեն ստիպել են նկարահանվել ռադիոյում։ Նա վկաներ և ցուցմունքներ է տվել, որ պատերազմի ժամանակ ինքն ապաստան է տվել Կոչա Պոպովիչին՝ կոմունիստների բարձրաստիճան օպերատիվ ղեկավարին, ապագա արտաքին գործերի նախարարին և Յոսիպ Բրոզ Տիտոյի տեղակալին, ինչպես նաև հրեաներին Սամուիլ Պիջադեին և Ֆլորի ընտանիքին։ Նա խնդրել է, որ պետությունը թույլ տա իրեն կրկին ելույթ ունենալ, որպեսզի նա ստիպված չլինի ապրել ուրիշների բարեգործությամբ։ Սերբիայի արդարադատության նախարար Դուշան Բրատիչը առաջարկել է նվազեցնել նրա պատիժը՝ ասելով, որ «ամբաստանյալը տարիներ շարունակ անվնաս է եղել հասարակության համար»։

Մահ խմբագրել

 

1947 թվականի ամռանը, նախքան նրա պատժի վերաբերյալ որևէ պաշտոնական որոշումը կլիներ, նրան այցելել է Միլիվոյե Ժիվանովիչը՝ սերբ մեծագույն դերասաններից մեկը, ով նրան ասել է, որ «ամեն ինչ ներված է»։ Ռեժիսոր Բոյան Ստուպիցան (Հարավսլավիայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, որը դառնալու էր Հարավսլավիայի ժամանակակից թատրոնի նախակարապետը), հաստատակամ քայլեր է կատարել Ժանկային ազատելու և բեմ վերադարձնելու համար։ Ստուպիցան թույլտվությունը ստացել է Կենտկոմի Ագիտացիայի պրոպագանդայի վարչությունից և Կոմունիստական կուսակցության գլխավոր պրոպագանդիստ Ռադովան Զոգովիչից, և անմիջապես հետո անձամբ այցելել է Ժանկային՝ ասելու, որ կարող է նորից սկսել գործել։ Ցավոք սրտի, Ստուպիցայի այցից երեք օր և մեկ գիշեր անց, երբ Ժանկան պետք է ներկայանար իր առաջին փորձին, նա մահացել է։

Այն օրը, երբ նրան պետք է թաղեին Թոփչիդերում, հազարավոր մարդիկ են ուղեկցել նրա դագաղը՝ ծնկի իջնելով դեպի գերեզմանատուն տանող ճանապարհի երկայնքով, որով ցուլերի սայլով նրա դագաղն էին տեղափոխում[22]։

Ժանկա Ստոկիչի հուղարկավորությունը վերածվել է լուռ բողոքի ընդդեմ նորաստեղծ կոմունիստական կառավարության։ Նույնանման բողոքի ակցիաներ են եղել նաև հետագա հուղարկավորություններում այն նախապատերազմյան հասարակական դեմքերի, որոնք կոմունիզմի ժամանակ ոչ բարեհաճության մեջ էին հայտնվել, ինչպիսիներից էին քաղաքական գործիչներ Վլադա Իլիչը 1952 թվականին կամ Լազար Մարկովիչը 1957 թվականին։

Ժանկայի խնդրանքով նրա հուղարկավորության ժամանակ երգել են երկու երգ՝ Oj, Srbijo («O, Սերբիա») և Oj, Moravo («O, Մորավիա»)։ Իշխանությունները միայն վերջինն են թույլ են տվել կատարել[23]։

Վերականգնում խմբագրել

«Մասնավոր սեփականության և մարդու իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ-ն 2006 թվականի հոկտեմբերին է սկսել Ժանկա Ստոկիչի վերականգնման գործընթացը, որին շուտով միացել է Բելգրադի ազգային թատրոնը[24]։ 2009 թվականի մարտի 3-ին Բելգրադի շրջանային դատարանը պաշտոնապես և հետմահու վերականգնել է նրան։ Դատարանը իր վճռով որոշել է, որ նա քաղաքականապես ակտիվ չի եղել պատերազմի ժամանակ, իսկ նրա դատապարտումը հիմնված է եղել քաղաքական և գաղափարական պատճառների վրա, այլ ոչ թե դատական։ Դատարանը նաև հաստատել է, որ դատաքննության ընթացքում Ժնկան զրկված է եղել որոշ տարրական իրավունքներից՝ փաստաբանից կամ պաշտպանից[25][26]։

Ժանկա Ստոկիչի մրցանակ խմբագրել

2001 թվականին, իր դերասանական գործունեության 60-ամյակի կապակցությամբ, Միրա Ստուպիցան՝ Բոյան Ստուպիցայի այրին և սերբ մեծագույն դերասանուհիներից մեկը, բեմում հրապարակայնորեն կոչ է արել ստեղծել Վելիկա Ժանկա ( Մեծ Ժանկա ) մրցանակը՝ ի պատիվ Ժանկա Ստոկիչի` մատնանշելով, որ չկան համապատասխան մրցանակներ այն դերասանուհիների համար, ովքեր իրենց ծաղկման շրջանում են, երբ նրանք չափազանց մեծ են դեբյուտանտ մրցանակների համար և դեռ շատ երիտասարդ են կենդանության օրոք մրցանակների համար։ 2002 թվականին հայտարարվել է, որ նոր մրցանակը կստեղծվի հաջորդ տարի՝ Ժանկա Ստոկիչի անվան մրցանակ անունով։ Այդ ժամանակից ի վեր մրցանակը շնորհվում է ամեն տարի, իսկ ժյուրիի ցմահ նախագահ է եղել Միրա Ստուպիկան (նա մահացել է 2016 թվականին)։

Ժողովրդական մշակույթում խմբագրել

1991 թվականին Բելգրադի ռադիոհեռուստատեսությունը նկարահանել է Smrt gospođe ministarke ( Նախարարի կնոջ մահը ) հեռուստաֆիլմը (rեժիսոր` Սավա Մրմակ, իսկ սցենարի հեղինակ՝ Դուշան Սավկովիչ)։ Այն հետևում է Ժանկայի կյանքին դատավարությունից մինչև նրա մահը։ Սվետլանա Բոյկովիչի՝ Ժանկայի դերի աստղային կատարմամբ, դրաման լայն ժողովրդականություն է ձեռք բերել և հեռուստատեսության 50-ամյակի առթիվ անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է լավագույն հեռուստադրամա։

Նա նաև ոգեշնչման աղբուր է դարձել Պետար Վոլկի «Ժանկա Ստոկիչ» կենսագրության համար (1986) և Միոդրագ Իլիչի «Ժանկա» դրաման գրելու համար (2006 թ.):

Ռաբրովոյում, որը, ինչպես նշել է պատմաբան Սիմո Կ. Կիրկովիչը, սխալմամբ համարվում է նրա ծննդավայրը, բայց, այնուամենայնիվ, մնում է նրա կենսագրության անբաժանելի մասը[27], անցկացվում է ամենամյա թատերական փառատոն Žanki u čast ( «Ժանկայի պատվին»)։ Մահվան 50-րդ տարելիցին գյուղում կանգնեցվել է նրա հուշարձանը։

1990-ականների սկզբին Բելգրադի Սենջակ թաղամասում գտնվող փողոցն անվանակոչվել է Ժանկա Ստոկիչի անունով[28]։

2017 թվականի դեկտեմբերի 12-ին, Գրոկկայի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում հայտնի գրող Ալեքսանդր Դիկլիչը ներկայացրել է իր «100 ստվեր Բելգրադի վրայով» գիրքը[29]։ Այդ ստվերներիվ մեկը Ժանկա Ստոկիչն է[30]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. «Dušan Savković – Smrt gospođe ministarke».
  3. «Jubilej užičke Žanke Stokić».
  4. «Životna ispovest Mire Stupice – Biće ovo, deco, sve u redu».
  5. «Glumac je velika tajna».
  6. 6,0 6,1 Ko je ko u Nedićevoj Srbiji 1941-44. Prosveta. 2009. էջեր 466–467. ISBN 978-86-07-01889-5.
  7. novine, lokalne (2024 թ․ հունվարի 26). «GOSPOĐA MINISTARKA - Prva uloga» (սերբերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 11-ին.
  8. Ko je ko u Nedićevoj Srbiji 1941-44. Prosveta. 2009. էջեր 466–467. ISBN 978-86-07-01889-5.
  9. Enciklopedija srpskog naroda, page 1103. Zavod za udžbenike. 2008. ISBN 978-86-17-15732-4.
  10. Ko je ko u Nedićevoj Srbiji 1941-44. Prosveta. 2009. էջեր 466–467. ISBN 978-86-07-01889-5.
  11. Enciklopedija srpskog naroda, page 1103. Zavod za udžbenike. 2008. ISBN 978-86-17-15732-4.
  12. Mala Prosvetina enciklopedija, 3rd edition, volume III. Prosveta. 1985. ISBN 86-07-00001-2.
  13. «Žanka Stokić». IMDb.
  14. Ko je ko u Nedićevoj Srbiji 1941-44. Prosveta. 2009. էջեր 466–467. ISBN 978-86-07-01889-5.
  15. Ko je ko u Nedićevoj Srbiji 1941-44. Prosveta. 2009. էջեր 466–467. ISBN 978-86-07-01889-5.
  16. «Miodrag Ilić - Žanka» (PDF).
  17. Mala Prosvetina enciklopedija, 3rd edition, volume III. Prosveta. 1985. ISBN 86-07-00001-2.
  18. Ko je ko u Nedićevoj Srbiji 1941-44. Prosveta. 2009. էջեր 466–467. ISBN 978-86-07-01889-5.
  19. Enciklopedija srpskog naroda, page 1103. Zavod za udžbenike. 2008. ISBN 978-86-17-15732-4.
  20. «Svanulo posle šest decenija».
  21. «Srbi jedini streljali svoje glumce».
  22. Ko je ko u Nedićevoj Srbiji 1941-44. Prosveta. 2009. էջեր 466–467. ISBN 978-86-07-01889-5.
  23. Srđan Cvetković (2021). Отпор комунистичком режиму у Србији 1945-1991 [Resistance to Communist regime 1945-1991]. Catena Mundi. ISBN 9788663431645. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  24. Д., M. «"Госпођа министарка" и даље чека рехабилитацију».
  25. Ko je ko u Nedićevoj Srbiji 1941-44. Prosveta. 2009. էջեր 466–467. ISBN 978-86-07-01889-5.
  26. Бета. «Рехабилитована Жанка Стокић».
  27. Ko je ko u Nedićevoj Srbiji 1941-44. Prosveta. 2009. էջեր 466–467. ISBN 978-86-07-01889-5.
  28. «Planplus».
  29. «Књижевни сусрет у Гроцкој: Александар Диклић и „100 сенки над Београдом"». Градска општина Гроцка (սերբերեն). 2017 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  30. «РТС :: РТС 1 :: 100 сенки над Београдом: Прича о Жанки Стокић». www.rts.rs. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել