Ֆիգարոյի ամուսնությունը (օպերա)
Ֆիգարոյի ամուսնությունը կամ Խելահեղ օրը (իտալ.՝ Le nozze di Figaro, ossia la folle giornata), Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կատակերգական օպերան (K. 492), որի հիմքում ընկած է ֆրանսիացի գրող Պիեռ Բոմարշեի համանուն կատակերգությունը։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակը Լորենցո դա Պոնտեն է։ Օպերան բեմադրվել է 1786 թ. մայիսի 1-ին Վիեննայի Արքունական թատրոնում (K.K. Theater an der Burg)։ Համարվում է ավստրիացի երգահանի գլուխգործոցներից մեկը։
Ֆիգարոյի ամուսնությունը իտալ.՝ Le nozze di Figaro | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | Քնարական ողբերգություն |
Կոմպոզիտոր | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ |
Լիբրետտոյի հեղինակ | Լորենցո դա Պոնտե |
Սյուժեի աղբյուր | Պիեռ Բոմարշե. «Ֆիգարոյի ամուսնությունը» պիես |
Գործողությունների քանակ | 4 արար[1] |
Կերպարներ | Figaro?, Cherubino?, Count Almaviva?, Marcellina?, Bartolo?, Basilio?, Don Curzio?, Barbarina?, Q54998783?, Susanna?, Countess Rosina Almaviva? և Antonio? |
Ստեղծման տարեթիվ | 1785 |
Առաջնախաղի տարեթիվ | մայիսի 1, 1786[1] |
Առաջնախաղի վայր | Վիեննա |
Կատալոգի համար | 492 |
Մասն է | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի օպերանի ցանկ |
Հրատարակման տարեթիվ | 1785 |
Le nozze di Figaro Վիքիպահեստում |
Ստեղծման պատմություն
խմբագրելՍկզբնապես Պիեռ Բոմարշեի կատակերգությունն արգելված էր Վիեննայում՝ արիստոկրատիայի ծաղրման և ֆրանսիական հեղափոխության հետ կապի համար[2]։ Սակայն Մոցարտի լիբրետիստին հաջողվեց ստանալ օպերային տարբերակի թույլտվությունը, որը վերջնական արդյունքում մեծ հաջողություն բերեց։ Սա դա Պոնտեի և Մոցարտի համագործակցության արդյունք երեք գործերից առաջինն էր, որից հետո ստեղծվեցին համատեղ «Դոն Ժուան» և «Այդպես են վարվում բոլորը» օպերաները։ Հենց Մոցարտը սկզբում ընտրեց Բոմարշեի պիեսը և ցույց տվեց այն դա Պոնտեին, ով կատակերգությունը վերստեղծեց լիբրետոյի 6 շաբաթների ընթացքում՝ դարձնելով այն բանաստեղծական իտալերեն և հեռացնելով բոլոր քաղաքական ենթատեքստերով տողերը։ Մասնավորապես՝ դա Պոնտեն Ֆիգարոյի ելույթն ընդդեմ ժառանգական ազնվականության փոխեց ոչ պակաս զայրացած մեներգի՝ ուղղված անհավատարիմ կանանց[3]։ Հայտնի առասպելն ասում է, որ Մոցարտը, նախքան երաժշտության գրելը, լիբրետոն ցույց է տվել Հովսեփ 2-ին և թույլտվություն ստացել գրելու[4]։
Երաժշտության ստեղծմանը Մոցարտը ձեռնամուխ է լինում 1785 թ. դեկտեմբերին Վիեննայի իր բնակարանում և վերջացնում է այն 5 ամիս անց։ Իտալիայի արքայական օպերային ընկերությունը Մոցարտին գործի համար վճարում է 450 ֆլորին[5], 3 անգամ ավելի պակաս, քան նա վաստակում էր Զալցբուրգում որպես արքունական երաժիշտ[6], իսկ դա Պոնտեն ստանում է 200 ֆլորին[5]։
Բեմադրման պատմություն
խմբագրել«Ֆիգարոյի ամուսնությունն» առաջին անգամ բեմադրվել է 1786 թ. մայիսի 1-ին Վիեննայի Արքունական թատրոնում. առաջին երկու ներկայացումները դիրիժորում էր հենց Մոցարտը, ավելի ուշ նրան փոխարինելու եկավ Ժոզեֆ Վայգլը[7]։ Առաջին բեմադրությունն ունեցավ ևս 8 շարունակական ներկայացում, բոլորն էլ տեղի ունեցան 1786 թ.[8]։
Չնայած իննանգամյա ներկայացումը չուներ ոչինչ ընդհանուր Մոցարտի նախորդ՝ «Կախարդական սրինգ» օպերայի բեմադրման մեծ հաջողության հետ, որը մի քանի ամիսների ընթացքում բեմադրվում էր գրեթե երկու օրը մեկ[6], նոր օպերայի առաջնախաղը ընդհանուր առմամբ համարվում էր հաջողված։ Բեմադրության առաջին երեկոյի ծափերը հանգեցրին հնգակի «բիսի» (կրկնության) և 7 անգամ՝ մայիսի 8-ին[9]։
«Ֆիգարոյի ամուսնությունը» այժմեական դիտարկմամբ համարվում է դասական օպերային խաղացանկի հիմնաքարերից մեկը և այն հայտնվել է Operabase-ի՝ աշխարհում ամենաշատը բեմադրված 6 օպերաների ցանկում[10]։
Գործող կերպարներ
խմբագրել- Կոմս Ալմավիվա (բարիտոն)
- Կոմսուհի Ռոզինա՝ կոմսի տիկինը (սոպրանո)
- Ֆիգարո՝ կոմսի անձնական սպասավորը (բարիտոն կամ բաս-բարիտոն)
- Սյուզաննա՝ կոմսուհու աղախինը (սոպրանո)
- Մարցելինա՝ մառանապետուհի (մեցցո-սոպրանո)
- Կերուբինո՝ դրանիկ (սոպրանո)
- Բարտոլո՝ բժիշկ (բաս)
- Բազիլիո՝ երաժշտության ուսուցիչ (տենոր)
- Դոն Կուրցիո՝ դատավոր (տենոր)
- Անտոնիո՝ այգեպան (բաս)
- Բարբարինա՝ Անտոնիոյի դուստրը (սոպրանո)
Համառոտ բովանդակություն
խմբագրելԳործողությունները տեղի են ունենում Իսպանիայի Սևիլյա քաղաքում 18-րդ դարում։
Առաջին գործողություն
խմբագրելԿոմս Ալմավիվայի դղյակում կոմսի լավագույն սպասավորի՝ անփոխարինելի Ֆիգարոյի և կոմսուհու աղախնի՝ չարաճճի Սյուզաննայի հարսանիքի աշխույժ պատրաստություններն են ընթանում։ Ֆիգարոն անչափ երջանիկ է ու գոհ ամեն ինչից. չէ՞ որ կոմսը որոշել է նորապսակներին առանձին սենյակ հատկացնել՝ իր շքասենյակի հարևանությամբ։ Բայց Սյուզաննան, չգիտես ինչու, կտրականապես հրաժարվում է նման «պատվից», քանի որ կոմսի «հոգատարության նշանը» սթափ գնահատելով՝ կռահում է, որ իրականում նա պարզապես ցանականում է օգտվել ազնվական տիրոջը դեռ հնուց վերապահված, այսպես կոչված՝ առաջին գիշերվա իրավունքից։ Իր հարսնացուի կասկածների մասին տեղեկանալով՝ Ֆիգարոն սաստիկ զարմանում է, քանի որ Ռոզինայի հետ ամուսնանալիս կոմսն ի լուր ամենքի հայտարարել էր, որ երբեք չի կիրառելու այդ հնացած ու անարդարացի սովորույթը։ Բայց Ֆիգարոն հայտնի է իր խորամանկությամբ ու չարաճճիությամբ։ Նա որոշում է լավ դաս տալ իր երախտամոռ տիրոջն ու պաշտպանել սեփական պատիվը։
Մինչդեռ ևս մեկ հանգամանք սպառնում է խոչընդոտել ապագա ամուսինների երջանկությանը։ Ժամանակին Ֆիգարոն կոմսի մառանապետուհի Մարցելինայից խոշոր գումար էր պարտք վերցրել և թեթևամտորեն գրավոր պարտավորություն ստանձնել, որ պարտքը չվերադարձնելու դեպքում ինքը պետք է ամուսնանա մառանապետուհու հետ։ Ուրախ և սրամիտ սպասավորին սիրահարված Մարցելինան հույս է փայփայում, որ, նշված հանգամանքի հետ կապված, հենց ի՛նքն է Ֆիգարոյի կինը դառնալու։ Դեռ ավելին՝ այդ գործում նա կարողանում է մեքենայությունների մեջ հմտացած օգնական գտնել։ Բժիշկ Բարտոլոն, որի սանուհի Ռոզինան ամուսնացել է Ալմավիվայի հետ՝ Ֆիգարոյի անգնահատելի օգնությամբ, երջանիկ կլիներ պատժել նախկին սևիլյան սափրիչին ու խաթարել նրա ու Սյուզաննայի ամուսնությունը։ Իսկ կոմսի դղյակում միաժամանակ մի քանի սիրային ինտրիգ է զարգանում ու միահյուսվում։ Դրանիկ Կերուբինոն սիրահարված է դղյակում բնակվող բառացիորեն բոլոր աղջիկներին ու երիտասարդ կանանց՝ և՛ կոմսուհուն, և՛ Սյուզաննային, և՛ այգեպան Անտոնիոյի դուստր Բարբարինային։ Կոմսը սաստիկ վրդովվում է՝ պատանի դրանիկին խանդելով ինչպես իր տիկնոջ, այնպես էլ Սյուզաննայի համար, որի հանդեպ ինքն էլ բնավ անտարբեր չէ։ Ցանկանալով հանդուգն կնամոլին մեկուսացնել դղյակի կանանցից՝ կոմսը Կերուբինոյին նշանակում է իր գնդի սպա ու դղյակից հեռացնում։ Միևնույն ժամանակ Ալմավիվան շարունակում է հետամտել Սյուզաննային ու ձգտում նրա հետ ժամադրվել։
Երկրորդ գործողություն
խմբագրելԿոմսուհու սենյակ. Սյուզաննան ամեն ինչ պատմում է կոմսուհուն։ Հնարամիտ և անվհատ Ֆիգարոն կանանց հանգստացնում է՝ իր հարսնացուին խորհուրդ տալով առերես համաձայնել կոմսի հետ ժամադրվելուն, բայց իր փոխարեն ժամադրության ուղարկել կանացի զգեստ հագած Կերուբինոյին։ Իսկ հետո ինչ կլինի՝ արդեն իր՝ Ֆիգարոյի գործն է։ Իր ծրագիրն իրագործելով՝ սպասավորը Ռոզինայի երաժշտության ուսուցիչ Բազիլիոյի միջոցով կոմսին անստորագիր նամակ է փոխանցում, որով վերջինիս տեղեկացվում է, թե իբր կոմսուհին այս գիշեր այգում ժամադրվել է երկրպագուներից ինչ-որ մեկի հետ։
Խանդից մոլեգնած կոմսն ուղղվում է կոմսուհու հարկաբաժինը, որտեղ այդ պահին Կերուբինոն է զգեստափոխվում։ Վերջինս ստիպված թաքնվում է ննջարանում ու դուռը բանալիով կողպում։ Ննջարանի կողպված դուռը տեսնելով՝ Ալմավիվան անմիջապես կասկածում է, թե այնտեղ իր ախոյանն է թաքնվել։ Կոմսուհին հայտնում է իր ամուսնուն, որ ննջարանում իրականում Սյուզաննան է հագնվում, ուստիև կողպել է դուռը։ Կոմսը չի հավատում և, ցանկանալով կոտրել դուռը, գնում է անհրաժեշտ գործիքներ բերելու։ Այդ ընթացքում Կերուբինոն Սյուզաննայի խնդրանքով դուրս է ցատկում ննջարանի պատուհանից, և սպասուհին սենյակում մնում է մենակ։ Երբ Ալմավիվան ու Ռոզինան վերադառնում են, կոմսուհին, այլ ելք չտեսնելով, ճարահատյալ խոստովանում է ամուսնուն, որ ննջարանում իրոք դրանիկն է թաքնվել, բայց այդ ամենը, իբր, պարզապես անմեղ կատակ է։ Զայրույթից գլուխը կորցրած կոմսը կոտրում է դուռը և... ննջարանում հայտնաբերում Սյուզաննային։ Սաստիկ շփոթված Ալմավիվան պաղատում է կոմսուհուն՝ ներել իրեն։ Գթասիրտ Ռոզինան համաձայնվում է ու ներում ամուսնուն։ Սակայն իրավիճակը նորից սրվում է, երբ հայտնվում է այգեպանն ու տիրոջը զեկուցում, որ քիչ առաջ ինչ-որ մեկը դուրս ցատկեց ննջասենյակի պատուհանից ուղիղ ծաղկաթմբի վրա, ընդ որում՝ այդ մարդու գրպանից մի թուղթ է ընկել, որը և ինքը ներկայացնում է կոմսին։ Պարզվում է՝ դա կոմսի հրամանն է՝ Կերուբինոյին գնդի սպա նշանակելու մասին։ Հնարամիտ Ֆիգարոն կրկին արագ կողմնորոշվում է ու տիրոջը հայտնում, որ պատուհանից դուրս ցատկողն ինքն էր, հրամանն էլ մինչ այդ էր վերցրել Կերուբինոյից՝ կնիքով վավերացնելու նպատակով։
Երբ արդեն թվում է, թե մոտ է բարեհաջող հանգուցալուծումը, հանկարծ հայտնվում է Մարցելինան ու ներկայացնում Ֆիգարոյի մուրհակը։
Երրորդ գործողություն
խմբագրելՍրահ ամրոցում. Մարցելինայի պահանջը պաշտպանում են բժիշկ Բարտոլոն՝ որպես տարեց մառանապետուհու փաստաբան, և «վկա» Բազիլիոն։ Հրավիրված դատավոր դոն Կուրցիոն վճիռ է կայացնում. Ֆիգարոն պետք է կա՛մ պարտքն անհապաղ վերադարձնի, կա՛մ էլ համաձայնի իր և Մարցելինայի ամուսնությանը։ Ճարպիկ սպասավորն այս անգամ ևս ելք է գտնում՝ հայտարարելով, թե իբր պետք է նախապես գտնի իր ծնողներին, որոնցից իրեն առևանգել են դեռ վաղ մանկության տարիներին, և նրանց համաձայնությունն ստանա։ Չնայած Ֆիգարոն իր ծնողներին արդեն չի հիշում, բայց հուսով է, որ հենց նրանք իրեն կճանաչեն՝ իր ձեռքի յուրահատուկ խալի տեսքից։ Եվ, ո՜վ հրաշք, ապշահար Մարցելինան և Բարտոլոն, խալը տեսնելով, համոզվում են, որ Ֆիգարոն... իրենց արտամուսնական զավակն է։ Երջանիկ ծնողները որոշում են օրինականացնել իրենց ամուսնությունը։
Այդ ընթացքում հանգուցալուծվում է ևս մեկ ինտրիգ։ Կերուբինոյի սիրային փնտրտուքը վերջապես ավարտվում է, երբ այգեպանը կնամոլ պատանուն հայտնաբերում է սեփական տնակում՝ իր դստեր ընկերակցությամբ, և կոմսին հրավիրում է դեպքի վայր, տղային այլ ելք չի մնում, քան իրեն սիրահարված աղջկա ձեռքը խնդրել։
Իսկ Սյուզաննան, տեղեկանալով, որ Մարցելինան այլևս իրեն մրցակցուհի չէ, իր տիրուհու համաձայնությամբ որոշում է շարունակել ծրագրավորած խաղը կոմսի հետ։ Սպասուհին ու կոմսուհին փոխանակում են զգեստները, և Բարբարինայի միջոցով Սյուզաննան կոմսին երկտող է ուղարկում՝ վերջինիս հետ այգում ժամադրվելու համար։
Չորրորդ գործողություն
խմբագրելԱլմավիվայի ամրոցի այգում. Բոլոր գործող անձինք, տարբեր դրդապատճառներով, այգի են շտապում։ Այստեղ կոմսը Ռոզինային Սյուզաննայի հետ է շփոթում, իսկ Ֆիգարոն իր հարսնացուին՝ կոմսուհու հետ։ Սկսվում են խանդի տեսարաններ, տեղում են շառաչուն ապտակներ։ Բայց շուտով ամեն ինչ հանգուցալուծվում է ու պարզ դառնում, որ խանդոտ տղամարդիկ արժանի դաս են ստացել։ Բոլոր թյուրիմացությունները հարթված են, բոլոր մեղքերը՝ քավված։ Այգում հանդիպած չորս զույգը՝ Ալմավիվան և Ռոզինան, Ֆիգարոն ու Սյուզաննան, Բարտոլոն ու Մարցելինան, Կերուբինոն ու Բարբարինան, միմյանց ներում են ու անկեղծ զվարճանում՝ տեղի ունեցած անհեթեթ իրադարձությունները վերհիշելով, և քիչ անց դղյակում ուրախ տոնակատարություն է սկսվում։
Հայտնի մեներգեր և երաժշտական հատվածներ
խմբագրել- Նախերգանք
- «Se vuol ballare» — Ֆիգարոյի մեներգ, Act I, scene II
- «La vendetta» — բժիշկ Բարտոլոյի մեներգ, Act I, scene III
- «Non so più cosa son, cosa faccio» — Կերուբինոյի մեներգ, Act I, scene V
- «Non più andrai» — Ֆիգարոյի մեներգ, Act I, scene VIII
- «Porgi, amor, qualche ristoro» — Կոմսուհու մեներգ, Act II, scene I
- «Voi, che sapete» — Կերուբինոյի մեներգ, Act II, scene II
- «Venite, inginocchiatevi» — Սյուզաննայի մեներգ, Act II, scene II
- «Hai gia vinta la causa…Vedrò mentr’io sospiro» — Ալմավիվայի մեներգ, in Act III, scene IV
- «E Susanna non vien!…Dove sono i bei momenti» — Կոմսուհու մեներգ, Act III, scene VIII
- «Sull'aria|Sull’aria...Che soave zeffiretto» — Կոմսուհու և Սյուզաննայի զուգերգ, Act III, scene X
- «L’ho perduta, me meschina» — Բարբարինայի մեներգ, in Act IV, scene I
- «Il capro e la capretta» — Մարցելինայի մեներգ, Act IV, scene IV
- «In quegli anni» — Դոն Բազիլիոյի մեներգ, Act IV, scene VI
- «Tutto è disposto…Aprite un po' quegli occhi» — Ֆիգարոյի մեներգ, Act IV, scene VIII
- «Giunse alfin il momento…Deh vieni, non tardar» — Սյուզաննայի մեներգ, Act IV, scene X
Գործիքավորում
խմբագրել«Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում ներգրավված են երկու ֆլեյտա, երկու հոբոյ, երկու կլառնետ, երկու ֆագոտ, երկու վալդհորն, երկու շեփոր, լիտավր և լարային գործիք. ռեչիտատիվը նվագակցվում է ստեղնային գործիքով, սովորաբար ֆորտեպիանո կամ կլավեսին, հաճախ միանում է նաև թավջութակ։ Ռեչիտատիվի նվագակցությանը հաշիվ չէր տրված, այլ դիրիժորի և կատարողների հայեցողությամբ էր։ Ներկայացումը սովորական ձևով տևում էր մոտ 3 ժամ։
Հաճախ բաց թողնվող հատվածներ
խմբագրել4-րդ գործողությունից 2 մեներգեր հաճախ բեմադրելիս բացակայում են. մեկը, երբ Մարցելինան ափսոսում է, որ մարդիկ (ի տարբերություն կենդանիների) չարաշահում են իրենց ընկերներին (Il capro e la capretta), և մյուսը, երբ Դոն Բազիլիոն պատմում է, թե ինչպես է խուսափել մի շարք վտանգներից իր երիտասարդ տարիներին՝ օգտագործելով էշի կաշին թաքնվելու և քողարկման համար (In quegli anni)։
Երաժշտական ոճը
խմբագրել- Չնայած օպերայում տիրող ամբողջ տխրությանը, տագնապին և զայրույթին՝ միայն մեկ հատված է մինորով. Բարբարինայի կարճ L'ho perduta արիան 4-րդ գործողության սկզբում գրված է ֆա մինորով։ Բացի սրանից՝ մնացյալ ամբողջ օպերան գրված է մաժոր տոնայնությամբ, բացառությամբ 3-րդ գործողության սկզբում Սյուզաննայի և կոմսի զուգերգի (Crudel, perché finora) մի քանի տակտեր, որոնք լյա մինորով են. զուգերգն այնուհետև արագորեն դո մաժորի միջոցով տոնայնությունը փոխում է լյա մաժորի։
- Մոցարտն օգտագործել է միաժամանակ հնչող երկու եղջյուրների ձայն, որպեսզի պատկերացում ստեղծի խաբված, «եղջյուրակիր» ամուսնու մասին, 4-րդ գործողության մեջ Aprite un po' quegli occhi արիան։ Ջուզեպպե Վերդին հետագայում օգտագործեց նույն այս հնարքը «Ֆալստաֆ» օպերայի Ֆորդի արիայում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Memoirs of Lorenzo Da Ponte, trans. Elisabeth Abbott (New York: Da Capo Press, 1988), 150.
- ↑ Dümchen, Sybil; Nerlich, Michael, eds. (1994). Stendhal – Text und Bild ((գերմ.)). Tübingen: Gunter Narr. ISBN 978-3-8233-3990-8.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Nathan Broder. Essay on the Opera in the Schirmer edition
- ↑ 5,0 5,1 Deutsch 1965, էջ. 274
- ↑ 6,0 6,1 (Solomon 1995)
- ↑ Deutsch 1965, էջ. 272 Deutsch says Mozart played a harpsichord; for conflicting testimony, see below.
- ↑ These were: 3, 8, 24 May; 4 July, 28 August, 22 (perhaps 23) of September, 15 November, 18 December (Deutsch 1965, էջ 272)
- ↑ Deutsch (1965), p.272
- ↑ «Opera Statistics for the five seasons 2005/06 to 2009/10». Operabase. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Օպերայի ամբողջական լիբրետոն (իտալ.)
- «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի ամբողջական լիբրետոն (ռուս.)
- Ամբողջական նվագակացությունը (գերմաներեն/իտալերեն)
- Օրիգինալը՝ զուգահեռ անգլերեն թարգմանությամբ Արխիվացված 2009-02-08 Wayback Machine
- Ամբողջական ձայնագրությունը Արխիվացված 2017-08-10 Wayback Machine Մոցարտի արխիվից Արխիվացված 2006-06-14 Wayback Machine
- Ուսումնական նյութեր և վերլուծություն Արխիվացված 2011-07-27 Wayback Machine Մետրոպոլիտեն օպերայի կողմից
- Մոցարտի տունը Վիեննայում, որտեղ նա գրել է «Ֆիգարոյի ամուսնությունը» (+ տեսանյութ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիգարոյի ամուսնությունը (օպերա)» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ {{{1}}} թվականի {{{2}}} շաբաթվա հոդված։ |