Ստերեոկինո

(Վերահղված է 3Dից)

Ստերեոկինո, եռաչափ կինո, 3D կինո, կինեմատոգրաֆի տեսակ, որի տեխնիկական միջոցները հնարավորություն են տալիս հանդիսատեսի համար էկրանի վրա ստեղծելու պատկերի ծավալայնության պատրանք։ Ստերեոկինո հաճախ կոչվում է նաև ծավալային կամ եռաչափ կինո։ Միևնույն տարածական առարկայից բնական պայմաններում մարդու տարբեր աչքերի ցանցաթաղանթների վրա առաջացած պատկերները որոշ չափով իրարից տարբերվում են վերադրելիս ուրվագծերը չեն համընկնում։ Բիբերն իրար միացնող գծի երկայնքով պատկերների ուրվագծերի շեղումների (լայնական դիսպարատություն) շնորհիվ առաջանում է բնական ֆիզիոլոգիական ստերեոէֆեկտ, որով մարդ կարողանում է որոշել առարկաների տարածական դասավորությունը, ծավալայնությունը, ռելիեֆը և արտաքին այլ հատկանիշներ։ Ստերեոկինոի միջոցները հնարավորություն են ընձեռում էկրանի վրա յուրաքանչյուր աչքով տեսնելու միևնույն առարկայի տարբեր կետերից նկարահանված պատկերները։ Ստերեոսկոպիկ կինոնկարահանումը, ըստ էության, երկաչ (բինօկուլյար) տեսողության գործողության պատճենահանումն է։

3D ակնոց
Եռաչափ ֆիլմի ցուցադրում Սպիտակ տան կինոդահլիճում
Ստերեոգրամային պատկեր (անհրաժեշտ է դիտել 3D ակնոցով)

Կինոժապավենի վրա հաջորդաբար սևեռվում են ստերեոզույգերը դիսպարատ պատկերների հետ, որոնք կրում են նկարահանվող օբյեկտի տարածական բնութագրերը։ Եթե ստերեոկինոն նկարահանված է մեկ կինոժապավենի վրա՝ ապա պրոյեկտվում է երկու օբյեկտիվով, երկու կինոժապավենի դեպքում՝ սինքրոն գործող կինոպրոյեկտորներով։ Կադրերը միաժամանակ պրոյեկտվում և վերադրվում են էկրանին։ Տարածական պատկեր տեսնելու համար օգտվում են օպտիկական զտող հարմարանքներից, որոնք լուսային հոսքն այնպես են բաժանում առանձին աչքերի միջև, որ յուրաքանչյուր աչք տեսնի «իր» պատկերը։ Զտող հարմարանքները լինում են անհատական (սպեկտրալ բևեռացող և ժամանակային ակնոցներ) և կոլեկտիվ՝ առանց ակնոցի։ Որպես կոլեկտիվ զտող հարմարանքները օգտագործում են ռաստրային ստերեոէկրանները, որոնք հանդիսատեսի աչքի մակարդակի վրա հորիզոնական հարթության մեջ ստեղծում են բացառապես միայն աջ կամ միայն ձախ պատկերի տեսանելիության գոտիներ (ընտրողական տեսանելիության գոտի)։ էկրանից հեռացմանը զուգընթաց այդ գոտիների լայնությունը մեծանում է, որը սահմանափակում է հանդիսասրահի օգտակար երկարությունը։ Սրանց այն մասերում, որտեղ ընտրողական տեսանելիության գոտու լայնությունը գերազանցում է աչքերի միջբիբային հեռավորությունը (65 մմ), երկու աչքերը հայտնվում են միևնույն պատկերի տեսանելիության ընդհանուր գոտում, իսկ այն մասերում, ուր երկու հարևան գոտիների լայնությունը փոքր է միջբիբային հեռավորությունից, հանդիսատեսը կարող է տեսնել միայն հարթ պատկեր։

Ռաստրային էկրանի վրա պրոյեկտման ավելի կատարյալ համակարգ է բազմաստերեոզույգային պրոյեկտումը, երբ էկրանի վրա միաժամանակ պրոյեկտվում է տարբեր կետերից նկարահանված միևնույն օբյեկտի պատկերների հաջորդական սերիա։ Մշակվում են ստերեոկինոի հոլոգրաֆիաիայի միջոցներով իրականացնելու եղանակներ։ Ստերեոկինե ստեղծելու փորձեր արվել են XIX դարի վերջերին։ 1928 թվականին Նոայոնը (Բելգիա) ցույց է տվել ստերեոկինոյի համար ռաստրային էկրանների օգտագործման սկզբունքային հնարավորությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 121