Թաուֆիկ ալ-Հաքիմ
Թաուֆիկ ալ-Հաքիմ (արաբ․՝ توفيق الحكيم, հոկտեմբերի 9, 1898[1][2] կամ 1902[3][4][5][…], Ալեքսանդրիա, Եգիպտոս[6] - հուլիսի 26, 1987[1][2] կամ 1987[3][4][5][…], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի խոշոր դրամատուրգ, արձակագիր, գրականագետ, հրապարակախոս, տասնամյակներ շարունակ մեծ դեր է խաղացել Եգիպտոսի հասարակական և մշակութային կյանքում։ Նրա ստեղծագործություններից շատերը թարգմանվել են տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն և իսպաներեն։
Թաուֆիկ ալ-Հաքիմ توفيق الحكيم | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1898[1][2] կամ 1902[3][4][5][…] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս[6] |
Վախճանվել է | հուլիսի 26, 1987[1][2] կամ 1987[3][4][5][…] |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | գրող, լրագրող, դրամատուրգ, վիպասան և սցենարիստ |
Ազգություն | արաբ |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Ուշագրավ աշխատանքներ | «Շահրազադ» «Պիգմալիոն» «Քարանձավի մարդիկ» |
Ներշնչվել է
| |
Tawfiq Al-Hakim Վիքիպահեստում |
Թաուֆիկ ալ-Հաքիմի ստեղծագործության մեջ զգալի տեղ է զբաղեցնում դրամատուրգիան։ Նա գրել է շուրջ 50 մեծ և փոքր պիեսներ, ռեալիստական դրամաներ և կատակերգություններ, հոգեվերլուծության հիմքի վրա կառուցված ստեղծագործություններ։ Պիեսներում հեղինակը լայնորեն կիրառում է այլաբանություն (ալլեգորիա), պատկերավորումներ (սիմվոլիկա) և երևակայական կառույցներ (ֆանտաստիկա)։ Դրանք առանձնանում են աբստրակտ փիլիսոփայական կերպարներով և մանրամասնությունների պատկերման խոր ռեալիզմով, հումորով և նուրբ բանաստեղծականությամբ, գեղարվեստական միջոցների արդիականությամբ և դասական ձևերի հմուտ օգտագործմամբ, ուստի իրենց կառուցվածքով և առաջադրված գաղափարներով կարելի է դասել «ինտելլեկտուալ թատրոնին»։ Թաուֆիկ ալ-Հաքիմի պիեսների մեծամասնությունը նվիրված է կյանքի և արվեստի հարաբերակցությանը, մարդկային հասարակության զարգացմանը, իշխանությանը, գիտելիքին։ Ելնելով կառուցվածքից, գաղափարներից և սյուժեի բնույթից՝ Թաուֆիկ ալ-Հաքիմի դրամատուրգիական ստեղծագործությունները կարելի է բաժանել 3 հիմնական խմբի՝
- պատմական դրամա
- սոցիալ-կենցաղային դրամա
- սիմվոլիկ պիեսներ (ինտելեկտուալ թատրոն)
Կենսագրություն
խմբագրելԹաուֆիկ ալ-Հաքիմը ծնվել է 1898 թվականին Ալեքսանդրիայում, դատավորի ընտանիքում։ Ավարտելով տարրական դպրոցը՝ ընտանիքի կողմից ուղարկվում է Կահիրե՝ ուսումը շարունակելու։ Ապրել է պատմական մի անհանգիստ ժամանակաշրջանում։ Կահիրե գալու ժամանակ էր, երբ սկսվել էր Առաջին աշխարհամարտը, իսկ ապա ավելի ուշ՝ 1919 թվականի եգիպտական ապստամբությունը։ Այն օրերին, երբ ժողովրդական լայն զանգվածները ոտքի կանգնեցին իրենց հայրենիքը անգլիական ազդեցությունից պաշտպանելու համար, Թաուֆիկ ալ-Հաքիմը գտնվում էր իրադարձությունների հենց կետնրոնում։ Իր համախոհների հետ գրողը մասնակցում էր ցույցերին, հորինում էր հայրենասիրական հիմներ, գրում և տարածում էր թռուցիկներ։ Այդ օրերին նա գրեց նաև իր առաջին պիեսը՝ «Անկոչ հյուրը» (արաբ․՝ الضيف الثقيل), որով կոչ էր անում Եգիպտոսից դուրս քշել «անկոչ հյուրին»՝ անգլիացուն, որը առանց հրավերի եկել է «խնջույքի» և ցանկություն չունի ինքնակամ լքել այն։
Ապստամբության ճնշումից հետո Թաուֆիկ ալ-Հաքիմը շարունակում է իր կրթությունը՝ ընդունվելով Կահիրեի համալսարանին կից գործող Բարձրագույն իրավական դպրոց, որտեղ չորս տարի ուսումնասիրելով իրավունք՝ միաժամանակ մեծ ուշադրություն էր դարձնում թատրոնին և գրականությանը։ Իրավական դպրոցը ավարտելուց հետո հայրը, դեմ լինելով որդու գրական գործունեությանը, ուղարկում է նրան Փարիզ՝ իրավաբանական կրթությունը շարունակելու համար։ Թաուֆիկ ալ-Հաքիմը Փարիզում այցելում է թատրոններ, թանգարաններ, ջանասիրաբար աշխատում է իր կրթության վրա, ապա շարունակում է փորձել իր ուժերը գրականության մեջ։ Յուրացնելով ֆրանսերենը՝ իր առաջին վեպը՝ «Հոգու վերադարձը» սկսում է գրել ֆրանսերեն։ Իր ստեղծագործության մեջ նա փորձում էր հասնել ոճի այն պարզությանը և բնականությանը, որը նա տեսել էր եվրոպացի հեղինակների մոտ։ Սակայն շուտով նա կրկին անցնում է արաբերենին՝ չհրաժարվելով իր իսկ առաջադրված խնդրից և փայլուն կերպով լուծելով այն։
Վերադառնալով Եգիպտոս՝ Թաուֆիկ ալ-Հաքիմը նշանակվում է գյուղական քննիչ և աշխատում մինչև 1934 թվականը։ Աշխատանքը ամայության մեջ գրողին հարստացրեց ստեղծագործական նյութով, որը նա օգտագործեց իր գլուխգործոց համարվող «Գավառական քննիչի հուշագրերը» վեպում, որտեղ լայնորեն անդրադառնում է գյուղացիների սոցիալական ծանր վիճակին։ Դրա հետ մեկտեղ գրել է նաև փիլիսոփայական դրամաներ, կենցաղային և սատիրիկ կատակերգություններ, դրամատիկ փոքր ստեղծագործություններ, պատմվածքներ։
Ազգային գրականության առջև իր արժանիքների համար հեղինակը ընտրվել է Արաբերեն լեզվի Ակադեմիայի անդամ (1954), արվեստի, գրականության և հասարակական գիտությունների գծով Բարձրագույն խորհրդի անդամ (1956), պարգևատրվել է «Նեղոսի շքանշանով» (1961)։ Մահացել է 1987 թվականին։
Արաբական թատրոնը Թաուֆիկ ալ-Հաքիմից առաջ
խմբագրելԹաուֆիկ ալ-Հաքիմի մուտքը դրամատուրգիա նշանակալից է, եթե հաշվի առնենք, որ արաբական թատրոնին բնորոշ է ավանդույթների գրեթե ամբողջական բացակայությունը։ Վաղ և միջնադարյան արաբական գրականությունը չունի դրամատուրգիական ժանրի ստեղծագործություններ։ Դրամատիկական տարրեր կարելի է գտնել մակամայի տիպի ստեղծագործությունների երկխոսություններում։ Իսկ արաբական թատրոնի ստեղծման փորձերը արվել են 19-րդ դարի կեսերին։
Արաբական թատրոնի այս հետամնացությունը բացատրվում է մի քանի պատճառներով։ Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ այն ժողովուրդները, որոնց հետ շփվում էին արաբները, նույնպես չունեին իրենց թատրոնը։ Երկրորդ պատճառը այն էր, որ իսլամը արգելում էր կնոջը մասնակցել մշակութային կյանքին։ Սրան պետք է ավելացնել այն, որ ոչ միայն կանայք, այլ նաև տղամարդիկ հարյուրամյակներ շարունակ չէին կարող մասնակցել բեմադրվող ներկայացումներին, որոնք մուսուլմանական պատկերացմամբ մարմնավորվում էին «կռապաշտությունը» և «հեթանոսական ոգին»։ Մի շարք այլ ազգերի մոտ թատրոնը ձևավորվել և զարգացել է կապված աստվածներին նվիրված ծեսերի և տոնակատարությունների հետ։ Իսկ արաբները զրկված էին այս հնարավորությունից. հունական մշակութային ժառանգությունը օգտագործելով ինչպես գիտության, այնպես էլ արվեստի բնագավառում, արաբները չէին հետաքրքրվում հունական դրամայով։
Արաբական թատրոնի ձևավորման մեջ որոշիչ դեր են խաղացել ժողովրդական ավանդույթները։ Դրանցից են «Խայալ ալ-Զիլը» (արաբ․՝ خيال الظل՝ ստվերների թատրոն), «ալ-Կարակուզը» (արաբ․՝ القراقوز՝ տիկնիկային թատրոն) և այլն։ Թատրոնի բացակայությունը միջնադարում և նոր ժամանակներում իր կնիքը թողեց արաբական դրամատուրգիայի վրա։ Հաճախ էր, որ ինչպես չափածո, այնպես էլ արձակ դրամաները առաջին հերթին նախատեսված էին ընթերցանության համար։ Այդ պատճառով ավելի տաղանդավոր դրամատուրգների մոտ հաճախ են հանդիպում դեպքերի զարգացման երկարացումները, դանդաղացումները և այլն։ Առաջին դրամատիկական ստեղծագործությունները ստեղծվում էին որպես եվրոպական նմուշների նմանակում և հիմնականում լուսավորական բնույթ էին կրում։ Արաբ դրամատուրգները փոխառել են եվրոպական թատրոնի բեմական փորձը, կուտակել են ուժեր և գիտելիքներ, որպեսզի ինքնուրույն և յուրահատուկ ձևով խոսեն իրենց ժողովրդի առաջ ծառացած խնդիրների մասին։
1910-ական թվականներին, երբ Թաուֆիկ ալ-Հաքիմը ի հայտ եկավ իր առաջին պիեսներով, արաբական դրամատուրգիան և թատրոնը կենտրոնացված էին Եգիպտոսում։ Այնտեղ գործում էին երաժշտական խմբեր, որոնցից նշանավոր էին ալ-Ռիհանիի և Ակաշի կոլլեկտիվները։ Երաժշտական պիեսներից շատերի հեղինակներն էին հայտնի գրող Ամին Սիդկին և կոմպոզիտոր Սաիդ Դերվիշը։ Ձևավորվում և մեծ տարածում է ստանում ժողովրդական կատակերգության ժանրը։ Այս տարիները մեծ ազդեցություն ունեցան Թաուֆիկ ալ-Հաքիմի դրամատուրգիայի վրա։ Նա համագործակցում է հայտնի խմբակների, դերասանների հետ, ստեղծում է իր առաջին պիեսները։
Թաուֆիկ ալ-Հաքիմի ինտելեկտուալ թատրոնը
խմբագրելԹաուֆիկ ալ-Հաքիմի սիմվոլիկ պիեսները՝ «Քարանձավի մարդիկ» (արաբ․՝ أهل الكهف՝ ահլ ալ–քահֆ) և «Շահրազադ» (արաբ․՝ شهرزاد՝ Շահրազադ) լույս են տեսել համապատասխանաբար 1933 և 1934 թվականներին։ Այս մեծ ընդմիջումը հեղինակի առաջին ստեղծագործություններից հետո բացատրվում է նրանով, որ սկզբում նա մեկնել է Ֆրանսիա, ապա աշխատել է Եգիպտոսում՝ գավառական դատարանում։ Այս տարիները եղել են գրողի՝ եգիպտական գրականության հետ լայն ծանոթության, նոր արաբական գրականության և դրամատուրգիայի մասին խոհերի տարիները։
Հեղինակի այս տարիների դրամատուրգիայի գլխավոր առանձնահատկությունը այն է, որ նա ստեղծում է սիմվոլիկ պիեսներ՝ ի նմանակում Իբսենի, Մետերլինկի, Բեռնարդ Շոուի «ինտելլեկտուալ թատրոնին»։ Երկար ժամանակ կտրվելով Եգիպտոսի գրական կյանքից ՝ իր սերտ կապը ֆրանսիական թատրոնի հետ արմատապես փոխում է գրողի հայացքները դրամայի հանդեպ։ Գրողը զգում է, որ ամբողջական դրամատիկական ստեղծագործություն գրելու համար, որը կկրի ոչ միայն զբաղեցնող, այլ նաև համամարդկային խնդիրները դիտարկող բնույթ, պետք է դիմել այնպիսի թեմաների և գաղափարների, որոնք դարերի ընթացքում մտահոգում են մարդկանց։
Որպես մի գրականության գործիչ, որը չունի սեփական դրամատուրգիական ավանդույթները, նա անհրաժեշտ է համարում դիմել համաշխարհային թատրոնի ակունքներին՝ հին հունական դրամատուրգիային։
Անտիկ շրջանի գրողների ստեղծագործությունները հուշեցին Թաուֆիկ ալ-Հաքիմին համամարդկային խնդիրների բեմականացման ուղին՝ օգտագործելով ժողովրդական լեգենդների և ավանդությունների, դիցաբանության նյութերը։ Գրողը անդրադառնում է այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են մարդու պայքարը ժամանակի և տարածության հետ, բանականության և զգացմունքների պայքարը, կյանքի և արվեստի, կյանքի և ճակատագրի փոխհարաբերությունները և այլն։ Չնայած այն հանգամանքին, որ դրամատուրգի առաջին սիմվոլիկ պիեսը լույս է տեսել 1933 թվականին, հեղինակը միայն «Պիգմալիոն» պիեսի (1942) նախաբանում է գրել «ինտելլեկտուալ թատրոնի» հանդեպ իր հայացքների մասին. մասնավորապես՝
Քարանձավի մարդիկ
խմբագրել«Քարանձավի մարդիկ» (արաբ․՝ أهل الكهف՝ ահլ ալ–քահֆ) Թաուֆիկ ալ-Հաքիմի առաջին սիմվոլիկ պիեսներից մեկն է։ 1935 թվականին պիեսը բեմադրվեց Կահիրեում։
Պիեսը կարծես թե ծառայում է որպես շարունակություն քարանձավայինների մասին հին հնդկական լեգենդի։ Գործողությունները տեղի են ունենում հորինված երկրում, իսկ հերոսները անհայտ ազգությունների են։ Այնուամենայնիվ, պիեսի հիմնական գաղափարը տանում է դեպի եգիպտական դիցաբանություն։ Հերոսներից մեկը՝ Մառնուշը, պարտություն կրելով իր և ժամանակի միջև պայքարում, բացականչում է «Անօգուտ է պայքարել ժամանակի հետ։ Եգիպտոսը դեռ ավելի վաղ փորձում էր դիմադրել ժամանակին, սակայն ժամանակը կործանեց Եգիպտոսը»։ Հերոսները քրիստոնյաներն են, ովքեր թաքնվել էին հեթանոս արքայի հետապնդումներից մի մոռացված քարանձավում։ Այնտեղ քնած մնալով շուրջ 300 տարի՝ նրանք ի վերջո արթնանում են։ Սակայն նրանք չեն էլ մտածում, թե ինչքան ժամանակ են անցկացրել երազում, և ի զարմանս իրենց՝ չեն կարողանում գտնել իրենց վերաբերող ոչ մի նշան՝ ոչ տուն, ոչ հարազատներ, ոչ ծանոթներ. հովիվը չի կարողանում գտնել իր ոչխարների հոտը, վեզիրը չի գտնում ոչ իր տունը, ոչ իր ընտանիքը, իսկ մյուսը իր սիրած էակի փոխարեն հանդիպում է վերջինիս ծոռանը։ Եվ աստիճանաբար կյանքը սկսում է արժեզրկվել այս մարդկանց կյանքում։
Հեղինակը միտում չի ունեցել նկարագրել հնագույն ժամանակաշրջանի մարդկանց կյանքը ժամանակակից եղանակով. նա առաջին հերթին նպատակ ուներ պատկերելու իր ժամանակների Եգիպտոսի կյանքը՝ դիմելով դիցաբանական նյութի սիմվոլիկ օգտագործմանը. այս պիեսում հեղինակը սիմվոլիկ ձևով ներկայացրել է այն բոլոր զգացմունքները, որոնք պատում էին իրեն, երբ Ֆրանսիայում չորս տարի մնալուց հետո վերադարձավ Եգիպտոս։ Պիեսի դժբախտ, անելանելի ավարտը ելնում էր Թաուֆիկ ալ-Հաքիմի հոգեվիճակից, ով ցնցվել էր Եգիպոսի հետամնաց վիճակից Ֆրանսիայից վերադառնալուց հետո։
Սակայն պիեսում հասարակական-փիլիսոփայական խնդիրների լուծումը բավարար չափով դրսևորված չէ դրամատուրգիային հատուկ ձևով. աբստրակտ գաղափարները նվազեցնում են ստեղծագործության գեղարվեստական արժանիքները։ Դիմելով որոշակի խնդրի և պիեսի ողջ բովանդակությունը ենթարկելով այդ խնդրի լուծմանը՝ հեղինակը նախօրոք կանխորոշում է հերոսների արարքները և մտադրությունները. այսպես, քարանձավից դուրս գալուց հետո հիասթափությունը կյանքից տեղի է ունենում անսպասելի և չարդարացված ձևով։ Կարծես թե հանկարծակիորեն արթնանալով՝ հերոսներից յուրաքանչյուրը սկսում է խոսել կյանքի հանդեպ հետաքրքրության կորստի մասին։ Հերոսներից յուրաքանչյուրը՝ հովիվց մինչև վեզիր խոսում են շքեղ, գրական լեզվով։
Շահրազադ
խմբագրելԹաուֆիկ ալ-Հաքիմը «Շահրազադ» (արաբ․՝ شهرزاد) պիեսը սկսում է հեքիաթներից մեզ հայտնի բախման՝ կոնֆլիկտի հանգուցալուծումից։ «Հազար ու մի գիշեր» ժողովածուի հերոս Շահրիար արքան պահպանում է գեղեցկուհի Շահրազադի կյանքը իր խելքի և գեղեցկության համար։ Այստեղից էլ սկսվում են պիեսի գործողությունները։ Շահրազադի պատմությունները խլում են Շահրիարի հանգիստը և վերջինս, ձանձրանալով մարմնական հաճույքներից, ձգտում է միայն հոգևոր կյանքին։ Նա որոշում է նվիերել իրեն միայն իմացողությանը, ճանաչողությանը և գիտությանը։ Սակայն եթե «Քարանձավի բնակիչները» պիեսի հերոսները չեն կարողանում հաղթահարել ժամանակը, այդպես էլ Շահրիարը չի կարողանում կտրվել իր տեղից, փախչել ինքը իրենից։ Սերը Շահրազադի հանդեպ հաղթում է նրա ձգտմանը, այն է՝ ապրել միայն խելքով, բանականությամբ։
Պիեսում դրամատուրգը սիմվոլիկ կերպով պատասխան է տալիս այն հարցին, թե ինչպես է նա պատկերացնում նոր արաբական մշակույթի զարգացումը։ Գրողը հանդիմանում է արաբ լուսավորականների այն մասի անվճռականությունը, ովքեր 20-րդ դարի սկզբներին կոչ էին անում ամբողջապես ընդօրինակել Արևմուտքի մշակույթը՝ հաշվի չառնելով սեփական ժողովրդի ավանդույթները։ «Շահրազադ» պիեսը գրված է գրական արաբերենով՝ առանց եգիպտական բարբառի օգտագործման։ Կերպար-սիմվոլները չունեն որոշակի յուրահատկություններ, բացի իրենց «փիլիսոփայական ծանրությունից», որը կրում են։
Պիեսում որպես զգացմունքի մարմնավորում հանդես է գալիս վեզիր Կամարը, որին կործանում է Շահրազադի հանդեպ կույր սերը, կոպիտ ուժի խորհրդանիշն է սևամորթ ստրուկը, որը զրկված է խղճի խայթից և պիեսի միակ կերպարն է, ով շարունակում է ուրախանալ, հրճվել։ Իսկ Շահրիար արքան, ամուսնանալով Շահրազադի հետ, սկսում է մտորել, թե ով է այս կինը, որ այքան գիշեր իրեն անհանգիստ է պահել, ի՞նչ գաղտնիք է իր մեջ պահում։ Առհասարակ պիեսի բոլոր կերպարները ձգտում են բացահայտել Շահրազադի գաղտնիքը։ Սևամորթ ստրուկը նրա մեջ տեսնում է միայն կին՝ նախապատվությունը տալով իր զգացմունքայինին, կրքոտությանը։ Վեզիր Կամարի համար Շահրազադը հոգևոր ազնվության և խելամիտ բանականության նմուշ է։ Իսկ Շահրիարը հասկանում է, որ Շահրազադը գեղեցկության, պոեզիայի, սիրո, առհասարակ կյանքի հավերժ կենդանի խորհրդանիշ է։
Պիգմալիոն
խմբագրելԵգիպտական փիլիսոփայական դրամայի խոշորագույն նվաճումներից է «Պիգմալիոն» (արաբ․՝ بجماليون) պիեսը։ Խոսքը Կիպրոսի լեգենդար քանդակագործ Պիգմալիոնի մասին է, ով ստեղծելով Գալաթեայի քանդակը՝ սիրահարվում է նրան։
Դեպքերը տեղի են ունենում քանդակագործի արհեստանոցում, որը տեղակայված է անտառի խորքում՝ լճի մոտ։ Բնությունը այստեղ հանդես է գալիս որպես լիարժեք գործող անձ։ Հետևի պատը ամբողջությամբ զբաղեցնում է մեծ պատուհանը, որը միշտ բաց է, և նրա միջով անցնում են մուսաները և աստվածները։ Պիեսի ողջ ընթացքում երևում է, թե ինչպես ողջ անտառը՝ կարծես կենդանի և գործող անձ, մասնակցում է տեղի ունեցող իրադարձություններին՝ ուրախանում է, պայծառանում է, երբ տիրում է սերը, դողում է՝ անհանգստանալով հերոսների ճակատագրի համար, պատված է սառնությամբ և մթությամբ՝ զգալով դժբախտ ավարտը։ Այս պիեսի օրինակի վրա կարելի է հստակորեն տեսնել Թաուֆիկ ալ-Հաքիմի դրամատուրգիայի ևս մեկ կարևոր հատկանիշ՝ անցումը փիլիսոփայականից դեպի կենցաղային գերակայություն, համամարդկայինը որոշող իրականություն։ Պատահական չէ, որ Պիգմալիոնին վերաբերող դիցաբանական իմաստներից վերցված է ոչ թե «Կիպրոսի արքան» կամ «Տիրի արքան», այլ «քանդակագործը», այսինքն իրական մարդ, որը տենչում է իր արվեստի գլուխգործոցը վերածել երկրային կնոջ։ Ավանդության և պիեսի համաձայն՝ այս խնդրանքով նա դիմում է Վեներա աստվածուհուն։
Այս պիեսում անգամ դիցաբանական կերպարներն են ձեռք բերում իրականություն։ Վեներայի և Ապոլլոնի երկխոսության դրվագները կարելի է ասել դարձել են որոշակի տեսարաններ, որտեղ փնթփնթացող զույգը, միմյանց հեգնելով, փորձում է լուծել իր «զավակների» ճակատագիրը։ Հազիվ Գալաթեան ստանում է կնոջ տեսք, այստեղ վերանում է առասպելը, և սկսվում են Պիգմալիոնի տանջանքները։ Սկզբում Գալաթեան փախչում է նրա աշակերտ Նարգեսի հետ, և Պիգմալիոնը հասկանում է, որ նա, լինելով մահկանացու, ստեղծել է մի անմահ գեղեցկություն, որը աստվածները վերածել են ոչնչության։ Ահա այս ժամանակ Ապոլլոնը իր քնարի նվագով օժտում է Գալաթեային բանականությամբ և մարդկային լավ հատկանիշներով։
Սակայն կյանքը մնում է կյանք, և սերը իմաստության հետ կանգնած է կյանքի խնդիրների, առօրյա գործերի կողքին։ Սա Պիգմալիոնի համար անհնար և նույնիսկ սրբապիղծ է։ Նա չի կարող տեսնել ավելը Գալաթեայի ձեռքին։ Իսկ Գալաթեան Պիգմալիոնից շուտ է սկսում հասկանալ, որ անմահությունը վերացել է այն ժամանակ, երբ սկսվել է կենդանի, իրական սերը։ Նա կսկսի ծերանալ, նրա մազերը կսպիտակեն, նրա դեմքը կծածկվի կնճիռներով։ Հասկանալով այս ամենը և նրբորեն զգալով իրեն մշտապես սիրող Պիգմալիոնին, Գալաթեան ինքն է բարձրանում մարմարե պատվանդանի վրա և վերադառնում է իր սկզբնական անկենդան դիրքին։
Բայց այս սառը, անշարժ, լուռ քանդակը ոչ մի կերպ ուրախություն չի կարող պատճառել Պիգմալիոնին։ Եվ նա չի կարող մի սենյակում մնալ իր կողմից կերտված անկենդան էակի հետ. նա իրեն զգում է մարդասպան և փորձում է հեռանալ դեպի սառը աշուն, գիշեր, փոթորիկ։ Աստվածները մտնում են խառնաշփոթի մեջ. իհարկե, կարելի է Գալաթեային նորից կենդանացնել, սակայն արդյո՞ք նա դարձյալ կերջանկացնի Պիգմալիոնին։ Չի՞ առաջանա արդյոք իր հոգում հավերժ գեղեց- կության և կենդանի կյանքի պայքար։ Կկարողանա՞ արդյոք նա ձգտել այնպիսի հասկացությունների ներդաշնակությանը, ինչպիսիք են կյանքը և ստեղծագործությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.ne.se/uppslagsverk/encyklopedi/lång/tawfiq-al-hakim
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.biografiasyvidas.com/biografia/h/hakim_tawfiq.htm
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 https://librarycatalog.usj.edu.lb/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=170472
- ↑ 6,0 6,1 6,2 Тауфик аль-Хаким Хусейн // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն
խմբագրել- Усманов Н.К.-Проблематика «интеллектуального театра» Тауфика аль-Хакима (в сборнике «Арабская филология. Сборник статей»). Москва 1968
- Усманов Н.К.-Жизнь и творчество Тауфика аль-Хакима. Москва 1963
- Тауфик аль-Хаким-Лотерея. Рассказы и драматические сценки (перевод Юнусова К. и др., предисловие стр. 3-10). Москва 1983
- Путинцева Т.А.-Многоликий Тауфик аль-Хаким (в книге «Тауфик аль-Хаким. Пьесы»). Москва 1979
- Юнусов К. О.-Драматургия Тауфика аль-Хакима. Ленинград 1973
- The achievements of Tawfiq al-Hakim, Cambridge university Արխիվացված 2014-04-16 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Թաուֆիկ ալ–Հաքիմ․ ստեղծագործություններ, արաբերեն Արխիվացված 2014-06-04 Wayback Machine
- Թաուֆիկ ալ–Հաքիմ, արաբերեն Արխիվացված 2015-07-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաուֆիկ ալ-Հաքիմ» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |