Շահրազադ (Թաուֆիկ ալ-Հաքիմ)

«Շահրազադ» (արաբ․՝ شهرزاد‎‎), եգիպտացի արձակագիր և դրամատուրգ Թաուֆիկ ալ-Հաքիմի (1898 - 1987) առաջին սիմվոլիկ պիեսներից մեկը։

Նոր արաբական մշակույթի զարգացման ուղիների հարցի պատասխանի որոնումներին է նվիրված Թաուֆիկ ալ-Հաքիմի «Շահրազադ» (արաբ․՝ شهرزاد‎‎) պիեսը։ Թաուֆիկ-ալ Հաքիմը իր առաջադրած խնդիրը դարձյալ փորձում է լուծել սիմվոլիկ ձևով։

Շահրազադ (Թաուֆիկ ալ-Հաքիմ) գրքի կազմ

Հեղինակը դիմում է «Հազար ու մի գիշեր» հեքիաթների նյութին։ Իր պիեսը սկսում է հեքիաթներից մեզ հայտնի բախման՝ կոնֆլիկտի հանգուցալուծումից։ Շահրիար արքան պահպանում է գեղեցկուհի Շահրազադի կյանքը իր խելքի և գեղեցկության համար։ Այստեղից էլ սկսվում են պիեսի գործողությունները։ Շահրազադի պատմությունները խլում են Շահրիարի հանգիստը և վերջինս, ձանձրանալով մարմնական հաճույքներից, ձգտում է միայն հոգևոր կյանքին։ Նա որոշում է նվիերել իրեն միայն իմացողությանը, ճանաչողությանը և գիտությանը։ Սակայն եթե «Քարանձավի բնակիչները» պիեսի հերոսները չեն կարողանում հաղթահարել ժամանակը, այդպես էլ Շահրիարը չի կարողանում կտրվել իր տեղից, փախչել ինքը իրենից։ Սերը Շահրազադի հանդեպ հաղթում է նրա ձգտմանը, այն է՝ ապրել միայն խելքով, բանականությամբ։

Ինչպես արդեն նշվեց, պիեսում դրամատուրգը սիմվոլիկ կերպով պատասխան է տալիս այն հարցին, թե ինչպես է նա պատկերացնում նոր արաբական մշակույթի զարգացումը։ Գրողը հանդիմանում է արաբ լուսավորիչների այն մասի անվճռականությունը, ովքեր 20-րդ դարի սկզբներին կոչ էին անում ամբողջապես ընդօրինակել Արևմուտքի մշակույթը՝ հաշվի չառնելով սեփական ժողովրդի ավանդույթները։ «Շահրազադ» պիեսը գրված է գրական արաբերենով՝ առանց եգիպտական բարբառի օգտագործման։ Կերպար-սիմվոլները չունեն որոշակի յուրահատկություններ, բացի իրենց «փիլիսոփայական ծանրությունից», որը կրում են։

Պիեսում որպես զգացմունքի մարմնավորում հանդես է գալիս վեզիր Կամարը, որին կործանում է Շահրազադի հանդեպ կույր սերը, կոպիտ ուժի խորհրդանիշն է սևամորթ ստրուկը, որը զրկված է խղճի խայթից և պիեսի միակ կերպարն է, ով շարունակում է ուրախանալ, հրճվել։ Իսկ Շահրիար արքան, ամուսնանալով Շահրազադի հետ, սկսում է մտորել, թե ով է այս կինը, որ այքան գիշեր իրեն անհանգիստ է պահել, ի՞նչ գաղտնիք է իր մեջ պահում։ Առհասարակ պիեսի բոլոր կերպարները ձգտում են բացահայտել Շահրազադի գաղտնիքը։ Սևամորթ ստրուկը նրա մեջ տեսնում է միայն կին՝ նախապատվությունը տալով իր զգացմունքայինին, կրքոտությանը։ Վեզիր Կամարի համար Շահրազադը հոգևոր ազնվության և խելամիտ բանականության նմուշ է։ Իսկ Շահրիարը հասկանում է, որ Շահրազադը գեղեցկության, պոեզիայի, սիրո, առհասարակ կյանքի հավերժ կենդանի խորհրդանիշ է։

Այսպես, պիեսի սիմվոլիկան, որը բացահայտվում է կենդանի, հագեցած կերպարներում, լուծում է գտնում ճշմարտության, կյանքի իմաստի ըմբռնման, իդեալին ձգտելու կոնկրետ, իրական կոչերի մեջ։

Գրականություն խմբագրել

  • Усманов Н.К.-Проблематика «интеллектуального театра» Тауфика аль-Хакима (в сборнике «Арабская филология. Сборник статей»). Москва 1968
  • Усманов Н.К.-Жизнь и творчество Тауфика аль-Хакима. Москва 1963
  • Тауфик аль-Хаким-Лотерея. Рассказы и драматические сценки (перевод Юнусова К. и др., предисловие стр. 3-10). Москва 1983
  • Путинцева Т.А.-Многоликий Тауфик аль-Хаким (в книге «Тауфик аль-Хаким. Пьесы»). Москва 1979
  • Юнусов К. О.-Драматургия Тауфика аль-Хакима. Ленинград 1973
  • The achievements of Tawfiq al-Hakim, Cambridge university Արխիվացված 2014-04-16 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել