Հիպոխոնդրիա (հին հունարեն՝ ὑπο-χόνδριον, «մարմնի մաս կռճիկային կողերի տակ» ← հին հունարեն՝ ὑπο - «տակ» + հին հունարեն՝ χονδρός - «աճառ»), հիպոխոնդրիկ խախտում կամ հիպոխոնդրիկ համախտանիշ, անձի վիճակ[1][2], որի դեպքում նա մշտապես անհանգստանում է մեկ կամ մի քանի հիվանդությամբ հիվանդանալու հավանականության առթիվ, գանգատվում և մտահոգվում է իր ֆիզիկական առողջության վերաբերյալ, ընդունում է իր սովորական զգացողությունները որպես ոչ նորմալ և տհաճ, ենթադրում է, որ բացի հիմնական հիվանդությունից ունի նաև լրացուցիչ հիվանդություն։ Ընդ որում, մարդը կարող է համարել, որ գիտի, թե ինչ հիվանդություն «իսկապես» ունի, բայց նրա համոզվածության աստիճանը սովորաբար փոփոխվում է, և նա ավելի հավանական է համարում այս կամ այն հիվանդությունը։

Հիպոխոնդրիա
Le Malade imaginaire.jpg
Տեսակclass of disease?
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն և հոգեբանություն
ՀՄԴ-9300.7

ՍտուգաբանությունԽմբագրել

Խախտման անվանումը ծագում է հին հունարեն՝ ὑποχόνδριον՝ կողատակ բառից։ Հնում կարծում էին, որ այդ մասում տեղակայված է տվյալ վիճակի հիվանդագին աղբյուրը[1]։ Առաջին անգամ «հիպոխոնդրիա» տերմինը ներմուծվել է բժշկական պրակտիկա շուրջ 2000 տարի առաջ և ցույց էր տալիս այն մարմնական հիվանդությունները, որոնք խոցում են մարմնի տվյալ շրջանը։ Ավելի ուշ այն օգտագործել են տարբեր մարմնական հիվանդությունների նշանակման համար՝ ընդհուպ մինչև 17-րդ դար, երբ մելանխոլիայի տարբեր տեսակներին սկսեցին անվանել հիպոխոնդրիա։ Ավելի ուշ «հիպոխոնդրիա» տերմինը սկսեցին օգտագործել զանազան հոգեկան խանգարումների ժամանակ, մինչ այդ տերմինի նշանակությունը նեղացավ, և հիպոխոնդրիա սկսեցին անվանել մարդու կեղծ համոզվածությունը զանազան հիվանդությունների առկայության դեպքում։

Այս պահին հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ ընդունված է «հիպոխոնդրիկ խախտում» անվանումը։

ԴասակարգումԽմբագրել

Համաձայն հիվանդությունների միջազգային դասակարգմանը՝ ժամանակակից հոգեբանության և հոգեբուժության մեջ հիպոխոնդրիան համարվում է հոգեկան հիվանդություն։ Առաջնային հիպոխոնդրիան կոչվում է «հիպոխոնդրիկ խախտում» և վերաբերում է մարմնական խանգարմանը։ Դա նշանակում է, որ այն նախ հակադարձելի է, և երկրորդ, համարվում է մարմնական խախտում, այսինքն՝ ուղեկցվում է ֆիզիոլոգիական (սոմատիկ) համակարգի աշխատանքի փոփոխությամբ։ Սակայն հիպոխոնդրիան կարող է լինել նաև կողմնակի «աֆեկտիվ խանգարման» հետ հարաբերության ժամանակ։

Ախտանշաբանություն և բարդացումԽմբագրել

Հիպոխոնդրիկ մտահոգություններն առավել հաճախ կապված են սրտի, ստամոքսաղիքային համակարգի, սեռական օրգանների և գլխուղեղի հետ։

Ըստ ՀՄԴ-ի՝ հիպոխոնդրիկ խանգարումը ախտորոշելու համար պահանջվում է ոչ ավելի, քան երկու լուրջ մարմնական հիվանդության (ֆիզիկական, ոչ հոգեկան հիվանդություններ) առկայության հստակ համոզմունք, որը դիտվում է առնվազն 6 ամիս։ Միևնույն ժամանակ, մտահոգությունը հիվանդության կամ հիվանդության առկայության վերաբերյալ պետք է առաջացնի մշտական ​​տառապանք կամ սոցիալական անհամապատասխանություն առօրյա կյանքում։ Հիվանդը պետք է հրաժարվի նաև բժշկական երաշխիքներ ընդունելուց՝ մարմնական ախտանիշների ֆիզիկական պատճառների բացակայության դեպքում։

Ֆիզիոլոգիական գործառույթների ինքնավարությունը կարող է խաթարվել, եթե ուշադրությունը մշտապես ուղղված է մարմնի վիճակին։ Հոգեկանի ազդեցությամբ կարող են առաջանալ օրգանիզմի գործառնության խաթարումներ։ Օրգանների ինքնավար գործառույթները վերահսկվում են խնամքով և վախով։ Ուշադրության և անհանգիստ վերաբերմունքի այս պաթոլոգիական կենտրոնացման արդյունքում կարող են խաթարվել վեգետատիվ նյարդային համակարգերի գործառույթները, քանի որ ինքնավար կարգավորումը ենթակա է հույզերի ազդեցությանը։

Հիպոխոնդրիան կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների․ Պոլովցևի ռուսական կենսագրական բառարանում ասվում է, որ հենց այս հիվանդության նոպան է ստիպել ինքնասպան լինել Զադոնսկի ռուս ուղղափառ եկեղեցու Աստվածածին վանքի վարդապետ Ինոկենտի Ալեքսեևին։

Առաջացման պայմաններԽմբագրել

Հիպոխոնդրիայի զարգացումն առավել հաճախ կապված է անձնային որոշ գծերի հետ, ինչպիսիք են տագնապայնությունը կամ կասկածամտությունը։ Հիպոխոնդրիան հաճախ երկրորդային է մեկ այլ, սովորաբար աֆեկտիվ հոգեկան խանգարման համար։ Ենթադրվում է, որ հիպոխոնդրիկ խանգարումներն ակնհայտ աֆեկտիվ ախտանիշների բացակայության դեպքում պայմանավորված են «դիմակավորված դեպրեսիայով»։ Հիպոխոնդրիան կարող է լինել նաև առաջնային խանգարում՝ առողջության կեղծ մտահոգության հիմնական ախտանիշով, որի հարաբերությամբ դեպրեսիվ ախտանիշները երկրորդական են[3]։

Հիպոխոնդրիկ խանգարմանը բնորոշ վարքային, ճանաչողական, մարմնական և աֆեկտիվ ոլորտների փոփոխությունները նպաստում են տագնապին, որն իր հերթին հանգեցնում է հիվանդի մոտ աճող բացասական մտքերի առաջացմանը։ Այսպիսով, ձևավորվում է արատավոր շրջան[3]։

Ենթադրություն կա, որ հիպոխոնդրիան առաջանում է հիվանդի պաթոլոգիկ փոփոխված խորը համոզմունքների և դրանց հիման վրա առաջացող ենթադրությունների, վերաբերմունքի և կանոնների պատճառով։ Հիվանդության և առողջության մասին այս խեղաթյուրված պատկերացումները կարող են առաջանալ անցյալի հիվանդության կամ հարազատների ու ընկերների մոտ որոշակի հիվանդության ընթացքի դիտարկման արդյունքում։ Ախտանիշների նշանակության մասին աղավաղված պատկերացումները ներառում են, օրինակ, հետևյալը. «Ֆիզիկական ախտանշանները միշտ ֆիզիկական հիվանդության նշան են», «Ես նման եմ մորս, ով մահացել է քաղցկեղից, ուստի ես ևս պետք է քաղցկեղով հիվանդանամ», «Ինչպե՞ս կարող է բժիշկը իմանալ, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է, եթե նա որևէ հետազոտություն չի արել», «Ինձ հետ ինչ-որ վատ բան է լինելու»։ Սադրիչ գործոնները (օրինակ՝ որևէ սոմատիկ ախտանիշի առաջացում) հանգեցնում են այդ համոզմունքների ակտիվացմանը, կեղծ մեկնաբանությանը և ակամա բացասական մտքերին[3]։

ԲուժումԽմբագրել

Հիպոխոնդրիկ հիվանդների նկատմամբ մոտեցումը բարդանում է նրանով, որ նրանք իրենց տառապանքը վերագրում են ֆիզիկական հիվանդությանը և փորձում գտնել բոլոր տվյալները՝ հաստատելու այս կարծիքը։ Շատ դեպքերում ցուցված է հոգեթերապիա, մասնավորապես՝ կոգնիտիվ-վարքային թերապիա։ Հնարավոր հիվանդության մասին անհանգստացնող մտքերը «վերացնելու» համար կիրառվում են կոգնիտիվ-վարքային թերապիայի մի շարք մեթոդներ, այդ թվում՝ «մտքի դադարեցումը»[4]։

Եթե ​​հոգեթերապիան արդյունք չի տալիս, ապա բժշկական ջանքերն ուղղված են հիպոխոնդրիկ մտահոգությունների նշանակությունը նվազեցնելուն։ Շատ դեպքերում դեղորայքային բուժումը հակացուցված է, քանի որ այն ամրապնդում է հիվանդի համոզմունքը, որ իր խնդիրները սոմատիկ պատճառներ ունեն։ Այնուամենայնիվ, զառանցանքի մակարդակին մոտեցող ծանր հիպոխոնդրիկ ախտանիշների համար կարող է օգտագործվել դեղորայք[5]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Ипохондрия հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  2. Ипохондрия. Энциклопедия «Кругосвет»
  3. 3,0 3,1 3,2 Warwick H. Cognitive therapy in the treatment of hypochondriasis // Advances in Psychiatric Treatment. — September 1998. — Vol. 4, no. 5. — P. 285-291. — doi:10.1192/apt.4.5.285. Перевод на русский: Когнитивная терапия в лечении ипохондрии // Обзор современной психиатрии. — 2000. — Вып. 6.
  4. Martha Davis, Elizabeth Robbins Eshelman, Matthew McKay. The relaxation & stress reduction workbook. — Oakland, USA: New Harbiner Publications Inc., 2008. — 294 с. — ISBN 1-57224-214-0
  5. Психиатрия / под ред. Н. Г. Незнанова, Ю. А. Александровского, Л. М. Барденштейна, В. Д. Вида, В. Н. Краснова, Ю. В. Попова. — М.: ГЭОТАР-Медиа, 2009. — С. 247—249. — 512 с. — (Серия «Клинические рекомендации»). — ISBN 978-5-9704-1297-8

Արտաքին հղումներԽմբագրել