Դամաթ Ֆերիդ փաշա
Դամաթ Մեհմեդ Ադիլ Ֆերիդ փաշա (օսման.՝ محمد عادل فريد پاشا, թուրքերեն՝ Damat Ferit Paşa, 1853[1], Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 6, 1923, Նիս), առավել հայտնի է որպես Դամաթ Ֆերիդ փաշա, օսմանյան լիբերալ քաղաքական և պետական գործիչ, որը երկու անգամ զբաղեցրել է Օսմանյան կայսրության մեծ վեզիրի պաշտոնը (փաստացի Օսմանյան կայսրության վարչապետը)։ Առաջին անգամ մեծ վեզիրի պաշտոնն զբաղեցրել է 1919 թվականի մարտի 4-ից հոկտեմբերի 2-ը, իսկ երկրորդ անգամ՝ 1920 թվականի ապրիլի 5-ից հոկտեմբերի 21-ը։ Երկու դեպքում էլ կայսրության սուլթանը Մեհմեդ VI-րդն էր։ Պաշտոնապես մեծ վեզիրի պաշտոնը նա զբաղեցրել է 5 անգամ, քանի որ կառավարությունը, տարբեր ուժերի ազդեցության պատճառով, պարբերաբար հրաժարական էր տալիս, իսկ Դամաթ Ֆերիդ փաշան ստիպված էր լինում ձևավորել նոր կառավարություն[2]։ Սևրի պայմանագրի կնքման գործում ունեցած իր ներգրավման, Դաշինքի ուժերի հետ փոխգործակցության և Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու փոխհատուցման պատրաստակամության համար, Օսմանյան կայսրությունում, իսկ այնուհետ նաև Թուրքիայում Դամաթ Ֆերիդ փաշան եղել է ոչ հեղինակավոր քաղաքական գործիչ, որն ավելի ուշ՝ Հույն-թուրքական պատերազմի վերջում գաղթել է Եվրոպա։
Դամաթ Ֆերիդ փաշա | |
Կուսակցություն՝ | Ազատություն և համաձայնություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | 1853[1] |
Ծննդավայր | Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն |
Վախճանի օր | հոկտեմբերի 6, 1923 |
Վախճանի վայր | Նիս |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ամուսին | Մեդիհա Սուլթան |
Կենսագրություն
խմբագրելՈմանք պնդում են, որ Դամաթ Ֆերիդ փաշան ծնվել է 1853 թվականին Կոստանդնուպոլսում, իսկ նրա հայրը եղել է Իզեթ էֆենդին, որը ծնվել է Թաշլըջայի մոտ գտնվող Պոտոջի բնակավայրում (ներկայումս Մոնտենեգրոյի Պլևլյա քաղաքը)։ Հայրը եղել է Օսմանյան պետական խորհրդի (Şûrâ-yı Devlet) անդամ։ Վերջինս Օսմանյան կայսրության բարձրագույն դատական խորհուրդն էր։ Որոշ տվյալներով 1857 թվականին Իզեթ էֆենդին նշանակվել է Բեյրութի և Սիդոնի նահանգապետ, սակայն այս փաստը հաստատող որևէ աղբյուր չկա։ 1879 թվականին Ֆերիդը ընդունվել է Սիդոնի իսլամական բարեգործական կազմակերպության դպրոցներից մեկը։ Օսմանյան վարչակազմում նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ, մինչև աշխատանքի անցնելը Արտաքին գործերի նախարարությունում։ Տարբեր պաշտոններ է զբաղեցրել Փարիզում, Բեռլինում, Սանկտ Պետերբուրգում և Լոնդոնում օսմանյան դեսպանություններում։ Ամուսնացած է եղել օսմանյան Աբդուլ Մեջիդ սուլթանի դստեր՝ Մեդիհա Սուլթանի հետ, որի արդյունքում էլ ստացել է «դամաթ» (Օսմանյան դինաստիայի փեսա) կոչումը։ Իր հոր պես 1884 թվականին դարձել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, որից անմիջապես հետո ստացել վեզիրի կոչումը։ Մերժել է Աբդուլ Համիդ II-ի առաջարկը՝ նշանակվելու Լոնդոնում Օսմանյան կայսրության դեսպան։ Շուրջ երկու տարի դադարելով զբաղվել պետական ծառայությամբ՝ 1908 թվականին ընտրվել է Օսմանյան խորհրդարանի Սենատի անդամ։
1911 թվականին դարձել է Ազատություն և համաձայնություն կուսակցության հիմնադիր անդամներից մեկը` հանդես գալով կայսրության շրջանակներում լիբերալիզմի և տարածաշրջանային մեծ ինքնավարության օգտին։ Վերջինս ի հակակշիռ Միություն և առաջադիմություն կուսակցության։ 1919 թվականի հունիսի 11-ին Դամաթ Ֆերիդ փաշան պաշտոնապես խոստովանեց, որ Օսմանյան կայսրությունը հայ ժողովրդի դեմ իրագործել է ցեղասպանություն՝ դառնալով Առաջին համաշխարհային պատերազմից հետո պատերազմական հանցագործությունների դատավարությունների նախաձեռնող և կենտրոնական դեմքերից մեկը, որն իրականացվում էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ[3][4][5]։ Վերջիններս Միություն և առաջադիմություն կուսակցության նշանավոր անդամներ էին և Ազատություն և համաձայնություն կուսակցության վաղեմի հակառակորդները։
Մեծ վեզիրի պաշտոնում նրա առաջին պաշտոնավարումը համընկավ հունական բանակի կողմից Զմյուռնիայի բռնազավթման և դրան հաջորդած բուռն ժամանակաշրջանի հետ։ Նա Ահմեդ Թևֆիք փաշայի իրավահաջորդի պաշտոնը ստանձնել է 1919 թվականի մարտի 4-ին, իսկ մարտի 9-ին ձեռնամուխ եղել նախկին նախարարներ Հալիլ Մենթեշեի, Ալի Ֆեթհի Օքյարի, Ալի Մյունիֆ Եղենաղայի և մյուսների ձերբակալությանը[6]։ Մեծ վեզիրի պաշտոնից Դամաթ Ֆերիդ փաշան ազատվեց 1919 թվականի սեպտեմբերի 30-ին, սակայն Ալի Ռըզա փաշայի և Հուլուսի Սալիհ փաշայի կարճաժամկետ կառավարություններից հետո, Մեհմեդ VI սուլթանն ստիպված եղավ նրան հետ կանչել 1920 թվականի ապրիլի 5-ին՝ առաջարկելով ձևավորել նոր կառավարություն։ Մեծ վեզիրի պաշտոնում նա մնաց մինչև 1920 թվականի հոկտեմբերի 17-ը։
Նրա երկրորդ պաշտոնավարումը համընկավ Օսմանյան խորհրդարանի ցրման հետ, որը տեղի ունեցավ բրիտանական և ֆրանսիական օկուպացիոն ուժերի ճնշման տակ։ Չորս այլ հայտնի քաղաքական գործիչների հետ միասին նա համաձայնվեց ստորագրել Սևրի պայմանագիրը, որն աղետալի պայմաններ էր սահմանում Թուրքիայի համար։ Դա բուռն արձագանք առաջացրեց թուրքական հասարակության շրջանում։ Դամաթ Ֆերիդ փաշան չդարձավ պայմանագիրը միակ ստորագրած անձը[7]։ Պայմանագրի ստորագրումից հետո մեկ շաբաթվա ընթացքում, մյուս երեք ստորագրողների հետ միասին, նա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից զրկվեց թուրքական քաղաքացիությունից, իսկ արդեն Թուրքիայի անկախության պատերազմից հետո գլխավորեց այդ երկրում պերսոնա նոն գրատա հայտարարված 150 անձանց ցանկը։ Ի պատասխան դրա, նա սկսեց առավել թշնամական վերաբերմունք ցուցաբերել թուրքական ազգայնական շարժման նկատմամբ, որն Անկարայում գլխավորում էր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։ Դամաթ Ֆերիդ փաշան սկսեց մեծապես համագործակցել Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակցային ուժերի հետ։
Նույնիսկ իր հրաժարականից հետո և Ահմեդ Թևֆիք-փաշայի կողմից նոր կառավարության ձևավորումից հետո, նա շարունակեց անընդունելի լինել, հատկապես Անատոլիայում, իսկ արդեն Հույն-թուրքական պատերազմում Թուրքիայի հաղթանակից հետո, Ֆերիդ փաշան հեռացավ Եվրոպա։ Դամաթ Ֆերիդ փաշան մահացել է 1923 թվականի հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում և թաղվեց Լիբանանի Սիդոն քաղաքում։ Նույն օրը Թուրքիայի ազգայնական շարժումը վերականգնեց վերահսկողությունը Կոստանդնուպոլսի նկատմամբ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #130276111 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ İsmail Hâmi Danişmend, Osmanlı Devlet Erkânı, Türkiye Yayınevi, İstanbul, 1971 (Turkish)
- ↑ Gunnar Heinsohn: Lexikon der Völkermorde. Reinbek 1998. Rowohlt Verlag. p. 80 (German)
- ↑ RECOGNIZING THE 81ST ANNIVERSARY OF THE ARMENIAN GENOCIDE. United States Government Printing Office. Retrieved 21 January 2013
- ↑ Armenian Genocide Survivors Remember Արխիվացված 26 Հուլիս 2017 Wayback Machine. Queens Gazette. Retrieved 21 January 2013
- ↑ Dadrian, Vahakn N.; Akçam, Taner (2011). Judgment at Istanbul: The Armenian Genocide Trials (անգլերեն). Berghahn Books. էջ 66. ISBN 978-0-85745-251-1.
- ↑ See the signatories in the official text of the Treaty of Sèvres
Քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող՝ Ահմեդ Թևֆիք-փաշա |
Օսմանյան կայսրության մեծ վեզիր մարտի 4, 1919 – հոկտեմբերի 2, 1919 |
Հաջորդող՝ Ալի Ռըզա փաշա |
Նախորդող՝ Սալիհ Հուլուսի փաշա |
Օսմանյան կայսրության մեծ վեզիր ապրիլի 5, 1920 – հոկտեմբերի 21, 1920 |
Հաջորդող՝ Ահմեդ Թևֆիք-փաշա |