Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վեզիր

Մեծ վեզիր (օսմ. صدر اعظم‎ — Sadr-ı Azam, թուրքերեն՝ Sadrazam)՝ պարսկական «վազիր» (وزير) բառից՝ Օսմանյան կայսրության սուլթանի գլխավոր նախարարը, որն օգտվում էր նրա բացարձակ վստահությունից և տեղաշարժվում էր միայն անձամբ սուլթանի հրահանգով։

 Մեծ վեզիր
Օսմանյան կայսրության դրոշ (1453—1844)
ՆստավայրՍտամբուլ
ՆշանակողՍուլթան
Անդրանիկ պաշտոնավարԱլաէդդին–փաշա
Վերջին պաշտոնավարԱհմեդ Թևֆիք-փաշա
Վերացվել է1922 թվականի նոյեմբերի 17
Օսմանյան մեծ վեզիր՝ ձիու վրա, գերմանական փորագրություն, 1688 թվական:
Մեծ վեզիրը ունկնդրություն է տալիս Կուբբեալտայում։
Օսմանյան կայսրության կնիքը

Հենց մեծ վեզիրի մոտ էր պահվում կայսրության կնիքը, նա կարող էր մյուս վեզիրներին հրահանգել՝ հավաքվելու պետական հարցերի լուծման համար։ Վեզիրների ժողովները տեղի են ունեցել Թոփքապը պալատի այն տարածքում, որը կոչվում էր «Կուբբեալտա» («գմբեթի տակ»)։ Մեծ վեզիրի ծառայությունները վեաբերում էին Բարձր դռանը։

Օսմանյան կայսրության գոյության առաջին շրջանում օգտագործվել է միայն «վեզիր» տերմինը։ «Մեծ վեզիր»–ի տիտղոսը Օսմանյան վեզիրներից առաջինը ստացել է Չանդարլի Կարա Խալիլ Հայրեդին փաշան։ «Մեծ վեզիր» տիտղոսի ներդրման նպատակը սուլթանական կնիքի պահապանին այլ վեզիրների շարքից առանձնացնելն էր։ Ի սկզբանե մեծ վեզիրի համար օգտագործվող «vezir-i azam» տերմինը աստիճանաբար փոխարինվել է «sadr-ı azam»–ով։ Օսմանյան կայսրության պատմության մեջ մեծ վեզիրին հիշատակելու համար օգտագործվել են նաև «sadr-ı âlî» («բարձրագույն վեզիր»), «vekil-i mutlak» («բացարձակ վստահություն վայելող»), «sâhib-i devlet» («երկրի պահապան»), «serdar-ı ekrem», «serdar-ı azam» և «zât-ı âsafî» տերմինները։

Քյոփրյուլյուի դարաշրջանում կայսրությունում եղել են խոշոր ազդեցության մի շարք մեծ վեզիրներ, որոնք վերահսկում էին ողջ կայսրությունը։ Այս դարաշրջանի տարբերակիչ առանձնահատկությունն այն էր, որ սուլթանների իշխանությունը հարաբերականորեն անարդյունավետ էր և իշխանության մի մասը փոխանցվել էր ավելի ցածր մակարդակներին։

Թանզիմաթի դարաշրջանից սկսած մեծ վեզիրը սկսել է եվրոպական երկրներում վարչապետի դերի հետ համեմատելի դեր խաղալ։

Շփում սուլթանի հետ խմբագրել

Մեծ վեզիրի՝ սուլթանին արվող առաջարկները, որոնք կոչվում էին գրություններ կամ ռեզյումեներ, տիրակալին փոխանցվում էին դիվանատան միջոցով։ Եղել են տարբեր տեսակի գրություններ՝ թելխիս, մյուստակիլ թելխիս։ Այդ փաստաթղթերի կազմումը ռեիս ուլ-կուտտաբայի (պաշտոնյա, ով պատասխանատու էր Դիվանում գործող բոլոր բաժինների և ամբողջ գործավարության համար) պարտականությունն էր։ Գրությունը կազմելուց հետո այն վերաշարադրվում էր խոշոր նասխով, պարզ ոճով՝ հստակ նշված իմաստով (դա արվում էր սուլթանին չձանձրացնելու համար) և ուղարկվում էր պալատ։ Ծանոթանալով փաստաթղթին՝ տիրակալը վերևից կարճ գրություն էր գրում՝ «Ծանոթացել եմ», «Կատարել», «Հետ վերադարձնել», «Գնիր», «Ժամանակը չէ», «Երջանկություն քեզ», «Անհնար է», և գրությունը վերադառնում էր մեծ վեզիրին, ով սուլթանի կամքին համապատասխան կարգադրություններ էր արձակում։ Բոլոր ցանկությունները, նամակները և նման փաստաթղթերը մեծ վեզիրից սուլթանին են փոխանցվել այդ թելխիսների տեսքով[1]։

Պաշտոնային պարտականություններ խմբագրել

Մեծ վեզիրը հիմնականում զբաղվում էր պետության մասշտաբով պաշտոնային նշանակումներով (Օսմանյան կայսրությունում պաշտոնները տրվում էին որոշակի ժամկետով)։ Եթե ժամկետը լրանալուց հետո պաշտոնի նշանակվում էր նոր կատարող, դա կոչվում է տևջիխ (շնորհում), եթե լիազորությունները երկարաձգվում էին՝ կոչվում էր իբիկա (երկարաձգում) կամ մուկարրեր (հաստատում)։ Որպես կանոն, նշանակումները կատարվում էին շավվալ ամսվա սկզբին, այսինքն՝ ռամազանի տոնից հետո և՝ միաժամանակ չորս ցուցակով՝ 1) վիզիրներ, բեգլերբեգիներ, սանջակների բեյեր, 2) այլ պետական գործիչներ, 3) զինվորական կորպուսների հրամանատարներ և 4) Դիվանի քարտուղարներ (խոջալար)։ Մեծ վեզիրի ներկայացմամբ նշանակումները կատարվում էին բոլոր ոլորտներում, բացառությամբ՝ աստվածաբանական դասի. աստվածաբանական հիերարխիայում պաշտոնների բաշխման առաջարկները արվում էին Շեյխ ուլ-իսլամի կողմից և հաստատվում մեծ վեզիրի կողմից սուլթանին ներկայացնելուց հետո։ Երբ մոտենում էր շավվալ ամիսը, մեծ վեզիրը հանձնարարում էր կազմել երկու ցանկ (մեկը նոր նշանակումներ, մյուսը՝ լիազորությունների երկարաձգման), և համապատասխան գրություն էր ուղարկում սուլթանին, ով իր հայեցողությամբ փոփոխություններ էր մտցնում ցանկերում։ Դրանից հետո մեծ վեզիրը սուլթանի հաստատման էր ներկայացնում շտկված ցուցակը։ Նոր նշանակվածներին և նրանց, ում լիազորությունները երկարաձգվել էին, մեծ վեզիրի կոմից ուղարկվում էին ծանուցումներ (ռուուս), բացի դա, այդ մարդկանց անունները մուտքագրվում էն հատուկ գրանցամատյանում։ Ռուուսը հանձնելուց հետո նրանց համար, ովքեր սկսելու էին իրենց պարտականությունների կատարումը Ստամբուլում, գոյություն ուներ նաև սուլթանի կողմից շնորհված խալաթը հագնելու ավանդույթը[2]։

Տեսչական ստուգումներ խմբագրել

Մեծ վեզիրի պարտականությունների մեջ կարևորվում էին տեսչական ստուգումները։ Դա կոչվում էր «ստուգայցի դուրս գալ» կամ «ստուգումներ կատարել»։ Մեծ վեզիրը, ում ուղեկցում էր ստամբուլյան քադիի գլխավորությամբ մեծ շքախումբը, այցելում էր առևտրական շարքերն ու շուկաները, վերահսկում արհեստավորների աշխատանքն ու գները, ինչը շատ կարևոր էր Օսմանյան կայսրությունում։ Ստուգումներն իրականացվում էին որոշակի երթուղիներով։ Մեղավոր արհեստավորները և առևտրականները անմիջապես պատժվում էին՝ կախված խախտման աստիճանից. արհեստավորները շատ էին վախենում այդ հանկարծակի պատժամիջոցներից։

Մեծ վեզիրի մեկ այլ կարևոր պարտականությունն էր նավաշինարանների ստուգումը։ Այս ձեռնարկությունների հաջողությունը կախված էր մեծ վեզիրի և կապուդան– փաշայի միջև հարաբերություններից. եթե այդ հարաբերությունները նորմալ էին, ապա ստուգումը հանգիստ էր անցնում, եթե լարված, ապա խնդիրներ կարող էին առաջանալ։

Մեծ վեզիրը վերահսկում էր նաև մի քանի խոշոր վակուֆներ և այստեղ իր մարդկանց էր նշանակում[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мехмет Ипширли. III. Организация Османской империи // История Османского государства, общества и цивилизации / Под ред. Экмеледдина Исханоглу. — М.: Издательская фирма «Восточная литература» РАН, 2006. — Т. 1: История Османского государства и общества. — С. 126—127, 137. — 2000 экз. — ISBN 5-02-018511-6
  2. Ипширли, 2006, էջ 127
  3. Ипширли, 2006, էջ 127—128