Բացել գլխավոր ցանկը

Կավճաներկ, պաստել (ֆրանս. pastell, իտալ. pastello — խմորիկ)

  1. Փափուկ, գունավոր, առանց պատյանի մատիտներ, որոնք պատրաստվում են մամլված և կաղապարված, տարբեր գույնի, տրորված փոշեներկերից. պարունակում են նաև ոչ մեծ քանակով խեժեր (արաբախեժ, տրագականտ), կաթ, երբեմն կավիճ, գիպս, ճարպաքար և այլն։
  2. Կավճաներկով կատարված ստեղծագործություն։ Կավճաներկը մատիտներով նկարում են խավոտ մակերես ունեցող թղթի (հաճախ գունավոր), ստվարաթղթի, հիմնաշերտով ծածկված կտավի, թավշակաշու, մագաղաթի վրա։ Կավճաներկի նրբագծերի լայն կիրառումը այն մոտեցնում է գրաֆիկային։ Նրա մաքուր, լուսակիր գույները պահպանում են նախնական թարմությունն ու ուժգնությունը, իսկ խավը՝ նուրբ, թավշյա, փայլատ մակերեսը։ Կավճաներկը երբեմն ամրացնում են ֆիքսատիվով (նկարը ամրացնող և պաշտպանող անգույն լուծույթ)։ Կավճաներկի ծագումը վերագրվում է XV դ. 2-րդ կեսին։ XVII դ. վերջից կավճաներկ գործերում ուժեղացել են գեղանկարչական միտումները։ Այն ծաղկում է ապրել XVIII դ. (վարպետներից են՝ Ռ. Կառերան՝ Իտալիայում, ժ. Շարդենը՝ Ֆրանսիայում և ուրիշներ)։ XIX դ. առաջին կեսից կավճաներկի տեխնիկայով աշխատել են է. Դելակրուան, ժ. Միլլեն, է. Մանեն, Օ. Ռենուարը և, հատկապես, է. Դեգան (Ֆրանսիա), Մ. Լիբերմանը (Գերմանիա), Ի. Լեիտանը, Վ. Սերովը (Ռուսաստան), Մ. Չյուռլյոնիսը (Լիտվա)։ XX դ. Կավճաներկին են դիմել Պ. Բոննարը (Ֆրանսիա), Մ. Քեսսետը (ԱՄՆ), սովետական վարպետներից Ս. Մալյուտինը, Ն. Տիրսան, Կուկրինիկսները, հայ նկարիչներից Ե. Նազարյանը, Փ. Թերլեմեզյանը, Վ. Դայֆեջյանը, Գ. Խանջյանը, Հ. Անանիկյանը, Ռ. Ադալյանը և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 281 CC-BY-SA-icon-80x15.png