Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «-»)
Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Արյան շրջանառության համակարգ, արյան շրջանառությունը օրգանիզմով։ Արյունը շարժվում է սրտից արյունատար անոթներ և հակառակը։ Արյունը մատակարարում է հյուսվածքներին թթվածնով և սննդարար նյութերով։ Արյան հարստացումը թթվածնով տեղի է ունենում թոքերում։ Արյան շրջանառությունը սովորաբար կազմված է լինում սրտից և նրանից դուրս եկող արյունատար անոթներից։

Արյան շրջանառության համակարգը
Աորտա (նշված է կարմիր գույնով)
Երակային համակարգը մարդու օրգանիզմում
Երակի արտաքին կառուցվածքը
Արյունատար անոթների պատերի կառուցվածքը
Արյան ճնշման սարքը
Արյան ճնշման չափումը բազուկում
Անոթազարկի հաշվումը
Երակային արյունահոսություն
Զարկերակային արյունահոսություն
Քթային արյունահոսություն
Մազանոթային արյունահոսությունը մաշկից

Արյան շրջանառությունը արյան շարժումն է սիրտ-անոթային համակարգում, որով ապահովվում են օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև կատարվող գազափոխանակությունը, նյութափոխանակությունը, տարբեր ֆունկցիաների հումորալ կարգավորումն ու ջերմականոնավորումը։ Արյան շրջանառությունն առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ-անատոմ Վ․ Հարվեյը (1628Անողնաշարավոր կենդանիների մեծ մասի արյան շրջանառությունը բաց է։ Որոշ անողնաշարավորներ, բոլոր ողնաշարավորները և մարդն ունեն արյան շրջանառության փակ համակարգ, որը, կախված շնչառության տիպից, կատարվում է մեկ կամ երկու շրջանով։ Խռիկային շնչառություն ունեցողների (բոլորաբերաններ, ձկների մեծ մասը) արյան շրջանառությունը մեկն է, սիրտը երկխոռոչանի է (նախասիրտ և փորոք), արյունը հոսում է դեպի խռիկները, ենթարկվում գազափոխանակության և վերադառնում հյուսվածքներ։ Թոքային շնչառություն ունեցող կենդանիները (կրկնաշունչ ձկներ, ցամաքային բոլոր ողնաշարավորները, մարդ) ունեն երկու՝ մեծ կամ իրանային, փոքր կամ թոքային արյան շրջանառություն։ Սիրտը կարող է լինել եռախորշ (երկկենցաղներ, որոշ սողուններ) կամ քառախորշ (թռչուններ, կաթնասուններ, մարդ)։ Քառախորշ սրտում զարկերակային և երակային արյունը լրիվ առանձնացած են, ուստի հյուսվածքներն ու օրգանները ստանում են միայն զարկերակային արյուն, իսկ եռախորշ սրտի դեպքում՝ խառը, երակ-զարկերակային արյուն։

Արյան անընդհատ շարժումն անոթների փակ համակարգով կոչվում է արյան շրջանառություն։ Արյան շրջանառության համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։ Այդ համակարգի հիմնական դերն օրգանիզմին ու հյուսվածքներին արյան մատակարարումը և արյան ֆունկցիայի իրականացումն է։

Սիրտն արյան շրջանառության կենտրոնական օրգան է, որն արյունը մղում է անոթներ, ապահովում նրա շարժումը և վերադարձը դեպի սիրտ։ Սրտի աշխատանքի դադարից մարդը մահանում է, որովհետև ընդհատվում է օրգաններին ու հյուսվածքներին թթվածնի, սննդանյութերի մատակարարումը և նյութափոխանակության արգասիքների հեռացումը։

Արյունատար անոթների կառուցվածքը և ֆունկցիաները

խմբագրել

Արյունատար անոթների պատերը, բացառությամբ մազանոթների, եռաշերտ են։ Ներքին շերտը կազմված է հարթ էպիթելային բջիջներից, միջինը՝ առաձիգ թելերից և հարթ մկանահյուսվածքից, որոնց կծկման շնորհիվ փոխվում է արյունատար անոթի լուսանցքը։ Արտաքին շերտը կազմված է փուխր շարակցական հյուսվածքից։ Այդ շերտով անցնում են անոթների լուսանցքը կարգավորող նյարդերը։

Ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի՝ անոթները բաժանվում են զարկերակների, երակների և մազանոթների։

Զարկերակներն այն անոթներն են, որոնցով արյունը հոսում է սրտից։ Նրանք ունեն ամուր, համեմատաբար հաստ պատեր, որոնք պարունակում են մեծ քանակով հարթ մկանաբջիջներ և առաձիգ տարրեր, որոնց շնորհիվ լայնանում և դիմանում են բարձր ճնշմանը։ Զարկերակներով հոսում է թթվածնով հարուստ արյուն։ Բացառություն են կազմում թոքային զարկերակները, որոնցով հոսում է երակային արյուն։

Երակներն արյունը տանում են դեպի սիրտ։ Նրանց պատերը նույնպես եռաշերտ են, սակայն առաձիգ և մկանային տարրեր ավելի քիչ են պարունակում, որի հետևանքով քիչ ճկուն են և հեշտությամբ սեղմվում են։ Ի տարբերություն զարկերակների, երակների պատերում կան գրպանիկներ հիշեցնող փականներ։ Այդ փականները բացվում են դեպի սիրտ և կանխում արյան հետհոսքը։

Մազանոթները նուրբ և բազմաքանակ անոթներ են։ Նրանց պատերը կազմված են շարակցահյուսվածքային թիթեղից և հարթ էնդոթելային բջիջների մեկ շերտից։ Մազանոթների պատը ունի մեծ թափանցելիություն։ Արյան պլազմայում լուծված նյութերը և թթվածինը մազանոթների պատով անցնում են հյուսվածքային հեղուկի, իսկ այնտեղից՝ բջիջների մեջ։ Բջիջների կենսագործունեության արգասիքները հյուսվածքային հեղուկից՝ մազանոթների պատով ներծծվում են արյան մեջ։ Մազանոթներ կան գրեթե բոլոր օրգաններում, բացառություն են կազմում վերնամաշկը, եղունգները, աչքի եղջերաթաղանթը, ոսպնյակը, ատամի էմալը։ Մազանոթների ընդհանուր քանակը մոտավորապես 40 միլիարդ է, իսկ երկարությունը՝ շուրջ 100000 կմ։ Հանգիստ վիճակում գործում է մազանոթների 20-30%, իսկ ֆիզիկական լարված աշխատանքի ժամանակ՝ մոտավորապես 60%-ը։

Արյան շրջանառության մեծ շրջան

խմբագրել

Օրգանիզմում արյունը շարժվում է անոթների երկու փակ համակարգով՝ մեծ և փոքր շրջաններով։

Արյան ուղին, որը սկսվում է ձախ փորոքից՝ աորտայով և ավարտվում աջ նախասրտում՝ վերին և ստորին սիներակներում, կոչվում է արյան շրջանառության մեծ շրջան։ Ձախ փորոքի կծկման հետևանքով թթվածնով հարուստ արյունը մղվում է աորտա, որն ամենախոշոր անոթն է։ Աորտայից ճյուղավորվում են զարկերակներ, որոնք արյուն են մատակարարում բոլոր օրգաններին և հյուսվածքներին։ Օրգաններում զարկերակները ճյուղավորվում են փոքր տրամաչափի զարկերակների, ապա զարկերակիկների և մազանոթների։ Մազանոթներից մարմնի բոլոր բջիջներն են անցնում սննդանյութեր, թթվածին, իսկ բջիջներից մազանոթներ՝ ածխաթթու գազ և նյութափոխանակության այլ արգասիքներ։ Մազանոթներում արյունը զարկերակայինից փոխարկվում է երակային արյան։ Երակային մազանոթները միանալով կազմում են երակիկներ, ապա երակներ, որոնք միանալով առաջացնում են խոշոր երակներ՝ վերին ու ստորին սիներակներ։ Իրանից, ստորին վերջույթներից, որովայնի խոռոչի օրգաններից երակային արյունը ստորին սիներակով, իսկ գլխից, պարանոցից, վերին վերջույթներից՝ վերին սիներակով թափվում է աջ նախասիրտ։ Արյան շրջապտույտն արյան մեծ շրջանով տևում է 22-23 վրկ։ Երակային արյունն աջ նախասրտից լցվում է աջ փորոք, այնտեղից ուղղվում արյան շրջանառության փոքր շրջան։

Արյան շրջանառության փոքր շրջան

խմբագրել

Արյան ուղին, որը սկսվում է աջ փորոքից՝ թոքային ցողունով և ավարտվում ձախ նախասրտում՝ չորս թոքային երակներով, կոչվում է արյան շրջանառության փոքր շրջան։ Աջ փորոքը կծկվելով արյունը մղում է թոքային ցողուն, որը բաժանվում է երկու թոքային զարկերակների։ Թոքերում զարկերակները բաժանվում են փոքր զարկերակների, ապա զարկերակիկների և վերածվում մազանոթների, որոնք ցանցապատում են թոքաբշտիկները։ Թոքաբշտիկների և նրանց շրջապատող մազանոթների միջև տեղի է ունենում գազափոխանակություն։ Թոքաբշտիկներում գտնվող թթվածինն անկայուն միացություն մեջ է մտնում հեմոգլոբինի հետ, և երակային արյունը փոխարկվում է զարկերակայինի։ Այնուհետև արյունը հավաքվում է երակների մեջ, որոնք միանալով առաջացնում են թոքային չորս երակներ։ Յուրաքանչյուր թոքից երկուական երակներով զարկերակային արյունը հոսում է ձախ նախասիրտ։ Դա բացառություն է, քանի որ երակներով հոսում է միայն երակային արյուն։ Տևում է 4 վայրկյան։

Սրտի կառուցվածքը

խմբագրել

Սիրտը գտնվում է կրծքավանդակում։ Այն կոնաձև, սնամեջ մկանային օրգան է, նրա մեծ մասը գտնվում է կրծքավանդակի ձախ մասում։ Սրտի մեծությունը մոտավորապես տվյալ անձի բռունցքի չափ է։ Չափահաս մարդու սրտի միջին զանգվածը 250-300 գ է։ Սիրտը գտնվում է շարակցահյուսվածքային թաղանթի՝ սրտապարկի մեջ։ Այն պարունակում է քիչ քանակով հեղուկ, որը խոնավացնում է սրտի մակերեսը և կծկման ժամանակ փոքրացնում շփումը։

Մարդու սիրտը քառախորշ է։ Այն միջնապատով բաժանված է իրար հետ չհաղորդակցվող աջ և ձախ կեսերի։ Յուրաքանչյուր կես իր հերթին կազմված է իրար հետ հաղորդակցվող 2 խոռոչներից՝ նախասրտից և փորոքից։ Փորոքների մկանային պատը նախասրտերի համեմատությամբ զգալիորեն հաստ է, հատկապես ձախ փորոքի մկանապատը, քանի որ նա մեծ աշխատանք է կատարում։ Նախասրտերի և փորոքների միջև կան անցքներ, որոնց եզրերին գտնվում են փեղկավոր փականներ։ Դրանք ջլային թելերով ամրացված են փորոքների պատերին պտկաձև մկաններին։ Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմաններում գտնվում են եռափեղկ փականներ (կազմված երեք փեղկից), իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմաններում՝ երկփեղկ փականները։ Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ։ Յուրաքանչյուր կիսալուսնաձև փական կազմված է երեք թերթերից, որոնք գրպանիկների տեսք ունեն։ Գրպանիկների ազատ եզրերն ուղղված են դեպի անոթների լուսանցքը։ Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր։ Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ։ Աորտայի կիսալուսնաձև փականներից վեր դուրս են գալիս սիրտը սնուցող պսակաձև 2 զարկերակներ։

Սրտի գործունեության ուսումնասիրման մեթոդներ

խմբագրել
 
Երակներում արյան շարժումը
 
Զարկերակներում արյան շարժումը
 
63 տարեկան մարդու սիրտ
 
Սրտի կառուցվածքը

Սրտամկանի դրդումն ու կծկումն ուղեկցվում են ձայնային, մեխանիկական և էլեկտրական երևույթներով, որոնց գրանցումը կիրառվում է կլինիկայում։ Այն ախտորոշիչ նշանակություն ունի և հնարավորություն է տալիս սրտի գործունեության խանգարումների առանձնահատկությունները։

Կծկվելիս սիրտն իր դիրքը որոշակիորեն փոխում է կրծքավանդակը։ Այն դառնում է ամուր, կարծր և որոշ չափով թեքվում է իր առանցքի շուրջը՝ ձախից աջ ու հարվածում կրծքավանդակին։ Հինգերորդ միջկողային տարածությունում միջին գծից 1 սմ ձախ այն շոշափոխվում է և կոչվում սրտային հրոց։ Նրա գրանցումը կոչվում է գագաթասրտագրություն։

Սրտի կծկման յուրաքանչյուր փուլ ուղեկցվում է նաև հնչյուններով։ Դրանց առաջացումը կապված է փեղկավոր փականների միաժամանակյա փակման, նրանց ամրացված ջլային թելերի թրթռոցների, կիսալուսնաձև փականների փակման և աորտայի ու թոքային զարկերակի պատերի տատանումների հետ։ Փականների ախտահարումների՝ սրտի արատների դեպքում առաջնում են աղմուկներ, որոնք կարելի է գրանցել հատուկ ձայնասրտագրիչների միջոցով՝ ֆոնոկարդիոգրաֆիա։

Սրտի գործունեության հետևանքով առաջանում են թույլ կենսաէլեկտրական ազդակներ։ Քանի որ մարմինն օժտված է բարձր էլեկտրահաղորդելիությամբ, և սիրտը կրծքավանդակում անհամաչափ են բաշխվում մարմնի մակերեսին։ Դա հնարավորություն է տալիս ձեռքերի, ոտքերի մաշկից և կրծքավանդակի մակերեսից արտածել այդ ազդակները։ Գրանցումը կատարվում է հատուկ սարքով, որը կոչվում է էլեկտրասրտագրիչ, իսկ ստացված գիրը՝ էլեկտրասրտագիր։ Այն արտացոլում է սրտամկանի վիճակը և նրա գործունեության կարևոր ցուցանիշ է։ Ախտաբանական վիճակների դեպքում փոփոխություններ են գրանցվում էլեկտրասրտագրում, որոնցով կարելի է դատել սրտի ինքնավարության, հաղորդելիության, դրդունակության, սրտամկանի արյան շրջանառության անբավարարության մասին։

Սրտային բոլորաշրջան

խմբագրել

Սրտի ֆունկցիան զարկերակների մեջ պարբերաբար արյուն մղելն է, որն իրականանում է նախասրտերի և փորոքների կծկումների ու թուլացումների շնորհիվ։ Սրտային բոլորաշրջանը բաղկացած է միմյանց հաջորդող երեք փուլերից՝ նախասրտերի կծկում, փորոքների կծկում և ընդհանուր դադար։ Սրտային բոլորաշրջանը տևողությունը կախված է սրտի կծկումների հաճախությունից։ Առողջ մարդու սիրտը հարաբերական հանգիստ վիճակում մեկ րոպեում 75 անգամ կծկվելիս սրտային բոլորաշրջանը տևում է 0,8 վրկ, որից 0,4 վրկ կազմում է սրտի ընդհանուր դադարը։

Սրտային բոլորաշրջանը սկսվում է նախասրտերի կծկումով (սիստոլա), որը տևում է 0,1 վրկ։ Այդ ընթացքում փորոքները թուլացած են (դիաստոլա), փեղկավոր փականները բաց, կիսալուսնաձև փականները փակ են։ Նախասրտերի կծկման հետևանքով արյունը լցվում է փորոքներ։ Այնուհետև նախասրտերը թուլանում են, և սկսվում է փորոքների կծկումը, որը տևում է 0,3 վրկ։ Փորոքների կծկման սկզբում փեղկավոր փականները բաց են, կիսալուսնաձև փականները՝ փակ։ Երբ փորոքների բոլոր մկանաթելերը կծկվում են, ճնշումը նրանց խոռոչում աստիճանաբար բարձրանում է, և փեղկավոր փականները փակվում են։ Արյան ճնշումը փորոքների խոռոչում գերազանցում է նախասրտերի ճնշմանը, արյունը ձգտում է վերադառնալ նախասիրտ, սակայն փականների ջլային թելերի պրկումը թույլ չի տալիս փակված փեղկերին շրջվելու։ Երբ փորոքների խոռոչում արյան ճնշումը գերազանցում է աորտայի և թոքային զարկերակի ճնշմանը, կիսալուսնաձև փականները բացվում են, և արյունն ուժգնորեն մղվում է զարկերակների մեջ։ Փորոքների կծկումը փոխարինվում է նրանց թուլացմամբ, որը տևում է 0,5 վրկ։ Կիսալուսնաձև փականները փակվելուց հետո փորոքների ճնշումը սկսում է նվազել, երբ այն մոտենում է 0-ի, բացվում են փեղկավոր փականները, և սկսվում է արյունալցման փուլը։

Փորոքների յուրաքանչյուր կծկման ընթացքում զարկերակների մեջ արտամղվում է 65-70 լիտր արյուն, որը կոչվում է սիտոլային ծավալ։ Հարաբերական հանգիստ վիճակում չափահաս մարդու սիրտը 1 րոպեում կծկվում է 70-75 անգամ, ուստի արյան րոպեական ծավալը կկազմի 4,5-5 լիտր։

Սիստոլային և րոպեական ծավալները հաստատում մեծություններ չեն, դրանք փոխվում են, կախված օրգանիզմի գտնվելու պայմաններից և կատարած աշխատանքից։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում չմարզված մարդու սիրտը մեկ րոպեում արտամղում է 15-20 լիտր, իսկ մարզվածինը՝ 30-40 լիտր արյուն։ Չմարզվածների րոպեական ծավալի մեծացումը կատարվում է սրտի հաճախության, իսկ մարզվածներինը՝ սիստոլային ծավալի մեծացման հաշվին։

Սրտի բարձր աշխատունակության առանձնահատկություններից է նաև նրա արյան մատակարարումը։ Միայն հանգիստ վիճակում 1 րոպեում նա ստանում է 250-300 սմ³ արյուն, իսկ ֆիզիկական գերծանրաբեռնվածության ժամանակ՝ մինչև 2000 սմ³։

Սրտի կծկումների հաճախության արագացման դեպքում կրճատվում է սրտի ընդհանուր դադարի տևողությունը։ Դրանից հետևում է, որ չմարզված մարդկանց սիրտն ունի ավելի քիչ արդյունավետ է աշխատում և շուտ հյուծվում է։ Այդ է պատճառը, որ մարզիկների մոտ սիրտ-անոթային հիվանդություններն ավելի սակավ են առաջանում։

Սրտի ինքնավարություն

խմբագրել

Կենդանի օրգանիզմից մեկուսացված սիրտը ֆիզիոլոգիական լուծույթով սնելիս երկար ժամանակ պահպանում է կծկվելու ունակությունը։

Ինքնավարությունը սրտի պարբերաբար կծկվելու ունակությունն է իր մեջ ծագող ազդակների ազդեցությամբ։ Ինքնավարությունը պայմանավորված է սրտի մկանաթելերի առանձնահատկություններով։ Սրտում կան երկու տեսակ մկանային բջիջներ, որոնք իրարից տարբերվում են ինչպես կառուցվածքով, այնպես էլ ֆիզոլոգիական հատկություններով։ Մկանային բջիջների մի խումբ օժտված է դրդունակությամբ և կծկողունակությամբ, մեկ այլ խումբ չի կծկվում, օժտված է ինքնածին դրդունակությամբ և դրդումը հաղորդելու հատկությամբ։ Այս մկանային բջիջները տեղադրված են սրտի որոշ բաժիններում։ Նրանց այդ կուտակները կոչվում են հանգույցներ, որոնք նյարդային բջիջների հետ կազմում են սրտի հաղորդող համակարգը։ Առավելագույն ինքնավարությամբ օժտված հանգույցը գտնվում է աջ նախասրտում, վերին սիներակի մուտքի մոտ։ Այստեղ առաջացած ազդակները որոշում են սրտի կծկումների ռիթմը և հաղորդում համակարգի մյուս հանգույցներին, որոնց ինքնավարությունն աստիճանաբար նվազում է։

Սիրտ-անոթային համակարգի գործունեության կարգավորումը

խմբագրել

Արյան շրջանառության կարգավորումը տեղի է ունենում նյարդային (ռեֆլեկտոր) և հումորալ (արյուն, ավիշ) ճանապարհով։ Կենտրոնից եկող թափառող և սիմպաթիկ նյարդերը, լայնացնելով կամ նեղացնելով անոթները, փոփոխում են սրտի կծկումների ռիթմը և ուժը, ինչպես նաև անոթների լուսանցքը, հետևաբար՝ մղված արյան քանակն ու ճնշումը։ Նման ազդեցություն են գործում նաև օրգանիզմում առաջացող քիմիական որոշ նյութեր՝ ադրենալինը, վազոպրեսինը, ացետիլխոլինը, հիստամինը։

Սրտի գործունեության կարգավորումը

խմբագրել

Սրտի գործունեության նյարդային կարգավորում

խմբագրել

Սրտի գործունեության փոխվում է կախված օրգանների համակարգերի գործառական վիճակից և այն պայմաններից, որում գտնվում է օրգանիզմը։ Սննդի ընդունումը, արտաքին միջավայրի պայմանների փոփոխությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հուզական վիճակներն առաջացնում են սրտի գործունեության փոփոխություններ։

Օրգանիզմի փոփոխվող պահանջներին սրտի գործունեության հարմարումը տեղի է ունենում նյարդային և հումորալ համակարգերով։ Սրտի գործունեությունը կարգավորող նյարդային կենտրոնները տեղադրված են երկարավուն ուղեղում և ողնուղեղում։ Սրտի կծկումների հաճախականությունը դանդաղեցնող և ուժը թուլացնող ազդակները երկարավուն ուղեղից հաղորդվում են պարասիմպաթիկ թափառող նյարդով։ Այդ նյարդերի ազդեցությունը պայմանավորված է նրանց վերջույթներում արտազատվող միջնորդանյութերով (ացետիլխոլին, նորադրենալին)։

Սրտի գործունեության կարգավորումն իրականանում է նաև ռեֆլեքսային ճանապարհով։ Սրտի խոռոչներում և խոշոր անոթների պատերում գտնվում են ընկալիչներ, որոնք ընդունում են արյան ճնշման տատանումները։ Երբ արյան ճնշումն այդ անոթներում բարձրանում են թափառող նյարդի կենտրոնի լարվածությունը, և դեպի սիրտ գալիս են արգելակող ազդակներ։ Սառը ջրում լողանալիս առաջանում է սրտի աշխատանքի ռեֆլեքսային դանդաղում։ Մաշկի սառնազգաց ընկալիչներից կենտրոնաձիգ նյարդերով գրգիռը հաղորդվում է երկարավուն ուղեղ, որտեղից սրտին հաղորդվում են արգելակող ազդակներ, և սրտի կծկումները դանդաղում են։ Աջ նախասիրտ մտնող արյան քանակության նվազման դեպքում սիմպաթիկ նյարդերով արյան անոթները սեղմվում են, և սրտի աշխատանքն ուժեղանում է։ Սրտի գործունեության վրա ազդում են նաև ցավային գրգիռները, հույզերը և այլն։ Դրական հույզերը բարձրացնում, իսկ բացասական հույզերն իջեցնում են սրտի աշխատունակությունը։ Սրտի գործունեության կարգավորման բարձրագույն կենտրոնները գտնվում են ենթատեսաթմբում և մեծ կիսագնդերի կեղևում։

Սրտի գործունեության հումորալ կարգավորում

խմբագրել
 
Նկարի վերևի հատվածում պատկերված է սրտի հաղորդչական համակարգում գրգռի փոխանցումը` ապաբևեռացման ալիքը (կարմիր գծեր) և դրա շնորհիվ նախասրտերի և փորոքների կծկումները։ Իսկ ներքևում պատկերված է Էլեկտրասրտագրի (ԷՍԳ) ձևավորման հիմնական սկզբունքը` պայմանավորված նախասրտերում և փորոքներում ապաբևեռացման ալիքի տարածմամբ (և ոչ թե արյան հոսքով)
 
Երկարավուն ուղեղ

Սրտի գործունեության հումորալ կարգավորումն իրականացնում են արյան մեջ շրջանառող կենսաբանական ակտիվ նյութերը։ Սրտի աշխատանքն արագացնում են մակերիկամների միջուկային շերտից ներզատվող ադրենալին հորմոնը և պլազմայում գտնվող կալցիումի իոնները։ Դրա համար էլ կլինիկայում սրտի աշխատանքի դադարի ժամանակ անմիջապես սրտի մեջ ներարկում են ադրենալին։ Սրտի գործունեությունը դանդաղեցնում են ացետիլխոլինը, կալիումի իոնները, թթվածնի անբավարարությունը։

Նյարդային և հումորալ կարգավորումներն ապահովում են սրտի գործունեության հարմարումը օրգանիզմի պահանջներին և շրջապատող միջավայրի փոփոխվող պայմաններին։

Արյան շրջանառության խանգարումներ

խմբագրել
 
Արյան շրջանառությունը տաք և սառը ջերմաստիճանային պայմաններում

Արյան շրջանառության խանգարումներն առաջանում են սիրտ-անոթային համակարգի և նրա նյարդային կարգավորման ախտահարումների հետևանքով։ Արյան շրջանառության խանգարումները լինում են տեղական և ընդհանուր։ Առաջինի դեպքում խախտվում է օրգանիզմի որևէ մասի կամ օրգանի (օրինակ, վերջույթների, սրտամկանի, գլխուղեղի) արյունամատակարարումը, որի պատճառներն են՝ աթերոսկլերոզը, արյունատար անոթների բորբոքումներն ու խցանումը։ Տեղական խանգարումների ժամանակ կարող են առաջանալ սրտամկանի կամ այլ օրգանի ինֆարկտ, ապոպլեքսիա և այլն։ Արյան շրջանառության ընդհանուր խանգարումների դեպքում խախտվում է ամբողջ օրգանիզմի արյունամատակարարումը, որը կարող է պայմանավորված լինել սրտի (սրտային անբավարարություն) և անոթների (անոթային անբավարարություն) գործունեության խանգարմամբ։

Սրտային անբավարարության պատճառներն են․ սրտի (փականների արատներ, սրտամկանի ախտահարում), երիկամների, թոքերի, ինչպես նաև հիպերտոնիկ հիվանդությունները։ Սրտային անբավարարությունն արտահայտվում է հևոցով, սրտխփոցով, հազով, այտուցներով, կապտուկով, ջրգողությամբ։ Անոթային անբավարարությունը զարգանում է սուր վարակիչ հիվանդությունների, արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ և հետևանք է արյան շրջանառությունը կարգավորող նյարդային համակարգի գործունեության խանգարման։ Անոթային անբավարարությունից լայնանում են արյունատար անոթները, ընկնում է արյան ճնշումը, հոսքի արագությունը խիստ դանդաղում է (շոկ, կոլապս

Արյան ճնշում

խմբագրել

Արյունը շրջանառություն կատարելիս որոշակի ճնշում է գործադրում անոթների պատերի վրա։ Այն պայմանավորված է սրտի կծկման ուժով, անոթային համակարգ մղվող արյան քանակով, արյունատար անոթների պատերի դիմադրությամբ, արյան մածուցիկությամբ։ Որքան անոթը մոտ է սրտին, այնքան ճնշումը նրանում մեծ է։ Սրտի փորոքների կծկման ժամանակ առաջացող անոթային ճնշումը կոչվում է զարկերակային առավելագույն ճնշում, իսկ թուլացման ժամանակ՝ զարկերակային նվազագույն ճնշում։ Բնականոն պայմաններում չափահաս մարդու զարկերակային առավելագույն ճնշումը կազմում է 110-120 մմ ս.ս., իսկ նվազագույնը՝ 70-80 մմ ս.ս.։

Ամենաբարձր ճնշումն աորտայում է։ Երբ արյունը շարժվում է անոթային համակարգով, ճնշումն աստիճանաբար նվազում է և ամենափոքր մեծության հասնում վերին ու ստորին երակներում։ Դա բացատրվում է նրանով, որ սրտի զարգացրած էներգիան ծախսվում է արյան հոսքի դիմադրությունը հաղթահարելու համար։

Արյունատար համակարգի տարբեր մասերում եղած ճնշումների տարբերությունն ապահովում է արյան անընդհատ հոսքն անոթներով՝ բարձր ճնշումից դեպի ցածր ճնշումը։

Բնականոն պայմաններում շրջանառու արյան քանակն ու ճնշումն աննշան են փոխվում։ Սակայն արյունահոսությունների ժամանակ, երբ քչանում է շրջանառու արյան ծավալը, պակասում է սիրտ ներհոսող և արտամղվող արյան քանակը, զարկերակային ճնշումը նվազում է։ Օրգանիզմը հակազդում է արյան ճնշման իջեցմանը։ Ռեֆլեքսային ճանապարհով սեղմվում են անոթները, շատանում է անոթասեղմիչ նյութերի (ադրենալին) արտազատումը, պահուստային օրգաններում (փայծաղ, լյարդ) կուտակված արյունն անցնում է արյունատար հուն։

Արյան ճնշման ինքնակարգավորում

խմբագրել

Առողջ մարդկանց արյան ճնշումը պահպանվում է համեմատաբար հաստատուն մակարդակի վրա։ Սակայն ֆիզիկական ծանրաբեռնվածության, լարված իրավիճակների, ուժեղ հուզմունքների դեպքում արյան ճնշումը բարձրանում է։ Արյան ճնշման վերականգնումը ելակետային մակարդակի իրականանում է ինքնակարգավորման մեխանիզմով։ Խոշոր զարկերակների պատերում գտնվող ճնշաընկալիչներից ազդակները հաղորդվում են երկարավուն ուղեղ՝ սրտի և անոթների լուսանցքը կարգավորող նյարդային կենտրոններ։ Դեպի սիրտ եկող նյարդային ազդակները դանդաղեցնում են կծկումների հաճախությունը, իսկ դեպի անոթներ հաղորդող ազդակները լայնացնում են վերջիններին, և ճնշումը նվազում է։ Արյան ճնշման անկման դեպքում ինքնակարգավորող մեխանիզմներն ուժեղացնում են սրտի աշխատանքը և սեղմում անոթները։

Արյան ճնշման կարգավորման մեխանիզմների խանգարումների հետևանքով առաջանում են արյան ճնշման տատանումներ։ Արյան ճնշման բարձրացումը կոչվում է հիպերտոնիա, իջեցումը՝ հիպոտոնիա։

Սովորաբար արյան ճնշումը որոշում են հատուկ սարքի միջոցով, որն անվանում են ճնշաչափ (տոնոմետր)։

Արյան ճնշման չափումը

խմբագրել

Զարկերակային արյան ճնշումը չափվում է ճնշաչափի օգնությամբ։ Ավելի հարմար է չափել բազկի զարկերակի արյան ճնշումը։ Բազկին կապվում է ռետինե թևքածալ, որը միացված է ռետինե տանձակին և ճնշաչափին։ Թևքածալի մեջ ռետինե տանձիկով օդ է ներմղվում մինչև զարկերակային անոթը սեղմվի և արյան հոսքը դադարի։ Ապա պտուտակի միջոցով օդը թևքածալից աստիճանաբար դուրս է մղվում, որի հետևանքով ճնշումը նվազում է, սեղմված անոթի լուսանցքը բացվում է, արյունը սկսում է հոսել և առաջանում է ձայն։ Այդ պահը համապատասխանում է առավելագույն ճնշմանը։ Աստիճանաբար ձայներն ուժեղանում են, ապա թուլանում և անոթի լուսանցքի լրիվ բացվելուն զուգընթաց անհետանում։ Ձայնի անհետացման պահը համապատասխանում է նվազագույն ճնշմանը։

Անոթազարկ

խմբագրել

Մարմնի այն տեղերում, որտեղ խոշոր զարկերակները գտնվում են մակերեսի մոտ, օրինակ քունքի, դաստակի, պարանոցի վրա, կարելի է շոշափել անոթների պատերի պարբերական տատանումներ։ Դա զարկերակային անոթազարկն է։ Նրա ալիքի տարածման արագությունը 6-10 մ/վրկ է։ Տարիքի մեծացման զուգընթաց, անոթների պատերի առաձգականության անկման հետևանքով, անոթազարկի տարածման արագությունը մեծանում է։ Հանգիստ պայմաններում չափահաս մարդու անոթազարկի հաճախականությունը մեկ րոպեում հավասար է 60-80 հարվածի։ Եթե սրտամկանը մարզված է և ուժեղ, ապա անոթազարկի հաճախականությունը կարող է ցածր լինել՝ 50-55 հարված մեկ րոպեում։ Դա բացատրվում է նրանով, որ մարզված մարդու սրտամկանը յուրաքանչյուր մեկ կծկման պահին ավելի շատ արյուն է մղում հյուսվածքներ, քան չմարզվածինը։ Ֆիզիկական աշխատանքի ժամանակ անոթազարկի հաճախականության չափից ավելի մեծացումը կարող է վկայել հիվանդագին վիճակի մասին։

Ձախ փորոքի յուրաքանչյուր կծկման ժամանակ ճնշումն աորտայում բարձրանում է, և նրա պատերի տատանումները տարածվում են մինչև ամենափոքր զարկերակները։ Անոթազարկն անհետանում է մազանոթներում։

Զարկերային անոթազարկը անոթների պատերի պարբերական տատանումներն են, որոնք առաջանում են արյան ճնշման փոփոխությունների հետևանքով, սրտի կծկումների ռիթմին համապատասխան։ Անոթազարկը համապատասխանում է սրտի յուրաքանչյուր կծկմանը։ Ուստի անոթազարկով կարելի է որոշել սրտի կծկումների հաճախությունը և անոթների վիճակը։ Այս մեթոդը լայն կիրառություն ունի բժշկության մեջ և առօրյա կյանքում։

Արյան հոսքի արագություն

խմբագրել

Արյան շարժումն անոթներով ունի իր առանձնահատկությունները։ Դրանցից է արյան հոսքի անընդհատությունը։ Արյունը սրտից անոթներ է մղվում միայն փորոների կծկման պահին, սակայն աորտայի և խոշոր զարկերակների պատերի առաձգականության շնորհիվ արյան հոսքը դառնում է անընդհատ։ Մյուս առանձնահատկությունն արյան միակողմանի հոսքն է, որին նպաստում են փակային ապարատը և անոթային հունի սկիզբում ու վերջում եղած ճնշումների տարբերությունը։

Արյունատար հունի տարբեր մասերով արյունը հոսում է տարբեր արագությամբ, որը կախված է անոթների պատերի ցուցաբերած դիմադրությունից և անոթների լուսանցքի գումարային մակերեսից։ Որքան մեծ է անոթների կտրվածքի գումարային մակերեսը, այնքան փոքր է արյան հոսքի արագությունը։

Արյունատար համակարգի ամենանեղ անոթն աորտան է, որտեղ արյան հոսքի արագությունն ամենամեծն է։ Այն հավասար է 0,5 մ/վրկ։ Չնայած յուրաքանչյուր զարկերակ աորտայից նեղ է, սակայն բոլոր զարկերակների լուսանցքների գումարը նշանակալիորեն մեծ է, ուստի նրանցում արյան հոսքի արագությունը ավելի փոքր է։

Արյունատար հունի ամենալայն հատվածը մազանոթներն են։ Բոլոր մազանոթների գումարային լուսանցքը 500-600 անգամ գերազանցում է աորտայի լայնական կտրվածքին, ուստի արյան հոսքի արագությունն ամենափոքրն է՝ 0,5 մմ/վրկ։ Երակներում արյունատար հունի նեղացման հետևանքով արյան շարժման արագությունը մեծանում է և կազմում 20 սմ/վրկ։

Արյան շարժման առանձնահատկությունները երակներում

խմբագրել

Երակներն արյան արտատար անոթներն են, որոնք հյուսվածքներից հեռացնում են ածխաթթու գազը և նյութափոխանակության այլ արգասիքներ։ Նրանց պատերն ունեն թույլ առաձգականություն, փափուկ են և հեշտությամբ սեղմվում են։ Երակներով են պայմանավորված արյան շրջանառության ողջ համակարգի տարողունակությունը, սիրտ հոսող արյան քանակի մեծությունը, սրտի րոպեական ծավալը։ Երակներով արյան շարժմանը նպաստում են թոքամզային խոռոչի բացասական ճնշումը, կմախքային մկանների կծկումները, որի հետևանքով սեղմվում են նրանց միջով անցնող անոթները։ Դրա հետևանքով երակներում ճնշումը բարձրանում է, իսկ փականները խոչընդոտում են արյան հետհոսքը, և արյունն ուղղվում է դեպի սիրտ։ Քայլելիս ոտքի մկանների կծկումներն ուժեղացնում են արյան շարժումը երակներով։ Եթե մարդը երկար ժամանակ կանգնում է անշարժ, ապա ոտքի երակներում ճնշումը մեծանում է, և առաջանում է այտուցվածություն։ Դրա համար անհրաժեշտ է պարբերաբար շարժողական վարժություններ կատարել։

Արյան վերաբաշխում

խմբագրել

Այն օրգանները, որոնք ավելի շատ աշխատանք են կատարում, ստանում են ավելի մեծ քանակի արյուն։ Քանի որ տարբեր պայմաններում օրգանների գործունեության փոխվում է, ուստի տեղի է ունենում արյան վերաբաշխում։ Ընդ որում՝ աշխատող օրգանն ուժգնորեն մատակարարվում է արյամբ՝ ի հաշիվ մարմնի մյուս մասերում արյան մատակարարման քչացման։ Անոթներն օժտված են նեղանալու և լայնանալու հատկությամբ, որով իրականացվում է արյան վերաբաշխումը։ Արյան ընդհանուր կայուն քանակի դեպքում աշխատող օրգանն ավելի լավ է մատակարարվում արյամբ։ Այսպես՝ աշխատող մկանում արյան մատակարարումը 50 անգամ ավելանում է չաշխատող մկանի համեմատությամբ։

Անոթների լայնացումը և նեղացումը կատարվում է նրանց պատերի հարթ մկանների միջոցով, որոնք նյարդավորվում են անոթալայնիչ և անոթասեղմիչ նյարդաթելերով։

Արյունատար անոթների լարվածության նյարդահումորալ կարգավորում

խմբագրել

Բոլոր արյունատար անոթները, բացառությամբ մազանոթների, կազմված են հարթ մկաններից։ Սիմպաթիկ նյարդերը հանդիսանում են անոթների լարվածությունը կարգավորող նյարդային կենտրոնը գտնվում է երկարավուն ուղեղում։ Անոթասեղմիչ նյարդերով եկող ազդակները կծկվում են անոթների հարթ մկանները, նեղացնում զարկերակների լուսածերպը, որի հետևանքով նվազում է օրգանի արյան մատակարարումը։ Անոթասեղմիչ նյարդերով հաղորդվող ազդակների նվազման դեպքում անոթների լարվածությունը թուլանում է, և նրանք լայնանում են։ Անոթասեղմիչ նյարդերից բացի որոշ անոթներ նյարդավորված են նաև պարասիմպաթիկ նյարդերով, որոնց գրգռումն առաջացնում է անոթների լայնացում և ուժեղացնում արյան ներհոսքը օրգան։

Կենսաբանորեն ակտիվ նյութերից ադրենալինը նեղացնում է անոթների մեծ մասը, բացառությամբ սիրտ սնուցող պսակաձև անոթների, ուղեղի և կմախքային մկանների անոթների։ Անոթասեղմիչ հատուկ նյութ է արտադրվում երիկամներում։ Անոթների լուսանցքը լայնացնում են թթվածնի անբավարարությունը,ածխաթթու գազի ավելցուկը, նյութափոխանակության որոշ միջանկյալ արգասիքներ։

Առաջին օգնությունը արյունահոսությունների դեպքում

խմբագրել

Մարդու արյունատար համակարգում արյան քանակը միջին հաշվով 5 լ է, ընդ որում հասուն մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի 7-8 %-ը, նորածնի մոտ՝ 15 %։ Արյունահոսության պատճառ կարող են լինել արյունատար անոթների պատերի վնասումը, տարբեր հիվանդությունների դեպքում նրանց թափանցելիության բարձրացումը, արյան մակարդման խանգարումը։ Արյան կորստի դեպքում զարկերակային ճնշումն ընկնում է, խանգարվում է արյան շրջանառությունը, գլխուղեղին, սրտին և մյուս օրգաններին թթվածնի ու սննդանյութերի մատակարարումը։ Արյան ծավալի 1/3 ավելի կորուստը վտանգավոր է կյանքի համար, իսկ 2-2,5 լ արյան կորուստը՝ մահացու։

Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։

Մազանոթային արյունահոսության առանձնահատկությունն այն է, որ արյունահոսում է վնասված ողջ մակերեսը։ Քանի որ մազանոթներով արյունը դանդաղ է հոսում, ոչ բարձր ճնշմամբ, ուստի այն հեշտ է կանգնեցնել։ Վերքը մշակում են յոդի թուրմով, վրան դնում մաքուր վիրակապ, որը օրգանիզմը պաշտպանում է մանրէների ներթափանցումից և նպաստում արյան արագ մակարդմանը։

Երակային արյունահոսության դեպքում արյունը հոսում է հավասարաչափ, անընդհատ, գույնը մուգ է, որը պայմանավորված է ածխաթթու գազի մեծ պարունակությամբ։ Երակներում արյան հոսքի արագությունը համեմատաբար մեծ է։ Վնասված երակից արագ հոսելով, արյունը լվանում տանում է մակարդման ժամանակ առաջացած մակարդուկները։ Կարճ ժամանակում մարդը կարող է կորցնել մեծ քանակով արյուն, որը վտանգավոր է կյանքի համար։ Երակների վնասվածքներն ամենից հաճախ առաջանում են վերջույթներում։ Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է վնասված վերջույթը բարձրացնել վերև, որպեսզի պակասի արյան ներհոսքը, և արյունահոսությունը դադարի։ Երակային փոքր արյունահոսությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է վերքին դնել սեղմիչ վիրակապ, որը սեղմում է վնասված անոթի փափուկ պատերը, նպաստում արյան մակարդուկի առաջացմանը և արգելում արյան հոսքը։

Զարկերակային արյունահոսություններն ավելի հազվադեպ են հանդեպում, բայց խիստ վտանգավոր են կյանքի համար։ Այդ արյունահոսությանը բնորոշ է վերքից շատրվանող ալ կարմիր գույնի արյան շիթը։ Քանի որ զարկերակների պատերը ամուր են, սեղմիչ վիրակապը հազվադեպ է արյունը դադարեցնում։ Դրա համար անհրաժեշտ է վերջույթն առավելաչափ ծալել (ծնկային կամ արմնկային հոդում), ապա ամրացնել վիրակապով։ Խոշոր զարկերակների արյունահոսության դեպքում մատով սեղմել անոթը վերքից վերև, երբ արյունահոսությունը կքչանա, դնել ռետինե խողովակ կամ քուղ։ Նախքան քուղը դնելը, նյարդերը և մաշկը չվնասելու համար, վերքի վրա դնել մի կտոր գործվածք։ Քուղը դնել վնասված մասից վեր և ձգել, որպեսզի հյուսվածքները և անոթների պատերը սեղմվեն։ Արյունահոսությունը դադարելիս անոթազարկը չի շոշափվում, և վերջույթը գունատվում է։ Եթե տուժածին երկու ժամվա ընթացքում չտեղափոխեն հիվանդանոց, անհրաժեշտ է քուղը թուլացնել, որպեսզի հյուսվածքները չմահանան։

Քթային արյունահոսություններ։ Քթային արյունահոսությունների պատճառ կարող են լինել գլխի վնասվածքը, արյան ճնշման բարձրացումը, մարմնի գերտաքացումը։ Քթի արյունահոսության դեպքում արյունը կարող է լցվել բերանի խոռոչ, որից առաջանում է հազ, երբեմն՝ փսխումներ։ Արագ, կտրուկ շարժումները, որոնք առաջանում են հազի, փռշտոցի ժամանակ, ուժեղացնում են արյունահոսությունը։ Արյունահոսության մեղմացման համար անհրաժեշտ է քթի խոռոչ մտցնել ջրածնի պերօքսիդով կամ սառը աղաջրով թրջված բամբակ, պահել 3-5 րոպե, գլուխը պետք է ուղղված լինի հետ։ Եթե արյունահոսությունը չի դադարում, պետք է հրավիրել բժիշկ։

Սիրտ-անոթային համակարգի հիգիենան

խմբագրել

Առողջ սիրտն օրգանիզմի բնականոն գործունեության կարևոր պայմանն է։ Սպորտով, ֆիզիկական աշխատանքով պարբերաբար զբաղվելը ուժեղացնում է, կոփում սրտամկանը, նպաստում ձախ փորոքի մկանապատի հաստացմանը։ Դեռահասների արյունատար անոթների ցանցն իր զարգացման աստիճանով հետ է մնում սրտից։ Ուստի դեռահասներին ֆիզիկական աշխատանքով ծանրաբեռնելիս սիրտը լրացուցիչ ճիգեր է գործադրում անոթների նեղ լուսանցքով արյուն մղելու համար։ Տարիքին համապատասխան թեթև աշխատանքից ծանրին անցնելիս պետք է պահպանել աստիճանականություն։

Ծխելն և սպիրտային խմիչքների չարաշահումն առաջանում են սիրտ-անոթային համակարգի ախտահարումներ։Ծխախոտի ծուխը պարունակում է շուրջ 300 թունավոր նյութեր՝ նիկոտին, ածխաթթու գազ և ուրիշ։ Նիկոտինը սեղմում է արյունատար անոթները, բարձրացնում արյան ճնշումը,արագացնում արյան մակարդումը։ Յուրաքանչյուր ծխած գլանակից հետո անոթները նեղանում են շուրջ 30 րոպե, որի հետևանքով դժվարանում է արյան շրջանառությունը։ Ալկոհոլն արյուն է անցնում օգտագործելուց մի քանի րոպե հետո և շրջանառում է 5-7 ժամ։ Այն գրգռում է նյարդային համակարգը, սեղմում է սրտի պսակաձև անոթները, որի պատճառով սրտամկանն անբավարար քանակով թթվածին և սննդանյութեր է ստանում։ Ծխող և ալկոհոլ գործածող մարդիկ հաճախ են ունենում սրտի և անոթների ջղակծկումներ, սրտային ծանր նոպաներ։

Թերշարժունությունը վնասակար ազդեցություն ունի օրգանիզմի ընդհանուր վիճակի, այդ թվում սիրտ-անոթային համակարգի վրա։ Երկարարտև թերշարժունությունը նպաստում է անոթների լուսանցքի կարգավորման և արյան վերաբաշխման խանգարմանը, ճարպակալմանը, իջեցնում է օրգանիզմի դիմացկունությունը, աշխատունակությունը։

Սիրտ-անոթային հիվանդություններից հաճախ հանդիպում է «կրծքային հեղձուկը», որն անվանում են ստենոկարդիա։ Այն դրսևորվում է ծանր ցավային նոպաներով, հատկապես կրծքավանդակի կամ ձախակողմյան մասում։ Որոշ դեպքերում ցավը տարածվում է ձախ ձեռքի ուղղությամբ։ Ցավային նոպաները սովորաբար տևում են մի քանի րոպե, ուղեկցվում օրգանիզմի ընդհանուր թուլությամբ և վախի զգացումով։ Ստենոկարդայի պատճառը սիրտը սնուցող պսակաձև զարկերակների նեղացումն է, որից և պակասում է սրտի որոշ մասերում արյան մատակարարումը։ Եթե սրտամկանի տվյալ տեղամասում արյան մատակարարումը երկարատև է դադարում ապա այդ տեղամասի հյուսվածքը մահանում է, և առաջանում է մեռուկ (ինֆարկտ)։ Ինֆարկտը և սրտի այլ ախտահարումները հայտնաբերվում են սրտագրի միջոցով, որը արտահայտվում է սրտամկանի էլեկտրական ակտիվությունը։

Ստենոկարդիայի նոպաների ժամանակ անհրաժեշտ է հիվանդի հանգիստ վիճակ, որովհետև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է խիստ վատացնել հիվանդության ընթացքը։ Անհրաժեշտ է նաև հիվանդին տալ դեղամիջոցներ, որոնք լայնացնում են սրտի անոթները։ Սիրտ-անոթային որոշ հիվանդությունների դեպքում արյան ճնշումը խիստ բարձրանում է։ Հիվանդն ունենում է տաքության զգացողություն, դեմքի մաշկը կարմրում է, արագանում է սրտի զարկերի թիվը, և սրտի շրջանում առաջանում են ծակող բնույթի ցավեր, որոնք երբեմն ուղեկցվում են սրտխառնությամբ և փսխումով։

Այդպիսի հիանդներին առաջին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է հիվանդին պառկեցնել անկողնում և տալ բժշկի առաջարկված դեղամիջոցները։ Խորհուրդ չի տրվում օգտագործել մեծ քանակությամբ հեղուկներ, չարաշահել կենդանական ճարպի օգտագործումը։ Խիստ արգելվում է ծխել և սպիրտային խմիչքներ օգտագործել։

Սրտի և անոթների հիվանդությունների կանխարգելումը

խմբագրել

Մարդու առողջությունը մեծ չափով կախված է օրգաններին արյան չափավոր մատակարարումից։ Դրա համար չափազանց կարևոր է կատարել կանոնավոր ֆիզիկական աշխատանք։ Ֆիզիկական աշխատանքը, ֆիզկուլտուրան և սպորտը զարգացնում են ոչ միայն կմախքային մկանները, այլև սրտամկանը։ Որքան մարզված է սրտամկանը, այնքան շատ արյուն կարող է մղվել անոթային համակարգ միավոր ժամանակում։ Ֆիզիկական աշխատանքի և կանոնավոր մարզումների հետ զուգընթաց լայնանում են սիրտը սնող անոթները։ Չմարզված մարդու սրտի աշխատանքը հանգստի պայմաններում լիովին բավարարում է օրգան-համակարգերի պահանջի։ Սակայն ֆիզիկական գերծանրաբեռնվածության դեպքում սրտի կծկումների ուժը մեծանում է, կծկումները դառնում են ավելի հաճախակի։ Դա բերում է սրտամկանի հոգնածության, նրա կծկումները գնալով թուլանում են, և անոթային համակարգ մղված արյունը չի բավարարում օրգանների պահանջին, որից զարգանում է սրտային անբավարարություն։ Մարզումները ցանկալի է կատարել թարմ օդում պարբերաբար, որը կարևոր նախապայման է սրտային հիվանդությունների կանխարգելման համար։

Արյան շրջանառության կարգավորում

խմբագրել

Արյան շրջանառության կարգավորումը տեղի է ունենում նյարդային (ռեֆլեկտոր) և հումորալ (արյուն, ավիշ) ճանապարհով։ Կենտրոնից եկող թափառող և սիմպաթիկ նյարդերը, լայնացնելով կամ նեղացնելով անոթները, փոփոխում են սրտի կծկումների ռիթմը և ուժը, ինչպես նաև անոթների լուսանցքը, հետևաբար՝ մղված արյան քանակն ու ճնշումը։ Նման ազդեցություն են գործում նաև օրգանիզմում առաջացող քիմիական որոշ նյութեր՝ ադրենալինը, վազոպրեսինը, ացետիլխոլինը, հիստամինը։ Արյան շրջանառության խանգարումներն առաջանում են սիրտ-անոթային համակարգի և նրա նյարդային կարգավորման ախտահարումների հետևանքով։ Արյան շրջանառության խանգարումները լինում են տեղական և ընդհանուր։ Առաջինի դեպքում խախտվում է օրգանիզմի որևէ մասի կամ օրգանի (օրինակ, վերջույթների, սրտամկանի, գլխուղեղի) արյունամատակարարումը, որի պատճառներն են՝ աթերոսկլերոզը, արյունատար անոթների բորբոքումներն ու խցանումը։ Տեղական խանգարումների ժամանակ կարող են առաջանալ սրտամկանի կամ այլ օրգանի ինֆարկտ, ապոպլեքսիա և այլն։ Արյան շրջանառության ընդհանուր խանգարումների դեպքում խախտվում է ամբողջ օրգանիզմի արյունամատակարարումը, որը կարող է պայմանավորված լինել սրտի (սրտային անբավարարություն) և անոթների (անոթային անբավարարություն) գործունեության խանգարմամբ։ Սրտային անբավարարության պատճառներն են․ սրտի (փականների արատներ, սրտամկանի ախտահարում), երիկամների, թոքերի, ինչպես նաև հիպերտոնիկ հիվանդությունները։ Սրտային անբավարարությունն արտահայտվում է հևոցով, սրտխփոցով, հազով, այտուցներով, կապտուկով, ջրգողությամբ։ Անոթային անբավարարությունը զարգանում է սուր վարակիչ հիվանդությունների, արյան մեծ կորուստների, վնասվածքների ժամանակ և հետևանք է արյան շրջանառությունը կարգավորող նյարդային համակարգի գործունեության խանգարման։ Անոթային անբավարարությունից լայնանում են արյունատար անոթները, ընկնում է արյան ճնշումը, հոսքի արագությունը խիստ դանդաղում է (շոկ, կոլապս

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք։ Ն. Կ. Լիսենկով, Վ. Խ. Բուշկովիչ, Մ. Գ. Պրիվես։ Լույս հրատարակչություն։ Երևան 1974
  • Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ։ Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Դ. Ն. Խուդավերդյանի և Վ. Բ. Ֆանարջյանի խմբագրությամբ։ Երևան, 1998։
  • Лищук В.А. Математическая теория кровообращения. — 1991.
  • И. П. Павлов «Лекции по физиологии кровообращения 1912—1913 г.г.». «Познавательная книга плюс», 2002

Արտաքին հղումներ

խմբագրել
Տես՝ արյան շրջանառություն Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արյան շրջանառություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 100