Ինֆարկտ (լատին․՝ infarcire - դաջել, նախշել), օրգանում կամ հյուսվածքում մեռուկի օջախ, որը ծագում է անբավարար արյունամատակարարման հետևանքով դեպի տվյալ օջախ։ Ուստի ինֆարկտն անվանում են նաև անոթային կամ իշեմիկ մեռուկ։ Ըստ էության ինֆարկտը իշեմիայի հետևանք է և նրա ծայրագույն արտահայտությունը։ Այն կարող է առաջանալ զարկերակի խցանման, պատռվածքի, մեխանիկական սեղմումի կամ անոթասեղմման հետևանքով։

Մարդն ինֆարկտի ժամանակ (գեղանկար)

Ինֆարկտի տեսքը և նրա կազմությունը կարող են տարբեր լինել։

Հաճախ ինֆարկտները լինում են սեպաձև։ Սեպի հիմն ուղղված է պատիճի կողմը, սուր մասը՝ օրգանի դրունքի կողմը։ Այս ձևի ինֆարկտները առաջանում են փայծաղում, երիկամներում, թոքերում, որոշվում է այդ օրգանների անոթակերտվածքով՝ դրանց զարկերակների ճյուղավորումով՝ գլխավոր տիպով։ Հազվադեպ ինֆարկտներն ունենում են անկանոն ձև։ Այդպիսի ինֆարկտները հանդիպում են սրտում, ուղեղում, աղիներում, այսինքն՝ որտեղ գերակշռում է զարկերակների ոչ թե գլխավոր, այլ ճյուղավորման խառը կամ ցրիվ տիպը։ Ինֆարկտը կարող է ընդգրկել օրգանի մեծ մասը կամ օրգանն ամբողջությամբ կամ հայտնաբերվում է մանրադիտակի տակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 370