Արյունատար անոթներ
Արյան անընդհատ շարժումն անոթների փակ համակարգով կոչվում է արյան շրջանառություն։ Արյան շրջանառության համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։ Այդ համակարգի հիմնական դերն օրգանիզմին ու հյուսվածքներին արյան մատակարարումը և արյան ֆունկցիայի իրականացումն է։
Սիրտն արյան շրջանառության կենտրոնական օրգան է, որն արյունը մղում է անոթներ, ապահովում նրա շարժումը և վերադարձը դեպի սիրտ։ Սրտի աշխատանքի դադարից մարդը մահանում է, որովհետև ընդհատվում է օրգաններին ու հյուսվածքներին թթվածնի, սննդանյութերի մատակարարումը և նյութափոխանակության արգասիքների հեռացումը։
Արյունատար անոթների կառուցվածքը և ֆունկցիաները
խմբագրելԱրյունատար անոթների պատերը, բացառությամբ մազանոթների, եռաշերտ են։ Ներքին շերտը կազմված է հարթ էպիթելային բջիջներից, միջինը՝ առաձիգ թելերից և հարթ մկանահյուսվածքից, որոնց կծկման շնորհիվ փոխվում է արյունատար անոթի լուսանցքը։ Արտաքին շերտը կազմված է փուխր շարակցական հյուսվածքից։ Այդ շերտով անցնում են անոթների լուսանցքը կարգավորող նյարդերը։
Ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի անոթները բաժանվում են զարկերակների, երակների և մազանոթների։
Զարկերակներ
խմբագրելԶարկերակներն այն անոթներն են, որոնցով արյունը հոսում է սրտից։ Նրանք ունեն ամուր, համեմատաբար հաստ պատեր, որոնք պարունակում են մեծ քանակով հարթ մկանաբջիջներ և առաձիգ տարրեր, որոնց շնորհիվ լայնանում և դիմանում են բարձր ճնշմանը։ Զարկերակներով հոսում է թթվածնով հարուստ արյուն։ Բացառություն են կազմում թոքային զարկերակները, որոնցով հոսում է երակային արյուն։
Երակներ
խմբագրելԵրակներն արյունը տանում են դեպի սիրտ։ Նրանց պատերը նույնպես եռաշերտ են, սակայն առաձիգ և մկանային տարրեր ավելի քիչ են պարունակում, որի հետևանքով քիչ ճկուն են և հեշտությամբ սեղմվում են։ Ի տարբերություն զարկերակների, երակների պատերում կան գրպանիկներ հիշեցնող փականներ։ Այդ փականները բացվում են դեպի սիրտ և կանխում արյան հետհոսքը։
Մազանոթներ
խմբագրելՄազանոթները նուրբ և բազմաքանակ անոթներ են։ Նրանց պատերը կազմված է շարակցահյուսվածքային թիթեղից և հարթ էնդոթելային բջիջների մեկ շերտից։ Մազանոթների պատը ունի մեծ թափանցելիություն։ Արյան պլազմայում լուծված նյութերը և թթվածինը մազանոթների պատով անցնում են հյուսվածքային հեղուկի, իսկ այնտեղից՝ բջիջների մեջ։ Բջիջների կենսագործունեության արգասիքները հյուսվածքային հեղուկից՝ մազանոթների պատով ներծծվում են արյան մեջ։ Մազանոթներ կան գրեթե բոլոր օրգաններում, բացառություն են կազմում վերնամաշկը, եղունգները, աչքի եղջերաթաղանթը, ոսպնյակը, ատամի էմալը։ Մազանոթների ընդհանուր քանակը մոտավորապես 40 միլիարդ է, իսկ երկարությունը՝ շուրջ 100000 կմ։ Հանգիստ վիճակում գործում է մազանոթների 20-30%, իսկ ֆիզիկական լարված աշխատանքի ժամանակ՝ մոտավորապես 60%-ը։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք։ Ն. Կ. Լիսենկով, Վ. Խ. Բուշկովիչ, Մ. Գ. Պրիվես։ Լույս հրատարակչություն։ Երևան 1974
- Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ։ Դասագիրք բարձրագույն ուսումնական հաստատությունների համար։ Դ. Ն. Խուդավերդյանի և Վ. Բ. Ֆանարջյանի խմբագրությամբ։ Երևան, 1998։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 103)։ |