Արդարադատության միջազգային դատարան
Արդարադատության միջազգային դատարան, (կրճատ ԱՄԴ, սովորաբար անվանում են Համաշխարհային Դատարան)[3] ՄԱԿ-ի ( Միավորված ազգերի Կազմակերպություն) հիմնական դատական մարմիններից մեկն է։ Այն լուծում է անդամ պետությունների միջև ծագած իրավական վեճերը և տալիս է խորհրդատվական եզրակացություններ ՄԱԿ-ի լիազորված մարմիններին և մասնագիտացված գործակալություններին։ Այն բաղկացած է 15 դատավորներից, որոնք ընտրվում են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի և Անվտանգութան Խորհրդի կողմից ինը տարի ժամկետով։ Դատարանը տեղակայված է Հաագայում՝ Խաղաղության պալատում (Նիդեռլանդներ)[4]։
Արդարադատության միջազգային դատարան | |
---|---|
Տեսակ | Միջազգային դատական մարմիններ և principal organ of the United Nations? |
Երկիր | Նիդերլանդներ |
Հապավում | ICJ |
Հիմնադրված | 1945 |
Լուծարված | գործող |
Գլխադասային գրասենյակ | Հաագա, Նիդերլանդներ |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն և ֆրանսերեն |
Գլխավոր քարտուղար | Nawaf Salam?[1] |
Վերադաս կազմակերպություն | Միավորված ազգերի կազմակերպություն |
Կամավորներ | 15[2] |
Կայք | www.icj-cij.org |
52°05′11″ հս․ լ. 4°17′43″ ավ. ե.HGЯO |
- Այս հոդվածը ՄԱԿ-ի դատական մարմնի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ԱՄԴ (այլ կիրառումներ)։
Գործունեություն
խմբագրելԴատարանը հիմնադրվել է 1945 թվականին ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և 1946 թվականին սկսել է իր գործունեությունը որպես Միջազգային արդարադատության մշտական պալատի իրավահաջորդ։ Միջազգային դատարանի կանոնադրությունը, որը նմանակում է նախորդին` սահմանադրական հիմնական կարգավորող փաստաթուղթն է[5]։
Դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածությունը ընդգրկում է դատական գործունեության լայն շրջանակ։ Այն բանից հետո, երբ դատարանը վճռեց, որ ԱՄՆ-ի գաղտնի պատերազմը ընդդեմ Նիկարագուայի խախտում է միջազգային իրավունքի նորմերը (Nicaragua v. United States ), 1986 թվականին ԱՄՆ-ն հրաժարվեց դատարանի պարտադիր իրավասությունից, որպեսզի ճանաչի դատարանի իրավասությունը միայն անհատական հիմքի վրա[6]։ ՄԱԿ-ի Կանոնադրության XIV Գլուխը լիազորում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պարտադրել դատական որոշումների կատարումը։ Սակայն նմանատիպ կատարման վրա տարածվում է Խորհրդի հինգ մշտական անդամների վետոյի իրավունքը, որը Միացյալ Նահանգները օգտագործեց Նիկարագուայի գործում[7]։
Կազմ
խմբագրելԱՄԴ-ն կազմված է տասնհինգ դատավորներից, որոնք ընտրվում են ինը տարի ժամկետով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի կողմից այն մարդկանց թվից, ովքեր առաջադրված են ազգային խմբերի կողմից Արբիտրաժի մշտական պալատում։ Ընտրությունների գործընթացը ամրագրված է ԱՄԴ-ի ստատուտի 4-19-րդ հոդվածներում։ Դատարանի ներսում շարունակականությունը ապահովելու նպատակով 15 դատավորներից հինգը փոփոխվում են երեք տարին մեկ։ Եթե դատավորը մահանում է պաշտոնավարման ընթացքում, ապա, որպես կանոն, պաշտոնը թափուր չթողնելու նպատակով անց են կացվում արտահերթ ընտրություններ։
Երկու միաժամանակ պաշտոնավարող դատավորներ չեն կարող լինել միևնույն պետության քաղաքացիներ։ Ըստ 9-րդ հոդվածի` դատարանի կազմը պետք է ներկայացնի «քաղաքակրթության և աշխարհի իրավական համակարգերի հիմնական ձևերը»։ Ըստ էության, այդ ձևերն են համարվում ընդհանուր իրավունքը, քաղաքացիական իրավունքը և սոցիալիստական իրավունքը (ոչ հետխորհրդային իրավունք)։
Գոյություն ունի ոչ պաշտոնական պայմանավորվածություն այն մասին, որ տեղերը բաշխվում են ըստ աշխարհագրական տարածաշրջանների այնպես, որ հինգ տեղ հատկացվում է Արևմտյան երկրներին, երեք տեղ՝ Աֆրիկյան պետություններին (որոնց թվում՝ ֆրանսախոս քաղաքացիական իրավունքի մեկ դատավոր, անգլախոս ընդհանուր իրավունքի մեկ դատավոր և մեկ արաբ դատավոր), երկու տեղ՝ Արևելյան Եվրոպայի պետություններին, երեք տեղ Ասիական պետություններին և երկուսը` Լատինոամերիկյան և Կարիբյան երկրներին[8]։ Դատարանի պատմության մեծ մասի ընթացքում ՄԱԿ-ի հինգ մշտական անդամները (Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ) միշտ դատարանի կազմում ունեցել են իրենց երկրից դատավորներ, որոնք զբաղեցրել են երեք արևմտյան տեղերը, ասիական տեղերից մեկը և արևելաեվրոպական տեղերից մեկը։ Բացառություն էր կազմում Չինաստանը, որը դատավոր չի ունեցել 1967-1985 թվականներին, և բրիտանացի դատավոր Քրիստոֆեր Գրինվուդը, ով 2017 թվականին երկրորդ անգամ չընտրվեց և այդ պատճառով էլ այդ այդ ընթացքում Միացյալ Թագավորությունը դատավոր չունեցավ[9]։ Ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի աջակցությունը՝ Գրինվուդը չկարողացավ ստանալ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի մեծամասնության ձայները[9]։ Նրան փոխարինեց հնդիկ դատավոր Դալվեր Բհանդարին[9]։
Կանոնադրության 6-րդ հոդվածի համաձայն` դատավորները ընտրվում են անկախ իրենց քաղաքացիությունից, բարձր բարոյական արժեքների տեր մարդկանցից, ովքեր բավարարում են այն պահանջներին, որոնք ներկայացվում են իրենց երկրներում բարձրագույն դատական պաշտոններին նշանակվելիս, կամ նրանցից, ովքեր հանդիսանում են միջազգային իրավունքի ասպարեզում հեղինակություն վայելող իրավաբաններ։ Դատական իշխանության անկախությանը մասնավորապես անդրադարձ է կատարվում 16-18 հոդվածներում։ ԱՄԴ-ի դատավորները իրավունք չունեն զբաղեցնել այլ պաշտոն կամ իրականացնել իրավաբանական գործունեություն։ Գործնականում դատարանի անդամները սեփական ձևով են մեկնաբանում այս կանոնները՝ հանդես գալով արտաքին արբիտրաժի դերում և զբաղեցնելով այլ մասնագիտական պաշտոններ, քանի դեռ չկա շահերի բախում։ Դատավորը կարող է աշխատանքից ազատվել միայն դատարանի այլ անդամների գաղտնի քվեարկությամբ[10]։ Անկախ այս դրույթիների գոյությանը, եղել է դեպք, երբ ԱՄԴ-ի դատավորների անկախությունը կասկածի տակ է դրվել։ Օրինակ` Նիկարագուայի գործը քննելու ընթացքում Միացյալ Նահանգները հրապարակեց կոմյունիկե, որում ասվում էր, որ ինքը չի կարող դատարանին գաղտնի նյութեր տրամադրել, քանի որ Արևելյան դաշինքի պետությունների դատավորները ներկայացված են դատարանում[11]։
Դատավորները կարող են համատեղ որոշումներ ներկայացնել կամ արտահայտել իրենց առանձին կարծիքը։ Որոշումները և խորհրդատվական եզրակացություններն ընդունվում են ձայների մեծամասնությամբ, իսկ ձայների հավասար բաշխման դեպքում որոշիչ է դառնում նախագահի ձայնը, ինչը տեղի ունեցավ պետությունների կողմից զինված հակամարտություններում միջուկային զենքի օրինական կիրառման հարցը քննարկելիս (1996 թվական, ԱՄԴ-ի թիվ 66 զեկույց)։ Դատավորները որոշման հետ չմահաձայնվելու դեպքում կարող են արտահայտել իրենց առանձին, տարբերվող կարծիքը։
Ad hoc դատավորներ
խմբագրելՍտատուտի 31-րդ հոդվածը սահմանում է ընթացակարգ, ըստ որի ad hoc դատավորները վիճահարույց գործեր են քննում դատարանում։ Այս համակարգը թույլ է տալիս վիճահարույց գործերի մասնակից ցանկացած կողմին (եթե, իհարկե, այդ կողմը արդեն ազգային ներկայացուցիչ չունի դատարանում) ընտրել մեկ հավելյալ անձի որպես դատավոր միայն տվյալ գործով։ Այսպիսով` հնարավոր է, որ գործով կարող են մասնակցել մինչև տասնյոթ դատավոր։
Եթե համեմատենք ներպետական դատական գործընթացների հետ այս համակարգը կարող է տարօրինակ թվալ, սակայն այն նպատակ ունի խրախուսել պետություններին դատարանին դիմելու հարցում։ Օրինակ` եթե պետությունը գիտի, որ նա կունենա դատական ներկայացուցիչ, որը կարող է մասնակցել քննարկմանը, այլ դատավորներին ներկայացնել գործին առնչվող գիտելիքներ և օգնի հասկանալ պետության տեսանկյունը, այն կարող է ավելի պատրաստակամ լինել դատարանի իրավասությանը ենթարկվելու հարցում։ Չնայած այս համակարգը այդքան էլ չի համապատասխանում մարմնի դատական բնույթին, գործնական լուրջ հետևանքներ չեն արձանագրվել։ Սովորաբար (բայց ոչ միշտ) ad hoc դատավորները քվեարկում են հօգուտ այն պետության, որը նշանակել է իրենց, և փաստացի միմյանց ձայները այդ երկու դատավորները զրոյացնում են[12]։
Պալատներ
խմբագրելՈրպես կանոն դատարանը նիստեր է գումարում ամբողջ կազմով, բայց վերջին տասնհինգ տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ այն գումարվել է նաև պալատներով։ Ստատուտի 26-29 հոդվածները թույլ են տալիս գործերը քննելու նպատակով ձևավորել փոքր պալատներ, որոնք սովորաբար բաղկացած են լինում երեք կամ հինգ դատավորներից։ 26-րդ հոդվածը նախատեսում է երկու ձևի պալատների ստեղծում։ Առաջինը՝ պալատներ, որոնք նախատեսված են հատուկ կատեգորիայի գործեր քննելու համար, և երկրորդը` ad hoc պալատներ, որոնք ստեղծվում են հատուկ տվյալ վեճը լսելու նպատակով։ Ստատուտի 26-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ 1993 թվականին ստեղծվեց հատուկ պալատ, որը պետք է զբաղվեր բնապահպանական հարցերով (սակայն այն երբեք չի օգտագործվել)։
Аd hoc պալատները ավելի հաճախ են գումարվում։ Օրինակ` հատուկ պալատ ստեղծվել է Մեն ծովածոցի գործը քննելու նպատակով (Կանադա/ԱՄՆ)[13]։ Այս գործում կողմերը հասկացրեցին, որ նրանք հետ կվերցնեն գործը, եթե դատարանը չընդգրկի պալատում այն դատավորներին, որոնք ընդունելի են կողմերի համար։ Պալատի որոշումները կարող են կամ պակաս հեղինակավոր լինել, քան ամբողջական դատական որոշումները, կամ նվազեցնել միջազգային իրավունքի պատշաճ մեկնաբանումը՝ հիմնված տարբեր մշակութային և իրավական ասպեկտրենի վրա։ Մյուս կողմից, պալատների օգտագործումը կարող է նպաստել ավելի հաճախ դատարան դիմելուն և միջազգային վեճերի լուծմանը[14]։
Ներկայիս կազմ
խմբագրել2018 թվականի հունիսի 22-ի դրությամբ դատարանի կազմը հետևյալն է[15][16]՝
Դատավոր | Ազգություն | Պաշտոն | Պաշտոնավարման սկիզբ | Պաշտոնավարման ավարտ |
---|---|---|---|---|
Աբդուլքավի Ահմեդ Յուսուֆ | Սոմալի | Նախագահa | 2009 | 2027 |
Խո Հան Ցին | Չինաստան | Փոխնախագահa | 2010 | 2021 |
Պիտեր Տոմկա | Սլովակիա | Անդամ | 2003 | 2021 |
Ռոնի Աբրահամ | Ֆրանսիա | Անդամ | 2005 | 2027 |
Մոհամեդ Բենունա | Մարոկկո | Անդամ | 2006 | 2024 |
Անտոնիո Ագուստո Տրինիդադ | Բրազիլիա | Անդամ | 2009 | 2027 |
Ձոան Դոնոգու | ԱՄՆ | Անդամ | 2010 | 2024 |
Ջորջիո Գախա | Իտալիա | Անդամ | 2012 | 2021 |
Ջուլիա Սեբուտինդե | Ուգանդա | Անդամ | 2012 | 2021 |
Դալվեր Բհանդարի | Հնդկաստան | Անդամ | 2012 | 2027 |
Պատրիկ Լիպտոն Ռոբինսոն | Ճամայկա | Անդամ | 2015 | 2024 |
Ջեյմս Քրաուֆորդ | Ավստրալիա | Անդամ | 2015 | 2024 |
Կիրիլ Գևորգյան | Ռուսաստան | Անդամ | 2015 | 2024 |
Նաուաֆ Սալամ | Լիբանան | Անդամ | 2018 | 2027 |
Յուջի Իվասաուա | Ճապոնիա | Անդամ | 2018 | 2021 |
Ֆիլիպ Քուղվո | Բելգիա | Գրանցող | 2000 | 2021 |
a 2018–2021. |
Նախագահներ
խմբագրելԻրավասություն
խմբագրելՄԱԿ-ի անդամ երկրներ ՄԱԿ-ին դեռևս չմիացած կողմեր՝ ըստ 93-րդ հոդվածի ՄԱԿ-ի դիտորդ երկրներ, որոնք անդամ չեն |
Ինչպես նշված է ՄԱԿ-ի Կանոնադրության 93-րդ հոդվածում, ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 անդամ պետությունները ինքնաբերաբար հանդիսանում են դատարանի Ստատուտի անդամներ։ Համաձայն 93-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ՄԱԿ-ի ոչ անդամ երկրները նույնպես կարող են Ստատուտի անդամ դառնալ։ Օրինակ` մինչև ՄԱԿ-ի անդամ դառնալը, Շվեյցարիան 1948 թվականին անդամ դառնալու համար կիրառել է այդ գործընթացը, իսկ Նաուրուն այդ ճանապարհով դարձել է անդամ 1988 թվականին։ Դառնալով դատարանի ստատուտի անդամ՝ պետությունը իրավունք է ձեռք բերում մասնակցել գործի քննությանը դատարանում։ Սակայն լինելով դատարանի ստատուտի անդամ դատարանը ինքնաբերաբար կողմերի վեճերը լուծելու իրավասությամբ չի օժտվում։ Իրավասության հարցը դիտարկվում է երեք տեսակի գործերում` վիճահարույց հարցեր, հատուկ իրավասություն և խորհրդատվական եզրակացություններ։
Վիճահարույց հարցեր
խմբագրելՎիճահարույց գործերում (մրցակցային գործընթաց, որն ուղղված է վեճի կարգավորմանը) ՄԴ-ն կայացնում է պարտադիր բնույթ կրող որոշումներ այն պետությունների հարցով, որոնք համաձայնվել են ենթարկվել դատարանի որոշումներին։ Վիճահարույց գործերում որպես կողմեր կարող են հանդես գալ միայն պետությունները։ Անհատները, կորպորացիաները, դաշնային պետությունների սուբյեկտները, հասարակական կազմակերպությունները, ՄԱԿ-ի մարմինները և ինքնորոշված խմբերը չեն կարող անմիջական մասնակցություն ունենալ գործերի քննմանը, չնայած դատարանը կարող է տեղեկատվություն ստանալ միջազգային կազմակերպություններից: Սակայն դա չի խոչընդոտում նրան, որ ոչ պետական շահերը հանդիսանան քննության առարկա այն դեպքում, երբ պետություններից մեկը գործ է հարուցում մեկ այլ պետության դեմ։ Օրինակ` «դիվանագիտական պաշտպանության» դեպքում պետությունը կարող է գործ հարուցել իր քաղաքացիներից մեկի կամ ընկերություններից մեկի անունից[17]։
Վիճահարույց գործերում դատարանի իրավասության հարցը հաճախ կարևորագույն խնդիրներից մեկն է։ Հիմնական սկզբունքն այն է, որ ՄԴ-ն իրավասություն է ձեռք բերում միայն կողմերի համաձայնության հիման վրա։ 36-րդ հոդվածում թվարկված են դատարանին իրավասությամբ օժտելու չորս հիմքերը․
- Առաջին` 36-րդ հոդվածի առաջին կետը նախատեսում է, որ կողմերը կարող են դիմել դատարան («հատուկ համաձայնագրի» կամ «փոխզիջման» վրա հիմնված իրավասություն)։ Այս մեթոդը հիմնված է ավելի շատ ակնհայտ համաձայնության, այլ ոչ թե դատարանի պարտադիր իրավասության հիման վրա։ Սա, թերևս, դատարանի իրավասության առավել արդունավետ հիմքն է, քանի որ շահագրգիռ կողմերը ցանկանում են, որ վեճը լուծվի դատարանի կողմից, ուստի ավելի հավանական է, որ նրանք կկատարեն դատարանի որոշումը։
- Երկրորդ` 36-րդ հոդվածի առաջին կետը դատարանին օժտում է «գործող պայմանագրերում և կոնվենցիաներում հստակ նախատեսված հարցերի առնչությամբ» իրավասությամբ։ Ժամանակակից պայմանագրերի մեծ մասը պարունակում են փոխզիջման վերապահում, որով նախատեսում են վեճի լուծումը միջազգային դատարանի կողմից[18]։ Փոխզիջման վերապահումների վրա հիմնված գործերը չունեն այնպիսի ազդեցություն, ինչպիսին ունեն հատուկ պայմանգրերի վրա հիմնված գործերը, քանի որ պետությունը կարող է հետաքրքրված չլինել գործի դատարանի կողմից իրականացվող քննությամբ, հետևաբար հրաժարվել որոշումի կատարումից[19]։ 1970-ականներից սկսած նմանատիպ վերապահումների կիրառումը նվազել է։ Շատ ժամանակակից պայմանագրեր սահմանում են վեճերի լուծման սեփական կարգը,որը հաճախ հիմնված է լինում արբիտրաժի վրա[20]։
- Երրորդ` 36-րդ հոդվածի երկրորդ մասը թույլ է տալիս պետություններին ընդունել հավելյալ կետեր պարունակող հռչակագրեր, որոնք ընդունում են դատարանի իրավասությունը։ «Պարտադիր» պիտակը, որը երբեմն տարածվում է 36-րդ հոդվածի երկրորդ կետի իրավասության վրա, մոլորության մեջ է գցում, քանի որ պետությունների կողմից ընդունվող հռչակագրերը կամավոր են։ Բացի այդ, շատ հռչակագրեր պարունակում են այնպիսի վերապահումներ, որոնք, օրինակ, բացառում են դատարանի իրավասությունը որոշ վեճերում (ratione materia)[21]: Փոխադարձության սկզբունքը էլ կարող է սահմանափակել այդ իրավասությունը։ 2011 թվականի փետրվարի դրությամբ հռչակագիրը ուժի մեջ է մտել վաթսունվեց երկրում[22]։ Անվտանգության խորհրդի մշտական անդամներից միայն Միացյալ Թագավորությունը ունի նման հռչակագիր։ Դատարանի գոյության առաջին տարիներին հռչակագրերի մեծամասնությունը ընդունվում էր զարգացած երկրների կողմից։ Նիկարագուայի գործի քննությունից հետո զարգացող երկրների կողմից հռչակագրերի ընդունումը ավելի տարածվեց, ինչը վկայում էր 1980-ական թվականներին դատարանի հանդեպ աճող վստահության մասին։ Սակայն վերջին տարիներին արդյունաբերական երկրները սկսեցին ավելացնել վերապահումների թիվը կամ չեղարկել իրենց հռչակագրերը։ Որպես օրինակ, ինչպես արդեն նշվեց, կարելի է համարել ԱՄՆ-ի և Ավստրալիայի դեպքերը։ Վերջինս 2002 թվականին փոփոխեց իր հռչակագիրը՝ բացառելով ծովային սահմանների վերաբերյալ վեճերի քննումը (հավանաբար դա արվել է Արևելյան Թիմորից եկող մարտահրավերներին դիմակայելու նպատակով (երկու ամիս անց Արևելյան Թիմորը անկախացավ))[23]։
- Չորրորդ` 36-րդ հոդվածի 5-րդ կետը նախատեսում է իրավասություն, որը հիմնված կլինի Միջազգային արդարադատության մշտական պալատի կողմից ընդունված ստատուտի վրա։ Ստատուտի 37-րդ հոդվածը նույն եղանակով պայմանագրում նշված ցանկացած հավելյալ կետի համաձայն իրավասությամբ է օժտում Միջազգային արդարադատության մշտական պալատին։
- Բացի այդ, դատարանը կարող է իրավասություն ձեռք բերել լուռ համաձայնության հիման վրա (forum prorogatum): Համաձայն 36-րդ հոդվածի՝ հստակ իրավասության բացակայության պայմաններում իրավասությունը սահմանվում է, եթե պատասխանողը ակնհայտորեն կամ ըստ էության ընդունում է դատարանի իրավասությունը։ Այդ հասկացությունը ի հայտ է եկել Կորֆու չանել (Corfu Channel)՝ Միացյալ «Թագավորությունն ընդդեմ Ալբանիայի գործում (1949 թվական), որտեղ դատարանը սահմանել է, որ Ալբանիայի հղած նամակը, որում գործը փոխանցվում է Միջազգային դատարանի իրավասությանը, բավարար է դատարանին նմանատիպ իրավասությամբ օժտելու համար։
Կողմնակի իրավասություն
խմբագրելՄինչ վճռի ընթերցումը, դատարանն իրավունք ունի պահանջել ժամանակավոր միջոցների կիրառում դատավարության մեջ ներառված կողմերից մեկի իրավունքները պաշտպանելու նպատակով։ Կողմերից մեկը կամ երկուսն էլ կարող են դիմել Արդարադատության միջազգային դատարան նմանատիպ ժամանակավոր միջոցներ կիրառելու խնդրանքով[24]։ «Սահմանային վեճ» գործում երկու կողմերն էլ՝ Բուրկինա Ֆասոն և Մալին, դիմում էին ներկայացրել դատարանին ժամանակավոր միջոցների կիրառման խնդրանքով։ Դատարանի կողմնակի իրավասությունը ամրագրված է Ստատուտի 14-րդ հոդվածում[25]։ Ինչպես վերջնական վճիռը, այնպես էլ ժամանակավոր միջոցներ կիրառելու հրամանը պարտադիր են երկու կողմերի համար։ Դատարանն իրավասություն ունի կիրառել ժամանակավոր միջոցներ այն դեպքում, երբ prima facie իրավասությունը ապահովված է։
Խորհրդատվական եզրակացություններ
խմբագրելԽորհրդատվական եզրակացություն տրամադրելը դատարանի գործառույթներից է, որը իրականացվում է միայն ՄԱԿ-ի որոշ մարմինների և գործակալությունների համար։ ՄԱԿ-ի կանոնադրությունը Գլխավոր Ասամբլեային և Անվտանգության խորհրդին օժտում է որևէ օրինական հարցի մասին խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով դատարանին դիմելու իրավասությամբ։ ՄԱԿ-ի մյուս մարմինները չեն կարող դիմել նմանատիպ եզրակացություն ստանալու համար դատարանին, եթե Գլխավոր Ասամբլեան նրանց չի լիազորել։ Այդ մարմինները կարող են խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով դիմել դատարանին միայն իրենց գործունեություն շրջանակներում ներառվող խնդիրներին առնչվող հարցերով[26]։ Դիմումը ստանալուց հետո դատարանը որոշում է, թե որ երկրներն ու կազմակերպությունները կարող են տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը և նրանց հնարավորություն է տալիս գրավոր կամ բանավոր պնդումներ ներկայացնել։ Խորհրդատվական եզրակացությունները ընկալվում են որպես միջոց, որի շնորհիվ ՄԱԿ-ի գործակալությունները փորձում են լուծել այն բարդ իրավական խնդիրները, որոնք առնչվում են իրենց գործունեությանը։
Սկզբունքորեն դատարանի խորհրդատվական եզրակացությունները միայն խորհրդատվական բնույթ ունեն, բայց դրանք ազդեցիկ և շատ տարածված են։ Ի սկզբանե որոշակի գործիքների և կարգավորումների շնորհիվ հնարավոր է համաձայնության գալ այն հարցի շուրջ, որ այդ եզրակացությունը պարտադիր է որոշ գործակալությունների և երկրների համար, սակայն դրանք չեն կարող պարտադրվել Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությամբ։ Եզրակացությունների չպարտավորեցնող բնույթը դեռ չի նշանակում, որ դրանք չունեն օրինական ազդեցություն, քանի որ դրանցում ներառված իրավական հիմքերը արտացոլում են միջազգային իրավունքի կարևորագույն հարցերի առնչությամբ այս դատարանի հեղինակավոր կարծիքը։ Այդ կարծիքը ներկայացնելով դատարանը հիմնվում է այն նույն օրենքների և գործընթացների վրա, որոնք իրականացվում են այդ մարմնի կողմից պարտադիր վճիռների ընդունման ժամանակ։
Խորհրդատվական եզրակացությունները ունեն նման կարգավիճակ և հեղինակություն, քանի օր նրանք պաշտոնապես հրապարակվում են ՄԱԿ-ի դատական մարմնի կողմից[27]։
Խորհրդատվական եզրակացությունները հաճախ հակասական են, քանի որ հակասական են քննարկվող հարցերը։ Հայտնի խորհրդատվական եզրակացության օրինակ է Միջուկային զենքի գործը։
Արդարադատության միջազգային դատարան և Անվտանգության խորհուրդ
խմբագրել94-րդ հոդվածը սահմանում է ՄԱԿ-ի բոլոր անդամների դատարանի կայացրած այն որոշումները բողոքարկելու պարտականությունները, որոնցում այդ մարմիններին անդրադարձ կա։ Եթե կողմերը չեն բողոքում, այդ հարցը քննարկվում է Անվտանգության խորհրդի կողմից՝ այդ որոշումը պարտադրելու միջոցների հարցը քննարկելու նպատակով։ Որոշումների պարտադրման այս մեթոդի կիրառման շուրջ ակնհայտ խնդիրներ են առաջանում։ Եթե այդ որոշումը Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամների կամ նրանց դաշնակիցների դեմ է ուղղված, ցանկացած որոշման դեպքում այդ 5 երկրները կարող են կիրառել իրենց վետոյի իրավունքը։ Այսպիսի դեպք տեղի ունեցավ Նիկարագուայի գործի ժամանակ, երբ Նիկարագուան բողոքում էր ԱՄՆ-ի կողմից Անվտանգության խորհրդի առջև դատարանի որոշումը չկատարելու համար[11]։ Ավելին, եթե Անվտանգության խորհուրդը մերժում է որևէ երկրի նկատմամբ դատարանի կայացրած որոշումը պարտադրել, այդ երկրին պարտադրելու այլ մեթոդներ չկան։ Ավելին, Անվտանգության խորհրդի համար գործունեության ամենաարդյունավետ միջոցը ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն հարկադիր գործողությունների կիրառումն է, որը արդարացվում է այն դեպքում, երբ վտանգված են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ Այդ հոդվածը Խորհրդի կողմից դեռևս չի կիրառվել։
Արդարադատության միջազգային դատարանի և Անվտանգության խորհրդի միջև հարաբերությունների և նրանց միջև ուժերի բաժանման հարցը քննարկվեց դատարանում 1992 թվականին Պան Ամ-ի գործում։ Դատարանը պետք է ուսումնասիրեր սեփական իրավունքները պաշտպանելու նպատակով միջանկյալ միջոցների կիրառման Լիբիայի դիմումը։ Լիբիան պնդում էր, որ իր իրավունքները խախտվում են Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի կողմից տնտեսական պատժամիջոցների սպառնալիքներ հնչեցնելու արդյունքում։ Խնդիրն այն է, որ այդ տնտեսական պատժամիջոցների կիրառումը լիազորված էր Անվտանգության խորհրդի կողմից։ Սա հակասություն առաջացրեց 7-րդ հոդվածով Անվտանգության խորհրդին վերագրվող գործառույթների և դատարանի դատական գործառույթների միջև։ 11 կողմ 5 դեմ ձայներով դատարանը որոշեց, որ չի կարող ժամանակավոր միջոցների կիրառում թույլատրել, քանի որ այն իրավունքները, որի պաշտպանությամբ հանդես է գալիս Լիբիան, որքան էլ որ օրինական համարվեն Մոնրեալի կոնվենցիայով, չեն կարող առաջին հայացքից (prima facie) համարվել անհետաձգելի, քանի որ այդ հարցով որոշում է ընդունել Անվտանգության խորհուրդը։ ՄԱԿ-ի կանոնադրության 103-րդ հոդվածի համաձայն՝ կանոնադրությամբ սահմանված պարտավորությունները գերակայություն ունեն պայմանագրային պարտավորությունների նկատմամբ։ Այնուամենայնիվ, դատարանը 1998 թվականին հայտը ընդունելի համարեց[28]։ Որոշում, ըստ էության, չի հրապարակվել, քանի որ 2003 թվականին կողմերը (Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Լիբիա) գործը դատարանից հետ են կանչել։
Դատարանի մեծամասնությունը չէր ցանկանում մասնակցություն ունենալ այն գործերի քննարկումներին, որտեղ կարող էին բացահայտ հակասություններ առաջ գալ Անվտանգության Խորհրդի հետ։ Նիկարագուայի գործում դատարանը պնդում էր, որ Անվտանգության խորհրդի գործողությունների և Դատարանի որոշման միջև ակնհայտ անհամապատասխանություն չկար։ Այնուամենայնիվ, եթե նմանատիպ հակասություններ ի հայտ են գալիս, խնդիրը լուծվում է ի օգուտ Անվտանգության խորհրդի։
Եթե կողմերից որևէ մեկը չի կատարում Դատարանի կայացրած որոշման արդյունքում իրեն վերաբերող պարտավորությունները, Անվտանգության Խորհրդին կարող են դիմել այս հարցում խորհրդատվություններ տալու կամ միջոցների մասին որոշումներ կայացնելու նպատակով, եթե ԱԽ-ն նմանատիպ գործողությունը անհրաժեշտ համարի։ Գործնականում, դատարանի իշխանությունը սահմանափակվում է պարտվողի կողմից դատարանի որոշումը իրականացնել չցանկանալով և Անվտանգության Խորհրդի կողմից այդ ամենի արդյունքում անհրաժեշտ հետևանքների պարտադրման անպատրաստակամությամբ։ Այնուամենայնիվ, տեսականորեն, գործում ընդգրկված կողմերի համար դատարանի վճիռը պարտադիր է, վճռական և ենթակա չէ բողոքարկման, և ստորագրելով կանոնադրությունը՝ ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավորություն են ստանձնում ենթարկվել Արդարադատության դատարանի վճիռներին, եթե դատական գործում ներառված են։
Օրինակ՝ ԱՄՆ-ն նախկինում՝ 1946 թվականին, ճանաչել էր դատարանի պարտադիր իրավասությունը, սակայն Նիկարագուան ընդդեմ Միացյալ Նահանգների գործից հետո հրաժարվեց այդ համաձայնությունից, քանի որ դատարանի որոշմամբ ԱՄՆ-ին կոչ էր արվում դադարեցնել և ձեռնպահ մնալ ուժի անօրինական կիրառումից Նիկարագուայի կառավարության դեմ։ Դատարանը որոշեց (միայն ամերիկացի դատավորն էր դեմ քվեարկել), որ ԱՄՆ-ն խախտել է Նիկարագուայի հետ բարեկամության պայմանագիրը, որով նախատեսվում էր ուժ չգործադրել Նիկարագուայի դեմ, և այդ վճռով ԱՄՆ-ին պարտադրվում էր ռազմական փոխհատուցում վճարել[11]։
Վիճահարույց գործերի օրինակներ
խմբագրել- 1980 թվականի ԱՄՆ բողոքը այն մասին, որ Իրանը ձերբակալել էր Թեհրանում գտնվող ամերիկացի դիվանագետներին միջազգային իրավունքի խախտումներով[29]։
- Թունիսի և Լիբիայի միջև վեճը իրենց միջև գտնվող մայրցամաքային ելուստի դելիմիտացիայի շուրջ[30]։
- Իրանի բողոքը այն բանից հետո, երբ ԱՄՆ ռազմածովային հրթիռային ինքնաթիռը հարվածեց Իրանի ինքնաթիռին, որն իրականացնում էր թիվ 655 թռիչքը[31]։
- Ծովային սահմանների հարցով վեճ ԱՄՆ-ի և Կանադայի միջև Մենի ծոցի հատվածում[32]։
- Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության կողմից բողոք ընդդեմ ՆԱՏՕ-ի անդամ երկրների, որը կապված էր Կոսովոյի պատերազմում նրանց գործողությունների հետ։ Այս բողոքը մերժվեց 2004 թվականի դեկտեմբերի 15-ին իրավասության բացակայության պատճառաբանությամբ. բողոքը ներկայացնելու պահին Հարավսլավիան Դատարանի ստատուտի կողմ չէր հանդիսանում[33]։
- Բողոք Մակեդոնիայի Հանրապետության (Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետություն) կողմից առ այն, որ Հունաստանը, վետո դնելով ՆԱՏՕ-ին իր անդամակցության վրա, խախտում է 1995 թվականի սեպտեմբերի 13-ի ժամանակավոր համաձայնագիրը, որը կնքվել է Հունաստանի և Մակեդոնիայի միջև[34]։ 2011 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունվեց վճիռը, որն ի օգուտ Մակեդոնիայի էր[35]։
- Բողոք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կողմից այն մասին, որ Ուգանդայի կողմից ոտնահարվել է Կոնգոյի ինքնիշխանությունը, և որ Կոնգոն միլիարդավոր դոլարների արժողությամբ ռեսուրսներ է կորցրել[36]։ Այս գործը լուծվեց ի օգուտ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության[37]։
- Բողոք Հնդկաստանի Հանրապետության կողմից, որը վերաբերում էր Պակիստանի ռազմական դատարանի կողմից Հնդկաստանի քաղաքացուն մահապատժի դատապարտելու դեպքին[38]։ Հնդկաստանի քաղաքացին ձերբակալվել էր լրտեսություն և դիվերսիոն գործողությունների իրականացման համար։
Կիրառվող օրենքներ
խմբագրելԳործերը քննելիս դատարանը առաջնորդվում է միջազգային իրավունքով, ինչպես նշվում է Դատարանի ստատուտի 38-րդ հոդվածում ( Article 38), որում ասվում է, որ որոշում կայացնելիս դատարանը պետք է առաջնորդվի միջազգային կոնվենցիաներով, միջազգային սովորույթով և քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Սա վերաբերում է նաև ակադեմիական աշխատություններին (հանրային իրավունքի հարցերով առավել որակյալ մասնագետների դոկտրիններ) և դատական վճիռներին, որոնք օգնության են հասնում օրենքի մեկնաբանության ժամանակ, չնայած որ դատարանը պաշտոնապես պարտավորություն չունի սահմանափակվել նախկինում կայացրած իր որոշումներով՝ ըստ stare decisis-ի դոկտրինի։ 59-րդ հոդվածը ( Article 59) հստակեցնում է, որ նախադեպային կամ stare decisis ընդհանուր իրավունքի հասկացությունների վրա դատարանի որոշումները չեն ազդում։ Նրանք պարտադիր են միայն տվյալ գործում ներառված կողմերի համար։ 38-րդ հոդվածով Դատարանը կարող է վերանայել իր նախկին որոշումները։
Եթե կողմերը գալիս են համաձայնության, նրանք կարող են նաև ազատություն տալ դատարանին ընդունել ex aequo et bono (համաձայն հավասարության և խղճի կամ համաձայն բարու և արդարության)[39] որոշումներ, ինչը ազատություն է տալիս դատարանին ընդունել այնպիսի որոշում, որը արդար է տվյալ իրավիճակում։ Դատարանի պատմության ընթացքում այս կետը դեռ չի կիրառվել։ Մինչ օրս այս դատարանում քննվել է մոտ 130 գործ։
Գործընթաց
խմբագրելԱրդարադատության միջազգային դատարանը օժտված է սեփական կանոնները սահմանելու ուժով։ Դատական գործընթացի իրականացումը սահմանված է 1978 թվականի Միջազգային դատարանի դատական կանոններով (ինչպես նշված է 2005 թվականի սեպտեմբերի 29-ի փոփոխությունների մեջ)[14]։
Արդարադատության միջազգային դատարանի կողմից քննվող գործերը քննվում են սովորական ընթացակարգով։ Գործը ներկայացվում է հայցվորի կողմից, ով գրավոր հուշագիր է կազմում, որտեղ նշված են դատարանի իրավասության հիմքերը և իր պահանջների էությունը։ Պատասխանողը կարող է ընդունել դատարանի իրավասությունը և ներկայացնել տվյալ գործի վերաբերյալ սեփական հուշագիրը՝ նշելով գործի վերաբերյալ իր տեսակետը։
Նախնական առարկություններ
խմբագրելՊատասխանողը, որը չի ցանկանում գործը Դատարանի իրավասությանը հանձնել, կարող է նախնական առարկություններ ներկայացնել։ Ցանկացած նմանատիպ առարկություն պետք է ուսումնասիրվի նախքան գործի բուն էության քննության սկսելը։ Հաճախ նախնական առարկությունների հարցով հանրային լսումներ են անցկացվում, և դատարանը որոշում է կայացնում։ Պատասխանողը սովորաբար առարկություն է ներկայացնում կա՛մ Դատարանի իրավասության կա՛մ գործի ընդունելի լինելու դեմ։ Անընդունելի լինելը վերաբերում է մի շարք փաստարկներին այն գործոնների մասին, որոնք պետք է հաշվի առնել իրավասությունը որոշելու ժամանակ։ Այդպիսի գործոն է այն փաստը, որ տվյալ գործի քննությունը արդարացված չէ կամ այն չի հանդիսանում իրավական վեճ։
Նախնական առարկություններ կարող են արվել նաև այն դեպքում, երբ բոլոր անհրաժեշտ կողմերը դատարանում ներկայացված չեն։ Եթե գործը պարտադրում է, որ Դատարանը որոշում կայացնի այն երկրի իրավունքների և պարտականությունների մասին, որը Դատարանի իրավասությունը չի ճանաչել, դատարանը այս հարցով որոշում չի կարող կայացնել։
Եթե Դատարանը որոշում է, որ ինքը իրավասու է և գործն էլ քննելի է, պատասխանողը պետք է լրացնի հուշագիր, որը վերաբերում է դիմողի պահանջներին։ Երբ բոլոր գրավոր փաստարկները բերված են, Դատարանը անց է կացնում հասարակական լսումներ։
Գործը ներկայացվելուց հետո կողմերից ցանկացածը (սովորաբար դիմողը) կարող է դիմել Դատարանին՝ գործի լսումների ընթացքում ստատուս քվոն պահպանելու հարցով։ Այսպիսի հրամանները հայտնի են ժամանակավոր (միջանկյալ) միջոցներ անվամբ և նույնական են Միացյալ Նահանգների օրենսդրության մեջ առկա միջնորդական կարգադրություններին։ Ստատուտի 41-րդ հոդվածը հնարավորություն է տալիս Դատարանին նմանատիպ կարգադրություններ անել։ Դատարանը նմանատիպ ժամանակավոր միջոցներ առաջարկելուց առաջ պետք է համոզվի, որ նման իրավասություն ունի։
Միջամտության հայց
խմբագրելԱյն դեպքերում, երբ երրորդ երկրի շահերը շոշափվում են, այդ երկրին կարող է հնարավորություն տրվել միջամտել գործին և մասնակցել որպես լիիրավ կողմ։ 62-րդ հոդվածի համաձայն՝ իրավական բնույթ կրող շահեր ունեցող երկիրը կարող է դիմել, սակայն Դատարանի հայեցողությանն է թողնված այդ երկրի միջամտությունն ընդունելը կամ մերժելը։ Նմանատիպ հայցեր հազվադեպ են ներկայացվում, և առաջին հաջողություն ունեցած նմանատիպ հայցը ներկայացվել է 1991 թվականին։
Դատ և իրավական պաշտպանության միջոցներ
խմբագրելՔննարկումներից հետո Դատարանը հարցնում է մեծամասնության կարծիքը։ Դատավորները որպես անհատներ կարող են համընկնող (եթե նրանց կարծիքը համընկնում է մեծամասնության կարծիքի հետ, սակայն համաձայն չեն հիմնավորմանը) կամ հակասող (երբ համաձայն չեն մեծամասնության որոշման հետ) կարծիք հայտնել։ Բողոքարկումն անհնար է, բայց կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Դատարանին՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք կա տարաձայնություն վճռի իմաստի և ծավալի միջև[40]։
Քննադատություններ
խմբագրելՄիջազգային դատարանը ենթարկվում է քննադատությունների իր կողմից ընդունված որոշումների, գործընթացների և իր իրավասությունների համար։ Ինչպես և ՄԱԿ-ի քննադատության դեպքում, այս դեպքում էլ այս քննադատությունների մեծ մասը ավելի շատ վերաբերում է Դատարանի ընդհանուր իրավասություններին, որը այս մարմնին շնորհել են հենց անդամ երկրները, այլ ոչ թե դատավորների կազմին և նրանց ընդունած որոշումներին առնչվող առանձին դեպքերին։ Քննադատությունները սովորաբար ներառում են հետևյալը[41][42][43].
- Պարտադիր իրավասությունը կիրառվում է միայն այն դեպքերում, երբ երկու կողմերը համաձայնվում են ենթարկվել նրա որոշումներին, և դրանով ագրեսիվ դեպքերը սովորաբար ինքնաբերաբար փոխանցվում և քննարկվում են Անվտանգության խորհրդի կողմից։ Միջազգային իրավունքի ինքնիշխանության սկզբունքի համաձայն՝ պետություններից ոչ մեկը մյուսի նկատմամբ գերակա կամ ստորակարգ չէ։ Հետևաբար, գոյություն չունի այնպիսի միավորում, որը կարողանա պարտադրել երկրներին կիրառել օրենքներ և պատժել նրանց միջազգային իրավունքի խախտումների համար։ Այսպիսով պարտադիր ուժի բացակայությունը նշանակում է, որ Դատարանի անդամ 193 երկրները պարտադիր չէ, որ ընդունեն Դատարանի իրավասությունը։ Դեռ ավելին, ՄԱԿ-ին և Արդարադատության դատարանին անդամակցելը Դատարանին ինքնաբերաբար իրավասություն չի շնորհում անդամ երկրների նկատմամբ։ Դա յուրաքանչյուր պետության համաձայնությունն է հետևել այն իրավասությանը, որի մասին խոսվում է։
- Կազմակերպությունները, մասնավոր ձեռնարկությունները և անհատները չեն կարող դիմել այս Դատարանին կամ այստեղ բողոքարկել իրենց ազգային բարձրագույն դատարանների որոշումները։ ՄԱԿ-ի գործակալությունները նմանապես չեն կարող գործ հարուցել. նրանք կարող են դիմել միայն խորհրդատվական կարծիքի համար (գործընթաց, որը նախաձեռնվում է Դատարանի կողմից և պարտադիր ուժ չունի)։ Միայն պետությունները կարող են հայց ներկայացնել այս Դատարան կամ հանդես գալ պաշտպանյալի դերում։ Սա նաև նշանակում է, որ մարդկության դեմ հանցագործությունների հնարավոր զոհերը, որոնց թվում են փոքր էթնիկ խմբերը և բնիկ ժողովուրդները, չեն ունենա համապատասխան աջակցություն իրենց երկրի կողմից։
- Գոյություն ունեցող այլ միջազգային թեմատիկ դատարանները, որոնց թվում է Միջազգային քրեական դատարանը, չեն գտնվում Միջազգային դատարանի հովանու ներքո։ Օրինակ՝ Միջազգային քրեական դատարանը, որը գործում է լիովին ՄԱԿ-ից անկախ։ Տարբեր միջազգային դատարանների միջև նման դուալիստական կառուցվածքը երբեմն դատարանների համար բարդացնում է արդյունավետ և համատեղ իրավասության մեջ ներառումը։
- Արդարադատության միջազգային դատարանում գոյություն չունի ուժերի լիակատար բաժանում, քանի որ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները կարող են վետոյի իրենց իրավունքը կիրառել։ Դա վերաբերում է նաև այն գործերին, որոնցում նրանք տվել են իրենց համաձայնությունը[44]։ Քանի որ իրավասությունն ինքնին պարտադրող ուժ չունի, շատ դեպքերում ագրեսիային առնչվող դեպքերը քննվում են Անվտանգության խորհրդի կողմից՝ բանաձևերի ընդունման միջոցով։
Հայաստանը և Միջազգային դատարանը
խմբագրելՀայաստանն ընդդեմ Ադրբեջանի (2021)
խմբագրելՊահանջ
խմբագրելԺամանակավոր միջոցների դիմումի և խնդրանքի հիման վրա և դրա բանավոր հայցադիմումներով Հայաստանը պահանջել է՝
- Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և նրա կալանքի տակ գտնվող մյուս կալանավորներին, որոնք գերության մեջ են ընկել այդ ընթացքում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի զինված ռազմական գործողությունների կամ դրանց հետևանքների ընթացքում․
- Մինչև նրանց ազատ արձակումը, Ադրբեջանը պետք է բուժօգնություն ցուցաբերի բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և իր կալանքի տակ գտնվող այլ կալանավորներին․
- Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա հայ էթնիկ մարդկանց նկատմամբ ատելություն քարոզելուց, այդ թվում՝ պետք է փակի «Ռազմավարի պուրակը»․
- Ադրբեջանը պետք է պաշտպանի հայերի հայկական պատմական, մշակութային, կրոնական օբյեկտներից օգտվելու և վայելելու իրավունքը և կրոնական ժառանգությունը, չպետք է սահմանափակի եկեղեցիներ, տաճարներ, պաշտամունքի վայրեր, հուշարձաններ, տեսարժան վայրեր, գերեզմանոցներ այցելելու իրավունքը, դադարեցնի, կանխի, արգելի և պատժի դրանց վանդալիզմը, ոչնչացումը կամ փոփոխումը․
- Ադրբեջանը պետք է դյուրացնի և չխոչընդոտի հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելուն, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով, տաճարներով, պաշտամունքի վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով, որոնք առնչվում են օրենքով նախատեսված իրավունքների իրականացմանը․
- Ադրբեջանը պետք է հավաստիացնի, որ որևէ գործողություն չի ձեռնարկի, որը կարող է խորացնել կամ երկարացնել դիմումի առկա վեճը[45]։
Եզրակացություն
խմբագրել2021 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ դատարանը կիրառել է հետևյալ ժամանակավոր միջոցները. «Ադրբեջանը պարտավոր է միջազգային կոնվենցիայի համաձայն իր պարտավորությունների ներքո ձեռնպահ մնալ բռնությունից և մարմնական վնաս պատճառելուց բոլոր այն անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի հակամարտության առնչությամբ և մնում են ազատությունից զրկված, ապահովել օրենքի առաջ նրանց հավասարությունն ու անվտանգությունը։ Միջոցներ կիրառել կանխելու ռասայական խտրականության և ատելության սերմանումը, այդ թվում՝ պետական կառույցների, պաշտոնատար անձանց կողմից՝ մասնավորապես հայերի նկատմամբ…»[45][46]։
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի (2022)
խմբագրելՊահանջ
խմբագրել2022 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետությունը պահանջ է ներկայացրել՝ պայմանական միջոցների կիրառության վերաբերյալ։ Հայաստանը նշել է, որ Ադրբեջանը կազմակերպել է Արցախում 120 հազար հայազգի անձանց՝ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը։ Հայաստանը պնդել է, որ Ադրբեջանի վարքագիծը կարող է անուղղելի վնաս պատճառել՝ վտանգելով մարդու շարժման և ընտանիքի ու մտերիմների հետ լինելու, սնունդ և բժշկական օգնություն ստանալու, խնամք, կրթություն, ցրտաշունչ ձմռան պայմաններում ջերմություն և էլեկտրականություն ունենալու իրավունքները[47]։
Հայաստանը պահանջել է, որ դատարանը կիրառի հետևյալ երկու ժամանակավոր միջոցները՝ Ադրբեջանը պետք է դադարի աջակցել ու կազմակերպել ենթադրյալ բողոքի ցույցը, որով արգելափակվել է Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը և Ադրբեջանը պարտավոր է դադարեցնել միջանցքի շրջափակումը՝ ապահովելով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ու ազատ տեղաշարժը երկու ուղղություններով[47][48]։
Եզրակացություն
խմբագրել2023 թվականի Արդարադատության միջազգային դատարանը համաձայն Հայաստանի պահանջի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու որոշում է կայացրել։ Դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է, որ Լաչինի միջանցքը պետք է ապահովի կապ՝ Արցախի և Հյասատանի Հանրապետության միջև և պետք է մնա ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Դատարանը եզրակացրել է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ[46]։
Դատարանը գտել է, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանը խաթարում է բնական գազի մատակարարումը և այլ կոմունալ ծառայություններ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Ըստ այդմ պահանջը հիմնավորված չէ[47]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Judge Nawaf Salam elected President of the International Court of Justice
- ↑ https://www.icj-cij.org/index.php/members
- ↑ Koh, Steven Arrigg. «4 Things You Should Know About The Hague». Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
- ↑ «The Court | International Court of Justice». www.icj-cij.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Statute of the International Court of Justice Արխիվացված 2011-06-29 Wayback Machine. Retrieved 31 August 2007.
- ↑ Churchill, Ward. A Little Matter of Genocide. San Francisco: City Lights Books, 1997. Print.
- ↑ United Nations Security Council, Provisional Verbatim Record of the Two Thousand Seven Hundred and Eighteenth Meeting, p.51
- ↑ Harris, D. Cases and Materials on International Law, 7th ed. (2012, London) p. 839.
- ↑ 9,0 9,1 9,2 «International Court of Justice: UK abandons bid for seat on UN bench». BBC. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ ICJ Statute, Article 18(1)
- ↑ 11,0 11,1 11,2 Case Concerning Military and Paramilitary Activities In and Against Nicaragua (Nicaragua v USA), [1986] ICJ Reports 14, 158–60 (Merits) per Judge Lachs.
- ↑ «Is the International Court of Justice Biased?» (PDF). Journal of Legal Studies. University of Chicago. 34. 2005 թ․ հունիս.
{{cite journal}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն) - ↑ Rules of Court of the International Court of Justice 1978 Արխիվացված 26 Նոյեմբեր 2005 Wayback Machine (as amended on 5 December 2000). Retrieved 17 December 2005. See also Practice Directions I-XII Արխիվացված 27 Նոյեմբեր 2005 Wayback Machine (as at 30 July 2004). Retrieved 17 December 2005.
- ↑ 14,0 14,1 Schwebel S "Ad Hoc Chambers of the International Court of Justice" (1987) 81 American Journal of International Law 831.
- ↑ «Current Members | International Court of Justice». www.icj-cij.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ United Nations (2018 թ․ հունիսի 22). «General Assembly, Security Council Elect Judge to International Court of Justice» (Press release). New York: United Nations. United Nations General Assembly. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
- ↑ See the Nottebohm Case (Liechtenstein v Guatemala), [1955] ICJ Reports 4.
- ↑ See List of treaties that confer jurisdiction on the ICJ.
- ↑ Case Concerning United States Diplomatic and Consular Staff in Tehran (USA v Iran), [1979] ICJ Reports 7.
- ↑ See Charney J "Compromissory Clauses and the Jurisdiction of the International Court of Justice" (1987) 81 American Journal of International Law 855.
- ↑ See Alexandrov S Reservations in Unilateral Declarations Accepting the Compulsory Jurisdiction of the International Court of Justice (Leiden: Martinus Nijhoff, 1995).
- ↑ For a complete list of countries and their stance with the ICJ, see Declarations Recognizing as Compulsory the Jurisdiction of the Court Արխիվացված 2011-06-29 Wayback Machine. Retrieved 21 February 2011.
- ↑ Burton, Bob (17 May 2005). Australia, East Timo strike oil, gas deal Արխիվացված 2017-06-06 Wayback Machine. Asia Times. Retrieved 21 April 2006.
- ↑ «Provisional measures are indicated in the case of the Frontier Dispute» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Statute of the Court | International Court of Justice». www.icj-cij.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Chapter XIV». www.un.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Pieter H.F. Bekker (2003 թ․ դեկտեմբերի 12). «The UN General Assembly Requests a World Court Advisory Opinion On Israel's Separation Barrier». American Society of International Law. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Questions of Interpretation and Application of the 1971 Montreal Convention arising from the Aerial Incident at Lockerbie (Libyan Arab Jamahiriya v. United States of America), Preliminary Objections, International Court of Justice, 27 February 1998». Icj-cij.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ «Reports of Judgments, Advisory Opinions and Orders» (PDF). International Court of Justice. 1980 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Application for Revision and Interpretation of the Judgment of 24 February 1982 in the Case Concerning the Continental Shelf (Tunisia/Libyan Arab Jamahiriya)» (PDF). International Court of Justice. 1985 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 11-ին.
- ↑ "Aerial Incident of 3 July 1988 (Islamic Republic of Iran v. United States of America) Արխիվացված 4 Հոկտեմբեր 2013 Wayback Machine". Icj-cij.org.
- ↑ «Case Concerning Delimitation of the Maritime Boundary in the Gulf of Maine Area (Canada/United States of America)» (PDF). International Court of Justice. 1984 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «International Court of Justice». Icj-cij.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Interim Accord» (PDF). 1995 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 25-ին.
- ↑ «The Court finds that Greece, by objecting to the admission of the former Yugoslav Republic of Macedonia to NATO, has breached its obligation under Article 11, paragraph 1, of the Interim Accord of 13 September 1995» (PDF). The International Court of Justice. 2011 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ "Armed Activities on the Territory of the Congo (Democratic Republic of the Congo v. Uganda) Արխիվացված 2018-02-27 Wayback Machine". Icj-cij.org.
- ↑ "Court orders Uganda to pay Congo damages". The Guardian. 20 December 2005
- ↑ [1]
- ↑ Statute of the International Court of Justice, Article 38(2)
- ↑ Statute of the International Court of Justice, Article 60
- ↑ Ogbodo, S. Gozie (2012). «An Overview of the Challenges Facing the International Court of Justice in the 21st Century,». Annual Survey of International & Comparative Law. 18 (1): 93–113. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Suh, Il Ro (1969 թ․ ապրիլ). «Voting Behavior of National Judges in International Courts». The American Journal of International Law. 63 (2): 224–236. doi:10.2307/2197412. JSTOR 2197412.
- ↑ William, Samore, (1956). «National Origins v. Impartial Decisions: A Study of World Court Holdings». Chicago-Kent Law Review. 34 (3): 193–222. ISSN 0009-3599. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «"World Court: Completing the Circle" Time, 28 November 1960». Time. 1960 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ 45,0 45,1 «Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan)» (PDF). 2021 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2023 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 46,0 46,1 «Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ. Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 47,0 47,1 47,2 «Aplication of the international convention on the elimination of all forms of racial discrimination (Armenia v. Azerbaijan)» (PDF). 2023 թ․ փետրվարի 22.
- ↑ «Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան». azatutyun.am. 2022 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2023 թ․ ապրիլի 12-ին.
Գրականություն
խմբագրել- Dunne, Michael. "Isolationism of a Kind: Two Generations of World Court Historiography in the United States," Journal of American Studies (1987) 21#3 pp 327–351.
- Rosenne S., "Rosenne's the world court: what it is and how it works 6th ed (Leiden: Martinus Nijhoff, 2003).
- Kwiatkowska, Barbara, "Decisions of the World Court Relevant to the UN Convention on the Law of the Sea" Արխիվացված 2017-12-01 Wayback Machine. Relevant to the UNCLOS, dedicated to Former ICJ President Stephen M. Schwebel (Brill, 2010)
- Van Der Wolf W. & De Ruiter D., "The International Court of Justice: Facts and Documents About the History and Work of the Court" (International Courts Association, 2011)
- Wilde, Ralph; Charlesworth, Hilary; Schrijver, Nico; Krisch, Nico; Chimni, B. S.; Gowlland-Debbas, Vera; Klabbers, Jan; Yee, Sienho; Shearer, Ivan (2011 թ․ դեկտեմբերի 11). «United Nations Reform Through Practice: Report of the International Law Association Study Group on United Nations Reform». doi:10.2139/ssrn.1971008.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - Kolb, Robert, The International Court of Justice Արխիվացված 2016-06-29 Wayback Machine (Hart Publishing: Oxford, 2013).
- Bowett, D W. The International court of justice : process, practice and procedure (British Institute of International and Comparative Law: London, 1997).
- Sienho Yee, Article 38 of the ICJ Statute and Applicable Law: Selected Issues in Recent Cases, 7 Journal of International Dispute Settlement (2016), 472–498.
- Andreas Zimmermann, Christian Tomuschat, Karin Oellers-Frahm & Christian J. Tams (eds.), The Statute of the International Court of Justice: A Commentary (2d. ed. October 2012, Oxford University Press).
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արդարադատության միջազգային դատարան կատեգորիայում։ |
- International Court of Justice, Official site
- ICJ Multimedia Gallery Արխիվացված 2017-12-30 Wayback Machine (photos, videos, webstreaming)
- List of cases ruled upon by the ICJ since its creation in 1946
- Peace Palace Library - ICJ Research Guide Արխիվացված 2019-10-28 Wayback Machine
- The Statute of the International Court of Justice on the United Nations AVL: summary of the procedural history, list of selected preparatory documents and audiovisual material related to the negotiations and adoption of the Statute.
- Hague Justice Portal: Academic gateway to The Hague organizations concerning international peace, justice and security.
- International Criminal Court : See also, a tribunal to prosecute individuals for genocide, crimes against humanity, war crimes, and the crime of aggression
Դասախոսություններ
խմբագրել- The ICJ in the Service of Peace and Justice, Conference organized on the Occasion of the Centenary of the Peace Palace
- Lecture by Awn Shawkat Al-Khasawneh entitled Reflections on the Jurisdiction of the International Court of Justice in the Lecture Series of the United Nations Audiovisual Library of International Law
- Lecture by Mohamed Bennouna entitled La Cour internationale de Justice, juge des souverainetés? in the Lecture Series of the United Nations Audiovisual Library of International Law
- Lecture by Philippe Couvreur entitled La Cour internationale de Justice in the Lecture Series of the United Nations Audiovisual Library of International Law
- Lecture by Vera Gowlland-Debbas entitled The International Court of Justice as the Principal Judicial Organ of the United Nations in the Lecture Series of the United Nations Audiovisual Library of International Law
- Lecture by Mariko Kawano entitled Some Salient Features of the Contemporary International Disputes in the Precedents of the International Court of Justice in the Lecture Series of the United Nations Audiovisual Library of International Law
- Lecture by Mariko Kawano entitled International Court of Justice and Disputes Involving the Interests of Third Parties to the Proceedings or the Common Interests of the International Community as a Whole or of the Community Established by a Convention in the Lecture Series of the United Nations Audiovisual Library of International Law
- Lecture by Edward McWhinney entitled Judicial Activism and the International Court of Justice in the Lecture Series of the United Nations Audiovisual Library of International Law
- Lecture by Alain Pellet entitled Conseil devant la Cour internationale de Justice in the Lecture Series of the United Nations Audiovisual Library of International Law
- Lecture by Jiuyong Shi entitled The Present and Future Role of the International Court of Justice in the Peaceful Settlement of International Disputes in the Lecture Series of the United Nations Audiovisual Library of International Law