Ավստրոֆաշիզմ (գերմ.՝ Austrofaschismus), աջակողմյան ավտորիտար քաղաքական վարչակարգ Ավստրիայում, որը հաստատվել է 1933-1934 թվականներին՝ Էնգելբերտ Դոլֆուսի գահակալմամբ[1][2]։ Գոյություն է ունեցել մինչև Ավստրիայում՝ Գերմանիայի հետ Անշլյուսի ռեֆերենդումի արդյունքում Ավստրիայի միացումը Երրորդ Ռայխին[3]։

Ավստրոֆաշիզմ եզրույթը շրջանառության մեջ են դրել գերմանացի և ավստրիացի պատմաբաններն ու քաղաքական գործիչները, իսկ աջակողմյան կուսակցականները, որպես կանոն, նախընտրել են կիրառել Ständestaat (բառացի թարգմանությամբ՝ կորպորատիվ պետություն) չեզոք տերմինը։ Շատ պատմաբաններ ավստոֆաշիզմն անվանում են նաև «կանաչ ֆաշիզմ»՝ Բենիտո Մուսոլինիի կառավարման տարիներին Իտալիայի թագավորությունում տարածված ֆաշիզմից տարանջատելու համար։

Հեղաշրջման նախադրյալներ խմբագրել

Ավստրո-Հունգարական կայսրության փլուզումից հետո՝ 1918 թվականին, Ավստրիայում հաստատվեց խորհրդարանական հանրապետության վարչակարգ։ Նորաստեղծ պետությունն ի սկզբանե կոչվում էր Գերմանական Ավստրիայի Հանրապետություն, սակայն 1919 թվականին կնքված Սեն Ժերմենի հաշտության պայմանագիրն արգելեց այդ եզրույթի կիրառումը։ Ֆրանսիայում կնքված համաձայնությունն արգելեց նաև Ավստրիայի միացումը Վայմարյան Հանրապետությանը (Գերմանիայի Հանրապետություն)։ Ավստրիայի առաջին Հանրապետության հռչակումը երկու անհաշտ քաղաքական ուժերի միջև առճակատման պատճառ դարձավ։ Սոցիալ-դեմոկրատների գաղափարախոսության հիմքում ընկած էր քաղաքային պրոլետարիատի դիկտատուրան, իսկ աջակողմյան կուսակցությունները վայելում էին ավստրիական կաթոլիկ եկեղեցու, գյուղացիության և մանր բուրժուազիայի համակրանքը։

Այսպիսով՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ավստրիայում գործող աջակողմյան կուսակցությունները երկուսն էին՝ «Հայրենիքի պաշտպանության միություն»-ը և «Ճակատայինների միություն»-ը, իսկ ձախակողմյան միակ կուսակցությունը դա Հանրապետական կուսակցությունն էր։ Երկու կողմերի միջև խաղաղ բախումները 1921 թվականից մինչև 1927 թվականը սովորական երևույթ էին։ 1927 թվականի մայիսին «Ճակատայինների միություն» կուսակցության ծայրահեղական զինյալները կրակ են բացում ցույցի ժամանակ։ Արդյունքում՝ զոհվում է Առաջին համաշխարհային պատերազմի վետերան և ութ տարեկան երեխա։ Հուլիսին՝ սպանության մեջ մեղադրվողները Վիեննայի գերագույն դատարանի կողմից անմեղ են ճանաչվում։ Կոռուպացված այս որոշումը հանգեցնում է զանգվածային բողոքի ցույցերի և գործադուլների։ Իրավիճակն այնքան է սրվում, որ գործին սկսում են միջնորդել Ավստրիայի ոստիկանները։ Շուտով ցուցարարների ամբողջ ներխուժում և հրկիզում է դատարանի շենքը։ Ոստիկանները դժվարությամբ կարողանում են ցրել բողոքականների ամբոխը և տուժածներին դուրս բերել դատարանից։ Արդյունքում՝ զոհվում է 89 մարդ (նրանցից 85-ը՝ ձախակողմյան ցուցարարներ), իսկ ևս 600 անձնինք վիրավորվում են։

Ավտորիտար վարչակարգը 1934-1938 թվականներին խմբագրել

 
Ցույցեր ի պաշտպանություն Էնգելբերտ Դոլֆուսի

Իր բնույթով ավստրոֆաշիզմի հետևորդները վարում էին համընդհանուր հաշտեցման քաղաքականություն՝ մերժելով դասակարգային պայքարը։ Նախքան ավստրոֆաշիզմի ավտորիտար վարչակարգի հաստատումը՝ Ավստրիայում գործազրկության մակարդակը կազմում էր 26 % , իսկ ֆաշիստների իշխանության գալուց հետո այդ թիվը նվազել է մոտ 13 %-ի (չհաշված թաքնված գործազրկությունը)։ Լայն իմաստով ֆաշիզմը որակվում է որպես Լուսավորիչների դարաշրջանի դեմոկրատական հումանիզմի արժեքներին ռեակցիոն գաղափարախոսություն։ Առաջանալով դեմոկրատական արժեքների ֆրյուստրացիայից ֆաշիզմը ժխտում է մարդու իրավունքները, կոմունիզմը, անարխիզմը, անհատական ազատությունները և լիբերալիզմը։ Իր «Ֆաշիզմի քաղաքական և սոցիալական ուսմունք»-ի մեջ Մուսոլինին 1933 թվականին հաստատում է.

  Փաստ է, որ 19-րդ դարը եղել է սոցիալիզմի, լիբերալիզմի և ժողովրդավարության դար, ինչը չի նշանակում, որ 20-րդ դարը նույնպես պիտի լինի սոցիալիզմի, լիբերալիզմի և ժողովրդավարության դար։ Քաղաքական ուսմունքներն անցնում են, ազգերը` մնում։ Մենք ազատ ենք հավատալու, որ սա իշխանության, հեղինակության դար է` ֆաշիզմի դարը։ Եթե 19-րդ դարը ինդիվիդուալիզմի դար էր, մենք ազատ ենք հավատալու, որ սա կոլեկտիվի դար է և նաև Պետության դարն է։  

Ավստրոֆաշիզմի հիմնադիրը համարվում է Ավստրիայի կանցլեր Էնգելբերտ Դոլֆուսը, ով սակայն, ի սկզբանե եղել է ֆաշիստների գլխավոր թշնամիներից մեկը։ 1933 թվականին Դոլֆուսն արգելում է նացիստների գործունեությունն Ավստրիայի տարածքում, սակայն Մուսոլինիի հետ կնքած դաշինքից հետո Դոլֆուսը ստիպված է լինում դադարեցնել նացիստների ներթափանցման արգելքը երկրում։

Այսպիսով Էնգելբերտ Դոլֆուսը երկրում ստեղծում է ավտորիտար ռեժիմ, որը շուտով հայտնի է դառնում ավստրոֆաշիզմ անվանումով։ 1929-1933 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով Ավստրիայի քաղաքներում տիրում էր չքավորություն։ 1934 թվականի փետրվարի 12-ին Ավստրիայի անարխիստներն ու սոցիալիստները Լինցում, ապա նաև Վիեննայում և մյուս ավստրիական քաղաքներում կազմակերպում են ապստամբություններ։

Նույն օրը կառավարական զորքերը մտել են քաղաք և զենք կիրառել՝ Վիեննայում հավաքված ապստամբների ամբոխը ցրելու նպատակով։ Սակայն տեղի է ունեցել քաշքշուկ և սպանվել է առնվազն 1000 մարդ։ Ապստամբությունն արյան մեջ խեղդելուց հետո Դոլֆուսը երկրում գործող միակ կուսակցությունը՝ Ավստրիայի քրիստոնեա-սոցիալական կուսակցությունը վերանվանում է՝ դարձնելով «Հայրենիքի ճակատ»։ Էնգելբերտն այս քայլով նպատակ ուներ մեկ դրոշի տակ համախմբել բոլոր «հավատարիմ ավստրիացիներին»[4]։

Ավստրոֆաշիզմի գերակայության ժամանակաշրջանը տևում է մինչև 1938 թվականը։ 1938 թվականի փետրվարին կանցլեր Շուշնիգը Բավարիայում ստորագրեց Ավստրիայում նացիստներին գուրծունեության լայն իրավունքներ տալու համաձայնագիր։ Փետրվարի 22-ին Անգլիայի վարչապետ Չեմբերլենը հայտարարեց, որ Ավստրիան այլևս չի կարող հուսալ Ազգերի լիգայի պաշտպանությանը։ Վիճակը շտկելու համար 1938 թվականի մարտի 12-ին Ավստրիայում նախապատրաստվեց հանրաքվեի անցկացում՝ անկախանալու հարցադրումով։ Ադոլֆ Հիտլերը մոբիլիզացրեց գերմանական 8-րդ բանակը՝ Ավստրիա մտնելու համար։ Մարտի 10-ին Ավստրիային ներկայացվեց վերջնագիր, 11-ին կանցլեր Շուշնիգը իշխանությունը փոխանցեց Ավստրիայի նացիստների առաջնորդ Զեյս Ինկվարտին։ Մարտի 12-ին գերմանական զորքերը մտան Ավստրիա, մարտի 13-ին՝ Վիեննա։ Հայտարարվեց Ավստրիայի՝ Գերմանիայի հետ միավորման մասին։ Ապրիլի 10-ին անցկացվեց հանրաքվե, որն ապահովեց 99%-անոց արդյունք հօգուտ միավորման[5]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Stanley G. Payne A History of FascismMaiverfass
  2. Botz, Gerhard (2014). «The Coming of the Dollfuss-Schuschnigg Regime and the Stages of its Development». Rethinking Fascism and Dictatorship in Europe: 121–153. ISBN 978-1-349-48088-3.
  3. «AUSTRIA: Eve of Renewal». 1933 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին – via www.time.com.
  4. Ryschka, Birgit (2008 թ․ հունվարի 1). «Constructing and Deconstructing National Identity: Dramatic Discourse in Tom Murphy's The Patriot Game and Felix Mitterer's In Der Löwengrube». Peter Lang – via Google Books.
  5. Gunther, John (1936). Inside Europe. Harper & Brothers. էջ 317.