Ասեղնագործություն
Ասեղնագործություն, դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ, որ ասեղով (երբեմն՝ հելունով) կամ ասեղնագործող մեքենայով զանազան գործվածքների, կաշվի, թաղիքի վրա տարբեր կարերով ստեղծում են պատկեր (զարդապատկեր, սյուժետային կոմպոզիցիա, դիմանկար), գործվածք և այլ նյութեր զարդարելու արհեստ՝ ասեղի, թելի և մանվածքի կիրառությամբ։

Ասեղնագործելիս օգտագործվում են տարբեր թելեր՝ բամբակյա, վուշյա, մետաքսյա, բրդյա (հաճախ գունավոր), ինչպես նաև ուլունքներ, մարգարիտներ, փետուրներ, փայլփլուքներ, թանկագին քարեր, ոսկեթելեր, արծաթաթելեր, դրամներ և այլն։
Ասեղնագործությունը կիրառվում է հագուստը, գլխարկները, ծածկոցները, գուլպաները, կենցաղային առարկաները զարդարելու, դեկորատիվ պատկերներ ստեղծելու համար։
Վաղագույն ասեղնագործության հիմնական տեխնիկաներից կամ զարդակարերից են քարգահագործությունը, կողքակարը, շարակարը, հարթակարը և խաչկարը։ Այս տեսակներն այսօր էլ համարվում են ասեղնագործության հիմնական տեխնիկաները։
Ծագում խմբագրել
Ասեղնագործությունը գալիս է հին ժամանակներից, երբ մարդիկ ասեղի փոխարեն օգտագործել են բույսերի փշեր և ձկների ոսկորներ, այնուհետև՝ փայտ, փղոսկր, մետաղից պատրաստված ասեղներ։ Պատմական վաղ ժամանակից սկսել են գործել ոսկյա թելերով, ապա բրդյա, ավելի ուշ՝ վուշի և բամբակյա թելերով։ Ասեղնագործության մեջ բրդյա թելը օգտագործվել է Չինաստանում մ․թ․ 1200 տարի առաջ։
Հին աշխարհում ասեղնագործությամբ զբաղվել են ասորեստանցիները, հրեաները, պարսիկները, հույները, հռոմեացիները, իսկ առավել հայտնի կենտրոնը եղել է Բաբելոնը։ Ամենահին նմուշների մասին գաղափար են տալիս ասուրա-բաբելական արձանների, եգիպտական քանդակների, որմնանկարների, հունական սափորների վրա պատկերված հագուստների զարդարանքները, հնագիտակ պեղումներով հայտնաբերված ասեղնագործ պատառիկները։
Կարելու, կարկատելու և գործվածքը նորոգելու գործընթացը խթանեց կարելու տեխնիկայի զարգացմանը, և դեկորացիայի զանազան տեսակները հանգեցրին ասեղնագործության արվեստին[1]։ Ի հայտ եկան ասեղնագործության հիմնական զարդակարերը։ Դարերի ընթացքում մշակվել են ասեղնակարերի զանազան տեսակներ։
Ասեղնագործության պատմության զարգացման մեջ չկան նյութերի և տեխնիկայի փոփոխություններ, որոնք կարող են դիտվել որպես ավելի զարգացած մեթոդ նախորդ կամ հետագա ժամանակաշրջանների համեմատությամբ։ Մյուս կողմից, վաղ աշխատանքների մեջ մենք հաճախ հանդիպում ենք տեխնիկայի կատարման և արհեստավարժության բարձր չափանիշեր, որոնք հազվադեպ են պահպանվել հետագայում[2]։
Տեսակներ խմբագրել
Ասեղնագործությունները բաժանվում են երկու մեծ խմբի՝ կտորի վրա կատարվող և թելքաշ կտրովի ասեղնագործություն։
Տարածում խմբագրել
Ասեղնագործությունը տարածված է եղել ամբողջ աշխարհում․ գտնվել են մի քանի հին նմուշներ։ Չինաստանում ասեղնագործված աշխատանքները թվագրվում են Ք․ա․ 5-3 դարեր՝ Պատերազմող պետությունների ժամանակաշրջան[3]։ Գտնվել է Միգրացիոն ժամանակաշրջանի (մոտավորապես 300-700 Ք․ա․) շվեդական հանդերձանք, որի զարդարանքի ժապավենաձև եզրերը արված էին շարակարով, ցողունակարով, կողքակարով, սակայն պարզ չէ, արդյոք սա կարերի համակցություն է, թե կարող է դիտվել որպես ասեղնագործություն[4]։
Հին հունական դիցաբանության մեջ ասեղնագործությունը, ինչպես նաև ջուլհակագործությունը վերագրվում են Աթենաս աստվածուհուն, որն արտացոլվում է նրա և մահկանցու Արաչնեի հայտնի մրցույթի պատկերագրության մեջ[5]։
Հին հայկական ասեղնագործություն խմբագրել
Հին հայկական ասեղնագործության զարգացման բարձր աստիճանի մասին վկայում են մատենագրական տվյալներ (Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի և ուրիշներ)։ Հին Հայաստանում այն ավելի տարածված է եղել, քան գորգագործությունը։ Միջին դարերից պահպանվել են ասեղնագործ պատառիկներ (ձեռագիր կազմաստառներ, Անի քաղաքի պեղումներից հայտնաբերված 12-13-րդ դարերի զգեստների, ծածկոցների մնացորդներ և այլն), եկեղեցական ասեղնագործ զարդարանքներ՝ 15-րդ դարից սկսած։
Ասեղնագործությունը տարածված է եղել հայկական բոլոր շրջաններում՝ կենտրոնանալով Վան-Վասպուրականի, Շիրակ-Կարինի, Սյունիք-Արցախի, Արարատյան երկրի, Կիլիկիայի և հայ մշակույթի երկու խոշոր կենտրոնների՝ Թիֆլիսի և Կոստանդնուպոլսի, ինչպես և գաղթավայրերի դպրոց-օջախներում։ Պահպանելով ազգային միասնական ոճը՝ ամեն մի դպրոց զարգացրել է ասեղնագործության իր ձևերն ու տեսակները։
Հայկական ասեղնագործությունը հիմնականում զարգացել է երեք խոշոր ճյուղերով․
- ժողովրդավարական՝ կապված գեղջկական տարազի և կենցաղի հետ,
- քաղաքային՝ առևտրա-արհեստավորական,
- եկեղեցական։
Պատկերասրահ խմբագրել
-
Սինդհիի ասեղնագործություն
-
Սուրբ Գալլյանի հիասքանչ ասեղնագործությունը
-
Թուրքական ավանդական ասեղնագործություն: Իզմիրի ազգագրության թանգարան, Թուրքիա
-
Խորվաթական ավանդական ասեղնագործություն
-
Վառ գույներով կորեական ասեղնագործություն
-
Ուզբեկական ավանդական ասեղնագործություն
-
Պերուական ավանդական ասեղնագործություն
-
Քալաշի ավանդական կանացի գլխազարդեր,Պակիստան
-
Բազմագույն ասեղնագործությամբ էջանշան
-
Շղթայակար ասեղնագործություն,Անգլիա, 1775
-
Բուլղարիայի ավանդական ծաղկավոր ասեղնագործություն,Սոֆիա
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Gillow and Bryan 1999, p. 12
- ↑ Marie Schuette and Sigrid Muller-Christensen, The Art of Embroidery translated by Donald King, Thames and Hudson, 1964, quoted in Netherton and Owen-Crocker 2005, p. 2
- ↑ Gillow and Bryan 1999, p. 178
- ↑ Coatsworth, Elizabeth: "Stitches in Time: Establishing a History of Anglo-Saxon Embroidery", in Netherton and Owen-Crocker 2005, p. 2
- ↑ Synge Lanto (2001)։ Art of Embroidery: History of Style and Technique։ Woodbridge, England: Antique Collectors' Club։ էջեր 32։ ISBN 9781851493593
Գրականություն խմբագրել
- Հայկական Սովետական Հանրագիտարան, առաջին հատոր, Երևան 1974, 720 էջ
- Berman, Pat (2000). "Berlin Work". American Needlepoint Guild. Retrieved 2009-01-24.
- Caulfeild, S.F.A.; B.C. Saward (1885). The Dictionary of Needlework.
- Crummy, Andrew (2010). The Prestonpans Tapestry 1745. Burke's Peerage & Gentry, for Battle of Prestonpans (1745) Heritage Trust.
- Embroiderers' Guild Practical Study Group (1984). Needlework School. QED Publishers. ISBN 0-89009-785-2.
- Gillow, John; Bryan Sentance (1999). World Textiles. Bulfinch Press/Little, Brown. ISBN 0-8212-2621-5.
- Lemon, Jane (2004). Metal Thread Embroidery. Sterling. ISBN 0-7134-8926-X.
- Levey, S. M.; D. King (1993). The Victoria and Albert Museum's Textile Collection Vol. 3: Embroidery in Britain from 1200 to 1750. Victoria and Albert Museum. ISBN 1-85177-126-3.
- Netherton, Robin, and Gale R. Owen-Crocker, editors, (2005). Medieval Clothing and Textiles, Volume 1. Boydell Press. ISBN 1-84383-123-6.
- Quinault, Marie-Jo (2003). Filet Lace, Introduction to the Linen Stitch. Trafford Publishing. ISBN 1-4120-1549-9.[self-published source?]
- Readers Digest (1979). Complete Guide to Needlework. Readers Digest. ISBN 0-89577-059-8.
- van Niekerk, Di (2006). A Perfect World in Ribbon Embroidery and Stumpwork. ISBN 1-84448-231-6.
- Vogelsang, Gillian; Willem Vogelsang, editors (2015). TRC Needles. The TRC Digital Encyclopaedia of Decorative Needlework. Textile Research Centre, Leiden, The Netherlands.
- Wilson, David M. (1985). The Bayeux Tapestry. Thames and Hudson. ISBN 0-500-25122-3.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 555)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 695)։ |