Մետաքսե գործվածք, բնական մետաքսից կամ քիմիական մանրաթելերից պատրաստված մանածագործվածք։ Տարբերում են տեխնիկական գործվածք, զգեստներ, վերնաշապիկներ, կոստյումներ, վերարկուներ, փողկապներ կարելու, ինչպես նաև կանացի արդուզարդի և գալանտերեային ապրանքների համար նախատեսված մետաքսե գործվածքներ։ Պատրաստում են նաև հատային արտադրանք՝ թաշկինակներ, սփռոցներ, ծածկոցներ ևն։ Մետաքսային գործվածքների զգալի մասն են կազմում կրեպե (կրեպդեշին, կրեպ-ժորժետ, կրեպ-սատին) և խավոտ (թավիշ, նրբաթավիշ, թավշամահուդ) գործվածքները։ Ացետատային թելի հետ ոլորված վիսկոզային կրեպե թելերից պատրաստում են մետաքսե գործվածքներ կոստյումների, զգեստների համար, իսկ կապրոնե մետաքսից, պերլոնից, նայլոնից՝ նրբագույն մետաքսե գործվածք սպիտակեղենի և կանացի բլուզների համար։ Թողարկվում են միագույն, երփներանգ, դաջովի և այլ մետաքսե գործվածքներ։

Մետաքսե գործվածքներ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 484