Ալֆրեդ Ադլեր
Ալֆրեդ Ադլեր (գերմ.՝ Alfred Adler, փետրվարի 7, 1870[1][2][3][…], Rudolfsheim, Ավստրո-Հունգարիա[4] - մայիսի 28, 1937[5][1][2][…], Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[6]), ավստրիացի բժիշկ և հոգեթերապևտ, անհատական հոգեբանության հիմնադիրը[12]։ Տեսության հիմնական հասկացություններից է թերարժեքության զգացումը, որը Ադլերի կողմից դիտարկվում է որպես անձի զարգացման մեջ հիմնաքարային դեր ունեցող[13]։ Ադլերի տեսության մեջ մարդը դիտարկվում է որպես անհատական ամբողջություն, որի պատճառով էլ տեսությունը կոչվում է «Անհատական հոգեբանություն»։ Զիգմունդ Ֆրոյդի և նրա խմբի հետ համագործակցելով՝ Ադլերը հոգեվերլուծական շարժման համահիմնադիրներից մեկն էր և անդամակցում էր Վիեննայի հոգեվերլուծական ասոցացիային[14]։ Նա առաջիններից էր, ով առանձնացավ՝ ստեղծելով հոգեթերապիայի իր անկախ դպրոցը և անձի տեսությունը։ Ադլերը, Ֆրոյդի և Յունգի հետ միասին համարվում է խորքային հոգեբանության երեք հիմնադիրներից մեկը[15]։
Ալֆրեդ Ադլեր գերմ.՝ Alfred Adler | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1870[1][2][3][…] Rudolfsheim, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | մայիսի 28, 1937[5][1][2][…] (67 տարեկան) Աբերդին, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[6] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Ավստրիա |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա, Ավստրիա և Ցիսլեյտանիա |
Դավանանք | հուդայականություն[4] |
Ուղղություն | Նեոֆրեյդիզմ |
Մասնագիտություն | հոգեբույժ, հոգեթերապևտ և ակնաբույժ |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան |
Գործունեության ոլորտ | անհատական հոգեբանություն[7], հոգեբանություն, հոգեբուժություն, նյարդաբանություն, հոգեթերապիա և հոգեվերլուծություն |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][2][8] |
Հայտնի աշակերտներ | Աբրահամ Մասլոու |
Ազդվել է | Հանս Վայհինգեր[9] և Ֆրիդրիխ Նիցշե[10] |
Ամուսին(ներ) | Ռաիսա Ադլեր[6] |
Երեխա(ներ) | Ալեքսանդրա Ադլեր, Վալենտին Ադլեր, Կուրտ Ա. Ադլեր[6] և Կորնելիա Ադլեր[11] |
Հայր | Լեոպոլդ Ադլեր |
Կայք | adler-iaip.net |
Alfred Adler Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱդլերը ծնվել է հրեա վաճառականի ընտանիքում։ Որոշ աղբյուրների համաձայն՝ յոթ երեխաներից երրորդն էր[16], իսկ համաձայն այլ աղբյուրների՝ ընտանիքի երկրորդ զավակն էր[17]։ Մանուկ հասակում տառապում էր ռախիտով, որի պատճառով մինչև չորս տարեկանը չէր քայլում։ Չորս տարեկանում հիվանդացավ թոքաբորբով և լսեց, թե ինչպես է բժիշկը նրա հորն ասում. «Ձեր որդին կորած է»։ Այդ պահից նա որոշեց դառնալ բժիշկ[18]։ Նա շատ հետաքրքրված էր հոգեբանության, սոցիոլոգիայի և փիլիսոփայության հարցերով։ Վիեննայի համալսարանում սովորելուց հետո նա մասնագիտացավ ակնաբուժության, ավելի ուշ՝ նյարդաբանության և հոգեբուժության մեջ[19]։ Ուսանողական տարիներին ծանոթացավ ապագա կնոջ՝ Ռաիսա Էփշտեյնի հետ՝ սոցիալական ակտիվիստ Ռուսաստանից, ով սովորում էր Վիեննայում։ Նրանք ամուսնացան 1887 թվականին և ունեցան չորս երեխաներ, որոնցից երկուսը դարձան հոգեբույժներ։ Նրանց զավակներն են գրող, հոգեբույժ և սոցիալական ակտիվիստ Ալեքսանդրա Ադլերը[20], հոգեբույժ Կուրտ Ադլերը[21], գրող և ակտիվիստ Վալենտինա Ադլերը[22] և Քորնելիա Ադլերը[23]։ Բժշկի իր կարիերան սկսել է որպես ակնաբույժ, բայց շուտով սկսեց զբաղվել ընդհանուր բժշկական պրակտիկայով։ Հիմնադրեց իր կլինիկան Վիեննայի ոչ այնքան հարուստ թաղամասում, որտեղ կար կրկես և զբոսայգի։ Նրա հիվանդները շատ հաճախ կրկեսից էին, և ենթադրվում է[24], որ նրանց անսովոր ուժն ու թուլությունները հանգեցրել են «օրգանների թերարժեքության» և «դրանց կոմպենսացիաների» ոլորտում ինսայթների։ 1902 թվականին Զիգմունդ Ֆրոյդի կողմից ստացավ հրավեր մասնակցելու ոչ ֆորմալ խմբային քննարկումների։ Խումբը, որը կոչվում էր «Չորեքշաբթի ասոցացիա», չորեքշաբթի օրերին պարբերական հանդիպումներ էր ունենում և հանդիսանում էր հոգեվերլուծական շարժման նախահիմքը։ Ադլերը ութ տարի անց՝ 1910 թվականին, դարձավ Վիեննայի հոգեվերլուծական ասոցացիայի նախագահը։ Ասոցացիային նա անդամակցեց մինչև 1911 թվականը, երբ Ադլերն ու իր խումբը առանձնացան Ֆրոյդյան խմբից։ 1912 թվականին Ադլերը հիմնադրեց Անհատական հոգեբանության ասոցացիան։1930-ական թվականների սկզբերին՝ Ադլերի կլինիկաների մեծ մասը փակելուց հետո, Ադլերը տեղափոխվեց ԱՄՆ։ Մահացել է 1937 թվականին Շոտլանդիայի Աբերդին քաղաքում դասախոսության ժամանակ, սակայն դիակիզման մնացուկները մինչև 2007 թվականը չէին հայտնաբերվել[25]։
Ուսմունք
խմբագրելԿարելի է առանձնացնել Ադլերի տեսության հետևյալ դրույթները.
- Անհատը որպես միասնական և ինքնակարգավորվող ամբողջություն. Ալֆրեդ Ադլերը, որին հաճախ ներկայացնում են որպես Զիգմունդ Ֆրոյդի աշակերտ, հետագայում ըմբոստացավ ուսուցչի դեմ, առաջ քաշեց անձի միասնության գաղափարը։ Ադլերն իր տեսությանը տվեց «Անհատական հոգեբանություն» անվանումը, քանի որ լատին․՝ individum նշանակում է «անբաժանելի», այսինքն անբաժանելի էություն։ Նրա պատկերացումներով ինդիվիդումը իրենից ներկայացնում է անբաժանելի մի ամբողջականություն, ինչպես գլխուղեղի և մարմնի փոխադարձ կապի մեջ, այնպես էլ հոգեկան կյանքում։
- Կյանքը՝ որպես կատարելության ակտիվ ձգտում. Ադլերը պնդում էր, որ մարդն, ի տարբերություն Զիգմունդ Ֆրոյդի «կործանարար հրեշի», ձգտում է կատարելության, քանի որ մարդկանց հետ չեն կանգնեցնում արտաքին կամ ներքին պատճառները, և նրանք միշտ ձգտում են առաջ դեպի անձնական կարևորություն ունեցող նպատակները։ Ադլերի կարծիքով այդ կենսական նպատակները նշանակալից չափով ընտրվում են անհատականորեն, և հետևաբար, մարդիկ ի վիճակի են պլանավորել իրենց գործողությունները և որոշել սեփական ճակատագիրը։
- Անհատը որպես ստեղծագործական և ինքնապայմանավորող ամբողջություն.Ադլերը ընդունելով ժառանգականության և շրջապատի դերը անձի ձևավորման գործում, այնուամենայնիվ պնդում էր, որ ինդիվիդումը, անհատը ավելին է քան միայն այդ երկու ազդեցությունների արդյունք։ Նա գտնում էր որ մարդիկ տիրապետում են «ստեղծագործական ուժի», որն էլ հնարավորություն է տալիս նրանց ազատորեն ղեկավարել իրենց կյանքը։ Այդ ստեղծագործական ուժը ազդում է մարդկային փորձի յուրաքանչյուր կողմի՝ ընկալման, հիշողության, երևակայության վրա։
- Անհատի սոցիալական պատկանելություն. Ադլերի տեսության գլխավոր դրույթի համաձայն՝ մարդկային վարքի բոլոր դրսևորումները պետք է դիտել միայն սոցիալական կոնտեքստում, և մարդկային էությունը կարելի է ըմբռնել միայն սոցիալական հարաբերությունների հասկացման միջոցով։ Նա գտնում էր, որ ամեն մարդ ունի «սոցիալական շահ» որն իրենից ներկայացնում է սոցիալական համագործակցության հարաբերությունների բնածին ձգտում։ Գաղափար, որով Ադլերը կրկին հակադրվեց Ֆրոյդին և նրա այն դրույթին, որ մարդն իր էությանմբ հակասոցիալական է։ Անհատական հոգեբանությունը ենթադրում է մարդու և հասարակության միջև համագործակցության և ներդաշնակ միավորման անհրաժեշտություն, իսկ նրանց միջև կոնֆլիկտը դիտարկվում են որպես անբնական։
- Անհատական սուբյեկտիվություն. Ադլերը գտնում էր, որ մարդու վարքը կախված է մարդկանց կարծիքից իրենց և իրենց շրջապատի մասին։ Մարդիկ ապրում են իրենց իսկ կողմից ստեղծված աշխարհում, որը համապատասխանում է իրենց ապերցեպցիոն սխեմային։ Ըստ Ադլերի, մարդիկ մոտիվացվում են ֆիտիվ նպատակներով, որոնք իրենց վարքը կարգավորող արտաքին կամ ներքին իրադարձությունների մասին կարծիքներ են։ Ադլերը ենթադրում էր, որ մարդիկ առաջնորդվում են այդ պատկերացումներով՝ անկախ այն հանգամանքից դրանք օբյեկտիվորեն իրական են թե ոչ։ Ադլերյան մոտեցման մեջ մարդու վարքը արտացոլում է իրականության սուբյեկտիվ անհատական ընկալումը։
Անձի անհատական տեսություն
խմբագրելԱդլերի տեսության հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն ունի սահմանափակ քանակով հիմնական հասկացություններ և սկզբունքներ՝ թերարժեքության զգացում և կոմպենսացիա, կատարելության ձգտում, կյանքի ոճ, սոցիալական հետաքրքրություն, ստեղծագործական Ես, ծննդյան հաջորդականություն, ֆիկցիոն ֆինալիզմ։
Թերարժեքության զգացում և կոմպենսացիա
խմբագրելԱդլերն իր «Օրգանի թերարժեքություն և նրա հոգեկան կոմպենսացիան» մենագրությունում զարգացրեց տեսություն այն մասին, որ յուրաքանչյուր անհատի մոտ որոշ օրգաններն ավելի թույլ են, քան մյուսները, ինչը մարդուն դարձնում է առավել ընկալունակ հենց այդ օրգանների հիվանդությունների հանդեպ։ Ադլերը նկատեց, որ մարդիկ, ովքեր ունեն արտահայտված օրգանական թուլություն կամ խնդիր, հաճախ ձգտում են այդ թերությունը կոմպենսացնել մարզումների և վարժանքների ճանապարհով, ինչը շատ հաճախ հանգեցնում է վարպետության բարձրացմանը։ Նա գրում է, որ օրգանի թերարժեքությունը, նրա բնածին թուլությունը կարող է հանգեցնել մարդու կյանքում տպավորիչ ձեռքբերումների։ Սակայն այն կարող է հանգեցնել նաև սեփական թերարժեքության արտահայտված զգացման, եթե ջանքերը, որոնք ուղղված են թերության կոմպենսացիային, չեն հանգեցնում ցանկալի արդյունքի։ Ադլերն ընդգծում է այն բանի կարևորությունը, որ կոմպենսացիայի գործընթացն իր տեղն ունի ոչ միայն մարմնական, այլ նաև հոգեկան ոլորտում։ Սա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն ձգտում են կոմպենսացնել օրգանի թերարժեքությունը, այլ նրանց մոտ նաև դրսևորվում է սեփական թերարժեքության սուբյեկտիվ զգացում, որը զարգանում է սեփական հոգեբանական կամ սոցիալական անկարողությունից։ Ադլերը ենթադրում էր, որ թերարժեքության զգացման հիմքերը գտնվում են մանկությունում, ինչը բացատրում էր հետևյալ ձևով. երեխան ապրում է ծնողներից կախվածության երկարատև շրջան, երբ ինքը միանգամայն անօգնական է, և իր կենսագործունեությունը հենվում է ծնողների վրա։ Այս փորձը երեխայի մոտ առաջացնում է թերարժեքության խորն ապրումներ ընտանեկան հարաբերություններում՝ ընտանիքի մյուս անդամների հետ հարաբերությամբ, որոնք երեխայի կողմից դիտարկվում են որպես ավելի ուժեղ և հզոր։ Ադլերը գտնում էր, որ թերարժեքության այս վաղ զգացման դրսևորումը հանդիսանում է շրջապատողների հանդեպ գերազանցության ձգտման համար երկարատև պայքարի սկիզբ, ինչպես նաև անթերիութուն և կատարելիություն ձեռք բերելու ցանկության նախապայման։
Ըստ Ադլերի, այն ամենը, ինչ անում են մարդիկ, մեծ մասամբ ունի սեփական թերարժեքության հաղթահարման և կատարելության ձգտման նպատակ։ Այս թերարժեքության զգացումը տարբեր պատճառներով որոշ մարդկանց մոտ կարող է չափից ավելի դրսևորվել, ինչ արդյունքում առաջանում է թերարժեքության բարդույթ՝ սեփական թուլության և չկայացվածության չափազանված զգացում։ Ադլերն առանձնացնում էր մանկության երեք ապրում, որոնք նպաստում են թերարժեքության բարդույթի զարգացմանը՝
- օրգանական թերարժեքություն,
- ծնողական գերխնամք,
- ծնողների կողմից մերժում։
Երեխաները, ովքեր ունեն բնսծին որևէ ֆիզիկական ոչ լիարժեքություն, կարող են ունենալ հոգեբանական թերարժեքության զգացում։ Մյուս կողմից, երեխաները, որոնց ծնողները չափից ավելի խնամք են ցուցաբերում, մեծանում են իրենց հնարավորությունների մեջ անվստահ, քանի որ նրանց փոխարեն ամեն ինչ միշտ արվել է ուրիշների կողմից։ Երրորդ տարբերակի պարագայում երեխաներն իրենց անցանկալի են համարում, վստահ չեն, որ կարող են լինել օգտակար, լինել սիրված և գնահատված։ Ի պատասխան վերոնշյալ ապրումների՝ կարող են ի հայտ գալ հիպերկոմպենսացիաներ, որոնք հանգեցնեն գերարժեքության բարդույթի։ Այս պարագայում դիտվում է սեփական ֆիզիկական, ինտելեկտուալ և սոցիալական ընդունակությունները մեծացնելու միտում։
Գերազանցության ձգտում
խմբագրելԻ տարբերություն գերազանցության բարդույթի, առանց այս ձգտման մարդու կյանքը պատկերացնել հնարավոր չէ։ Ադլերը վստահ էր, որ գերազանցության ձգտումը հանդիսանում է բնածին որակ, որից մենք երբեք չենք ազատվում. այդ պատճառով էլ այդ ձգտումը հենց ինքը կյանքն է։ Այդ զգացումը պետք է զարգացնել և դաստիարակել, եթե մարդը ցանկանում է իրացնել իր պոտենցիալը։ Ծննդյան օրվանից սկսած այն գոյություն ունի տեսական հնարավորությունների տեսքով։ Մեզանից յուրաքանչյուրին մնում է միայն այդ հնարավորությունների իրացումը սեփական ուղով։ Ադլերը գտնում էր, որ այս գործընթացը սկսվում է կյանքի հինգերորդ տարում, երբ ձևավորվում է կյանքի նպատակը։ Իր ձևավորման սկզբնական փուլերում լինելով ոչ հստակ և հիմնականում անգիտակցական՝ այս նպատակը դառնում է մոտիվացիայի աղբյուր, ուժ, որը կազմակերպում է մեր կյանքը և նրան տալիս է իմաստ։ Ադլերը առաջադրում է գերազանցության ձգտման բնույթի մասին հետևյալ գաղափարները.
- Գերազանցության ձգտումը ֆունդամենտալ դրդապատճառ է, այլ ոչ թե առանձին դրդումների ամբողջություն։ Այդ մոտիվն արտահայտվում է երեխայի կողմից այն բանի գիտակցմամբ, որ ինքը թույլ և անարժեք է իր շրջապատողների համեմատությամբ։
- Գերազանցության ձգտումն իր բնույթով ունիվերսալ է. այն հանդիսանում է ընդհանուր բոլորի համար։
- Այն կարող է ընդունել ինչպես բացասական՝ դեստրուկտիվ, այնպես էլ դրական՝ կոնստրուկտիվ ուղղություն։
- Այս ձգտումն ուղեկցվում է մեծ էներգետիկ ծախսերով և ջանքերով։
- Գերազանցության ձգտումը դրսևորվում է ինչպես անհատի, այնպես էլ հասարակության մակարդակում։
Կյանքի ոճ
խմբագրելԿյանքի աճը Ադլերի տեսության հիմնական գաղափարներից, որը կարելի է սահմանել որպես վարքաձևերի, սովորությունների, անձնային գծերի յուրահատուկ համադրություն, որոնք միասին վերցրած պայմանավորում են անհատի գոյության անկրկնելի պատկեր։ Ադլերը հանգեց այն եզրակացության, որ մանկության ժամանակ մենք մեզ թերարժեք են՝ զգում կա՛մ երևակայությունում, կա՛մ իրականության մեջ, և սա մեզ դրդում է կոմպենսացման։ Օրինակ, երեխան, ով վատ կոորդիանցիա ունի, կաորղ է իր կոմպենսատորային ջանքերն ուղղել աթլետիկ որակների մշակման վրա։ Նրա վարքը, որն ուղղված սեփական ֆիզիկական սահմանափակումների կոմպենսացիային, իր հերթին դառնում է նրա կյանքի աճը՝ վարքային ակտիվ համակարգ՝ ուղղված թերարժեքության հաղթահարմանը։ Ադլերը գտնում էր, որ կյանքի ոճը չորսից հինգ տարեկանում այնպես է ամրագրվում, որ հետագայում փոփոխություններ գրեթե չի կրում։ Ձևավորված կյանքի ոճը պահպանվում և դառնում է ապագայում մարդու վարքի հիմքը։ Նրանից է կախված, թե մեր կյանքի և շրջապատի որ կողմերին մենք առավել ուշադրություն կդարձնենք, իսկ որոնք կմնան մեր ուշադրությունից դուրս։ Մեր հոգեկան գործընթացները կազմակերպված են մեկ միասնության մեջ և ձեռք են բերում նշանակություն մեր կյանքի ոճի կոնտեքստում։ Ադլերն առաջարկեց դիրքորոշումների տիպաբանություն՝ պայմանավորված կյանքի ոճերով։ Դասակարգումն իրականացվում է երկչափ սխեմայի կառուցվածքով, որտեղ մի սանդղակն իրենից ներկայացնում է սոցիալական հետաքրքրությունը, իսկ մյուսը՝ ակտիվության չափը։ Սոցիալական հետաքրքրությունն իրենից ներկայացնումէ բոլոր մարդկանց հանդեպ էմպաթիայի զգացում, որը դրսևորվում է ուրիշների հետ համագործակցության մեջ ավելի շուտ ընդհանուր հաջողության, քան անձնական շահի համար։ Ադլերի տեսությունում սոցիալական հետաքրքրությունը հանդես է գալիս թրպես հոգեբանական հասունության հիմնական սկզբունք, իսկ նրա հակադիրն է էգոիստական հետաքրքրությունը։ Ակտիվության աստիճանը կապված է այն բանի հետ, թե ինչպես է մարդը մոտենում իր կյանքային պրոբլեմների լուծմանը։ Յուրաքանչյուր մարդ ունի որոշակի էներգետիկ մակարդակ, որի սահմաններում էլ նա առաջ է տանում իր խնդիրները։ Էներգիայի կամ ակտիվության տվյալ մակարդակը սովորաբար սահմանվում է մանկության ժամանակ և ունի անհատական բնույթ յուրաքանչյուրի համար։ Ակտիվության մակարդակն ունի կոնստրուկտիվ կամ դեստրուկտիվ բնույթ միայն սոցիալական հետաքրքրության հետ համադրության տեսանկյունից։ Ադլերն առաջադրում է դիրքորոշումների հետևյալ տիպերը, որոնցից առաջին երեքին բնութագրական է սոցիալական հետաքրքրության անբավարար արտահայտվածություն, սակայն տարբերվում են ակտիվության աստիճանով։ Չորրորդ տիպին բնորոշ է և՛ բարձր սոցիալական հետաքրրություն, և՛ ակտիվության բարձր մակարդակը։
- Ղեկավարող տիպ. Այս տիպի ներկայացուցիչներն ինքնավստահ են, աննշան կամ սոցիալական հետաքրքրության բացակայությամբ։ Նրանք ակտիվ են, բայց ոչ սոցիալական պլանում. սա նշանակում է, որ նրանց վարքը չի ենթադրում ուրիշների հանդեպ խնամք, հոգետարություն։ Ունեն արտաքին աշխարհի նկատմամբ գերազանցության դիրքորոշում։ Խնդիրների բախվելիս լուծում են թշնամական, հակասոցիալական ձևով։
- Վերցնող տիպ. Այս մարդիկ արտաքին աշխարհին վերաբերում են մակաբուծորեն և իրենց պահանջմունքների մեծ մասը բավարարում են ուրիշների հաշվին։ Սոցիալական հետաքրքրությունը բացակայումէ։ Նրանց հիմնական խնդիրը ուրիշներից որքան հնարավոր է շատ բան ստանալն է։ Սակայն նրանք ունեն ակտիվության ցածր մակարդակ, ինչը իջեցնում է ուրիշներին վնասելու, ցավ պատճառելու հավանականությունը։
- Խուսափող տիպ. Այս տիպի ներկայացուցիչները չունեն սեփական խնդիրների լուծման համար անհրաժեշտ սոցիալական հետաքրքրության և ակտիվության բավարար մակարդակ։ Նրանք ավելի շատ խուսափում են անհաջողությունից, քան ձգտում են հաջողության։ Նրանց կյանքը բնութագրվում է սոցիալ-անօգտակար վարքով և կյանքային խնդիրներից փախուստով։
- Սոցիալական-օգտակար տիպ. Այս մարդիկ ունեն սոցիալական հետաքրքրության և ակտիվության բարձր մակարդակ։ Ցուցաբերում են իրական հոգատարություն ուրիշների հանդեպ և հետաքրքրված են մարդկանց հետ շփման մեջ։ Գիտակցում են, որ կյանքային խնդիրների լուծումը պահանջում է համագործակցություն, ուրիշների բարեկեցության մեջ սեփական ներդրումը անելու պատրսատակամություն։ Դիրքորոշումների երկչափ տեսության մեջ բացակայում է բարձր սոցիալական հետաքրքրություն և ցածր ակտիվություն համադրությունը, քանի որ այսպիսի համադրություն գործնականորեն հնարավոր չէ։
Սոցիալական հետաքրքրություն
խմբագրելԻր գիտական ուղու սկզբում Ադլերը գտնում էր, որ մարդիկ մոտիվացվում են անձնային գերազանցության և ուրիշներին դոմինանտելու անհագ ծարավով։ Ավելի ուշ՝ իր տեսական հայեցակարգի զարգացմանը զուգընթաց, Ադլերը սկսեց հաշվի առնել այն հանգամանքը, որ մարդիկ նշանակալիորեն մոտիվացվում են սոցիալական դրդումներով։ Մարդկանց այս կամ այն սոցիալական գործողության է դրդում սոցիալական բնազդը, որը նրանց ստիպում է հրաժարվել էգոիստական նպատակներից խմբի նպատակների համար։ Այս կոնցեպցիայի էությունն այն է, որ մարդիկ իրենց անձնային պահանջմունքը ենթարկեցնում են սոցիալական օգտակարություն ունեցող գորժին։ Սոցիալական հետաքրքրությունը ենթադրում է մարդկության հետ իդենտիֆիկացիայի զգացում և մարդկային ռասայի յուրաքանչյուր ներկայացուցչի հետ նմանություն։ Սոցիալական հետաքրքրության նախադրյալները բնածին են։ Սակայն նրա զարգացումը ինքնուրույն չի լինում, այլ պահանջում է գիտակցաբար զարգացում։ Այն դաստիարակելի է և արդյունքը նկատելի է վերահսկողության և վարժանքի պարագայում։ Այն զարգանում է սոցիալական շրջապատում։ Նախ և առաջ մայրը, ապա ընտանիքի մյուս անդամները, նպաստում են սոցիալական հետաքրքրության զարգացմանը։ Ըստ Ադլերի, մայրական ներդրումն ունի երկակի բնույթ՝ հասուն սոցիալական հետաքրքրության ձևավորման խրախուսում և օգնություն մայրական սահմաններից դուրս սոցիալական հետաքրքրությունը ուղղորդելու մեջ։ Մոր խնդիրն է երեխայի մեջ համագործակցություն, ընկերական հարաբերությունների ձգտելու զգացում դաստիարակել։ Մոր առողջ սերը նպաստում է երեխայի մոտ սոցիալական հետաքրքրության ձևավորմանը։ Մոր սերը երեխաների, ամուսնու հանդեպ, երեխայի համար ծառայում է մոդել, որը երեխան յուրացնում է, սկսում է հասկանալ, որ ընտանիքի անդամներից բացի աշխարհում այլ նշանակալի մարդիկ նույնպես կան։ Սակայն շատ դիրքորոշումներ, որոնք ձևավորվում են մայրական դաստիարակության ընթացքում, կարող են նաև բացասաբար ազդել և ճնշել երեխայի սոցիալական հետաքրքրությունը։ Ադլերը հորը դիտարկում էր որպես երեխայի սոցիալական հետաքրքրության վրա ազդող ըստ կարևորության երկրորդ աղբյուր։ Նախ և առաջ, հայրը պետք է դրական դիրքորոշում ունենա կնոջ, աշխատանքի և հասարակության հանդեպ։ Նրա սոցիալական հետաքրքրությունը պետք է դրսևորվի երեխաների նկատմամբ։ Ադլերը նշում է, որ իդելական է այն հայրը, ով իր երեխաներին վերաբերում է ինչպես հավասարի և իր կնոջ հետ միասին ակտիվ մասնակցություն է ունենում երեխաների դաստիարակության մեջ։ Դաստիարակության ընթացքում պետք է խուսափել ավտորիտարիզմից և հուզական ցանկապատումից։ Ադլերն առաջարկում է սոցիալական հետաքրքրվածության արտահայտվածությունն օգտագործել որպես անհատի հոգեկան առողջության գնահատման չափանիշ։ Հոգեպես առողջ մարդը անհանգստանում է ուրիշների համար, նրանց գերազանցության ձգտումը սոցիալապես դրական է և ներառում է բոլոր մարդկանց բարեկեցության ձգտում։
Ստեղծագործ Ես
խմբագրելՍտեղծագործ Ես-ը հանդիսանում է ադլերյան տեսության գլխավոր կոնստրուկտը։ Նրանում արտացոլվում է մարդկային կյանքի ակտիվ բնույթը, այն ինչը նրան տալիս է նշանակություն։ Ադլերը գտնում էր, որ կյանքի ոճը ձևավորվում է անձի ստեղծագործական ընդունակությունների ազդեցությամբ։ Այլ կերպ ասած յուրաքանչյուրն ունի իր սեփական կյանքի ոճը ազատ ստեղծելու հնարավորություն։ Մարդը ինքն է պատասխանատու, թե ով կդառնա և ինչպես իրեն կդրսևորի։ Այդ ստեղծագործ ուժը պատասխանատու է մարդու կյանքի նպատակների, նրա ձեռքբերման մեթոդի ընտրության համար և նպաստում է սոցիալական հետաքրքրության զարգացմանը։ Այդ նույն ստեղծարար ուժն է ազդում ընկալման, հիշողության, երևակայության, երազների վրա։ Այն մարդուն դարձնում է ազատ, ինքնապայմանավորող անհատ։ Ադլերը չէր բացառում ժառանգականության և միջավայրի ազդեցությունը անձի ձևավորման վրա։ Յուրաքանչյուր մարդ ծնվում է գենետիկական հնարավորություններով և կյանքի ընթացքում ձեռք է բերում իր յուրահատուկ սոցիալական փորձը։ Լինելով ստեղծարար էակ՝ մարդն օգտագործում է ժառանգականությունը և շրջապատը որպես իր անձի ձևավորման կառուցողական նյութ, սակայն անձի ձևավորման ընթացքում և այդ ժամանակ առաջացող խնդիրների լուծման մեջ արտացոլվում է իր սեփական ոճը։ Մարդու ստեղծագործ ուժը հանդիսանում է երկարատև պատմական էվոլյուցիայի արդյունք։
Ծննդյան հաջորդականություն
խմբագրելԱնձի զարգացման մեջ սոցիալական կոնտեքստի կարևորությունից ելնելով՝ Ադլերը ուշադրություն դարձրեց ծննդյան հաջորդականությանը՝ որպես կյանքի ոճին ուղեկցող դիրքորոշումների հիմնական դետերմինանտ։ Եթե երեխաներն ունեն միևնույն ծնողները, նրանք ապրում են ընտանեկան գրեթե միանման պայմաններում, սակայն նրանց սոցիալական շրջապատը նույնական չէ։ Ավագ կամ կրտսեր երեխայի փորձը ընտանիքի մյուս երեխաների հարաբերությամբ, ծնողական դիրքորոշումների և արժեքների ազդեցության առանձնահատկությունները փոփոխվում են ընտանիքում հաջորդ երեխաների առաջացմամբ պայմանավորված՝ խիստ ազդեցություն ունենալով կյանքի ոճի վրա։ Ըստ Ադլերի, ընտանիքում երեխայի ծննդյան հաջորդականությունը (դիրքը) ունի որոշիչ նշանակություն։ Հատկապես ընդգծում է երեխայի կողմից իրավիճակի ընկալման կարևորությունը, որը կախված է նրանից, թե ինչպես է ազդում իր ծննդյան դիրքը կյանքի ոճի վրա։
- Առաջնեկ (ավագ երեխա). Ադլերը գտնում էր, ար առաջնեկի դիրքը նախանձելի է այնքան ժամանակ, քանի նա ընտանիքի միակ երեխան է։ Առաջնեկը ստանում է ծնողների անսահման սերը և հոգատարությունը։ Նա, որպես կանոն, վայելում է իր անվտանգ գոյությունը։ Սակայն սա շարունակվում է այնքան ժամանակ, քանի հաջորդ երեխան չի զրկում նրան «գահից» իր ծննունդով՝ զբաղեցնելով գերակա դիրք։ Այս իրադարձությունը դրամատիկ անդրադարձ է ունենում ընտանիքում երեխայի դիրքի և նրա աշխարհայացքի վրա։ Երբ ավագ երեխան տեսնում է, թե ինչպես է իր կրտսեր եղբայրը կամ քույրը «հաղթում» ծնողական ուշադրության պայքարում, նա հակված է վերադարձնել իր դիրքերը։ Սակայն այս պայքարն՝ ուղղված նախկին կենտրոնական դիրքի վերադարձնելուն, ի սկզբանե դատապարտված է անհաջողության։ Ժամանակի ընթացքում երեխան գիտակցում է, որ ծնողները շատ զբաղված են կամ շատ անտարբեր, որպեսզի հանդուրժեն իր ինֆանտիլ պահանջները։ Բացի այդ, ծնողներն ունեն ավելի մեծ իշխանություն, քան երեխան և նրա դժվար վարքին պատասխանում են պատժով։ Արդյունքում երեխան մեկուսանում է՝ յուրացնելով միայնակ գոյատևման ստրատեգիա, և չի զգում ինչ-որ մեկի կապվածության կամ խրախուսման կարիքը։ Ադլերը նաև գտնում էր, որ ընտանիքի առաջնեկը սովորաբար կոնսերվատիվ է, ձգտում է իշխանության և ունի լիդերության հանդեպ նախատրամադրվածություն։
- Միակ երեխա. Ադլերը գտնում էր, որ միակ երեխայի դիրքը յուրօրինակ է, քանի որ նա չունի քույրեր կամ եղբայրներ, որոնց հետ ստիպված կլիներ մրցակցել։ Այս հանգամանքը, մայրական հոգատարության հանդեպ հատուկ զգայունության հետ մեկտեղ, հանգեցնում է հոր հետ ուժեղ մրցակցության։ Նա շատ է մնում մոր վերահսկողության տակ և ուրիշներից ակնկալում է նմանատիպ պաշտպանություն և հոգատարություն։ Կյանքի այսպիսի ոճի գլխավոր առանձնահատկությունը դառնում է կախվածությունը և էգոցենտրիզմը։ Արդյունքում այս երեխաները հաճախ ունենում են դժվարություններ հասակակիցների հետ հարաբերություններում։
- Երկրորդ (միջնեկ). երկրորդ երեխային ամենասկզբից խթանում են ավագ քույրը կամ եղբայրը. իրավիճակը ստիպում է իր ձեռքբերումներով առաջ անցնել ավագ քրոջից կամ եղբորից։ Սրա շնորհիվ նրա զարգացման տեմպը հաճախ ավելի արագ է, քան ավագ երեխայինը։ Օրինակ, միջնեկ երեխան կարող է ավելի շուտ խոսել կամ քայլել, քան դա արել է առաջինը։ Այս երեխաների կյանքի ոճը ենթադրում է մշտական ձգտում այն բանի ապացույցի մեջ, որ ինքը ավելի լավն է, քանի իր ավագ եղբայրը կամ քույրը։ Սա նշանակում է, որ միջնեկ երեխային բնորոշ է ձեռքբերման կողմնորոշում։
- Կրտեսեր երեխա. ի տարբերություն իր ավագ եղբայրների կամ քույրերի, կրտսեր երեխաները երբեք չեն ունենում «գահընկեց լինելու» զգացում, և լինելով ընտանիքի փոքրը՝ կարող է շրջապատված լինել ոչ միայն ծնողների, այլև ավագ քույրերի և եղբայրների խնամքով և հոգատարությամբ։ Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ եթե ծնողներն ունեն սահմանափակ նյութական միջոցներ, նա երբեք չի ունենում հենց իրեն պատկանող իր և օգտագործում է ընտանիքի մյուս անդամների իրերը։ Այս երեխաներն ունենում են թերարժեքության և անկախության բացակայության ուժեղ զգացում։ Սակայն նրանց առավելությունն այն է, որ ունեն ավագ երեխաներին գերազանցելու ուժեղ մոտիվացիա։
Ադլերը գրում է, որ ոչ բոլոր երեխաների կյանքի ոճն է լիովին համընկում իր կողմից տրված ընդհանուր նկարագրության հետ։
Ֆիկցիոն ֆինալիզմ
խմբագրելԱդլերը գտնում էր, որ մեր հիմնական նպատակները (այն նպատակները, որոնք պայմանավորում են մեր կյանքի ուղղվածությունը և նշանակությունը) իրենցից ներկայացնում են ֆիկտիվ, պայմանական նպատակներ, որոնց հարաբերակցությունը իրականության հետ հնարավոր չէ ո՛չ ստուգել, ո՛չ հաստատել։ Օրինակ, մարդիկ կարող են կառուցել իրենց կյանքը այն պատկերացումից ելնելով, որ լարված աշխատանքը և հաջողությունը օգնում են հասնել ամեն ինչ։ Ադլերի տեսանկյունից սա ընդամենը ֆիկցիա է, քանի որ ոչ բոլոր լարված աշխատողներն են ստանում այն, ինչի արժանի են։ Ըստ Ադլերի, անհատի ձգտումը գերազանցության ղեկավարվում է նրա կողմից ընտրված ֆիկտիվ նպատակով։ Նա նաև ենթադրում էր, որ գերազանցությունը որպես նպատակ հանդիսանում է ինքնուրույն որոշման ընդունման արդյունք. այդ նպատակը ձևակերպվում է անհատի սեփական ստեղծագործ ուժով, ինչը նպատակը դարձնում է անհատական-յուրահատուկ։ Ընդ որում այս նպատակը գոյություն ունի ոչ թե ապագայում, այլ ապագայի ընկալման մեր ներկա ընկալումներում։ Երբ անհատին հայտնի է իր ֆիկտիվ նպատակը, ապա նրա բոլոր հաջորդող գործողությունները լցվում են իմաստով, նրա կյանքի պատմությունը ձեռք է բերում լրացուցիչ բացատրություն։ Ադլերը նշում է, որ եթե այդպիսի նպատակները չեն իրականացնում կողմնորոշիչի ֆունկցիա առօրյա կյանքում, ապա դրանց պետք է փոխել։
Ադլերյան հոգեթերապիա
խմբագրելԱդլերյան հոգեթերապիան թերապևտիկ ուղղություն է, որը զարգացել է Ադլերի գիտական գաղափարների հիման վրա և որի հիմնադիրը համարվում է հենց Ալֆրեդ Ադլերը[26][27]։ Ադլերյան հոգեթերապիայի ուսուցման և զարգացման կարևոր կենտրոններից է Ադլերի անվան պրոֆեսիոնալ հոգեբանության դպրոցը Չիկագոյում, ԱՄՆ[28]։
Թերապևտիկ նպատակներ
խմբագրելԱդլերյան խորհրդատվությունը հիմնվում է այցելուի և խորհրդատուի միջև համագործակցային համաձայնության վրա։ Թերապևտիկ գործընթացը ներառում է փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերությունների հաստատում, անձի և կենսակերպի հոլիստական ուսումնասիրություն և գնահատում, սխալ նպատակների և ենթադրությունների հայտնաբերում և շտկում։ Այս ամենն ուղեկցվում է այցելուի վերակրթությամբ և կյանքի դրական կողմերի հանդեպ վերակողմնորոշմամբ։ Թերապիայի հիմնական նպատակը այցելուի պատկանելության զգացման զարգացումն է, սոցիալական հետաքրքրության առաջացումը։ Այցելուներին չեն դիտարկում որպես «հիվանդների», ովքեր ունեն «բուժման կարիք»։ Ադլերյան թերապևտները ավելի շուտ անձնային աճի մոդելի կողմնակիցներն են, քան բժշկական մոդելի։ Թերապևտիկ գործընթացն ուղղված է ինֆորմացիայի տրամադրմանը, ուսուցմանը, խրախուսմանը։ Խրախուսումը դիտարկվում է որպես անձի պատկերացումների փոփոխության ամենաուժեղ միջոց, նպաստում է ինքնավստահության բարձրացմանը։ Ադլերյան թերապևտները այցելուին հնարավորություն են տալիս խնդիրը դիտարկել այլ ասպեկտից, այլ հեռանկարում, իսկ այլընտրանքային եղանակի ընտրության մասին որոշումը պատկանում է միայն այցելուին։ Համագործակցության մթնոլորտը նպաստում է այցելուի կողմից ինքնասահմանված նպատակների ձեռքբերմանը։ Այցելուն սովորում է նոր ձևով նայել իրեն, ուրիշներին և կյանքին։ Այցելուին նոր «կոգնիտիվ քարտեզի» տրամադրման գործընթացում թերապևտը օգնում է այցելուի ընկալումների փոփոխությանը։ Կարելի է առանձնացնել հետևյալ թերապևտիկ նպատակները՝
- Սոցիալական հետաքրքրության առաջացում,
- Թերարժեքության և անկարողության զգացումների հաղթահարում,
- Այցելուների նպատակների և պատկերացումների փոփոխություն, որը հանգեցնում է կենսակերպի փոփոխության,
- Մատիվացիոն ոլորտում փոփոխություններ,
- Մարդկանց միջև հավասարության մասին պատկերացումների ձևավորում,
- Հասարակության զարգացմանը նպաստող անդամների ձևավորում։
Թերապևտի ֆունկցիան և դերը
խմբագրելԹերապևտի հիմնական ֆունկցիան այցելուի համակողմանի գնահատումն է։ Թերապևտները հաճախ անհատի մասին ինֆորմացիայի հավաքագրման ժամանակ օգտագործում են «ընտանեկան համաստեղության» հարցարանը, որը ընդգրկում է հարցեր ծնողների, քույրերի և եղբայրների, տանն ապրող այլ հարազատների մասին։ Երբ ամփոփվում և մեկնաբանվում են տվյալները, հարցարանը տալիս է անհատի վաղ սոցիալական աշխարհի պատկերը։ Այս ինֆորմացիայի հիման վրա թերապևտը կարող է ստանալ այցելուի հաջողությունների և անհաջողությունների ոլորտների և այցելու պատկերացումների մասին հեռանկարային պատկեր։ Գնահատման գործընթացում թերապևտը նաև օգտագործում է վաղ հիշողությունները։ Վաղ հիշողությունները սահմանվում են որպես «պատմություններ կամ իրադարձություններ, որոնք ըստ անձի պատահելեն մինչև նրա 10 տարեկան հասակը»[29]։ Այս հիշողությունները թերապևտին հնարավորություն են տալիս հայտնաբերել այցելուի կյանքի խոշոր հաջողությունները և սխալները։ Այս հիշողությունները հատկապես կարևոր են ֆունկցիոնալ գնահատման համար, քանի որ հնարավորություն են տալիս հասկանալ, թե ինչ են այցելուները անում և ինչպես են մտածում։ Այս հիշողությունների գնահատումը կազմում է այն գործընթացի մաս, որը կոչվում է կենսակերպի, կյանքի ոճի գնահատում։ Վերջինս ենթադրում է այցելուի դրդապատճառների և նպատակների գնահատում։ Երբ այս գործընթացն ավարտվում է, այցելուն և թերապևտը սահմանում են թերապիայի թիրախը։
Թերապևտիկ տեխնիկաներ և գործընթացներ
խմբագրելԱդլերյան թերապիան ունի չորս հիմնական փուլեր, որոնք բնութագրվում են ոչ գծային զարգացմամբ։
- Հարաբերությունների հաստատման փուլ. թերապիան ընթանում է համագործակցային, փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Թերապևտիկ զարգացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե թերապևտի և այցելուի միջև առկա են հստակ սահմանված նպատակներ։ Արդյունավետ թերապևտիկ գործընթացի պարագայում պետք է լուծվեն այն խնդիրները, որոնք այցելուի համար նշանակալի են, և այցելուն շահագրգիռ է դրանք բացահայտել և լուծել։ Ադլերյան թերապիան սկսվում է անձ-անձ կոնտակտով, այլ ոչ թե խնդրով։ Արդյունավետ կոնտակտի ստեղծման եղանակներից մեկը այցելուի ուժեղ կողմերի, այլ ոչ թե թերությունների վրա կենտրոնցումն է։ Սկզբնական փուլում դրական հարաբերությունները ստեղծվում են լսելու, արձագանքելու, այցելուի հանդեպ հարգանքի դրսևորման միջոցով։ Այս ուղղության թերապևտները ավելի շատ ուշադրություն են դարձնում այցելուի սուբյեկտիվ ապրումների վրա՝ հարմարեցնելով տեխնիկաները յուրաքանչյուր այցելուի պահանջներին։ Թերապիայի սկզբնական փուլի փուլի ընթացքում որպես հիմնական տեխնիկա հանդես են գալիս էմպաթիկ լսումը և թերապևտիկ գործընթացին մասնակցությունը, նպատակների սահմանումը և հստակեցումը։ Ադլերյան խորհրդատուները սկզբնական փուլերում հիմնականում ակտիվ են։ Փորձում են հասկանալ այցելուի ինչպես վերբալ, այնպես էլ ոչ վերբալ հաղորդագրությունները։ Եթե այցելուն ունի հասկացված և ընդունված լինելու զգացում, նա կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչ է ուզում հոգեթերապիայից։
- Անհատի հոգեդինամիկայի բացահայտման փուլ. այս փուլի նպատակը անձի կյանքի ոճի, կենսակերպի մասին ավելի խորը հասկացման հասնելն է։ Գնահատման փուլում կենտրոնանում են անհատի սոցիալական և մշակութային կոնտեքստի վրա։ Գնահատման փուլն ուղեկցվում է հարցազրույցների երկու տեսակով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հարցազրույցներ։ Սուբյեկտիվ հարցազրույցի ժամանակ խորհրդատուն օգնում է այցելուին պատմել իր կյանքի պատմությունը որքան հնարավոր է ամբողջական։ Գործընթացի արդյունավետությունը կախված է էմպաթիկ լսումից և արձագանքումից։
Օբյեկտիվ հարցազրույցը ենթադրում է հետևյալ ինֆորմացիայի դուրսբերում՝
- ինչպե՞ս են խնդիրները սկսվել այցելուի կյանքում,
- արդյո՞ք կային նախորդող իրադարձություններ,
- բժշկական պատմությունը,
- սոցիալական պատմությունը,
- ինչու՞ է այցելուն թերապիայի եկել հենց այդ ժամանակ,
- այցելուի կողմից կենսական խնդիրների լուծումը,
- կյանքի ոճի և կենսակերպի գնահատում։
Անհատի գնահատումը սկսվում է ընտանիքի համաստեղության և վաղ մանկության պատմության ուսումնասիրությամբ։ Թերապևտը առաջնորդվում է այն գաղափարով, որ անհատի կողմից իր, ուրիշների, աշխարհի, կյանքի մասին մեկնաբանությունները ղեկավարում են մարդու վարքը։ Ադլերը ընտանիքը դիտարկում է որպես անհատի զարգացման վրա կենտրոնական ազդեցություն ունեցող կառույց։ Ադլերը ենթադրում էր, որ ընտանիքի համաստեղության միջոցով է յուրաքանչյուրը ստեղծում պատկերացումներ իր, ուրիշների և աշխարհի մասին։ Ադլերյան գնահատման մեջ կարևորվում է այն հանգամանքը, թե ինչպես է այցելուն գնահատում ներընտանեկան մթնոլորտը իր մանկության ժամանակ, ծննդյան հաջորդականությունը, ծնողական հարաբերությունները և ընտանեկան արժեքները, ընդլայնված ընտանիքը և մշակույթը։ Ադլերը գտնում էր, որ միլիոնավոր վաղ հիշողություններից մենք ընտրում ենք միայն նրանք, որոնք արտացոլում են մեր հիմնական համոզմունքները և սխալները։
- Ինքնահասկացման և ինսայթի խրախուսում. Ադլերյան թերապևտները ինսայթի մասին խոսելիս նկատի ունեն այցելուի այն դրդապատճառների հասկացում, որոնք ղեկավարում են այցելուի կյանքը։ Ինքնահասկացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ վարքի թաքնված նպատակները դառնում են գիտակցված։ Ժամանակային ճիշտ կազմակերպում ունեցող մեկնաբանությունները խթանում են ինսայթի առաջացման գործընթացը։ Ադլերյան մեկնաբանությունները ներկայացվում են բաց հարցերի տեսքով, որոնք քննարկաման կարիք ունեն («Հնարավո՞ր է արդյոք..», «Ես կարող եմ սխալվել, բայց կցանկանայի իմանալ...»)։ Այս ձևով ներկայացնելու պարագայում այցելուն ստիպված չէ պաշտպանվել, նրանք ազատ են նաև քննարկումներում։ Այս փուլի ընթացքում, թերապևտը օգնում է հասկանալ այցելուի ընտրած կյանքի ոճի սահմանափակումները։
- Վերակողմնորոշում և վերակրթություն. Թերապևտիկ գործընթացի վերջին փուլը ունի կողմնորոշում դեպի գործողություններ՝ ինսայթների կիրառում պրակտիկայում։ Այցելուները և՛ խրախուսվում են, և՛ կանգնում են ռիսկային որոշումների ընդունման և իրենց կյանքում փոփոխություններ անելու խնդրի առջև։ Թերապիան ուղղակի չի ենթադրում վարքում փոփոխություններ։ Վերակողմնորոշումը ներառում է փոխազդեցության կանոնների, գործընթացի, մոտիվացիայի փոփոխություն։ Այս գործընթացի ամենակարևոր միջամտությունը խրախուսումն է։ Խրախուսումը ենթադրում է այցելուի մոտ իր ուժեղ կողմերի մասին պատկերացումների ձևավորում, պատկանելիության զգացման առաջացում։ Որպես խրախուսման գործընթացի մաս, թերապևտներն օգտագործում են կոգնիտիվ, վարքային, հուզական, փորձարարական տեխնիկաներ, որոնք այցելուին օգնում են գնահատել և օգտագործել սեփական ռեսուրսներն ու ուժերը։ Վերակողմնորոշման փուլի ժամանակ այցելուները ընդունում են որոշումներ և փոխում են իրենց նպատակները։ Նրանք խրախուսվում են գործել այնպես, ինչպես կցանականային։ Վերջինս ծառայում է ինքնասահմանափակող պատկերացումների վերանայմանը։ Այցելուներին խնդրում են ուշադիր լինել այն կրկնվող, հին պատտերնների կիրառության ժամանակ, որոնք նախկինում հաջողության չեն հասցրել։ Այցելուն և թերապևտը քննարկում են հնարավոր այլընտրանքները և դրանց հետևանքները, գնահատում են այդ այլընտրանքների համապատասխանությունը այցելուի նպատակներին։ Լավագույն այլընտրանքները և նոր հնարավորությունները այցելուի կողմից առաջադրվածներն, և թերապևտի խնդիրը այս գործընթացում աջակցություն ցուցաբերելն է։
Գրականություն
խմբագրել- Хьелл, Л., & Зиглер, Д. (1997). Теории личности.
- Gerald, C. (2011). Theory and practice of counseling and psychotherapy.
- Малкина-Пых И.Г. (2008). Справочник практического психолога, М.։ Эксмо.
- Adler, A. (1964). The Individual Psychology of Alfred Adler. H. L. Ansbacher and R. R. Ansbacher (Eds.). New York։ Harper Torchbooks.
- Adler, A. (1979). Superiority and Social Interest։ A Collection of Later Writings. H. L. Ansbacher and R. R. Ansbacher (Eds.). New York, NY։ W. W. Norton.
- Kratochvil, S. (2003). Podstawy psychoterapii. Poznań։ Zysk i S-ka Wydawnictwo.
- Adler A. (1917a). The neurotic constitution. New York: Moffat.
- Adler A. (1917b). Study of organ inferiority and its psychical compensation: A contribution to clinical medicine. S. E. Jellife, Trans. New York: Nervous and Mental Disease Publication. (Original work published, 1907.)
- Adler A. (1927a). The practice and theory of individual psychology. New York: Harcourt, Brace.
- Adler A. (1927b). Understanding human nature. Garden City, NY: Garden City Publishing.
- Adler A. (1929). The science of living. New York: Greenberg.
- Adler A. (1930). The pattern of life. New York: Holt, Rinehart and Winston.
- Adler A. (1931). What life should mean to you. Boston: Little, Brown.
- Adler A. (1939). Social interest: A challenge to mankind. New York: Putnam.
- Adler A. (1944). Physical manifestations of psychic disturbances. Individual Psychology Bulletin, 4, 3-8.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 18. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 114 // ծնունդների գրանցամատյան — Vol. 1.
- ↑ 5,0 5,1 5,2 Адлер Альфред // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 https://www.theguardian.com/uk/2011/apr/10/alfred-adler-ashes-found-edinburgh
- ↑ Collinson D. Biographical Dictionary of Twentieth-Century Philosophers — 1996. — ISBN 978-0-415-06043-1
- ↑ CONOR.Sl
- ↑ Bouriau C. Le « comme si » — 2013. — P. 164—179. — ISBN 978-2-204-09860-1
- ↑ Bouriau C. (unspecified title) — P. 15—38. — ISBN 978-2-406-11001-9
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118500686 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Hoffman, E (1994). The Drive for Self: Alfred Adler and the Founding of Individual Psychology. Reading, MA: Addison-Wesley. էջեր 41–91. ISBN 0-201-63280-2.
- ↑ Carlson, Neil R (2010). Psychology the science of behaviour
- ↑ Freud, quoted in Ernest Jones, The Life and Work of Sigmund Freud (1964)
- ↑ James Hemming, Foreword, Alfred Adler, Understanding Human Nature (1992) p. 9
- ↑ Alfred Adler Biography". Encyclopedia of World Biography.
- ↑ Schultz, D. P., Schultz, S.E., 2011. A History of Modern Psychology, 332.
- ↑ George Boeree (1937-05-28). "Personality Theories – Alfred Adler by Dr. C. George Boeree". Webspace.ship.edu. Retrieved 2014-05-19.
- ↑ Orgler, H. (1976). Alfred Adler. International Journal of Social Psychiatry, 22(1), 67-68.
- ↑ "Adler, Valentine (1898–1942)". Women in World History: A Biographical Encyclopedia.
- ↑ Burkhart, Ford. "Dr. Kurt Alfred Adler, 92; Directed Therapeutic Institute". The New York Times.
- ↑ Hoffman, Edward (1994). The drive for self : Alfred Adler and the founding of individual psychology (1. print. ed.). Reading, Mass. u.a.: Addison-Wesley. p. 31.
- ↑ Hoffman, Edward (1994). The drive for self : Alfred Adler and the founding of individual psychology (1. print. ed.). Reading, Mass. u.a.: Addison-Wesley.
- ↑ C. George Boeree (1937-05-28). "Personality Theories – Alfred Adler by Dr. C. George Boeree". Webspace.ship.edu. Retrieved 2014-05-19
- ↑ Carrell, Severin (11 April 2011). "Ashes of psychoanalysis co-founder Alfred Adler found after 74 years". The Guardian (London).
- ↑ Kratochvil, S. (2003). Podstawy psychoterapii. Poznań: Zysk i S-ka Wydawnictwo.
- ↑ Малкина-Пых И.Г. (2008). Справочник практического психолога, М.: Эксмо.
- ↑ Adler School of Professional Psychology
- ↑ Mosak, H.H., & Di Pietro, R. (2006). Early recollections: Interpretive method and application. New York: Routledge,p. 1
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Ադլեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 75)։ |