Նյարդաբանություն

բժշկական մասնագիտություն, որը առնչվում է նյարդային համակարգի հիվանդությունների հետ

Նյարդաբանություն, նևրոլոգիա, (նեյրո ․․․ և ․․․ լոգիա), բժշկա–կենսաբանական գիտություն, ուսումնասիրում է նյարդային համակարգի կառուցվածքն ու ֆունկցիան (բնականոն և ախտաբանական վիճակներում), օրինաչափությունները ֆիլոգենեզում և օնտոգենեզում։ Նյարդաբանությունը որպես գիտություն ձևավորվել է 19-րդ դարում։ Նյարդաբանության տեսական հիմքը կազմում են մորֆոլոգիական գիտությունները՝ անատոմիան, հյուսվածաբանությունը, սաղմնաբանությունը և նյարդաֆիզիոլոգիան։

Դենդրիտների ցանց Հիպոկամպի նեյրոններից

Դեռևս 16-րդ դարում, Անդրեաս Վեզալիուսը զբաղվել է նյարդային համակարգի հարցերով և սկիզբ դրել դրա հետազոտության մորֆո–ֆունկցիոնալ ուղղությանը։ 19-րդ դարում սկսվեցին նյարդային համակարգի մանրադիտակային ուսումնասիրությունները, որոնք հանգեցրին նեյրոնի, հաղորդիչ ուղիների, նյարդային կենտրոնների նկարագրությանը։ Գլխուղեղում և ողնուղեղում հայտնաբերվեցին հատուկ կենտրոններ, որոնցով պայմանավորված էին օրգանիզմի շարժիչ և զգացող ֆունկցիաները։ 19-րդ դարի 2-րդ կեսին գիտնականները զգալի հաջողությունների հասան գլխուղեղի անոթավորման, միկրոկառուցվածքի, նյարդային համակարգի ֆիլոգենեզի և օնտոգենեզի բնագավառում։

Նախկին Խորհրդային Միությունում նյարդաբանության զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն են ունեցել Չեռնիգովսկու, Անոխինի, Լևոն Օրբելու, Էզրաս Հասրաթյանի փորձառական հետազոտությունները։

Նյարդաբանության խոշորագույն կենտրոններ կան Ֆրանսիայում, ԱՄՆ–ում, Գերմանիայում,Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Ռումինիայում և այլուր։ Տարբեր երկրների նյարդաբանները միավորված են նյարդաբանության համաշխարհային ֆեդերացիայում։ Միջազգային կոնգրեսներ են հրավիրվում 1897 թվականից։

Հայաստանում առաջին նյարդաբանական կաբինետն ստեղծվել է Երևանի քաղաքային պոլիկլինիկայում, 1921 թվականին։ Այնուհետև՝ 1926 թվականին, Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում հիմնվել է նյարդախտաբանության և հոգեբուժության ամբիոնը, պրոֆեսոր Անդրեաս Արզումանյանի գլխավորությամբ։ Խորհրդային շրջանի Հայաստանում նյարդաբանության ոլորտում սկսեցին մասնագիտանալ Երևանի բժշկական ինստիտուտի (այժմ՝ Երևանի պետական բժշկական համալսարան) նյարդային հիվանդությունների ամբիոնը և Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնները։ Ժամանակի ընթացքում նյարդաբանական բաժանմունքներ հիմնվեցին Լենինականում (այժմ՝ Գյումրի), Կիրովականում (այժմ՝ Վանաձոր), Գորիսում, Էջմիածնում (այժմ՝ Վաղարշապատ) և այլն։ Հայ նյարդաբաններն ուսումնասիրել են նյարդային համակարգի ախտահարումները նյարդաինֆեկցիաների, մասնավորապես մալարիայի, վնասվածքների ժամանակ։ Հետազոտվել են գլխուղեղի անոթային հիվանդությունները, դրանց պատճառագիտությունը, ախտածնությունը և կլինիկան, գլխուղեղի խորանիստ գոյացությունների ախտահարման պատճառները և դրանց նշանակությունը նյարդային մի շարք հիվանդությունների զարգացման գործում։ Զգալի աշխատանքներ են կատարվել սոմատանյարդաբանության բնագավառում. հատկապես ուսումնասիրվել են պարբերական հիվանդության նյարդաբանական և նյարդաակնաբանական հարադրությունները, որով հնարավոր է դարձել բացահայտել գլխուղեղի հիպոթալամո–մեգէնցեֆալ գոյացությունների դերը նշված հիվանդության զարգացման ընթացքում։ [1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8, Երևան, 1982