Աբելյան-Արմենյան թատերախումբ
Աբելյան - Արմենյան թատերախումբ
Աբելյան-Արմենյան թատերախումբ | |
---|---|
Տեսակ | թատերախումբ |
Հիմնադրման ամսաթիվ | 1908 |
Ստեղծման պատմություն
խմբագրելՍտեղծվել է 1908 թ. Թիֆլիսում, Հ. Աբելյանի և Ա. Արմենյանի ջանքերով։ Նպատակն էր հյուրախաղերով այցելել Արևմտյան Հայաստանի, Անատոլիայի, Կոստանդնուպոլսի հայությանը։ 1908 թ. ելույթներ է ունեցել Ալեքսանդրապոլում, Կարսում, Սարիղամիշում, ապա՝ Թոքաթում, Կարինում, Բաբերդում, Տրապիզոնում, Սամսոնում, Կոստանդնուպոլսում (40 ներկայացում), Օրդուում, Ադափազարում, Իզմիթում, Էսքիշեհիրում, Կարասոնդեում, Պարտիզակում, Զմյուռնիայում, Մանիսայում, Բուրսայում։
Գործունեություն
խմբագրել1909 թ. ներկայացումներ է ունեցել Իրանում։ Վերադառնալով Թիֆլիս՝ խումբը համալրվել է, մեկնել Բաթում և 1909 թ. նոյեմբերի 8-ին "Պատվի համար" ներկայացումով սկիզբ դրել տեղի հայ նոր թատրոնին։ Ուղևորվելով Կոստանդնուպոլիս՝ միացել է Հ. Զարիֆյանի թատերախմբին։ "Աբելյան - Արմենյան - Զարիֆյան" թատերախումբը, ավարտելով ներկայացումները Կոստանդնուպոլսում, բաժանվել է 3 մասի. մի մասը հյուրախաղերի է մեկնել Զմյուռնիա՝ Ա. Արմենյանի ղեկավարությամբ, երկրորդը՝ Անատոլիայի հայաշատ կենտրոնները՝ Ա. Բերոյանի, երրորդը՝ Իզմիթ, Պարտիզակ, Ադափազար, Էսքիշեհիր և Ռոդոսթո՝ Հ. Աբելյանի և Հ. Զարիֆյանի ղեկավարությամբ։ Աբելյան - Արմենյան թատերաղմբի վերջին հյուրախաղերը կայացել են 1911 թ. Բաքվում, Նոր Նախիջևանում, Մոսկվայում, Հյուսիսային Կովկասի հայաշատ կենտրոններում։
Տարբեր ժամանակներում թատերախմբի հյուրախաղերին մասնակցել են՝ Հովհաննես Աբելյանը, Ա. Արմենյանը, Հ. Զարիֆյանը, Զաբելը, Ե. Դուրյան-Արմենյանը, Օլգա Գուլազյանը, Ժասմենը, Հ. Ոսկանյանը, Ա. Բերոյանը, Մ. Մանվելյանը, Գ. Ավետյանը և ուրիշներ։ Թատերախմբի խաղացանկը բաղկացած էր Շիրվանզադեի, Հակոբ Պարոնյանի, Գաբրիել Սունդուկյանի, Ա. Աբելյանի, Ս. Թառայանի, Մ. Գևորգյանի, ինչպես և Վիլյամ Շեքսպիրի, Ֆ. Շիլլերի, Հ. Իբսենի, Հ. Նայդյոնովի և ուրիշների պիեսներից։ Ժամանակի մամուլում Մ. Մնակյանը, Վահան Թեքեյանը, Տ. Կամսարականը, Գրիգոր Զոհրապը բարձր են գնահատել թատերախմբի ներկայացումները։
Թատերախմբի գործունեությունը խոշոր երևույթ էր հայ հասարակական - մշակութային կյանքում։
Աղբյուրներ
խմբագրել- Գ. Ղարիբյան, «Էջեր Բաթումի հայ թատրոնի պատմությունից», Երևան, 1961 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 22)։ |