Հովհաննես Աբելյան (դերասան)

հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Աբելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Հարությունի Աբելյան (հոկտեմբերի 23 (նոյեմբերի 4), 1865, Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 1, 1936(1936-07-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀԽՍՀ (1925) և ԱԽՍՀ ժողովրդական արտիստ։

Հովհաննես Աբելյան
Ծնվել էհոկտեմբերի 23 (նոյեմբերի 4), 1865
ԾննդավայրՇամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 1, 1936(1936-07-01) (70 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԳերեզման Հովհաննես Աբելյանի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1865 թվականի հոկտեմբերի 23 (նոյեմբերի 4)-ին, Շամախիում, արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղում, ապա սովորել Բաքվում. նախ՝ ծխական դպրոցում, հետո՝ ռուսական ռեալական ուսումնարանում։ Մասնակցել է աշակերտական ներկայացումներին և Ս. Սաֆրազյանի խմբի հյուրախաղերին (1880)։ Բեմական պրոֆեսիոնալ գործունեությունն սկսել է 1882 թվականին, Բաքվում, անտրեպրենյոր Ա. Գոնչարովի ռուսական խմբում՝ որպես բեմահարդար, նաև դերասան՝ դրամատիկ, և օպերետային ներկայացումներում։ 1886 թվականին Աբելյանը ընդունվել է Թիֆլիսի «Հայոց դրամատիկական ակումբի» խումբը, դիմախաղի, ձայնի առոգանության դասեր առել Պետրոս Ադամյանից։ Խմբի կազմալուծման պատճառով վերադարձել է Բաքու, 1887-1891 թվականներին խաղացել հայկական և ռուսական ներկայացումներում։ 1891 թվականից հանդես է եկել հայկական թատրոնում՝ Թիֆլիսում, Բաքվում և այլուր։ 1895 թվականին Աբելյանը հիմնել է Թիֆլիսի «Հայոց դերասանական ընկերություն»-ը։ 1901-1905 թվականներին Գ. Պետրոսյանի հետ վարել է Թիֆլիսի մշտական թատերախումբը (1905 թվականից՝ նաև ռեժիսոր)։ 1908 թվականին Ա. Արմենյանի հետ կազմակերպել է Աբելյան-Արմենյան թատերախումբը։ 1912 թվականին Աբելյանը մասնակցել է հայ թատրոնի հյուրախաղերին Մոսկվայում և Պետերբուրգում, 1913 թվականին կազմել նոր խումբ, ելույթներ ունեցել Իրանում, Միջին Ասիայում։ 1917 թվականին ընտրվել է «Հայ դրամատիկ դերասանների միության» (Թիֆլիս) նախագահ։ 1920 թվականի սեպտեմբերին մեկնել է արտասահման։ 1921-1925 թվականներին տեղական խմբերի հետ ներկայացումներ է տվել Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Կահիրեում, Ալեքսանդրիայում, Բեռլինում («Օթելլո»՝ հայերեն, «Ցենտրալ» թատրոնի գերմանական խմբի հետ), Փարիզում, Բրյուսելում, Լոնդոնում, Նյու Յորքում, Դետրոյտում, Չիկագոյում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում։ 1925 թվականին Սովետական Հայաստանի կառավարության հրավերով Աբելյանը վերադարձել է Երևան, ընդունվել առաջին պետթատրոն (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն1926 թվականից վեր սկսել է շրջագայությունները Կովկասում, Ռուսաստանի հարավում, Միջին Ասիայում։ 1927-1928 թվականներին աշխատել է Բաքվում՝ հայկական թատրոնում, մասնակցել նաև ադրբեջանական թատրոնի ներկայացումներին («Նամուս», «Սևիլ» և այլն)։

Ադամյանի մահից հետո, տասնամյակներ շարունակ Աբելյանը եղել է հայ թատրոնի կորիֆեյը և իր անհատականությամբ, ռեալիստական արվեստով ազդել բեմարվեստի ազգային ոճի ձևավորման վրա։ Մահացել է հուլիսի 1-ին, Երևանում։

Բեմական գործունեություն խմբագրել

Բեմական գործունեության 54 տարիների ընթացքում Աբելյանը կատարել է շուրջ 500 դեր, եղել է Շիրվանզադեի կերպարների՝ Էլիզբարովի («Պատվի համար», 1905), Ռուստամի, ավելի ուշ՝ Բարխուդարի («Նամուս», 1911), Գիժ Դանիելի («Չար ոգի», 1912) չգերազանցված մարմնավորողը։ Հայ հեղինակների ստեղծած կերպարների աբելյանական լավագույն դերակատարումներից են նաև՝ Միքայելը, Պեպոն (Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», 1886, «Պեպո», 1889), Աբիսողոմ աղան, Պաղտասարը (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», 1894, «Պաղտասար աղբար», 1897), Վանահայրը, Նիկիֆորը (Շանթի «Հին աստվածներ», 1913, «Կայսր», 1919) և այլն։ Աբելյանի խաղացանկում կարևոր տեղ են գրավել ռուսական և եվրոպական դրամատուրգների գործերը։ Նրա կերտած դերերից են՝ Օսիպը (Գոգոլի «Ռևիզոր», 1898), Ժադովը, ավելի ուշ՝ Ցուսովը, Նեզնամովը, Նեսչաստլիվցևը (Ա. Օստրովսկու «Եկամտա բեր պաշտոն», 1892, «Անմեղ մեղավորներ», Լ898, «Անտառ», 1903), Օթար բեկը (Սումբատով-Ցուժինի «Դավաճանություն», 1905), Կորրադոն (Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», 1893), Կարլ Մոորը (Շիլլերի «Ավազակներ», 1893), Շտոկմանը (Իբսենի «Ժողովրդի թշնամին», 1895), Օթելլոն, Պետրուչչիոն, Լիրը (Շեքսպիրի «Օթելլո», 1896, «Անսանձի սանձահարումը», 1897, «Լիր արքա», 1911)։ Սովետական դրամատուրգների ստեղծած կերպարներից անձնավորել է՝ Աթա Քիշի (Ջաբարլիի «Սևիլ», 1929), Բերսենև (Լավրենյովի «Բեկում», 1930), Ասլան ամի (Վաղարշյանի «Օղակում», 1931), Եգոր Բուլըչով (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», 1933), Քաջ Նազար (Դեմիրճյանի «Քաջ Նազար», 1934), Խոջա Մուբարեք (Ջանանի «Շահնամե», 1935) և այլն։ Նկարահանվել է «Նամուս» ֆիլմում՝ Բարխուդարի դերում (1925)։

Աբելյանը ժողովուրդների բարեկամության ջատագով էր։ Վ. Գունիայի, Ն. Գարոնիա-Ցագարելու, Կ. Ղիփիանու, Կ. Մեսխու, Վ. Աբաշիձեի, Լ. Ալեքսի-Մեսխիշվիլու, Հ. Արաբլինսկու, Մ. Ալիևի, Ա. Շարիֆզադեի հետ Աբելյանի բարեկամությունը նպաստել է վրաց, ադրբեջանական և հայ թատրոնների կապերի փոխադարձ ամրապնդմանը, ազգային բեմերի գոյատևմանը։ Վ. Աբաշիձեի հետ ստորագրել է հայ-վրացական թատրոնի շենք կառուցելու կոչը։ Շուշիում բնակվող ադրբեջանցի սիրող դերասանների խմբով, ադրբեջանական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ, բեմադրել է «Օթելլո»-ն (1904)։ 1913 թվականին Թեհրանում տված ներկայացումների առթիվ Իրանի շահն Աբելյանին պարգևատրել է Առյուծի և Արևի առաջին աստիճանի շքանշանով։ 1932 թվականին Աբելյանին շնորհվել է ՀՍՍՀ Աշխատանքի հերոսի կոչում։ Վանաձորի դրամատիկական թատրոնը (1936 թվականից) և Երևանի փողոցներից մեկը կրում են Աբելյանի անունը։ Հովհաննես Աբելյանն Ալեքսանդր Աբելյանի եղբայրն էր։

Ուսում և ստեղծագործական կյանք խմբագրել

Հովհաննես Աբելյանը սովորել է ծննդավայրի ծխական դպրոցում։ 1872 թվականի երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել է Բաքու. ավարտել է «Մարդասիրական ընկերության» ռուսական դպրոցը և ռեալական ուսումնարանը։ Մասնակցել է ռեժիսոր և դերասան Ստեփան Սաֆրազյանի խմբի հյուրախաղերին։ 1882 թվականից եղել է Անդրեյ Գոնչարովի ռուսական խմբի դերասան, իսկ 1886 թվականին ընդունվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ակումբի թատերախումբ, դիմախաղի և ձայնի առոգանության դասեր առել Պետրոս Ադամյանից։ 1887-1891 թվականներին խաղացել է Բաքվի հայկական և ռուսական թատերախմբերի ներկայացումներում, 1891 թվականից՝ Բաքվի և Թիֆլիսի հայկական թատրոններում։ 1895 թվականին Թիֆլիսում հիմնել է թատերախումբ, 1908 թվականին Արմեն Արմենյանի հետ կազմակերպել է Աբելյան-Արմենյան թատերախումբը, որի հետ 1913 թվականին ելույթներ է ունեցել Իրանում ու Միջին Ասիայում։ 1917 թվականին ընտրվել է Թիֆլիսի Հայ դրամատիկ դերասանների միության նախագահ։ 1920 թվականին մեկնել է արտասահման. հայկական խմբերի հետ խաղացել է Կոստանդնուպոլսում, Կահիրեում, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում։ 1925 թվականին հրավիրվել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն), սակայն 1926 թվականից վերսկսել է շրջագայությունները Կովկասում, Ռուսաստանում և Միջին Ասիայում, 1927-1928 թվականներին աշխատել է Բաքվի հայկական թատրոնում։ Խաղացել է շուրջ 300 դեր։ Աբելյանը եղել է Ալեքսանդր Շիրվանզադեի կերտած կերպարների՝ Էլիզբարյանի («Պատվի համար»), Ռուստամի, Բարխուդարի («Նամուս»), Գիժ Դանիելի («Չար ոգի») չգերազանցված մարմնավորողը։ Լավագույն դերերից են նաև Աբիսողոմ աղան (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Վանահայրը (Լևոն Շանթի «Հին աստվածներ»), Օսիպը (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Կորրադոն (Պաոլո Ջակոմետտի «Ոճրագործի ընտանիքը»), Շտոկմանը (Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին»), Սվենգալին (Գրիգորի Գեի «Տրիլբի»), Օթելլոն, Լիրը (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա») և այլն։ Նկարահանվել է «Նամուս» (1925 թվական) ֆիլմում՝ Բարխուդարի դերում։ Արժանացել է Հայաստանի աշխատանքային հերոսի կոչման (1932 թվական)։ Աբելյանի անունով են կոչվել Վանաձորի դրամատիկական թատրոնը և փողոց՝ Երևանում։

 
Հովհաննես Աբելյանի հուշարձան (Վանաձոր)

Դերերը կինոյում խմբագրել

Տես նաև խմբագրել

Գրականություն Հովհաննես Աբելյանի մասին խմբագրել

  • Մելիքսեթյան Ս., Հովհաննես Աբելյան, Երևան, Հայպետհրատ, 1954
  • Հայ Սովետական Թատրոնի Պատմություն, 1967
  • Абелян М. О моём отце Ованесе Абеляне (Воспоминания). Ер., 2000 ISBN 99930-2-152-0 (ռուս.)
  • Երկանյան Վ.Ս. Հայկական մշակույթը 1800-1917 թթ., Երևան, 1982

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 21