Քոլին Քեմփբել Կուպեր (անգլ.՝ Colin Campbell Cooper, մարտի 8, 1856(1856-03-08)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - նոյեմբերի 6, 1937(1937-11-06)[2][3], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի իմպրեսիոնիստ նկարիչ և մանկավարժ։ Բնական և ճարտարապետական լանդշաֆտների հեղինակ է, ճանապարհորդ, որը հայտնի է եվրոպական և ասիական հուշարձանների իր նկարներով։ Նկարել է ջրաներկով և յուղաներկով։

Քոլին Կուպեր
Ծնվել էմարտի 8, 1856(1856-03-08)[1]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 6, 1937(1937-11-06)[2][3] (81 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա, Պենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա, Académie Delécluse? և Վիտտի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճամերիկյան իմպրեսիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներFifth Avenue, New York?
ԱմուսինԷմմա Կուպեր
 Colin Campbell Cooper Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Rescue of the Survivors of the Titanic by the Carpathia, 1912

Ծնվել է 1856 թվականի մարտի 8-ին, Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում` անգլո-իռլանդական արմատներ ունեցող հարուստ ընտանիքում։ Քոլինը եղել է ընտանիքի յոթ երեխաների միջնեկը։ Հայրը` նրա անվանակից Քոլին Քեմփբել Կուպերն էր, մայրը` սիրողական նկարիչ, որն աշխատել է ջրաներկերով[4]։ Երիտասարդ Քոլինը ոգեշնչվել է արվեստով, երբ 1876 թվականին այցելել է Ֆիլադելֆիայի Համաշխարհային ցուցահանդես, իսկ նրա ծնողներն ամեն կերպ օժանդակել են նկարիչ դառնալու նրա ցանկությանը։

1879 թվականին Կուպերն ընդունվել է Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա` երեք տարի սովորելով ռեալիստ նկարիչ Թոմաս Իկինսի մոտ։ 1886 թվականին նա նախաձեռնել է իր առաջին արտասահմանյան ճանապարհորդությունը՝ այցելելով Նիդեռլանդներ, Բելգիա և Ֆրանսիա (Բրետան)։ Այստեղ` Եվրոպայում, 1886-1890 թվականներին նա սովորել է Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում՝ Ուիլյամ Բուգրոյի, Ժյուլ Լեֆևրի մոտ։ Նա որոշ ժամանակ սովորել է նաև Académie Delécluse և Académie Vitti ակադեմիաներում։ Այս շրջանի նրա գործերը հիմնականում ներկայացրել են բնանկարներ, որոնք ստեղծվել են Բարբիզոնյան դպրոցի ոճով։

Վերադառնալով ԱՄՆ` Կուպերը 1895-1898 թվականներին Ֆիլադելֆիայի Drexel Institute of Art-ում (այժմ` Drexel University) տվել է ջրաներկի դասեր և ճարտարապետական պատկերացում։ Նրա գործերից շատերը ոչնչացել են 1896 թվականին Ֆիլադելֆիայի Hazeltine Galleries պատկերասրահում բռնկված հրդեհից։ Drexel Institute-ում աշխատելիս նա ամռանը մեկնել է արտասահման՝ գտնվել է հիմնականում Լարենում (Հյուսիսային Հոլանդիա) և Դորդրեխտում (Հարավային Հոլանդիա)` հոլանդացի նկարիչների գաղութում։ Դորդրեխտ քաղաքում նա ծանոթացել է նկարիչ Էմմա Լամպերտի հետ, որի հետ ամուսնացել է 1897 թվականի հունիսի 9-ին Ռոչեստերում։ 1898 թվականին Կուպերը կրկին եկել է Եվրոպա, որտեղ նա մնացել է մի քանի տարի, որի ընթացքում նկարել է ճարտարապետական բնապատկերներ և ծանոթացել իմպրեսիոնիզմի հետ՝ ոճ, որը նա օգտագործել է մինչև իր գեղարվեստական կարիերայի ավարտը։

Նա ժամանակ առ ժամանակ ցուցադրություն է ունեցել իր կնոջ հետ, մասնավորապես 1902 թվականի մայիսին Ֆիլադելֆիայի Art Club of Philadelphia ակումբում և 1915 թվականին Ռոչեսթրի Memorial Art Gallery պատկերասրահում։ 1904 թվականին նրանք տեղափոխվել են Նյու Յորք, որտեղ ապրել են մինչև 1921 թվականը՝ կատարելով իրենց բազմաթիվ ճանապարհորդություններն այստեղից։ 1912 թվականին Կուպերն ընտրվել է Դիզայնի ազգային ակադեմիայի անդամ։ 1915 թվականին նա ցուցադրվել է Սան Ֆրանցիսկոյի Պանամա-Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսում, որտեղ նա արժանացել է ոսկե մեդալի` յուղաներկերով և արծաթե մեդալի` ջրաներկով աշխատանքների համար։ Նա նաև 1916 թվականին մասնակցել է Սան Դիեգոյի Պանամա-Կալիֆոռնիա ցուցահանդեսին։ Զույգը 1915-1916 թվականների ձմեռն անցկացրել է Լոս Անջելեսում, որից հետո Քոլին Կուպերը որոշել է մշտական բնակության տեղափոխվել այնտեղ։ 1921 թվականի հունվարին` Էմմայի մահից հետո, նկարիչը տեղափոխվել է Կալիֆորնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաք, որը դարձել է նրա վերջին տունը, որտեղից նա կատարել է մի քանի ուղևորություններ Թունիս և Հյուսիսային Եվրոպա։ Այստեղ նա դարձել է Santa Barbara Community School of Arts դպրոցի գեղանկարչության դեկանը։ Նկարչությունից զատ, Կուպերը 1920-ական թվականներին թատրոնի համար գրել է պիեսներ, ինչպես նաև վեպեր և ինքնակենսագրություն, որը վերնագրված է In These Old Days:

1927 թվականին կրկին ամուսնանալուց հետո նա շարունակել է ճանապարհորդել և գրել այնքան ժամանակ, մինչև աչքերը չեն վնասվել։

Մահացել է 1937 թվականի նոյեմբերի 6-ին, Կալիֆորնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում[5]։

Քոլին Կուպերի առաջին կինը` Էմման, նույնպես եղել է ճանաչված նկարիչ, որը մահացել է 1920 թվականին տուբերկուլյոզից։ 1927 թվականի ապրիլին նա երկրորդ անգամ ամուսնացել է Marie Henriette Frehseeа-ի հետ՝ ծագումով Արիզոնայից։ Հետաքրքիր է, որ Քոլինն ու Էմմա Կուպերը 1912 թվականի ապրիլի 15-ին եղել են «Կարպատներ» լայների առաջին դասի ուղևորների շարքում, երբ նրա կազմն ու ուղևորները մասնակցում էին խորտակված «Տիտանիկի» ողջ մնացած ուղևորների փրկությանը։ Նրանք փրկարարական գործողության ընթացքում օգնել են նավի անձնակազմին, և Կուպերն այդ թեմայի վերաբերյալ ստեղծել է մի քանի նկար[6]։

Աշխատանքներ խմբագրել

Իր կյանքի ընթացքում Քոլին Կուպերը ստեղծել է բազմաթիվ գործեր, նրա աշխատանքները գտնվում են բազմաթիվ հայտնի հավաքածուներում, այդ թվում՝ Բրուքլինի թանգարանում, Մետրոպոլիտեն թանգարանում, Մոնտկլերի արվեստի թանգարանում, Կալիֆորնիայի Օքլենդի թանգարանում, Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում, Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #132834162 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. «Exhibition & Museum Resources Guide – East Coast/West Coast and Beyond: Colin Campbell Cooper, American Impressionist» (PDF). Heckscher Museum of Art. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.(անգլ.)
  5. Colin Campbell Cooper Արխիվացված 2015-12-22 Wayback Machine(անգլ.)
  6. «Colin Cambell [sic] Cooper Biography». National Museum of Wildlife Art. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլին Կուպեր» հոդվածին։