Քյոռօղլի (վիպերգ)

վիպերգ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քյոռօղլի (այլ կիրառումներ)

Քյոռօղլի, Մերձավոր Արևելքում և Միջին Ասիայում տարածված վիպական-բանահյուսական գրական հուշարձան։ Ձևավորվել է 17-րդ դարում։ Քյոռօղլու պատումները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի.

  • Արևմտյան (թուրքական, հայկական, վրացական, քրդական և ադրբեջանական)
  • Արևելյան (թուրքմենական` «Գյոռօղլի», ուզբեկական և ղազախական` «Գորոգլի», տաջիկական` «Գուրուգլի» կամ «Գուրգուլի» էպոսները
Քյոռօղլի
Տեսակէպոս
Ժանրէպոս
Երկիր Թուրքմենստան[1]
Բնագիր լեզուօղուզական լեզուներ
 Koroghlu

Էպոսի բնութագիրը

խմբագրել

Արևմտյան բոլոր տարբերակներում հերոսը ժողովրդական վրիժառու է, հանպատրաստից բանաստեղծ (աշուղ), որի կյանքի նպատակն է վրեժ լուծել հորը կուրացրած բռնապետներից (այստեղից էլ հերոսի անունը` քյոռ (կույր) և օղլի (որդի), այսինքն կույրի որդի)։ Արևմտյան խմբի պատումները էպիկական և քնարական երգերով շաղախված պատմություններ են` Քյոռօղլու կռվի ու հաղթանակների մասին։ Այդ երգերի հորինողը համարվում է Քյոռօղլին ինքը[2]։ Էպոսը կիսապատմական և կիսաառասպելական բնույթ ունի, պահպանում է իրական դեպքերի (դեմքերի) որոշ արձագանքներ, որոնք հաստատվում են 16-17-րդ դարերի պատմական փաստաթղթերով։ Քյոռօղլու կերպարում ներկայացված է հերոսի ժողովրդական գաղափարատիպը, ազնիվ ու արդարացի կառավարողը։ Նա գլխավորում է ժողովրդի պայքարը ընդդեմ ճնշողների։ Նրա զինակիցները հասարակ, քաջ մարդիկ են` դարբնի, մսագործի որդի, ձիապան և այլն։

Սյուժեն

խմբագրել

Հասան Խանը (հայկական տարբերակներից մեկում` Շահ Աբբաս) կուրացնում է իր ձիապան Ալիին, քանի որ վերջինս իր համար բերել էր անբարետես ու խղճուկ ձիերի։ Սակայն այդ ձիերը (Գիր-աթ և Դյուր-աթ անուններով, ի դեպ հայկական տարբերակում մեկ ձի է` Ղըռաթ անունով) ունեին մոգական ուժ, քանի որ սերում էին հրեղեն ծովային ձիերից։ Ալին ուներ որդի` Ռուշան անունով, որին հոր կուրության պատճառով Քյոռօղլի էին կոչում։ Հայր ու որդի հեռանում են լեռները և հիմնավորվում Չամլիբել կոչվող վայրում-Թուրքական անվանումը (թուրք.՝ Çamlıbel)՝ Չամլիբել, նշանակում է սոճիների պուրակ։ Քյոռօղլին որոշում է վրեժ լուծել Հասան Խանից` իր հորը կուրացնելու համար։ Շուտով նրան են միանում ավելի ու ավելի շատ մարդիկ, ովքեր դժգոհ էին տեղի իշխողներից։ Արդյունքում նրա անձնական վրեժը վերաճում է ժողովրդական պայքարի` ընդդեմ տեղական իշխանավորների անարդարության։ Այստեղից էլ սկսվում են Քյոռօղլու բոլոր արկածները...

Հայկական մշակումներ

խմբագրել

Էպոսի հայկական տարբերակները ունեն հարուստ բովանդակություն և հետաքրքիր ազգագրական տարրեր[3]։ Քյոռօղլու անձնավորությունը և նրա շուրջը հյուսված ժողովրդական վիպասանությունը խոր հետք են թողել հայ իրականության մեջ. պահպանվել են մի շարք պատմական տեղեկություններ ու վկայություններ, ավանդություններ, հայերեն բազմաթիվ պատումներ, գրական մշակումներ ու փոխադրություններ։ Հայ պատմիչ Առաքել Դավրիժեցին իր Պատմության մեջ, խոսելով 16-րդ դարի վերջերին և 17-րդ դարի սկզբներին Իրանի Շահ Աբբաս թագավորի դեմ ապստամբած մի շարք փաշաների և բեկերի մասին, հիշատակում է նաև Քյոռօղլու անունը։ Հայ բանահյուսության մեջ հայտնի են «Քյոռօղլու» հայերեն բազմաթիվ տարբերակներ (Վանի, Մոկսի, պարսկահայոց բարբառներով), դրանցից մի ամբողջական պատում, որ 1912 թվականին գրի է առել բանահավաք-աշուղագետ Վերդին, Արտաշատի Ազատավան գյուղում, խոյեցի Գևորգ Ավագյանից, տպագրվել է 1942 թվականին (պրոֆեսոր Խաչիկ Սամուելյանի ներածությամբ). մնացածներն անտիպ են և գտնվում են ՀՀ ԳԱԱ-ի արխիվում։

Հայերեն պատումներում Քյոռօղլին քաջ կռվող է, իր զինակիցների հետ հետապնդում է հարստահարողներին, պաշտպանում չքավորների շահերը։ Միևնույն ժամանակ նա երգիչ է, միշտ անբաժան իր սազից, երգում, փառաբանում է իր զինակիցներին, սիրած կնոջը` Նիգյարին և հրեղեն Ղըռաթ ձիուն։ Հայ գրականության մեջ հայտնի են «Քյոռօղլի» էպոսի մի շարք գրական-գեղարվեստական մշակումներ` Ռափայել Պատկանյանի համանուն պոեմը, Ղազարոս Աղայանի «Քյորօղլին ջրաղացպան», «Քյորօղլին կալանավոր» և «Քյորօղլու թուրը» երգախառն դրվագները, աշուղ Ջամալու փոխադրությունները` «Քյոռ-օղլու հեքիաթը» (մաս 1, 1898թ., մաս 2, 1904թ.), աշուղ Խայաթի փոխադրությունը` «Պոլիբեգ-Քյոռօղլու հեքիաթներից մեկը» (1900թ.) և այլն։

«Քյոռօղլու» հայերեն պատումները պարունակում են եղանակավոր երգեր։ Ըստ Ղազարոս Աղայանի` դրանք երեք որոշակի եղանակ ունեն։ Առանձնապես լայնորեն տարածված է «Այ Քյորօղլի, ջան, Քյորօղլի» բառերով սկսվող երգի հերոսաշունչ երաժշտությունը, որը հենց Աղայանի միջոցով է հասել նոր ժամանակները և նրա որդու` Մուշեղ Աղայանի երգածից գրի է առել Շարա Տալյանը։ Հայտնի են այդ երգի մշակումները` ձայնի ու դաշնամուրի (Սարգիս Բարխուդարյան) և ձայնի ու սիմֆոնիկ նվագախմբի համար (Մարտին Մազմանյան)։ Նույն երգի ելևէջների վրա է հիմնված Համո Բեկնազարյանի «Պեպո» կինոնկարի նախանվագը (երաժշտությունը` Արամ Խաչատրյանի)։ Երգը, որպես յուրատեսակ գաղափարական (հերոսական) ընդհանրացում, հնչում է նաև ֆիլմի վերջաբանում (կատարող` Մուշեղ Աղայան)։

«Քյոռօղլու» հայկական պատումները հիմք են դարձել նաև Քրիստափոր Քուշնարյանի «Քյոռ-օղլին գերության մեջ» ծավալուն խմբերգի և Արմեն Տիգրանյանի համանուն անավարտ օպերայի (սեփական լիբրետոյով, 1936թ.) համար։

Ծագումը

խմբագրել

Այս առումով հետաքրքիր են հայ արձակագիր և գրականագետ Շավիղ Գրիգորյանի դիտարկումները. «Ինչ-որ չափով հայտնի է «Քյոր-օղլի» հերոսական ասքի ստեղծման ժամանակաշրջանը, որովհետև կասկածից վեր է նաև իր` պատմական Քյոր-օղլու հավաստի գոյությունն ու գործած ժամանակը։ Այս իմաստով ինձ համար միանգամայն անհասկանալի է Քյոր-օղլու` միջինասիական ծագման վերաբերյալ այն վարկածը, համաձայն որի Քյոր-օղլի անվան հիմքում ընկած է ոչ թե քյոռ-կույր, այլ` գյոռ-գերեզման ըմբռնումը։ Չխոսելով այլևս կարսամերձ Չամլիբելի` Միջին Ասիա փոխադրելու մասին, որովհետև միջինասիական տարբերակներում Քյորօղլու բերդը նույնպես կոչվում է Չամլիբել։ Առավել ևս միֆական է թվում ադրբեջանցի բանասերների այն պնդումը, թե Քյորօղլին... հեթանոսական ժամանակներից եկող խորհրդանշական մի կերպար է, որ միս ու արյուն է ստացել ուշ դարերում հանդես եկած Ջալալիի կերպարանքով։ Ուրիշ է, եթե խոսք գնա այն մասին, որ, ասենք, Քյորօղլու կերպարի մեջ տեղ է գտել վաղ ժամանակներից եկող պատմական կամ առասպելական անձանց ինչ-ինչ հատկանիշներ կամ վերապրուկներ։

Հետաքրքիր է, թե ո՞վ է Քյորօղլին ազգությամբ։ Առաքել Դավրիժեցին լռում է այդ մասին։ Բայց ահա, 18-րդ դարի առաջին կեսի հայազգի մտավոր գործիչ, վաճառական Էլիազ Մուշեղյանցը (Կարնեցի), որ կազմել ու մեզ է թողել ուշ միջնադարի հայ բանաստեղծների և աշուղների ստեղծագործությունների մի ծավալուն ժողովածու, առաջաբանում Քյորօղլուն ազգությամբ տաճիկ է համարում։ Մինչդեռ Քյորօղլիով խանդավառված մեր գրականության բոլոր մեծերը` Խաչատուր Աբովյանը, Ռափայել Պատկանյանը, Ղազարոս Աղայանը, նրան ոչ միայն այլազգի չեն համարում, այլև բնութագրում, մեծարում են հայրենակցի խանդաղատանքով։ Իսկ ինչպե՞ս է բանն իրականում։ Ընդսմին, նկատեմ, որ ես մի առանձին կարևորություն չեմ էլ տալիս Քյորօղլու ազգային պատկանելությանը։ Բայց ահա թե ինչ կասեմ այդ կապակցությամբ։

Ամենից առաջ ասեմ, որ Հայաստան աշխարհը լի է Քյորօղլու անունը կրող հիշարժան վայրերով` բերդեր, ամրոցներ, կամուրջներ, ճանապարհներ, սարեր, քարափներ, դարավանդներ և այլ, և այլն։ Չխոսելով այլևս Կարս-Էրզրում հատվածի մասին, ուր գտնվելիս է եղել Քյորօղլու նշանավոր բերդ-ամրոցը` Չամլիբելը։ Քյորօղլու անունն ու քաջագործությունները փառաբանել են հայազգի համարյա բոլոր նշանավոր աշուղները, Քյորօղլու անվամբ հորինված առանձին մեղեդիներ կան և այլն։ Այս ամենի հիմքում (թեկուզ տարերայնորեն) չի՞ ընկած արդյոք Քյորօղլու եթե ոչ հայ, գեթ ոչ այլազգի համարելու միտումը։ Խաչատուր Աբովյանը Քյորօղլուն անվարան հայ է համարում. «Ախր ինչ պետք էր արած, որ մեր սրտերն էլ ուրիշ ազգեր իմանային, մեզ էլ գովեին, մեր լեզուն էլ սիրեին. մնացել էի տարակուսած։ Լավ գիտեի, որ թե օսմանլվի, թե ղզլբաշի երկրում ինչքան էնպես երևելի, խելոք հունարով մարդ են եղել, ինչքան խանի, շահի, սուլթանի դռներին սիրական աշուղ, լավ խաղ ասող, ոտանավոր շինող մարդ են եղել, շատերը հայ են։ Մենակ Քեշիշ-օղլին, Քոռ-օղլին բավական են, որ ասածս սուտ չի դուրս գա»...» (Ռազմիկ Սողոմոնյան - Աշուղ Ղարիբ, Քյոր Օղլի, Ամրահ և Սալվի, Աղվան և Օսան, «Զարթոնք-90», Երևան 1992թ.):

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Representative List of the Intangible Cultural Heritage of Humanity, Liste représentative du patrimoine culturel immatériel de l’humanité, Lista Representativa del Patrimonio Cultural Inmaterial de la Humanidad
  2. Кёр-оглы / Короглы Х. Г. // Кварнер — Конгур. — М. : Советская энциклопедия, 1973. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 12).
  3. Nora K. Chadwick, Victor Zhirmunsky Oral Epics of Central Asia Cambridge University Press — 2010 — С. 302
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քյոռօղլի (վիպերգ)» հոդվածին։