Վիվիեն Լի
Վիվիեն Լի, լեդի Օլիվիե (անգլ.՝ Vivien Leigh, իսկական անուն ազգանունը՝ Վիվիեն Մերի Հարթլի, անգլ.՝ Vivian Mary Hartley, նոյեմբերի 5, 1913[5][6][7][…], Դարջիլինգ, Արևմտյան Բենգալիա, Հնդկաստան - հուլիսի 8, 1967[4][5][5][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), կինոյի և թատրոնի անգլիացի հայտնի դերասանուհի, 1930-40-ական թվականների ամենահայտնի դերասանուհիներից մեկը։
Վիվիեն Լի Vivian Mary Hartley | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1913 |
Ծննդավայր | Դարջիլինգ, Հնդկաստան |
Մահացել է | հուլիսի 7, 1967 |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | Մեծ Բրիտանիա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1934)[1], Woldingham School?[2] և Loreto Convent? |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի |
Աշխատանք | 1933-1967 |
Ամուսին | Հերբերտ Լեյ Հոլման (1932–1940) |
Ծնողներ | հայր՝ Ernest Richard Hartley?[3] |
Պարգևներ և մրցանակներ | 2 Օսկար |
Երեխաներ | Սյուզաննա Ֆարինգտոն |
Ստորագրություն | |
Vivien Leigh Վիքիպահեստում |
Խաղացել է մոտ 20 ֆիլմում, թատրոնում կերտել է 50-ից ավելի նշանավոր կերպարներ։ Երկու անգամ արժանացել է Օսկար մրցանակի՝ Սկարլետ Օ'Հարայի («Քամուց քշվածները» 1939) և Բլանշ Դյուբուայի («Ցանկություն» տրամվայը» 1951) ֆիլմերում դերերի համար, Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում։ Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 16-րդ տեղում է։
Տաղանդավոր դերասանուհին հաճախ աշխատում էր իր ամուսնու՝ Լոուրենս Օլիվիեի հետ համագործակցությամբ, որը նրա մասնակցությամբ բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր է։ Իր երեսնամյա կարիերայի ընթացքում նա խաղացել է բազմազան դերեր՝ Նոել Կոուարդի և Բեռնարդ Շոուի կատակերգությունների հերոսուհիներից մինչև դասական շեքսպիրյան կերպարները, ինչպիսին են Օֆելյան, Կլեոպատրան, Ջուլիետան և լեդի Մակբեթը։
Երբեմն Լիին թվում էր, որ իր անսովոր գեղեցկության պատճառով նրան լուրջ չեն ընդունում որպես դերասանուհի, սակայն գլխավոր խոչընդոտը դերեր ստանալու ճանապարհին նրա վատ առողջությունն էր։ Չափահաս կյանքի մեծ մասի ընթացքում գտնվելով մոլագարային դեպրեսիայի ազդեցության տակ՝ Վիվիեն Լին ձեռք է բերում դերասանուհու համբավ, որի հետ դժվար է աշխատել, ինչի պատճառով էլ նրա կարիերայի ընթացքում նկատվում են անկման շրջաններ։ Հետագայում պարբերաբար կրկնվող տուբերկուլյոզի նոպաները զգալիորեն թուլացնում են դերասանուհու առողջությունը։ Այդպիսի ախտորոշում առաջին անգամ նրան տալիս են քառասնական թվականների կեսերին։ Վիվիենը և Օլիվիեն ամուսնալուծվում են 1960 թվականին և հետագայում Լին միայն ժամանակ առ ժամանակ էր նկարահանվում կինոյում և թատրոնում խաղում է մինչև տուբերկուլյոզից իր մահանալը։
Ժամանակակից կինոգետների և կինոյի պատմաբանների կողմից Վիվիեն Լին համարվում է պատմության մեջ մեծագույն դերասանուհիներից մեկը։ Լիի դերասանական խաղը (««Ցանկություն» տրամվայը» ֆիլմում) երբեմն անվանում են բոլոր ժամանակների ամենամանրակրկիտներից մեկը[8][9]։
Կենսագրություն
խմբագրելՄանկություն և դերասանական կարիերա
խմբագրելՎիվիան Մերի Հարթլին ծնվել է հնդկական Դարջիլինգ քաղաքում։ Նրա հայրը՝ Էռնեստ Հարթլին, ծագումով անգլիացի, եղել է հնդկական հեծելազորի սպա։ Մայրը՝ Հերտրուդա Ռոբինսոն Յակին, ուներ իռլանդական, ֆրանսիական և հայկական արմատներ։ Ծնողները ամուսնացել էին Քենսինգտոնում (Լոնդոն) 1912 թվականին։ 1917 թվականին Էռնեստ Հարթլիին տեղափոխում են Բանհալոր, իսկ Հերտրուդան և Վիվիանը մնում են Ուտակամունդում։ Վիվիան Հարթլին առաջին անգամ բեմում ելույթ է ունենում երեք տարեկան հասակում` մոր սիրողական թատերական խմբի կազմում կարդալով «Փոքրիկ Բո Պիպ» բանաստեղծությունը։ Հերտրուդա Հարթլին ցանկանում էր դստեր մեջ ներշնչել սեր դեպի գրականությունը և նրան ծանոթացնում էր Հանս Քրիստիան Անդերսենի, Լուիս Քերոլի և Ռեդյարդ Կիպլինգի ստեղծագործություններին, նաև հունական դիցաբանության պատմություններին։ Ընտանիքի միակ զավակը, Վիվիան Հարթլին, 1920 թվականին ուղարկվում է Անգլիայի Սուրբ Սրտերի մենաստան։ Մենաստանում նրա լավագույն ընկերուհին է դառնում ապագա դերասանուհի Մորին Օ'Սալիվանը, որի հետ Վիվիանը կիսվում էր իր «մեծագույն դերասաանուհի» դառնալու երազանքով[10][11]։
Վիվիան Հարթլին իր ուսումը շարունակում է Եվրոպայում՝ 1931 թվականին վերադառնալով ծնողների մոտ Անգլիա։ Նա երազում էր դերասանուհի դառնալ և ծնողները նրան աջակցություն էին ցուցաբերում։ Հայրը օգնում է նրան ընդունվելու Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիան[12]։
1931 թվականի վերջին նա հանդիպում է Հերբերտ Լի Հոլմանին, փաստաբան, որը նրանից մեծ էր տասներեք տարով։ Չնայած այն հանգամանքին, որ նա չէր խրախուսում «թատրոնի հետ կապված մարդկանց»՝ նրանք ամուսնանում են 1932 թվականի դեկտեմբերի 20-ին։ Վիվիանն իր ուսումը ավարտում է, երբ արդեն ամուսնացած էր։ 1933 թվականի հոկտեմբերի 12-ին նա ծննդաբերում է աղջիկ, որին անվանում են Սյուզաննա, սակայն Վիվիանը շնչահեղձ էր լինում տնային տնտեսուհու իր պարտականություններից։ Ընկերները նրան խորհուրդ են տալիս մի փոքրիկ դեր խաղալ «Գործերը լավ են գնում» կինոնկարում և այդ դերը հանդիսանում է Վիվիենի նորամուտը կինոէկրաններին։ Նա վարձում է գործակալ Ջոն Հիդոնին, որը նրան վստահեցնում է, որ «Վիվիան Հոլման» անունը չի համապատասխանում դերասանուհու համար, և, հրաժարվելով առաջարկված «Այպրիլ Մորն» կեղծանունից, նա վերցնում է «Վիվիեն Լի» անունը։ Հիդոնը նրան որպես հնարավոր դերասանուհի խորհուրդ է տալիս Ալեքսանդր Կորդին, սակայն վերջինս համարում է, որ նա ներուժ չունի[13]։
1935 թվականին, խաղալով «Առաքինության դիմակ» ներկայացման մեջ, Վիվիենը ստանում է գերազանց արձագանքներ, որին հետևեցին հարցազրույցներ և հոդվածներ թերթերում։ Այդ հոդվածների մեջ կար մեկը «Դեյլի Էքսպրեսից», որում թղթակիցը նկատում է, թե ինչպես «ակնթարթային փոփոխություն կատարվեց նրա դեմքին»։ Դա առաջին դեպքն էր, երբ հանդիսատեսը նկատում է Վիվիենի տրամադրության արագ փոփոխությունները, որը նրան առանձնացնում է մյուս դերասանուհիներից[14]։ Ջոն Բենջամենը նրան նկարագրում է որպես «անգլիական աղջկականության ոգի»[15]։ Երբ գալիս է պրեմիերային ցուցադրման ժամանակը, Կորդան հասկանում է իր սխալը և նրա հետ պայմանագիր է ստորագրում, որում նա անվանվում է իր «Վիվիեն Լի» կեղծանունով։ Նա շարունակում է խաղալ, սակայն, երբ Կորդան բեմադրությունը տեղափոխում է մեծ թատերական դահլիճ, Զիին մեղադրում են մեծ լսարանը լարվածության մեջ պահելու անկարողության մեջ և ստիպում են շտկել ձայնը, որպեսզի հնարավոր լինի լսել նրան դահլիճի բոլոր անկյուններում։ Այդ պատճառով ներկայացումը փակում են[16]։
Հանդիպում Լոուրենս Օլիվիեի հետ
խմբագրելԼոուրենս Օլիվիեն Վիվիենին հանդիպում է «Առաքինության դիմակում»։ Նա շնորհավորում է Վիվիենին ելույթի համար և նրանց միջև առաջանում են ընկերական հարաբերություններ։ Խաղալով սիրահարների դեր «Բոց Անգլիայի վրա» ֆիլմում՝ Լին և Օլիվիեն հասկանում են, որ իրենց ընկերությունը փոխակերպվել է ուժեղ հրապուրանքի, իսկ նկարահանումներից հետո՝ սիրավեպի։
Այդ ժամանակ Լին ընթերցում է Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» գիրքը և պնդում է իր գործակալին, որ նա, Ամերիկայում ֆիլմի ռեժիսոր Դևիդ Սելզնիկին, իրեն առաջարկի Սկարլետի դերի համար։ Նա ասում էր թղթակիցներին. «Ես տեսնում էի ինձ Սկարլետ Օ’Հարայի դերում», իսկ քննադատ Լեժոնը հիշում է այն ժամանակների խոսակցությունը, որում Լին «ցնցում է մեզ բոլորիս» իր պնդմամբ, որ Օլիվիեն «չի խաղա Ռետ Բատլերին, սակայն ես պետք է խաղամ Սկարլետ Օ’Հարա։ Սպասեք և դուք կտեսնեք»[17]։
Լին խաղում էր Օֆելյա «Համլետում»՝ Օլդ Վիկ թատրոնում Օլիվիեի բեմադրությունում։ Օլիվիեն հետագայում հիշում է մի միջադեպ, որը տեղի էր ունեցել, մինչ Լին պատրաստվում էր բեմ դուրս գալ։ Առանց որևէ պատճառի նա հանկարծ սկսում է բղավել Օլիվիեի վրա, այնուհետև հանդարտվում է և սկսում է նայել մեկ կետի ուղղությամբ։ Նա բեմում ելույթ է ունենում առանց որևէ միջադեպի և արդեն հաջորդ օրը վերադառնում է նախկին կանոնավոր վիճակի՝ լիովին մոռանալով այդ իրադարձության մասին։ Առաջին անգամ Օլիվիեն ականատես է լինում Լիի նման պահվածքին[18]։ Նրանք սկսում են միասին ապրել, որովհետև ո՛չ Հոլմանը, ո՛չ Օլիվիեի կինը՝ դերասանուհի Ջիլ Էսմոնդը, չէին համաձայնվում ամուսիններին ապահարզան տալ։
Լին նկարահանվել է Ռոբերտ Թեյլորի, Լայոնել Բերրիմորի և Մորին Օ'Սալլիվանի հետ «Յանկիները Օքսֆորդում» ֆիլմում։ Դա առաջին ֆիլմն էր Վիվիենի մասնակցությամբ, որը Միացյալ Նահանգներին ստիպում է իր վրա ուշադրություն դարձնել։ Նկարահանումների ժամանակ նա իր համար ձեռք է բերում բարդ և աշխատանքում անշրջահայացի հեղինակություն և Կորդան խորհուրդ է տալիս Լիի գործակալին զգուշացնելու դերասանուհուն, որ նա կունենա դերերի ընտրության փոքր ցուցակ, եթե չփոխի իր վարքագիծը[19]։ Նրա հաջորդ դերը «Սուրբ Մարտինի ուղին» ֆիլմում էր՝ Չարլզ Լոուտոնի մասնակցութամբ։
Միջազգային հաջողություններ
խմբագրելՕլիվիեն զարգացնում էր իր կարիերան կինոյում, սակայն, չնայած Բրիտանիայում ունեցած հաջողություններին, նրան վատ էին ճանաչում Նահանգներում, իսկ վաղ փորձերը ներկայացնելու իրեն ամերիկյան շուկայում, ձախողվել էին։ Համաձայնվելով Հիտկլիֆի դերին «Մրրկաբեր լեռնանցք» ֆիլմում՝ նա մեկնում է Հոլլիվուդ և Վիվիենին թողնում է Լոնդոնում։ Կինոնկարի պրոդյուսեր Սեմուել Գոլդվինը և ռեժիսոր Ուիլյամ Ուայլերը Վիվիենին առաջարկում են խաղալ երկրորդական դեր՝ Իզաբելլա։ Նա հրաժարվում է, հայտարարելով, որ պետք է խաղա միայն գլխավոր դեր՝ Կետի, սակայն այդ դերը արդեն տրվել էր Մերլ Օբերոնին[20]։
Այդ ժամանակ Հոլլիվուդում ակտիվորեն փնտրում էին դերասանուհի «Քամուց քշվածները» (1939 թվական) ֆիլմում Սկարլետի դերի համար։ Վիվիեն Լիի ամերիկյան գործակալը նրա թեկնածությունը առաջադրում է 1938 թվականի փետրվարին։ Նույն ամսում Դևիդ Սելզնիկը դիտում է նրա աշխատանքները «Բոց Անգլիայի վրա» և «Յանկիները Օքսֆորդում» ֆիլմերում և այդ պահից Վիվիենը դառնում է լուրջ թեկնածու այդ դերի համար։ Փետրվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Սելզնիկը դիտում է նրա բոլոր անգլիական կինոնկարները, իսկ օգոստոսին բանակցություններ է վարում պրոդյուսեր Ալեքսանդր Կորդայի հետ, որի հետ Վիվիեն Լին պայմանագիր ուներ ստորագրած։ Հոկտեմբերի 18-ին Սելզնիկը գաղտնի նամակ է գրում ֆիլմի ռեժիսոր Ջորջ Կյուկորին. «Ես դեռևս հույս եմ կապում այդ նոր աղջկա հետ»։ Վիվիենը Լոս Անջելես է տեղափոխվում Օլիվիեի կողքին լինելու պատրվակով։ Երբ Մայրոն Սելզնիկը (Դևիդի եղբայրը), որը նույնպես ներկայացնում էր Օլիվիեին, հանդիպում է Վիվիեն Լիին, նա հասկանում է, որ Վիվիենն ունի բոլոր այն հատկանիշները, որոնք իր եղբայրն այդքան երկար ժամանակ փնտրում էր։ Մայրոնը Վիվիենին և Օլիվիեին ուղեկցում է Դևիդի մոտ նկարահանման հրապարակ, որտեղ նկարահանում էին Ատլանտայի հրդեհի պահը։ Հաջորդ օրը Վիվիենը սցենարից հատված է կարդում Դևիդի համար, որը կազմակերպում է կինոփորձեր։ Սելզնիկը այդ ժամանակ գրում է կնոջը. «Նա Սկարլետն է՝ թուխ ձիուկ և չափազանց հմայիչ է։ Ասում եմ քեզ հույժ գաղտնի։ Թեկնածուների օղակը խտացել է մինչև Պոլետտ Գոդար, Ջին Արտուր, Ջոան Բեննետ և Վիվիեն Լի»։ Ռեժիսոր Ջորջ Կյուկորը համաձայնվում է ընդհանուր կարծիքի հետ և բարձր է գնահատում Վիվիենի «անհավանական անզսպությունը», որը դրանից հետո շուտով ստանում է այդ դերը[21]։
Կինոնկարահանումները Վիվիենի համար դասավորվում են բարդ։ Կրյուկորը հեռացվում է և փոխարինվում Վիկտոր Ֆլեմինգով, որի հետ Լին հաճախ վիճում էր։ Նա և Օլիվիա դե Հեմիլենդը (Մելանի Համիլտոն) գաղտնի հանդիպում էին Կրյուկորի հետ գիշերներով և ազատ օրերին, որպեսզի նրանից խորհուրդ հարցնեն իրանց դերակատարումների համար։ Վիվիենը ընկերանում է Կլարկ Գեյբլի (Պետտ Բաթլեր) և նրա կնոջ՝ Քերոլ Լոմբարդի հետ, ինչպես նաև դե Հեմիլենդի հետ, սակայն հաճախ վիճում էր Լեսլի Հովարդի (Էշլի Ուիլկս) հետ, որի հետ պետք է խաղար մի քանի զգացմունքային դրվագներ։ Նաև նրան նյարդայնացնում էր երբեմն շաբաթվա յոթ օրերն էլ աշխատելը, հաճախ մինչև ուշ գիշեր, նաև նա կարոտում էր Օլիվիեին, որը այն ժամանակ աշխատում էր Նյու Յորքում։ Նա գրում է Լի Հոլմանին. «Ես ատում եմ Հոլլիվուդը… Ես երբեք դրան չեմ վարժվի։ Ինչպես եմ ես ատում կինոյում նկարահանվելը»[22]։
2006 թվականին դե Հեմիլենդը հերքում է Վիվիեն Լիի մոլագար վարքագծի մասին հայտարարությունները «Քամուց քշվածները»-ի նկարահանումների ժամանակ, որոնք հրապարակվել էին Լոուրենս Օլիվիեի կենսագրությունում։ Նա կանգնում է Լիի պաշտպանությանը, ասելով. «Վիվիենը անբասիր մասնագետ էր, անբասիր կարգապահ նկարահանումների ժամանակ։ Նա ուներ երկու հսկա խնդիր՝ իր ուժերի ներածին չափով անել ամեն ինչ արտակարգ բարդ դերի աշխատանքներում և գտնվել Լարիից (Օլիվիե) բաժանումում, որը գտնվում էր Նյու Յորքում։»[23]։
Քամուց քշվածները» ֆիլմի շահած տասը «Օսկար»-ների մեջ կար նաև «Լավագույն կանացի դերակատարան համար» մրցանակը, որը ստացել էր Վիվիեն Լին։ Նա նաև շահել է «New York Film Critics Circle»-ի կողմից շնորհվող «Լավագույն դերասանուհու» մրցանակը[24]։
Ամուսնություն և համատեղ նախագծեր
խմբագրել1940 թվականի փետրվարին Ջիլլ Էսմոնդը համաձայնվում է Օլիվիեին ապահարզան տալ, իսկ Հոլմանը համաձայնվում է ապահարզան տալ Լիին։ Նրանք պահպանում էին ընկերական հարաբերությունները ամբողջ կյանքի ընթացքում։ Էսմոնդի և Օլիվիեի որդին մնում է մոր հետ, իսկ Վիվիենի դուստրը՝ Սյուզաննան, մնում է հոր մոտ։ Օգոստոսի 30-ին Օլիվիեն և Վիվիենը ամուսնանում են Կալիֆորնիայի նահանգի Սանտա Բարբարա քաղաքում։ Պսակադրության արարողության միակ վկաները հանդիսանում են Քեթրին Հեփբորնը և Գարսոն Կանին։
Լին ցանկանում էր նկարահանվել Օլիվիեի հետ և կինոփորձեր է անցնում «Ռեբեկա» ֆիլմում, որի ռեժիսորն էր հանդիսանում Ալֆրեդ Հիչքոքը[25]։ Նրա կինոփորձերից հետո Սելզնիկը գրում է. «Նա խաղում է ոչ բավարար անկեղծ և հասուն»։ Իսկ ռեժիսորը նկատում է, որ նա չէր ձեռնարկում ոչ մի նախաձեռնություն, մինչև գլխավոր դերը հանձնեին Օլիվիեին։ Արդյունքում դերում հաստատում են Ջոան Ֆոնտեյնին։ Վիվիենը, նույնպես, չի ստանում դերակակարում «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմում, որտեղ խաղում էր Օլիվիեն։
Լին և Օլիվիեն միասին խաղում են «Լեդի Համիլտոն» (1941 թվական) ֆիլմում, որտեղ Լոուրենսը կատարում է Հորացիո Նելսոնի դերը, իսկ Վիվիեն Լին՝ Էմմա Համիլտոնի։ Այդ դերը հաստատում է Լիի կարգավիճակը որպես հոլլիվուդյան աստղի և ֆիլմը ոչ միայն հավանության է արժանանում քննադատների և հանդիսատեսի կողմից, այլ դառնում է դերասանուհու սիրելի ֆիլմը։ Ֆիլմը հսկայական հաջողություն է ունենում ոչ միայն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, այլ նաև ԽՍՀՄ-ում և այլ երկրներում։ Ուինսթոն Չերչիլը կազմակերպում է փակ դիտումներ, որին ներկա լինում նաև Ֆրանկլին Դ. Ռուզվելտը և ցուցադրման վերջում դիմում է ներկաներին, ասելով. «Ջենթլմեններ, ինձ թվաց, որ այս ֆիլմը կհետաքրքրի Ձեզ, այն ցուցադրում է հզոր իրադարձություններ, նման նրանց, որոնցում դուք վերջերս մասնակցություն էիք ունեցել»։ Օլիվիեն և Լին դառնում են Չերչիլի սիրելիները։ Մինչև իր կյանքի վերջը նա նրանց հրավիրում էր հրավիրյալ ընթրիքների, Վիվիենին համարում էր ընդօրինակման արժանի մարդ։
Վիվիանը և Լոուրենսը բեմադրում են «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը Բրոդվեյի համար։ Նյու Յորքյան թերթերը սկսում են հոդվածներ հրատարակել Լիի և Օլիվիեի հարաբերությունների մասին, նրանց մեղադրում են բարոյականության բացակայության մեջ, քանի որ նրանք պատերազմի ավարտից հետո չեն վերադարձել Անգլիա։ Խննադատները բեմադրությունը ինչպես հարկն է չեն գնահատում։ Բրուկս Աթկինսոնը «Նյու Յորք Թայմս»-ից գրում է․ «Չնայած միսս Լիի և միստր Օլիվիեի երիտասարդությանը և գեղեցկությանը, դա դժվար թե կարելի լինի դերասանական խաղ անվանել»։ Այն ժամանակ, երբ քննադատների մեծամասնութունը նախատում էր խաղը և Օլիվիեի բեմադրությունը, թղթակիցներից մեկը Լիի մասին գրում է, որ նրա ձայնը նման է վաճառականի ձայնին։ Օլիվիեն և Վիվիենը իրենց կուտակած խնայողությունների մեծ մասը ներ են դնում այդ բեմադրության մեջ և նրա ձախողումը նրանց համար աղետ է հանդիսանում[26]։
Զույգը վերադառնում է Անգլիա։ 1943 թվականին Լին շրջագայության է մեկնում Հյուսիսային Աֆրիկայով, նա ելույթ է ունենում մինյև այն պահը, երբ նրա մոտ սկսվում են հազ և տենդ։ 1944 թվականին նրա մոտ ախտորոշում են տուբերկուլյոզ ձախ թոքում։ Սակայն, այն բանից հետո, երբ Վիվիենը մի քանի շաբաթ անց է կացնում հիվանդանոցում, նրան թվում է, որ հիվանդությունը լքել է իրեն։ Գարնանը նա խաղում է «Կեսարը և Կլեոպատրան» (1945 թվական) ֆիլմում, այդ նույն ժամանակ պարզվում է, որ Վիվիենը երեխայի է սպասում է։ Դժբախտաբար նրա մոտ վիժում է տեղի ունենում։ Նա ընկնում է խոր դեպրեսիայի մեջ, որը իր գագաթնակետին է հասնում, երբ Լին համարյա հարձակվում է ամուսնու վրա, խոսքերով և ֆիզիկապես հարձակվելով այնքան ժամանակ, մինչև հեծկլտալով ընկնում է հատակին։ Օլիվիեին այդ նախանշաները ծանոթ են երևում՝ մի քանի օր գերակտիվություն և, որպես հետևանք, զգացմունքային խանգարում, որից հետո Վիվիենը ոչինչ չէր հիշում, բայց խիստ ճնշված էր և զղջում էր[27]։
Նա բավականին ամրապնդվում է և 1946 թվականին խաղում է Տորնտոն Ուալդերի «The Skin of Our Teeth» լոնդոնյան հաջողակ բեմադրությունում։ Ֆիլմերը, որոնցում նա այդ ժամանակ դերեր է կատարում՝ «Կեսարը և Կլեոպատրան» և «Աննա Կարենինա», հաջողություն չեն ունենում։ 1947 թվականին Օլիվիեն ասպետ է ձոնվում և Վիվիենը նրան ուղեկցում է Բուքինգեմյան պալատի արարողությանը։ Նա դառնում է լեդի Օլիվիե և պահպանում է այդ տիտղոսը նույնիսկ ապահարզանից հետո։ 1948 թվականին Օլիվիեն հանդիսանում է Օլդ Վիկ թատրոնի Տնօրենների խորհրդի անդամ և Լիի հետ միասին ուղևորվում է Ավստրալիայով և Նոր Զելանդիայով շրջագայության, որի տպատակը թատրոնի համար միջոցներ հավաքելն էր։ Վեց ամսվա ընթացքում Օլիվիեն խաղում էր «Ռիչարդ III»-ում և Լիի հետ միասին «The School for Scandal» և «The Skin of Our Teeth» ներկայացումներում։ Շրջագայությունը հսկայական հաջողություն է ունենում, չնայած այն բանին, որ որոշ ժամանակ Լին տառապում էր անքնությամբ։ Ամբողջ շաբաթ, մինչ Վիվիենը հիվանդ էր, նրա դերերը կատարում էր փոխարինողը։ Վիվիենկ հաղթահարում էր պատասխանատվության ծանր բեռը և նույնիսկ Օլիվիեն նկատել էր ինչպես է նա «հմայում լրատվությանը»։ Թատերախմբի մասնակիցները ավելի ուշ հիշում էին միջադեպերը, որոնք տեղ էին գտել, օրինակ, Կրայստչերչում, երբ Լին հրաժարվում է բեմ դուրս գալ։ Օլիվիեն նրան ապտակում է, սակայն Լին ի պատասխան նույնպես հարվածում է նրա այտին և բեմ է դուրս գալիս։ Շրջագայության ավարտին նրանք ուժասպառ էին և հիվանդ։ Օլիվիեն խոստովանում է թղթակիցներին․ «Հավանաբար դուք չեք նկատում, որ խոսում եք երկու սառչող դիակների հետ»[28]։
Շրջագայության հաջողությունը քաջալերում է զույգին և նրան առաջին անգամ միասին հայտնվում են Վեստ Էնդում։ Նրանք խաղում են միևնույն ներկայացումները, ավելացնելով «Անտիգոնեն»։ Դրանում պնդում էր Վիվիենը, քանի որ նա միշտ երազել էր փորձել ուժերը ողբերգական դերերում։ Լին ձեռք է բերում Բլանշ Դյուբուաի դերը Վեստ Էնդում, ըստ Տենեսսի Ուիլյամսի ««Ցանկություն» տրամվայը» պիեսի բեմադրությունում և հաստատվում է այն բանից հետո, երբ հեղինակը և պրոդյուսերը տեսնում են նրա խաղը այլ ներկայացումներում։ Օլիվիեն դառնում է այդ բեմադրության ռեժիսորը։ Պիեսը բռնաբարության ակնարկներ էր պարունակում, համասեռամոլություն և անկանոն կապեր, նրա շուրջ տարվում էին թեժ վեճեր և քննարկումներ։ Մասսայական լրատվամիջոցներում բուռն քննարկումների պատճառով Վիվիենը ավելի շատ էր հուզվում։ Այդ պիեսում նրա խաղը շատ էր քննադատվում։ Ասում էին, որ նա բացարձակ չի համապատասխանում այդ դերին, իսկ բրիտանական դերասանները բավականին լավ են դաստիարակված, որպեսզի նման զգացմունքներ դրսևորեն բեմի վրա։ Օլիվիեն և Լին վշտացած են նման գրախոսություններից։ Սակայն հասարակության հետաքրքրությունը բեմադրությանը ապահովում է առևտրական հաջողություն։
Խաղացվում է «Տրամվայի» 326 ներկայացում, որից հետո Վիվիենին հրավիրում են մասնակցություն ունենալու ներկայացման կինոտարբերակի ստեղծմանը։ Նրա երբեմնի անպարկեշտ հումորի զգացումը օգնում է Մարլոն Բրանդոյի հետ շփումներում, որը նույնպես մասնակցում էր կինոնկարի ստեղծման աշխատանքներին։ Սակայն Վիվիենի և ռեժիսոր Էլիա Կազանի միջև բարդ հարաբերություններ էին առաջանում, որը չէր գնահատում նրա որպես դերասանուհու։ Նա ասում էր, որ Վիվիենը չունի բավականին տաղանդ։ Սակայն աշխատանքը շարունակվում էր և ահա նա արդեն հիանում է նրա վճռականությամբ առանձնանալու իր ժամանակների մյուս բոլոր դերասանուհիներից։ «Նա կսկսեր սողալ ջարդված ապակու վրայով, եթե մտածեր, որ դա կօգնի իրեն լավ կատարելու իր դերը»։ Իսկ Լին ասում էր, որ դերը ուժասպառ է անում իրեն. «Ինը ամիս ես Բլանշ Դյուբուա էի և նա դեռևս ղեկավարում է ինձ»։ Ֆիլմի գրախոսությունների հիանալի էին, և Լին արժանանում է երկրորդ «Օսկար»-ին՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում, ինչպես նաև, «BAFTA» մրցանակ լավագույն կանացի դերակատարման համար[29]։ Թեննեսի Ուիլյամսը ասում է, որ Վիվիենի խաղը «կար ամենը, ինչ ես ցանկանում էի և ավելի, քան այն, ինչ ես երազում էի»։ Մի քանի օր անց Վիվիեն Լին կասի, որ հենց Բլանշ Դյուբուայի դերը իրեն խելագարության կհասցնի[30]։
Վերջին տարիները
խմբագրել1967 թվականի մայիսին Վիվիեն Լիի մոտ սկսվում են տուբերկուլյոզի նոր նոպաներ։ Հուլիսի 7-ին, հերթական նոպայի ժամանակ, նա մահանում է։ Դիակիզվում է Գոլդերս Գրինի դիակիզարանում, իսկ նրա աճյունը ցրվում է նրա տան մոտ[31] գտնվող լճակի վրա՝ Արևելյան Սասսեքս կոմսության Բլեկբոյզ գյուղակում[32]։
Ընտրյալ ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Անվանում | Օրիգինալ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1935 | Գյուղական դատավոր | The Village Squire | |
1935 | Նայիր և ծիծաղիր | Look up and Laugh | |
1935 | Գործերը լավ են գնում | Things are Looking up | |
1936 | Բոց Անգլիայի վրա | Fire Over England | Սինտիա |
1937 | Մռայլ ճանապորհորդություն | Dark Journey | |
1937 | Փոթորիկ ջրով լի բաժակում | Storm in a Teacup | |
1938 | Յանկիները Օքսֆորդում | A Yank at Oxford | Էլզա Կրեդոկ |
1938 | Քսանմեկ օր | 21 Days | Վանդա |
1938 | Լոնդոնի մայթերը | Sidewalks of London | Պիբբի |
1939 | Քամուց քշվածները | Gone With The Wind | Սկառլետ Օ’Հարա |
1940 | Վաթեռլոո կամուրջ | Waterloo Bridge | Մայրա Լասթեր |
1941 | Լեդի Համիլտոն | That Hamilton Woman | Էմմա Համիլտոն |
1945 | Կեսարը և Կլեոպատրան | Caesar and Cleopatra | Կլեոպատրա |
1948 | Աննա Կարենինա | Anna Karenina | Աննա Կարենինա |
1951 | «Ցանկություն» տրամվայը | A Streetcar Named Desire | Բլանշ Դյուբուա |
1955 | Խոր կապույտ ծովը | The Deep Blue Sea | Վանդակի տեքստ |
1961 | Միսսիս Սթոունի հռոմյան գարունը | The Roman Spring of Mrs. Stone | Կարեն Սթոուն |
1965 | Խելագարների նավը | Ship of Fools | Մերի Տրեդվել |
Պարգևներ և անվանակարգումներ
խմբագրելՊարգևներ
խմբագրելՊարգև | Թվական | Անվանակարգ | Ֆիլմ/Հեռուստասերիալ | Արդյունք |
---|---|---|---|---|
Օսկար | 1940 | Լավագույն կանացի դերակատարում | Քամուց քշվածները | Հաղթանակ |
1952 | Լավագույն կանացի դերակատարում | «Ցանկություն» տրամվայը | Հաղթանակ | |
Ոսկե Գլոբուս | 1952 | Լավագույն կանացի դերակատարում դրամայում | «Ցանկություն» տրամվայը | Առաջադրված |
BAFTA | 1953 | Լավագույն կանացի դերակատարում | «Ցանկություն» տրամվայը | Հաղթանակ |
Տոննի | 1963 | Լավագույն կանացի դերակատարում մյուզիքլում | Ընկեր (մյուզիքլ) | Հաղթանակ |
Գրականություն
խմբագրել- Утилов В. А. Вивьен Ли. - М.։ Искусство, 1963. - 160, [32] с. - (Мастера зарубежного киноискусства).
- Edwards, Anne. Vivien Leigh, A Biography, Coronet Books, 1978 edition. ISBN 0-340-23024-X
- John Russell Taylor. Vivien Leigh, Elm Tree Books, 1984. ISBN 0-241-11333-4
- Vickers, Hugo. Vivien Leigh Little, Brown and Company, 1988 edition.
- Walker, Alexander. Vivien, The Life of Vivien Leigh, Grove Press, 1987. ISBN 0-8021-3259-6
- Berg, A. Scott. Goldwyn. London։ Sphere Books, 1989. ISBN 0-7474-0593-X.
- Briggs, Asa, ed. A Dictionary of Twentieth Century World Biography. London։ Book Club Associates, 1992. ISBN 978-0-19-211679-6.
- Coleman, Terry. Olivier, The Authorised Biography. London։ Bloomsbury Publishing, 2005. ISBN 0-7475-8306-4.
- Fury, David. Maureen O’Sullivan։ No average Jane. Minneapolis, Minnesota։ Artist’s Press, 2006, ISBN 0-924556-06-4.
- Haver, Ronald. David O. Selznick’s Hollywood. New York։ Bonanza Books, 1980. ISBN 0-517-47665-7.
- Hartnoll, Phyllis, The Concise Companion to the Theatre. Peachtree City, Georgia, USA։ Omega Books, 1972. ISBN 1-85007-044-X.
- Holden, Anthony. Olivier. London։ Sphere Books Limited, 1989. ISBN 0-7221-4857-7.
- Kael, Pauline. 5001 Nights At The Movies. Minneapolis, Minnesota։ Zenith Books, 1982. ISBN 0-09-933550-6.
- Maltin, Leonard. 1998 Movie and Video Guide. New York։ Signet Books, 1997. ISBN 978-0-452-25993-5.
- McGilligan, Patrick. Alfred Hitchcock, A Life in Darkness and Light. Chichester, West Sussex, UK։ Wiley Press, 2003. ISBN 0-470-86973-9.
- More, Kenneth. More or Less. London։ Hodder & Staughton, 1978. ISBN 0-240-22603-X.
- Olivier, Laurence. Confessions Of an Actor. New York։ Simon & Schuster, 1982. ISBN 0-14-006888-0.
- Selznick, David O. Rudy Behlmer, editor. Memo from David O. Selznick. New York։ Modern Library, 2000. ISBN 0-375-75531-4.
- Shipman, David, Movie Talk. New York։ St Martin’s Press, 1988. ISBN 0-312-03403-2.
Աղբյուրներ
խմբագրել- Վիվիեն Լի (անգլ.) Internet Movie Database կայքում
- Viv & Larry
- Վիվիեն Լի Internet Movie Database կայքում
- University of Bristol Theatre Collection, University of Bristol
- Australian National Library, photographs from Australian tour
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Student & graduate profiles — Royal Academy of Dramatic Art.
- ↑ 2,0 2,1 2,2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
- ↑ 4,0 4,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Sasha Stone (2013 թ․ հուլիսի 10). «The Best Oscar Performances of All Time» (անգլերեն). Awards Daily. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ George Wales (2013 թ․ հունիսի 23). «The 200 Greatest Movie Performances Of All Time» (անգլերեն). Total Film. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Maureen O’Sullivan - No average Jane, by David Fury, Artist’s Press, Minnesota, USA, 2006, ISBN 0-924556-06-4
- ↑ Edwards, Anne. Vivien Leigh, A Biography, Coronet Books, 1978 edition. ISBN 0-340-23024-X pp 12-19
- ↑ Edwards, pp 25-30
- ↑ Edwards, pp 30-43
- ↑ Coleman, Terry, Olivier, The Authorised Biography, Bloomsbury Publishing, 2005, ISBN 0-7475-8306-4 p 74
- ↑ Coleman, p 75
- ↑ Actors Talk About Acting - Vivien Leigh interview (1961) Արխիվացված 2013-09-27 Wayback Machine Edited by John E. Boothe and Lewis Funke. Retrieved 7 January 2006
- ↑ Coleman, pp 76-77, 90, 94-95
- ↑ Coleman, pp 97-98
- ↑ Coleman, p 97
- ↑ Berg, A. Scott. Goldwyn, Sphere Books, 1989. ISBN 0-7474-0593-X, p 323
- ↑ Haver, Ronald. David O. Selznick’s Hollywood, Bonanza Books, New York, 1980. ISBN 0-517-47665-7; p 259
- ↑ Taylor, John Russell. Vivien Leigh, Elm Tree Books, 1984. ISBN 0-241-11333-4, pp 22-23
- ↑ «The Washington Examiner». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին. Bob Thomas, The Associated Press, published 3 January 2006. Retrieved 7 January 2006, quoting Olivia de Havilland
- ↑ Taylor, pp 22-23
- ↑ McGilligan, Patrick. Alfred Hitchcock, A Life in Darkness and Light, Wiley Press, 2003. ISBN 0-470-86973-9, p 238.
- ↑ Edwards, p 127
- ↑ Holden, pp 221-222
- ↑ Holden, pp 295
- ↑ Coleman, pp 227-231
- ↑ Holden, p 312
- ↑ Tickerage Mill: A private view - Vivien Leigh and Laurence Olivier
- ↑ «Blackboys Sussex - (Charcoal and Soot) - an English Village UK». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիվիեն Լի» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 596)։ |