Արշակ Ներսիսյան (Սեպուհ)

(Վերահղված է Սեպուհ (ֆիդայի)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեպուհ (այլ կիրառումներ)

Արշակ Ներսիսյան, ավելի հայտնի է որպես Սեպուհ (ապրիլի 20, 1872(1872-04-20), Բաբերդ, Բայբուրթի մարզ, Օսմանյան կայսրություն - հուլիսի 31, 1940(1940-07-31), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Եղել է ՍԴ Հնչակյան, հետագայում ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների անդամ։

Արշակ Ներսիսյան
1872 թվականի ապրիլի 20 - 1940 թվականի հուլիսի 31
ԾննդավայրԱրևմտյան Հայաստան, Բաբերդ, գյուղ Թոմնա
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԵռաբլուր
Քաղաքացիություն Թուրքիա
Զորատեսակկամավորական զորքեր, Հայաստանի առաջին հանրապետության զինված ուժեր
Ծառայության տարիներ1895-1920 թթ.
Մարտեր/
պատերազմներ
Սասունի ապստամբություն (1904)
Առաջին համաշխարհային պատերազմ, Թուրք-հայկական պատերազմ (1920)
Պաշտոնաթող1921 թվական

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1872 թվականի ապրիլի 20-ին Արևմտյան Հայաստանի Բաբերդ քաղաքի Թոմնա գյուղում։ Հայ ազատագրական շարժմանը միացել է Կ. Պոլսում, հետագայում գործել է Արևմտյան Հայաստանում։ Սկզբում հարել է Ս. Դ. Հնչակյան կուսակցությանը, 1894 թվականից՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Սովորել է Տրապիզոնի ազգային վարժարանում։ Ապրել և գործել է Կոստանդնուպոլսում, 1890 թվականի Գում Գափուի ցույցից հետո անցել է Ղրիմ (Սևաստոպոլ, Յալթա

1895 թվականի սկզբին անցել է Կարս։ Այստեղ մտել է Հրայր Դժոխքի (Արմենակ Ղազարյան) խմբի մեջ և նրա հետ 1895 թ. օգոստոսի վերջին անցել թուրքական Բասեն։ Այնտեղից ղզլաղաճցի Ասատուրի խմբի կազմում նախ անցել է Խնուս, որտեղ մի քանի ամիս մնալուց հետո՝ 1895 թ. հոկտեմբերին սասունցիների և մշեցիների խմբով Անդրանիկի հետ անցել է Տարոն։ 1896 թ. վերադարձել է Կովկաս։

1899 թ. Խանի (Բարսեղ Թիրաքյան) խմբի կազմում անցել է ռուս-թուրքական սահմանը՝ Սասուն անցնելու նպատակով, սակայն, Խաստուրում խմբի մղած հարկադիր հերոսամարտից հետո նույն խմբի կազմում վերադարձել է Կարս։ 1900-1903 թթ. Ակտիվորեն մասնակցել է Ալեքսանդրապոլի ՀՅԴ «քար»-ի կենտրոնական կոմիտեի ծավալած աշխատանքներին։ 1903 թվականին՝ Թորգոմի «Մրրիկ» խմբի (23 հոգի) կազմում անցել է Սասուն։ Մասնակցել է 1904 թվականի Սասունի ինքնապաշտպանությանը, որի ժամանակ ընկել է ծանր կացության մեջ։ Նրան օգնության հասած Հրայրը զոհվել է, իսկ ինքը՝ վիրավորվել։ Այնուհետև տեղափոխվել է Վան, գործակցել Վանա Իշխանի (Նիկոլ Պողոսյան) հետ, իսկ կարճ ժամանակ անց մեկնել է Կովկաս։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է, արգելափակվել Մուշի բանտում։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության IV ընդհանուր ժողովին (1907, Վիեննա) մասնակցելուց հետո մեկնել է Բաբերդ, մինչև 1912 թվականը գործել Տարոնում, ապա՝ Կարինում, Թիֆլիսում, 1913 թվականից ապրել է Խարկովում։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է Անդրանիկին։ Եղել է հայկական 1-ին կամավոր գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Այդ պաշտոնում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատում մղվող կռիվներին։ Այդ ընթացքում Սեբաստացի Մուրադի հետ հիմնադրել է «Մեկ հայը, մեկ ոսկի» հիմնադրամը, որի նպատակն էր քրդերից հավաքագրել նրանց մոտ գտնվող հայ որբերին և նյութական օգնություն ցույց տալ Հայոց Ցեղասպանության հետևանքով գաղթականներ դարձած արևմտահայ ընտանիքներին։

1918 թ. սեպտեմբերին Մուրադի և խմբապետ Համազասպի (Սրվանձտյան) հետ կռվել է Բաքվի հայությանը թուրքական զորքերից պաշտպանելու համար։ Բաքվի կոմունայի անկումից և թուրքերի կողմից այն գրավելուց հետո անցել է Երևան։ Եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի անդամ, ճնշել է 1920 թվականի Մայիսյան ապստամբությունը։

1920 թ. աշնանը Կարսի ճակատում մասնակցել է թուրք-հայկական պատերազմին։ Հայաստանի խորհրդայնացումից հետո Զանգեզուրի վրայով նախ անցել է Պարսկաստան, այնուհետև մեկնել է արտասահման։ Բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահագներում, որտեղ էլ գրել և տպագրել է երկու հատորից բաղկացած իր հայտնի հուշերը, որտեղ փորձել է նսեմացնել Անդրանիկ Օզանյանի զորավարական տաղանդը։ Մահացել է Ամերիկայի միացյալ նահագների Նյու Յորք քաղաքում 1940 թվականի հուլիսի 31-ին 68 տարեկան հասակում։ 2014 թվականի նոյեմբերի 20-ին Զորավար Սեպուհի աճյունասափորը, որը պահվում էր Դետրոյթում՝ ՀՅԴ կուսակցության ակումբում[1], ամփոփվել է Եռաբլուր պանթեոնում՝ համաձայն իր վերջին կամքի[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սեպուհ (Արշակ) Ներսիսյան». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. Զորավար Սեպուհի աճյունասափորն ամփոփվել է «Եռաբլուր» պանթեոնում

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել