Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խան (այլ կիրառումներ)

Խան (Բարսեղ Թիրաքյան), (1863 թ․, գ. Դերևանք Կեսարիայի գավառ1903 թ․, Բասեն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։

Խան
Ծնվել է1863 թվական
ԾննդավայրՕսմանյան կայսրություն, Կեսարիայի շրջանի Տերևենք գյուղ
Մահացել է1903 թվականի սեպտեմբեր
Մահվան վայրԲասենի դաշտ, Դալի Բաբայի կիրճ
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մայրենի լեզուհայերեն, թուրքերեն
Մասնագիտությունֆիդայի
Գործունեությունհայ ազգային ազատագրական պայքար
ԿուսակցությունՀայ հեղափոխական Դաշնակցություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թուրքիայի Կեսարիա թուրքախոս շրջանի Տերևենք գյուղում 1863 թվականին։ Չհաշտվելով թուրքական անիրավ կարգերի և հայության ճնշված վիճակի հետ` Բարսեղը հաճախ կռվի էր բռնվում հայերին անարգող կամ հարստահարող թուրքերի հետ և, ի վերջո, ստիպված է լինում թողնել ծննդավայրն ու մեկնել Կոստանդնուպոլիս։ Այստեղ նա հարում է Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցությանը, մասնակցում է Գում Գափուի (1890 թ. հուլիսի 15) և Բաբ Ալիի (1895 թ. սեպտեմբերի 18) ցույցերին` աչքի ընկնելով իբրև անվախ ու համարձակ մարտիկ։ Շուտով Բարսեղը, թողնելով Կոստանդնուպոլիսը, անցնում է Կովկաս` մարտական խմբերի մեջ ընդգրկվելու նպատակով։ Այստեղ մտնելով Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը` անցնում է Պարսկաստան, ուր պատրաստվում էր Խանասորի արշավանքը։ Խանասորի արշավանքին (1897 թ. հուլիսի 25) Բարսեղը մասնակցում է իբրև տասնապետ և աչքի է ընկնում որպես անվախ և քաջ կռվող։

Խաստուրի կռիվը խմբագրել

Այնուհետև Բարսեղ Թիրաքյանը, այլևս իբրև Խան, դառնում է նշանավոր հայդուկ ու խմբապետ և մասնակցում հայդուկային բազմաթիվ կռիվների։ Խանին հատկապես մեծ համբավ է բերում 1899 թ. հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած Խաստուրի հերոսամարտը, երբ նրա գլխավորած 83 հոգուց բաղկացած զինատար խումբը Կարսից Տարոն անցնելիս ռուս-թուրքական սահմանն անցնելուց հետո Ալաշկերտի Խաստուր գյուղում շրջապատվում է քրդական «Համիդիե» և թուրքական կանոնավոր զորքերի կողմից, սակայն հերոսական կռիվ մղելով` հայդուկներին հաջողվում է մի քանի զոհերի գնով դուրս գալ շրջապատումից և անհետանալ գիշերվա մթության մեջ` ծանր կորուստներ պատճառելով թշնամուն։ Այս կռվում հայդուկապետ Խանը լավագույնս է կիրառել իր հրամանատարական հմտությունը։

Խաստուրի կռվում «Շանթ» խումբն ունեցել է 15 զոհ (5 տասնապետ և 10 զինվոր)։ Թշնամու կորուստների թիվը հասել է 350–ից 400–ի։ Թեև հաղթանակը կատարյալ էր, բայց խումբն այլևս չէր կարող ճանապարհը շարունակել։ Խաստուրի կռվից հետո առաջացած աղմուկի պատճառով մարտախումբը հարկադրված իր հետ վերցնում է նաև Խաստուրի բնակիչների մի մասին և վերադառնում Կարս։

«Կայծակ» հեծյալ խումբը խմբագրել

1902 թվականին Խանը, դարձյալ որպես Կարսում կազմավորված ՀՅԴ «Շանթ» նոր խմբի ղեկավար, կրկին փորձում է անցնել Երկիր, բայց առատ ձյան և ձնամրրիկի պատճառով մարտախումբը կորցնում է ճանապարհը և վերադառնում Կարս։

Շուտով Խանը ռուսական իշխանությունների հարկադրանքով մեկնում է Պարսկաստան։ Սակայն, 1903 թվականին Սասուն անցնելու նպատակով Կարսում նոր խումբ է կազմավորվում և Խանը, այդ խմբին անդամագրվելու նպատակով, վերադառնում է Կարս՝ նշանակվելով նոր կազմավորվող արշավախմբի ղեկավար։ Նրա օգնական է նշանակվում Հմայակ Չմշկյանը։ Միաժամանակ որոշվում է խումբը բաժանել երկու մասի` հեծյալ «Կայծակ» խումբը, որը բաղկացած էր 53 հոգուց, ղեկավարելու էր Խանը, իսկ հետևակ «Շանթ» խումբը` թեքիրդաղցի Օնիկ Նևրուզը։

Խանի հեծյալ խումբը պետք էր անցներ Բայբուրդ – Քեջաջ գյուղերի մոտով, ապա Սարիղամիշի արևմտյան փեշերով պետք է կտրեր անցներ դեպի սուրբ Խաչ լեռան ստորոտները, այնուհետև` Մժնկերտի և Ղարաուրգանի միջով խումբը պետք է շարժվեր դեպի թուրքական Բասեն` Բոցիկները։ Իսկ Նևրուզի խոումբը պետք է անցներ Շադևան, Արմուտլու, Բաշգյուղ, այնտեղից էլ դեպի Թուրխոջա թուրքական գյուղի սահմանները։ Երկու խմբերը թուրքական Բասենում պետք է միանային, ապա Խնուսի վրայով անցնեին Մուշ և Սասուն։

1903 թվականի սեպտեմբերի 10–ին Կարսի Տեոլպենքլի գյուղում տեղի է ունենում «Կայծակ» և «Շանթ» մարտախմբերի ռազմական խորհուրդների միացյալ խորհրդաժողով, ուր վերջնականապես ճշտգրտվում են Սասուն մեկնելու ստույգ օրն ու ուղիները։

1903 թվականի սեպտեմբերի 17–ին «Կայծակ» և «Շանթ» զինախմբերը առանց որևէ միջադեպի անցնում են սահմանը։ Խանի հեծելախումբը անվտանգ հասնում է Գոմաձոր գյուղը, ուր մեկ օր դադար առնելուց հետո գիշերով դուրս է գալիս գյուղից և ուղևորվում Բոցիկի լեռները, որտեղ պետք է միանար  Նևրուզի զինախմբին։ Սակայն, արևածագին հեծելախմբին նկատում են ամենուրեք հայտնվող քրդերը։ Սկսվում է կռիվը։ Մոսիններով և ձեռնառումբերով զինված քաջավարժ հեծյալների համար առանձնակի դժվարություն չէր հաղթահարել քրդերի հարուցած արգելապատնեշն ու առաջ շարժվել։

Բոցիկի առաջին կռվից հետո Խանը, տեղեկանալով, որ Նևրուզի զինախումբը Բասենի Թուրխոջա գյուղի մոտակայքում դժվարին և անհավասար մարտի է բռնվել թուրքական կանոնավոր զորքի և քրդական աշիրեթների դեմ, փոխում է շարժման ուղղությունը և շտապում օգնության, սակայն, չի հաջողվում օգնության հասնել Նևրուզի զինախմբին։ Հեծելախումբը, օգնության շտապելիս, Թուրխոջայից 20 կմ հեռավորության վրա գտնվող Գոմաձոր գյուղի մոտակայքում հանդիպում է թուրքական զորքին և հարկադրված` կռվի բռնվում։ Մինչև երեկո տևած կռվի ընթացքում հայդուկների հարվածներից սպանվում են ավելի քան 200 քրդեր, 150 թուրք զինվորներ, մի հազարապետ, մի գայմագամ, 3 հարյուրապետ և 5 ղարաբեյ։ Իսկ Խանի հեծելախումբը, ազատվելով շրջապատումից, հասնում է Ըղըր–Բըղըր կոչված քարաժայռերը, որովհետև լուր էին ստացել Նևրուզի խմբի կոտորվելու մասին, իսկ դեպի Խնուս գնալն էլ կապված էր անհաղթահարելի դժվարությունների հետ։ Ստեղծված իրավիճակում Սասուն մեկնելը ոչ միայն անհնար էր, այլև` կործանարար։ Այդ պատճառով էլ Խանը որոշում է վերադառնալ Կովկաս։ Նա հեծելախումբն առաջնորդում է դեպի ռուս–թուրքական սահման և կռիվների երրորդ օրը հայտնվում ավելի ծանր և անելանելի իրավիճակում։

Երբ Խանի հեծելազորն անցնում է Դալի Բաբայի կիրճով, տարբեր կողմերից խմբի վրա տեղում են փոթորկալի համազարկեր։ Կիրճի նեղվածքն ու տեղաշարժվելու անսահմանափակությունը, երեք կողմից տեղացող կրակը ծայրահեղ դժվարին կռիվ են պարտադրում հայդուկներին։ Թշնամու արձակած գնդակներից զոհվում են Խանը, նրա օգնական Հմայակը և բազմաթիվ հայդուկներ։ Չնայած այս ամենին` խմբի 12 անդամների հաջողվում է ճեղքել պաշարման օղակը, անցնել Սրթհան գյուղ և հանձնվել ռուսական սահմանապահ զորքին։

Թեև թշնամու կորուստները մեծաքանակ էին՝ շուրջ 800 զոհ, բայց գլխովին ջախջախվել էր նաև Սասունին օգնության շտապող ամենամեծ զինատար խումբը, որը մեծ կորուստ էր հայոց ազատագրական զինյալ պայքարի համար։

Խանի հերոսական կերպարի մասին հայ ժողովուրդը երգեր է հյուսել։ Նրան է նվիրված «Լուսին չկար, մութ գիշեր էր...» երգը։

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։