Ջակոմո Չամիչյան

հայ քիմիկոս, քաղաքական գործիչ

Լուիջի Չամիչյան (Չամչյան) Հակոբ (Ջակոմո), (իտալ.՝ Giacomo Luigi Ciamician, օգոստոսի 27, 1857(1857-08-27)[1][2], Տրիեստ, Ավստրիական կայսրություն[3] - հունվարի 2, 1922(1922-01-02)[1][2], Բոլոնիա, Իտալիա[3]), հայազգի քիմիկոս-օրգանիկ։ Լուսաքիմիայի և էմիսիոն սպեկտրադիտման հիմնադիրներից։ Քիմիական գիտությունների դոկտոր (1880)։ Փարիզի ԳԱ անդամ, Սանկտ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1912

Ջակոմո Չամիչյան
Ծնվել էօգոստոսի 27, 1857(1857-08-27)[1][2]
Տրիեստ, Ավստրիական կայսրություն[3]
Մահացել էհունվարի 2, 1922(1922-01-02)[1][2] (64 տարեկան)
Բոլոնիա, Իտալիա[3]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունքիմիկոս, քաղաքական գործիչ և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Բոլոնիայի համալսարան և Պադովայի համալսարան
Գործունեության ոլորտֆոտոքիմիա
Պաշտոն(ներ)Իտալիայի թագավորության սենատոր
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[3]
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինիտալերեն[4][5]
Գիտական ղեկավարHugo Weidel?
Պարգևներ
 Giacomo Luigi Ciamician Վիքիպահեստում

Ծնվել է Հակոբ Չամիչյանի և Կարոլինա Գեցցոյի ընտանիքում, ովքեր 1850 թվականին Ստամբուլից տեղափոխվել էին Տրիեստ։ Պատմաբան, լեզվաբան Միքայել Չամչյանի ազգականն է։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1857 թվականի օգոստոսի 27-ին Իտալիայի Տրիեստ քաղաքում։ Լինելով հայազգի ընտանիքի զավակ՝ նա հպարտանում էր իր ծագմամբ և ժառանգությամբ։ Չամիչյանների ընտանիքի հիմնադիր է համարվում 18-րդ դարի մեծանուն հայազգի պատմաբան, քերականագետ, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել Աբրահամի Չամչյանը, ով Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էր։ Լուիջի Չամիչյանն իր դպրոցական կրթությունը ստացել է Տրիեստում, որտեղ էլ հետաքրքրվել և գերվել է քիմիայով, շնորհիվ իր ուսուցչի՝ Ավգուստո Վիերտհալերի, ով եղել է կիրառական քիմիայի մասնագետ և հանդիսացել է նյութաբանության ուսումնամեթոդաբանության հիմնադիրը։ Սրանով է բացատրվում իր բեղուն հասարակական և գիտական գործունեության ընթացքում Չամիչյանի շարունակական ուշադրությունը քիմիայի և իննովացիաների գործնական և էկոնոմիկական ասպեկտների հանդեպ։

Գործունեությունը

խմբագրել

Հետագայում Չամիչյանը տեղափոխվել է Վիեննա և ուսանել Վիեննայի Համալսարանում և պոլիտեխնիկումում՝ իրեն նվիրելով քիմիային։ Քիմիայի դասախոսներն են եղել Լյուդվիգ Բարթը և Հուգո Վեյդելը, իսկ կենդանաբանություն ուսումնասիրել է Կարլ Կլաուսի ղեկավարությամբ։ Դեռևս այս տարիներին, լինելով ուսանող, նա հրապարակումներ է ունեցել կենդանաբանական դիտարկումների, թերթաքարերի (schist) բնույթի, և սպեկտրոսկոպիայի վերաբերյալ։ Հետագա ուսումը շարունակել է Հեսսենի համալսարանում, որտեղ ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան (PhD) 1880 թվականին (23 տարեկան հասակում)։ Հետագայում հանդիսացել է իտալացի բազմավաստակ քիմիկոս Ստանիսլաու Կանիցցարոյի ասիստենտը Հռոմի համալսարանում։ Կանիցցարոյի լաբորատորիայում նա ծանոթանում և ընկերանում է երիտասարդ և տաղանդավոր քիմիկոս Պոլ (Պաոլո) Սիլբերի հետ։ Հետագայում նրանք միասին տեղափոխվում են Բոլոնիայի Համալսարան, որտեղ Չամիչյանը ստանում է պրոֆեսորի կոչում, իսկ Սիլբերը ստանում է Բոլոնիայի Համալսարանի Գիտության Ֆակուլտետի Պատվավոր Կոլլեգայի կոչում։

1880 թվականներից մինչ Առաջին համաշխարհային պատերազմը Չամիչյանը և Սիլբերը հանդիսացել են նվազագույնը 378 հոդվածների համահեղինակներ։ Երկու ընկերները միմյանց լրացնում էին իրենց ունակություններով և հանճարով։ Չամիչյանը, հանդես էր գալիս որպես տաղանդավոր, սակայն պահանջատեր գիտական ղեկավար, ով իր տաղանդը ներդնում էր գիտական հետազոտության ծրագրերի մշակման և արդյունքների մեկնաբանման մեջ, իսկ Սիլբերը, որպես տաղանդավոր և համբերատար փորձարար, տրամադրում էր առատ արդյունքներ, որոնց հիման վրա այս երկուսը կառուցում էին իրեն համատեղ կարիերան։ Համատեղ նրանք հասցրին իտալական քիմիան համաշխարհային ճանաչման, իսկ իրենք դասվեցին քիմիայի առավել հանրահայտ, պրոդուկտիվ և մտերիմ կոլլաբորատորների շարքին։ 1921 թվականին Չամիչյանը ծանր տենդ է տանում, որից հետո, չնայած ուսանողների և հարազատների խորհրդի, փորձում է սկսել իր դասախոսությունները ընդհանուր և օրգանական քիմիա առարկաներից, սակայն անկարող է լինում շարունակել։ 1922 թվականի հունվարի 2-ին 65 տարեկանում նա մահանում է։

Գիտական գործունեությունը

խմբագրել

Չամիչյանի գիտական գործունեությունը կարելի է բաժանել 5 մասի՝ սպեկտրոսկոպիա, օրգանական քիմիա, բույսերի քիմիա, բնական միացություններ, օրգանական ֆոտոքիմիա։

Սպեկտրոսկոպիա

խմբագրել

Սպեկտրոսկոպիայով Չամիչյանը սկսել է զբաղվել դեռ քսանամյակը չբոլորած։ Այդ տարիքում նա կատարել է մի կարևոր հայտնագործություն – պարբերական համակարգի միևնույն խմբի էլէմենտներն ունեն ակնհայտ նման առաքման սպեկտրներ, այս հայտնագործությունը հետագայում հանգեցրեց ատոմների էներգետիկ մակարդակների գաղափարի ստեղծման, քանի որ այդ ժամանակ քվանտային տեսությունը դեռևս ձևավորված չէր։

Օրգանական քիմիա

խմբագրել

Օրգանական քիմիայում Չամիչյանը առաջին հետազոտությունները սկսել է 24 տարեկանում և զբաղվել է բնական խեժերի կոմպոնենտների ուսումնասիրություններով։ Դեռևս Հռոմում նա ուսումնասիրում է պիրոլը (ոսկրի յուղի և քարածխի յուղի կոմպոնենտ), որը անգույն և թունավոր միացություն է և հանդես է գալիս մի շարք բնական միացությունների կազմում, որոնցից են քլորոֆիլը, հեմինը և այլ բազմաթիվ բնական միացություններ։ 1885 թվականին Սիլբերի հետ համատեղ նա հաղորդում է տետրայոդոպիրոլի սինթեզի մասին, որին նրանք անվանեցին Յոդոլ, որը նոր և շատ ուժեղ անտիսեպտիկ նյութ է, դրա հայտնագործությունը համարվում է դեղագիտության կարևորագույն ներդրումներից մեկը։

Պիրոլների քիմիա

խմբագրել

Պիրոլների քիմիայում իր աշխատանքների համար Չամիչյանը ստանում է Լինցեյի Ակադեմիայի մրցանակ (Նշենք, որ սա աշխարհի ամենահին գիտական կազմակերպությունն է, հիմնադրված 1603 թվականին)։ Բույսերի և բնական միացությունների քիմիայում Չամիչյանի ներդրումը եղել է մի շարք բնական միացությունների՝ ապիոլ, սաֆրոլ, եվգենոլ, իզոսաֆրոլ ևն, անջատումը բույսերի յուղերից և դրանց քիմիական և ֆոտոքիմիական փոխարկումները։ Բույսերի քիմիայում նրա գլխավոր ներդրումն է եղել այն հայտնագործությունը, որ կոֆեինի կամ թեոբրոմինի (շոկոլադի “կոֆեինը”) ազդեցությամբ բույսերի մոտ խթանվում է քլորոֆիլի ակտիվությունը, որը հանգեցնում է օսլայի գերարտադրության, սրանով ցույց է տրվել, որ ալկալոիդները հանդիսանում են ոչ թե բույսի կենսագործունեության թափոններ, այլ ունեն շատ կարևոր դեր, ինչպես հորմոնները կենդանական աշխարհում։ Բնական միացությունների քիմիայում նրա հայտնաբերած եվգենոլի իզոմերացումը իզոեվգենոլի հետագայում կիրառություն գտավ վանիլինի սինթեզի մեջ։

Տեսական և Ֆիզիկական քիմիա

խմբագրել

Տեսական և Ֆիզիկական քիմիայի բնագավառում Չամիչյանի հետազոտությունները վերաբերում էին նավթալինի, պիրոլի և այլ հինգանդամանի օղակով միացությունների կառուցվածքի ուսումնասիրությանը։ Օրգանական ֆոտոքիմիայի բնագավառում Չամիչյանի նեդրումը անգնահատելի է։ Օրգանական ֆոտոքիմիայով նա և Սիլբերը սկսեցին զբաղվել բնական միացությունների ուսումնասիրությունների ժամանակ, որոշված էր ուսումնասիրել լույսի քիմիական ազդեցությունը միացությունների վրա։ Այդ նպատակով նյութերով լի բազմաթիվ քիմիական տարաներ և փորձանոթներ շարվում էին Չամիչյանի լաբորատորիայի տանիքին՝ արևի ճառագայթների տակ։ Հետազոտությունների արդյունքում հրատարակվել են 85 աշխատանք, որոնցից երկուսը կրում են Չամիչյանի անունը (Չամիչյան-Դեննստեդտի վերախմբավորում և Չամիչյանի վերախմբավորում)։ Օրգանական ֆոտոքիմիայում Չամիչյանի հայտնագործությունները բացարձակ նորույթ էին այդ ժամանակների օրգանական քիմիայում, և դրանց շնորհիվ Չամիչյանը դասվեց իր ժամանակների մեծագույն քիմիկոսների շարքին այդպիսով բերելով համաշխարհային համբավ իտալական քիմիային։

Բացի գիտնականից Չամիչյանը նաև ուներ բացառիկ ուսուցչի և ղեկավարի հատկանիշներ։ Այն ժամանակ Ամերիկյան Քիմիական Ընկերության նախագահի՝ Վիլիամ Մքփերսոնի խոսքերով, ով 1913 թվականին մասնակցել է նրա դասախոսություններից մեկին, Չամիչյանը դյութիչ դասախոս է։

"These lectures were ideal—exceedingly clear and logical. They were illustrated with numerous experiments skilfully performed. For one and one-half hours (the length of the lecture period) he poured his whole energy into this subject. At the end of his lecture he was received by an assistant with a heavy wrap—much as our modern football players who retire exhausted from the game"[6]

Չամիչյանը նաև համարվում է արևային էներգիայի գաղափարի մարգարեն։ Նրա ուսումնասիրությունները Օրգանական ֆոտոքիմիայի բնագավառում հանգեցրին ի վերջո այն մտքին, որ արևային էներգիան կարելի է օգտագործել որպես այլընտրանք այն ժամանակ ընդունված քարածուխին։ Այս նախադասությունը նա հնչեցրել է Կիրառական քիմիայի ութերորդ միջազգային կոնգրեսի ժամանակ Նյու Յորքում Սեպտեմբերի 11-ին 1912 թվականին։

"And if in a distant future the supply of coal becomes completely exhausted, civilization will not be checked by that, for life and civilization will continue as long as the sun shines!"[7]

Նրա այս դասախոսությունը թարգմանվել է անգլերենից և տպագրվել է Ամերիկյան, Իտալական և Գերմանական մի շարք բուկլետներում և պարբերականներում։ Չամիչյանն իր գիտական գործունեության համար արժանացել է մի շարք մրցանակների, որոնցից են նրա անդամակցումը Լինցեյի ակադեմիային (ամենահին ակադեմիական կառույցը 1608 թվական), Իտալիայի XL Ազգային Ակադեմային ինչպես նաև հանդիսանում էր համարյա բոլոր Իտալական ակադեմիաների թղթակից անդամ։ Նա նաև հանդիսանում էր Ֆրանսիայի, Պրուսսիայի, Բավարիայի ակադեմիաների և Գոտտինգենի ու Ուպսալայի գիտական ընկերությունների օտարերկրյա անդամ։ Չամիչյանը հանդիսանում էր նաև Ամերիկայի Քիմիական Ընկերության և Գերմանիայի, Ֆրանսիայի և Լոնդոնի քիմիական ընկերությունների պատվավոր անդամ։ Գլասգոյի համալսարանը նրան շնորհել է Իրավագիտության դոկտորի պատվավոր կոչում, իսկ Իտալիայի Ընդհանուր և Կիրառական Քիմիայի Միության հաստատումից հետո նա ընտրվել է դրա նախագահ։ Նա հատկապես հպարտանում էր ֆրանսիական կառավարության կողմից իրեն շնորհված ֆր.՝ Chevalier de la Légion d’Honneurկոչումով. փաստացի, նա համարվում էր Իտալիայում Ֆրանսիայի լավագույն բարեկամներից մեկը։

Չամիչյանը ինն անգամ առաջադրվել է Նոբելյան կոմիտեին մրցանակի համար սակայն ոչ մի անգամ չի ընտրվել կոմիտեի կողմից որպես հաղթող։ Նրա կողմից 10 տարի առաջադրվել են 5 հավակնորդներ քիմիայի բնագավառում, որոնցից 4-ը ստացել են Նոբելյան մրցանակը, դրանից բացի 10 տարի նա ներկայացրել է նաև 2 հավակնորդներ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի համար, որոնցից մեկը՝ Պետեր Ջ.Վ. Դեբյեն 1921 թվականին շահել է քիմիայի Նոբելյան մրցանակ։

Բացի Գիտական գործունեությունից Չամիչյանը ծավալում էր նաև ակտիվ քաղաքական գործունեություն, 1910 թվականին նա նշանակվում է Իտալիայի Սենատի անդամ։ Սենատում նա ներգրավվում է համալսարանական կրթության և տեխնիկական բնույթի տարբեր կարևոր քննարկումներում։ Դրանից բացի Չամիչյանը հանդիսացել է Բոլոնիայի Քաղաքային Խորհրդի անդամ և այդ պաշտոնում աշխատել է 2 տարի։

Քաղաքականությունից բացի նա նաև մեծ երաժշտասեր էր, և անգամ երաժշտական Բոլոնիայում նա համարվում էր այդ ասպարեզի ամենամեծ հեղինակություններից։

Նրա մահվանից հետո Տրիեստ քաղաքի «հայկական փողոցը», որի վրա գտնվել է իր մորաքույրների տունը, որտեղ նա անցկացրել էր իր մանկությունը, վերանվանվել է «Ջիակոմո Չամիչյանի փողոց»։ Տան պատին, որտեղ ծնվել էր Չամիչյանը, փակցված է բռոնզե վահանակ, իսկ իր ուսանողների կողմից հուշատախտակ է փակցվել այն տան պատին, որում ապրել էր Չամիչյանը իր դասախոսական տարիներին։ Ջիակոմո Չամիչյանի անունն է կրում նաև Բոլոնիայի Համալսարանի Քիմիական Ինստիտուտը իտալ.՝ Istituto di Chimica “Giacomo Ciamician,” Università di Bologna։ 1997 թվականին Լուիջի Չամչյանի անունով է կոչվել Երևանի կիրառական քիմիայի ուսումնարանը։

Պարգևներ և անդամություն գիտական կառույցներին

խմբագրել

Չամիչյանն իր գիտական գործունեության ընթացքում անդամակցել է մի շարք գիտական կառույցներին։ Դրանցից են նրա անդամակցումը Լինցեյի ակադեմիային (ամենահին ակադեմիական կառույցը 1608 թ.),(Accademia dei Lincei), Իտալիայի XL Ազգային Ակադեմային (Italian National Academy of XL) Ինչպես նաև հանդիսանում էր համարյա բոլոր Իտալական ակադեմիաների թղթակից անդամ։ Նա նաև հանդիսանում էր Ֆրանսիայի, Պրուսսիայի, Բավարիայի ակադեմիաների և Գոտտինգենի ու Ուպսալայի գիտական ընկերությունների օտարերկրյա անդամ։ Չամիչյանը հանդիսանում էր նաև Ամերիկայի Քիմիական Ընկերության և Գերմանիայի, Ֆրանսիայի և Լոնդոնի քիմիական ընկերությունների պատվավոր անդամ։ Իտալիայի Ընդհանուր և Կիրառական Քիմիայի Միության հաստատումից հետո նա ընտրվել է դրա նախագահ։ Նա հատկապես հպարտանում էր ֆրանսիական կառավարության կողմից իրեն շնորհված Chevalier de la Légion d’Honneur կոչումով. փաստացի, նա համարվում էր Իտալիայում Ֆրանսիայի լավագույն բարեկամներից մեկը։ Վաղաժամ մահը կանխեց Չամչյանի Ֆիշերի առաջարկով նոբելյան մրցանակի շնորհումը[8]։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas, R. Mathis — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. CONOR.Sl
  6. McPherson, W. // Giacomo Ciamician 1857–1922. J. Am. Chem. Soc. 1922, 44, 100–108.
  7. Ciamician, G. The Photochemistry of the Future. Science, 1912, 36, 385–394.
  8. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջակոմո Չամիչյան» հոդվածին։