Չարխափան Սուրբ Աստվածածին վանք

կրոնական կառույց Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում

Չարխափան Սուրբ Աստվածածին վանք, կրոնական կառույց Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում, Նիկոմեդիայի (Իզմիթ) գավառում, Իզմիթից 25 կմ հեռավորության վրա, Արմաշ գյուղում։

Չարխափան Սուրբ Աստվածածին վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1416
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված1416

Պատմություն

խմբագրել

Վանքը հիմնադրվել է 1416 թվականին և գործել նույն թվականի դեկտեմբերի 11-ից։ Հիմնադիր առաջնորդն է եղել «իւր ծախիւք» 18 խուց կառուցած ծերունի Սրապիոն վարդապետը։ Մինչ Արմաշ գյուղի հիմնումը բնակավայրը եղել է հունաբնակ։ 1416 թվականին հույները հրդեհել և լքել են այն, և այդտեղ են հաստատվել 1410 թվականին Մարաշից գաղթած ու հարևանությամբ ապաստանած հայերը։ Տեղանունը «Մարաշի» տարափոխված վերաձայնությունն է։

Մինչև Կ․ Պոլսի հայոց պատրիարքության ստեղծումը (1461) Չարխափան Սուրբ Աստվածածին վանքը եղել է Արևմտյան Անատոլիայի վանական կենտրոնը։ Հիշատակվել են երկու տասնյակից ավելի առաջնորդներ։ 1780 թվականից առաջնորդ է եղել տաղերգու Պետրոս արքեպիսկոպոս Ղափանցին։ Բարթուղիմեոս արքեպիսկոպոս Կապուտիկյանի օրոք (1786–1809) վերակազմվել է միաբանությունը, հաստատվել ուսումնարան, 1786 թվականին կառուցվել մատենադարանի շենքը։ 1804 թվականին Չակր Հասանն իր թշնամուն ապաստան տալու համար իբրև վրիժառություն ավերել է վանքը։ Պողոս արքեպիսկոպոս Ղարախոչյանը (1810–1825) դժվարությամբ ձեռք է բերել վերաշինության իրավունքի հրովարտակ (1820), և նույն թվի սեպտեմբերի 26-ին՝ Վարագա Խաչի տոնին կատարվել է վանքի օծումը։ Նրա ջանքերով վանքը վերագտել է իրեն և՛ իբրև ուխտատեղի, և՛ իբրև ուսումնակրթական կենտրոն։ Ստեփանոս արքեպիսկոպոս Աղավնունու պատրիարքության (1831–1839, 1840–1841) օրոք վերջնականապես ձևավորվել է վանական համալիրը, ականավոր ուսուցչապետների շնորհիվ ծաղկել դպրոցը։ Ստեփանոս արքեպիսկոպոս Մաղաքյանի (1856–1865) գործուն մասնակցությամբ է նախապատրաստվել և ընդունվել Չարխափան Սուրբ Աստվածածին վանքի սահմանադրությունը։ 1864 թվականին ստեղծվել է տպարան, և սկսվել «Հույս» հանդեսի հրատակչությունը։

Առաջնորդ Խորեն արքեպիսկոպոս Աշըգյանը (1872–1888) Արմաշի դպրոցը վերածել է Ղևոնդյանց թոշակավոր գիշերօթիկ բարձրագույն վարժարանի։ Սակայն 1888 թվականին սեպտեմբերի 27-ի հրդեհը ի չիք է դարձրել վանահոր գործունեության արդյունքը։ Դառնալով Կ․ Պոլսի հայոց պատրիարք (1888–1894)՝ Խորեն Աշըգյանը չի հրաժարվել Արմաշի վանքը թրքահայոց Վենետիկը դարձնելու նվիրական ծրագրից։ Շուտով որոշվել է Կ․ Պոլսի պատրիարքության դպրեվանքը (հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատություն) հիմնադրել Չարխափան Սուրբ Աստվածածին վանքում։ Պատրիարք Խորեն Աշըգյանի հովանավորությամբ և փոխվանահայր-վերատեսուչ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի նախաձեռնությամբ Արմաշի դպրեվանքը բացվել է 1889 թվականի սեպտեմբերի 18-ին։ Փոխտեսչության պաշտոնն է ստանձնել Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի նվիրյալ աջակից Եղիշե ծ․ վրդ․ Դուրյանը (1897 թվականից՝ փոխվանահայր ու վերատեսուչ)։ Կրոնական առարկաներից բացի դասավանդվել են իմաստասիրություն, բնական գիտություններ, հայագիտություն, հայերեն, ֆրանսերեն, թուրքերեն։ Դասավանդվող առարկաների շարքում գլխավոր տեղերից մեկը գրավել է երաժշտությունը (եկեղեցական երաժշտություն, երգեցողություն, հայկական նոր ձայնագրություն և եվրոպական երաժշտական մշակույթի ուսումնասիրություն)։ Երախտավոր երաժշտապետներ են եղել Համբարձում Չերչյանը, Հակոբոս Այվազյանը, Արտավազդ Գալենտերյանը։ Ընդունվել են 17–22 տարեկան պատանիներ։ Ուսման տևողությունը՝ 7 տարի։ Նպատակն էր պատրաստել ոչ միայն հոգևորականներ, այլև՝ ուսուցիչներ։ 1895–1896 թվականին դպրեվանքում է տպագրվել Կ․ Պոլսի «Մասիս» կրոնական հանդեսը։

1896 թվականից գործել է որբերի դասարան։ Աշակերտների թիվը 1889–1914 թվականներին հասել է շուրջ 300-ի։ Շրջանավարտները գործուն դեր են կատարել հայոց կրոնական ու հասարակական-մշակութային կյանքում։

1915 թվականին վանքը թալանվել է, միաբանությունը տարագրվել։

Գրչության կենտրոն

խմբագրել

Վանքում եղել է նաև գրչության կենտրոն։ Գրչագրեր են ժողովվել դեռևս 17-րդ դարից։ Չակր Հասանի արշավանքի ժամանակ բոլոր գրչագրերը ոչնչացվել են։ Նոր հավաքածուն սկսել է գոյանալ 19-րդ դարի սկզբից։ Նվիրատվությունների և տեղում ընդօրինակված ձեռագրերի հիման վրա 1889 թվականին ստեղծվել է դպրեվանքի մատենադարանը։

Դպրեվանքի մատենադարան

խմբագրել

1904 թվական Արմաշի դպրեվանքի մատենադարանի գրչագրերի թիվը հասել է 223-ի (գիտականորեն ցուցակագրել է Հակոբ Թոփճյանը)։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը դրանց թիվը կրկնապատկվել է։ Մեծ Եղեռնի ժամանակ այդ ամենը ոչնչացվել է։ Ձեռագրերից հնագույնը 1351 թվականից էր, սակայն եղել են նաև ձեռագրեր, որոնց կողերին կարված էին մեսրոպյան երկաթագրով գրված պահպանակներ։

14-րդ դարում կար 4, 15-րդ դարում՝ 7, 16-րդ դարում՝ 8, 17-րդ դարում՝ 30, 18-րդ դարում՝ 58, 19-րդ դարում՝ 116 ձեռագիր։ Մեծ մասը գրվել է Արմաշում, ինչպես նաև Կ. Պոլսում, Սեբաստիայում, Կեսարիայում, Ամասիայում, Եկեղյաց գավառում, Կարինում, Էջմիածնում, Հռոմում, Ղրիմում, Լեհաստանում, Երուսաղեմում և հայաբնակ այլ վայրերում։

Այդտեղ են պահվել Թովմա Մեծոփեցու «Պատմության» 1597 թվականին ընդօրինակված մի գրչագիրը, Հովհան Ոսկեբերանի անտիպ գործերը, Սիմեոն Ա Երևանցու ինքնագիր Քարոզգիրքը, բժշկարաններ, բառարաններ, խազագրված ձեռագրեր, Միքայել Չամչյանի նամականին, Կիլիկիայի Հայկական թագավորության անտիպ մի դատաստանագիրքը և այլն։ Սակավաթիվ մանրանկարչական ձեռագրերում եղել են Գրիգոր Մագիստրոս Պահլավունու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Տաթևացու և այլոց դիմանկարները[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 157-158 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Գրականություն

խմբագրել
  • Ծոցիկյան Ս., Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947։
  • Օրմանյան Մաղաքիա, Պատմութիւն Արմաշու դպրեվանքին, «Շողակաթ», 1956, դ 11–12:
  • Թոփճյան Հակոբ, Ցուցակ ձեռագրաց Արմաշի վանքին, Վենետիկ, 1962։
  • Մուրադյան Պ., Մուշեղյան Ա., Արմաշի դպրեվանքը, Երևան, 1998։