Մաղաքիա Օրմանյան

հայ բանասեր, պատմաբան, քահանա
(Վերահղված է Օրմանյան Մաղաքիաից)

Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան, (փետրվարի 23, 1841(1841-02-23) կամ 1841[1][2], Կոստանդնուպոլիս[3] - նոյեմբերի 19, 1918(1918-11-19) կամ 1918[1][2], Կոստանդնուպոլիս), աստվածաբան, հայագետ, պատմաբան, բանասեր, հրապարակախոս, ազգային պահպանողական ուղղության հասարակական գործիչ։

Մաղաքիա Օրմանյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 23, 1841(1841-02-23) կամ 1841[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[3]
Մահացել էնոյեմբերի 19, 1918(1918-11-19) կամ 1918[1][2]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունքահանա, պատմաբան, բանասեր և հրապարակախոս
Զբաղեցրած պաշտոններԿոստանդնուպոլսի հայոց պատրիարք և եպիսկոպոս
 Malachia Ormanian Վիքիպահեստում

Կ. Պոլսի հայոց պատրիարք։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1841 թ. փետրվարի 11(23) ին, Կ. Պոլսում։

Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսում, 1851 թվականից ուսումը շարունակել Հռոմի Անտոնյանց Ս. Լուսավորիչ վանքում, 1858 թվականից՝ Վատիկանի հոգևոր դպրոցում։

Նույն թվին ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան՝ նշանակվել է Հռոմի Քարոզչության դպրոցում հայերենի ուսուցիչ։

1866 թվականին վերադարձել է Կ. Պոլիս, նշանակվել Անտոնյանց միաբանության քարտուղար, իսկ 1867 թ.՝ ստանձնել Հռոմի Անտոնյանց վարժարանի տեսչի պաշտոնը։ 1868 թ. Հռոմում ստացել է իմաստասիրության, աստվածաբանության և եկեղեցական իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան, ընտրվել Հռոմի աստվածաբանական ակադեմիայի անդամ։ Տիրապետել է իտալերենին, ֆրանսերենին, հունարենին, լատիներենին, արաբերենին, թուրքերենին։

1870 թվականին խուսափելով կաթոլիկ հոգևորականության հալածանքներից, վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ զբաղվել է հրապարակախոսությամբ՝ ֆրանսիական և հայկական թերթերում տպագրած հոդվածներով բացահայտ պայքարել հայ կաթոլիկ համայնքը պառակտելու, հայ կաթոլիկների մեջ հայկական ավանդությունները վերացնելու Վատիկանի քաղաքականության դեմ։

Այդ շրջանում է գրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու և հայոց վեճը լուսաբանող աշխատություններ, ինչպիսիք են՝ «Արևելեան հայ-կաթողիկէ հայերը» (1870, իտալերեն), «Արևելեան կաթոլիկաց կրօնական ազատութիւնը և քաղաքացիական իրաւունքները» (1872, ֆրանսերեն), «Ռևերսուրուս կամ Հայք և պապութիւն» (1872, իտալերեն), «Վատիկան և Հայք»[4] (1873, ֆրանսերեն) գրքերը, որոնք 1874-ին ներառվել են Վատիկանի արգելած գրքերի ցանկի մեջ։

1875 թվականին Իտալիայում հանդիպել է երկրի ազգ-ազատագրական պայքարի ղեկավար Ջ. Գարիբալդիին, նրա հետ քննարկել հայ և իտալացի ժողովուրդների ազատագրական պայքարին վերաբերող հարցեր։

1876 թվականին վերջնականապես որոշել է խզել իր կապերը Վատիկանի հետ և հրաժարվել է կաթոլիկությունից։ 1877 թվականին դիմել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Ներսես արք. Վարժապետյանին՝ Հայ եկեղեցու գիրկը դառնալու խնդրանքով։

1879 թվականին Կ. Պոլսի Գում Գափուի եկեղեցում Վարժապետյան պատրիարքի ձեռքից ստացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու ծայրագույն վարդապետական աստիճան։

Հայ եկեղեցու ծոցում իր գործունեությունն սկսել է որպես քարոզիչ Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

1880 թվականին նշանակվել է Կարինի թեմի առաջնորդ, վճռական դեր խաղացել Կարինի Սանասարյան վարժարանի բացման (1881) գործում, ստանձնել վարժարանի տեսչական մարմնի նախագահությունը, կապեր հաստատել իր աթոռանիստ Կարինում 1881-ին ստեղծված «Պաշտպան Հայրենյաց» ազատագրական գաղտնի կազմակերպության ղեկավարների հետ, աջակցել նրանց կազմակերպչական աշխատանքներում։

1886 թվականին Ս. Էջմիածնում Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսը նրան ձեռնադրել է եպիսկոպոս։

1887 թվականին թողել է Կարինի առաջնորդությունը և Մակար Ա Թեղուտցու կոնդակով հրավիրվել Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում աստվածաբանություն դասավանդելու։

Նրա շնորհիվ ճեմարանում դասավանդվող աստվածաբանական առարկաների հանդեպ մեծ հետաքրքրություն է առաջանում։ Օրմանյանի միջնորդությամբ եվրոպական համալսարաններում իրենց կրթությունն են շարունակում ճեմարանական իր սաները՝ Կոմիտաս վարդապետը, Գարեգին Ա Հովսեփյանցը, Կարապետ Տեր-Մկրտչյանը, Գևորգ Զ Չորեքչյանը, Երվանդ Տեր-Մինասյանը և այլն։

Օրմանյանի ազատագրական տոգորումները և ազատախոհ ճառերը գրավել են ցարական իշխանությունների ուշադրությունը, և նա, ռուսահպատակ չլինելու պատրվակով, արտաքսվել է ռուսական կայսրության սահմաններից։

1889 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և նշանակվել Արմաշի դպրեվանքի վանահայր և իր կազմակերպած դպրեվանքի տեսուչ։

Օրմանյանը Կ.Պոլսի հայոց պատրիարք է ընտրվել սուլթան Աբդուլ Համիդ II-ի արյունոտ բռնապետության պայմաններում, երբ Կ. Պոլսում ու Արևմտյան Հայաստանի նահանգներում սկսվել էին հայկական ջարդերն ու տեղահանությունները։

Ստեղծված իրավիճակում Օրմանյան պատրիարքը հնարավոր միջոցներով փորձել է մեղմացնել Աբդուլ Համիդ II-ի՝ հայերի դեմ ունեցած ատելությունը, կանխել ավելի մեծ աղետները և քիչ թե շատ տանելի վիճակ ստեղծել։

Նա իր զգույշ և պահպանողական քաղաքականությամբ առաջ է բերել Կ. Պոլսի ազգային որոշ շրջանակների, ինչպես նաև՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հոգևորականության մի մասի դժգոհությունը և հանիրավի ամբաստանվել է[5]։

1906 թվականին, Հայոց Ազգային սահմանադրության վերաքննման և, փաստորեն, արգելման վերաբերյալ Աբդուլ Համիդ II-ի հրամանի առիթով Օրմանյանը սուլթանին ներկայացրել է հրաժարական, որը չի ընդունվել։

1908 թվականի հուլիսի 16-ին Կ. Պոլսում կազմակերպված բազմամարդ ցույցի մասնակիցները խուժել են պատրիարքարան և Օրմանյանինին հայտարարել պաշտոնանկ։

«Յիշատակագիրք երկոտասանամեայ պատրիարքութեան» գրքում (1910) նա հերքել է իր դեմ եղած ամբաստանությունները։ 1913 թվականի հունվարի 3-ին Ազգային երեսփոխանական ժողովը, որտեղ ի պաշտպանություն Օրմանյանի ճառով հանդես է եկել գրող Գրիգոր Զոհրապը, արդարացրել է նախկին պատրիարքին։

Նույն թվին Օրմանյանն ընտրվել է եկեղեցական համագումարի պատգամավոր, կրոնական ժողովի անդամ և ապա՝ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ, բայց հրաժարվել է ստանձնել այդ պաշտոնը։

1914–1917 թվականներին Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում վարել է մի շարք պաշտոններ, դասավանդել ժառանգավորաց վարժարանում։

1918 թվականին վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ և վախճանվել է։

Երկեր խմբագրել

Օրմանյանը եղել է ժամանակի ամենանշանավոր և բեղմնավոր հայ գիտնական հոգևորականը։ Նա թողել է գրական, գիտական, մատենագրական հարուստ ժառանգություն, եկեղեցապատմական մի շարք կոթողային աշխատություններ, ինչպիսիք են՝

  • «Համապատում» (1911)
  • «Հայոց եկեղեցին» (1911, թարգմանվել է նաև ռուսերեն[6], անգլերեն[7][8], ֆրանսերեն[9] և այլ լեզուներով)
  • «Ծիսական Բառարան», Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեան։ Կաթողիկոսութիւն Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, Անթիլիաս, 1979։
  • «Խոհք և խօսք» (յետմահու հրատարակութիւն), Երուսաղեմ, 1929։

և այլն։

Օրմանյանը հրապարակախոսական, դավանական, գիտական և գրական բազմաթիվ հոդվածներ է տպագրել «Մասիս», «Արևելք», «Արարատ», «Լումա» պարբերականներում, հանդես եկել եվրոպական մամուլում։

Ունի մի շարք անտիպ և անավարտ գործեր։

Հայ եկեղեցու պատմությանը և դերին է նվիրված Օրմանյանի «Ազգապատում» կոթողային աշխատությունը՝ Հայ եկեղեցու պատմությունը հասցնելով մինչև Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցու ընտրությունը (1908)։

Օրմանյանը, շեշտելով հայ ժողովրդի պատմության մեջ Հայ եկեղեցու կատարած դերը, չի վախեցել ի ցույց դնել նաև այն սայթաքումներն ու ցավալի վրիպումները, որ ունեցել են հայոց կաթողիկոսները։

«Ազգապատում» աշխատության մեջ հեղինակը ցանկացել է դեպքերը ներկայացնել ժամանակագրական կարգով, սակայն, կենտրոնանալով կաթողիկոսների հաջորդականության խնդիրների վրա, հայ ժողովրդի և Հայ եկեղեցու պատմությունը շարադրել է ըստ կաթողիկոսների գահակալության տարիների և պատմության անցքերը կապել ժամանակի կաթողիկոսի հետ։

Իր թերի կողմերով և պատմագիտական վիճելի հայացքներով հանդերձ «Ազգապատում»-ը, իբրև հայ կյանքի յուրօրինակ հանրագիտարան, շատ առումներով այսօր էլ մնում է չգերազանցված։

Մատենագիտություն խմբագրել

Մաղաքիա Օրմանյանի աշխատությունների լիակատար մատենացույցը տե՛ս Օրմանեան Մաղաքիա արքեպս., Միութիւն հայութեան. Երկրորդ հրատարակությունը, Փարիզ, տպարան «Արաքս», 1958, էջ 68-70։

Գրականություն խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Նշանավոր ճեմարանականներ, Պրակ Ա, Էջմիածին, 2005, էջ 455-463։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Catalogue of the National Library of Greece
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #173188877 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Ormanian M., Le Vatican et les Arméniens, Rome, 1873.
  5. «Հովհաննես Հովհաննիսյան, Մաղաքիա Արք.Օրմանյանը և 20-րդ դարասկզբի հայ եկեղեցու բարենորոգչական շարժման հիմնահարցը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  6. Архиепископ Магакия Орманян, Армянская Церковь (русский перевод), Ереван, 2012, 240 стр. ISBN 978-99941-949-4-0
  7. Malachia Ormanian, The Church of Armenia. Oxford, 1912.
  8. Malachia Ormanian, The Church of Armenia. Oxford, 1954.
  9. Malachia Ormanian, L'Eglise arménienne, son histoire, sa doctrine, son régime, sa discipline, sa liturgie, sa littérature, son présent, Paris, 1910.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաղաքիա Օրմանյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաղաքիա Օրմանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: