Յոհան Բերնհարդ Ֆիշեր ֆոն Էռլախ

Ավստրիացի ճարտարապետ և քանդակագործ (1656-1723)

Յոհան Բերնհարդ Ֆիշեր ֆոն Էռլախ (գերմ.՝ Johann Bernhard Fischer von Erlach հուլիսի 20, 1656(1656-07-20)[1][2][3][…], Գրաց, Շտիրիա - ապրիլի 5, 1723(1723-04-05)[1][2][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[4]), ավստրիացի ճարտարապետ և քանդակագործ, վաղ ավստրիական կամ Հաբսբուրգյան բարոկկոյի հիմնադիր և առաջատար վարպետ։ Ֆիշեր ֆոն Էրլախների տոհմի ճարտարապետների, գծագրող-փորագրիչների և քանդակագործների շառավիղի հիմնադիր։

Յոհան Բերնհարդ Ֆիշեր ֆոն Էռլախ
գերմ.՝ Johann Bernhard Fischer von Erlach
Ծնվել էհուլիսի 20, 1656(1656-07-20)[1][2][3][…]
ԾննդավայրԳրաց, Շտիրիա
Մահացել էապրիլի 5, 1723(1723-04-05)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայրըՎիեննա, Հաբսբուրգի միապետություն[4]
Քաղաքացիություն Հաբսբուրգի միապետություն
Ստեղծագործություն(ներ)Շյոնբրուն պալատ, Հեթցենդորֆի պալատ, Եվգենի Սավոյացու Ձմեռային պալատ և Hofbibliothek?[5]
Ոճբարոկկո
Մասնագիտությունճարտարապետ, քանդակագործ, քաղաքաշինարար, նկարիչ, մեդալագործ և արվեստագետ
ԵրեխաներԺոզեֆ Էմանուել Ֆիշեր ֆոն Էրլախ
 Johann Bernhard Fischer von Erlach Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յոհան Բերնարդ Ֆիշերը ծագումով Շտիրիայից է եղել։ Քանդակագործություն է սովորել իր հոր՝ Յոհան Բատիստ Ֆիշերի մոտ։ 1671 թվականից աշխատել է Իտալիայում, 1686 թվականից՝ Հռոմում։ Շվեդիայի նախկին թագուհու՝ արվեստի կոլեկցիոներ Քրիստինայի հետ ճանապարհորդել է Իտալիայում։ Նա աշխատել է Ֆիլիպ Շորի արհեստանոցում, որտեղ հանդիպել է մեծն Լորենցո Բերնինիին։ Իտալիայում յուրացրել է իտալական բարոկկոյի գաղափարներն ու արվեստի ձևերը։ 1682 թվականից աշխատել է Նեապոլում իսպանական թագավորի համար։ 1685 թվականին Էրլախը վերադարձել է Վիեննա, որտեղ դարձել է Իոսիֆ I կայսեր պալատական ճարտարապետը, զբաղվել է թուրքերի արշավանքի ժամանակ ավերված ազնվականական պալատների և կայսերական նստավայրերի վերականգնմամբ։ Մշակել է բարոկկո ոճի պալատի մի տեսակ, որը բնորոշ է Կենտրոնական Եվրոպայի ճարտարապետությանը։ 1696 թվականին ազնվական տիտղոս է ստացել և նրա ազգանունին ավելացել է «ֆոն Էրլախ» որակավորումը պարզաբանող լրացում։ Պալատական ճարտարապետի պաշտոնում է եղել երեք կայսրերի օրոք[6]։

Նախագծեր խմբագրել

 
Բոհեմիայի պալատական գրասենյակ, Վիեննա

Էրլախի հեղինակավոր նախագծերից է Վիեննայի Շյոնբրուն կայսերական պալատը (նախագիծ 1688)։ 1694 թվականին նրա սկսած Եվգենի Սավոյացու Ձմեռային պալատի նախագիծը ավարտին է հասցրել Յոհան Լուկաս ֆոն Հիլդեբրանդտը,1700 թվականին։ Էրլախի կառուցած այլ շինություններից են՝ Բոհեմիայի պալատական գրասենյակը, Պրահայի Կլամ-Գալլասների պալատը, Գրաց քաղաքում գտնվող Ֆերդինանդ II դամբարանը, Վիեննայի Շվարցենբերգների պալատի վերջնական կառուցումը, Հոֆբուրգի Ձիասպորտի հրապարակը և Զալցբուրգի մի շարք բարոկկո եկեղեցիներ։

Ճանաչում խմբագրել

1705 թվականին Ֆիշեր ֆոն Էրլախը նշանակվել է «պալատական և զվարճանքի բոլոր շենքերի գլխավոր տեսուչ» (Oberinspektor sämtlicher Hof- und Lustgebäude): Նա Ավստրիայում, Գերմանիայում, Մեծ Մորավիայում նախկինում կառուցված բազմաթիվ պալատների ներքին հարդարանքը վերաձևավորել է բարոկկո ոճով։

Ֆիշեր ֆոն Էրլախի անհատական ոճը հաճախ համեմատվել է պրուսական ճարտարապետ Անդրեաս Շլյուտերի աշխատանքների հետ, բայց նրա աշխատանքներն առանձնացել են ավելի մեծ շքեղությամբ, պերճությամբ և արտահայտչականությամբ, և ոչ միայն ավստրիացիների ազգային խառնվածքի և նախասիրությունների պատճառով, այլ նաև այն պատճառով, որ Ֆիշեր ֆոն Էրլախը ավելի շատ կենտրոնացել է ոչ թե Բեռնինիի դասականության վրա, այլ Ֆրանչեսկո Բորրոմինիի ավելի էքսցենտրիկ նախագծերի վրա[7]։

Պատմական ճարտարապետության նախագիծ կամ Ճարտարապետության առաջին հանրագիտարան խմբագրել

 
Կարլսկիրխեի տաճարը Վիեննայում

Ֆիշեր ֆոն Էրլախը ոչ միայն հմուտ շինարար է եղել, այլ նաև ճարտարապետության պատմության փորձագետ։ 1721 թվականին նա հրատարակել է «Պատմական ճարտարապետության նախագիծ» (Entwurff Einer Historischen Architectur) վերնագրով մի իսկական հանրագիտարան, որն in-folio ձևաչափով պղնձե փորագրանկարների մեկնաբանություններով հավաքածու էր։ Նա այս հրատարակության վրա աշխատել է 16 տարի։

Ֆիշեր ֆոն Էրլախը հիանալի նկարչական ձիրք է ունեցել, և նրա բնօրինակներով շատ փորագրողներ են աշխատել։ «Պատմական ճարտարապետության նախագիծ» տրակտատի երեք բաժիններում ներառվել են անցյալի բոլոր նշանակալից շինությունների պատկերները՝ սկսած Աշխարհի յոթ հրաշալիքներից։ Որոշ անհստակություններ, օրինակ, Եգիպտոսի, Միջագետքի, Չինաստանի, Ճապոնիայի ճարտարապետության մեջ, որոնք այդ ժամանակ բավարար չէին ուսումնասիրված, Ֆիշերը լրացրել է իր ճարտարապետական պատկերացմամբ և այլ նկարիչների նկարներով։ Հանրագիտարանի չորրորդ բաժնում Ֆիշերը ներկայացրել է իր սեփական աշխատանքները։

Չնայած պատմական և հնագիտական անճշտություններին՝ երկար ժամանակ Ֆիշեր ֆոն Էրլախի տրակտատը համաշխարհային ճարտարապետության առաջին, միակ և անփոխարինելի հանրագիտարանն է եղել։

Կարլսկիրխե եկեղեցի խմբագրել

1715 թվականին Ֆիշեր ֆոն Էրլախը հաղթել է Յոհան Լուկաս ֆոն Հիլդեբրանդտին Վիեննայի Սուրբ Կառլո Բորոմեոյի (Կարլսկիրխե) եկեղեցու կառուցման մրցույթում։ Ֆոն Էրլախը մոտեցել է այս աշխատանքին որպես հանրագիտարանաբան և ճարտարապետության պատմաբան, որի արդյունքում Կարլսկիրխեի եկեղեցին դարձել է ճարտարապետության կենդանի հանրագիտարան և ունի նույնքան էկլեկտիկ տեսք։ Կարլսկիրխեի նախագծում Ֆիշերը միտումնավոր զուգորդել և հակադրել է աշխարհի տարբեր մասերի ճարտարապետության պատմության մշակած տարասեռ պատմական մոդելները։ Սա պատկերագրական ծրագիր էր։ «Հնաոճ» սյունազարդ նախասրահի երկու կողմերում երևում են երկու հաղթական սյուներ՝ Հռոմում գտնվող Տրայանոսի սյունի նմանությամբ։

Լեգենդի համաձայն, նման անսովոր գաղափարը ծնվել է ճարտարապետի մոտ, երբ նա Հռոմում Պինչո բլրի կտուրից դիտել է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթը և Տրայանոնի սյունը, նրա մոտ տպավորվել էր, որ դրանք շատ մոտ էին իրար։ Սակայն կրկնապատկման ձևերը բարոկկո տեխնիկային հատուկ հնարք է, բայց չնայած դրան, սյուները մղվել են ճակատի խորքերը, և նրանց «լապտերներով» հրապարակները հիշեցնում են մուսուլմանական մինարեթների «տաղավարներ» (գագաթներ)։ Յուրաքանչյուր հրապարակում չորս «չինական» ոսկեզօծ վիշապ կա։ Կողային տաղավարները ստեղծված են բարոկկո ոճով, բայց մասնագետները դրանցում տեսել են Վերածննդի և Արևելյան ձևերի համադրություն։ Խոշոր, այսպես կոչված, «հռոմեական գմբեթը» անկասկած վերադառնում է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթին, բայց նախագծում այն ոչ թե կլոր է, այլ օվալաձև։

Շինարարությունը սկսվել է 1716 թվականին, բայց 1723 թվականին Ֆիշեր ֆոն Էրլախ Ավագը մահացել է, և շինարարությունը շարունակել է նրա որդին՝ Ժոզեֆ Էմանուել Ֆիշեր ֆոն Էրլախ Կրտսերը (1693-1742)՝ փոքր-ինչ փոխելով հոր նախնական մտահղացումը։ Շինարարությունն ավարտվել է 1737 թվականին[8]։

Անձնական կյանք խմբագրել

Ֆիշեր ֆոն Էրլախը երկու անգամ ամուսնացել է։ 1690 թվականին ամուսնացել է Ռեգենսբուրգի նոտարի դստեր՝ Սոֆի Կոնստանս Մորգների հետ, որի հետ ունեցել են չորս երեխա։ 1705 թվականին ամուսնացել է այրի Ֆրենսիսկա Սոֆիայի հետ։

Հիշատակ խմբագրել

Վիեննայի տասներորդ շրջանում (Favoriten) «Էրլախի ծառուղին» (Erlachgasse) և «Էրլախի հրապարակը» (Erlachplatz) անվանակոչվել են ի պատիվ ճարտարապետի, 1875 թվականին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 StructuraeRatingen: 1998.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Фишер фон Эрлах Иоганн Бернхард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. https://www.europeana.eu/de/item/15508/AZ9559
  6. Aurenhammer H. J. B. Fischer von Erlach. — London 1973
  7. Власов В. Г.. Стили в искусстве. В 3-х т. — СПб.: Кольна. Т. 3. — Словарь имен, 1997. — С. 435—436
  8. Sedlmayr H. Johann Bernhard Fischer von Erlach. — Stuttgart, 1997
  9. Lorenz H. Johann Bernhard Fischer von Erlach. — Zürich-München-London: Verlag für Architektur, 1992
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Բերնհարդ Ֆիշեր ֆոն Էռլախ» հոդվածին։