Արվեստագիտություն
Արվեստագիտություն, արվեստաբանություն, լայն առումով՝ արվեստը ուսումնասիրող հասարակական գիտությունների համալիր։ Արվեստաբանական գիտությունները ընդգրկում են՝ գրականագիտությունը, երաժշտագիտությունը, թատերագիտությունը, կինոգիտությունը, ինչպես և տարածական արվեստներն (ճարտարապետություն, գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, դեկորատիվկիրառական արվեստ և այլն) ուսումնասիրող գիտությունները։ Արվեստագիտությունը ունի երեք հիմնական բնագավառ՝
- Արվեստի տեսություն
- Արվեստի պատմություն
- Գեղարվեստական քննադատություն
Այդ բնագավառներում կիրառվում է գեղարվեստական ստեղծագործության վերլուծման մեթոդը, մշակվում են արվեստի և իրականության փոխհարաբերության, արվեստի պատմական զարգացման, հասարակական դերի, բովանդակության ու ձևի հարցեր, հիմնավորվում վերջիններիս գեղագիտական գնահատականները։ Լայն և բազմաբնույթ է գիտական արվեստաբանական գործունեության ոլորտը (պեղումներ, գիտարշավներ, հուշարձանի բնորոշում, վերականգնում, գրանցում և համակարգում, արվեստագետների և ստեղծագործությունների մասին տեղեկությունների հավաքում, քարտարանների, կենսագրական և այլ տեղեկատուների կազմում, արվեստագետների գրական ժառանգության՝ հուշերի, նամակների, հոդվածների հրապարակում)։ Արվեստագիտությունը հենվում է մի շարք օժանդակ դիսցիպլինների վրա՝ ժամանակագրություն, վիմագրություն, հնագրություն, դրամագիտություն, կինանշանագիտություն, պատկերագիտություն և այլն։
Արվեստագիտության հասարակական նշանակություն
խմբագրելԱրվեստագիտության հասարակական նշանակությունը պայմանավորված է ինչպես հետևությունների և արդյունքների գիտական արժեքով, այնպես էլ արվեստի պրոպագանդմամբ ու մասսայականացմամբ (գիտական և գիտահանրամատչելի գրականություն, դասախոսություններ, էքսկուրսիաներ), ժամանակակից արվեստի զարգացման պրոցեսի վրա նրա ակտիվ ներգործությամբ, ժողովրդի լայն զանգվածներին արվեստի ստեղծագործություններին հաղորդակից դարձնելով։
Ձևավորում
խմբագրելԱրվեստագիտությունը որպես առանձին գիտություն ձևավորվել է 16—19-րդ դարերում, սակայն նրա տարրերը եղել են գեղագիտական հին համակարգերում և մի շարք հասարակական գիտություններում։ Արվեստի մասին ուսմունքի առաջին հայտնի պատառիկներ են պահպանվել Հին Հունաստանի (Արիստոտել, Պլատոն, Պոլիկլետես, Ապելլես, Հերոդոտոս և ուրիշներ) ու Հին Հռոմի (Կիկերոն, Վիտրուվիուս, Պլինիուս Ավագ և ուրիշներ) մշակույթում։ Հին և միջին դարերի հնդկական արվեստի փորձը խտացված է «Չիտրալակշանա» (մեր թվարկության առաջին դարեր), «Շիլպաշաստրա» (5-7-րդ դարեր), «Մանասարա» (11-րդ դար) տրակտատներում։ Արվեստաբանական կարևոր տեղեկություններ կան չինական, ճապոնական, Մերձավոր և Միջին Արևելքի միջնադարյան տրակտատներում։ Արվեստի մասին որոշ տեղեկություններ, գեղագիտական ճաշակի տարրեր են հանդիպում ուրարտական արձանագրություններում։ Հայկական բնակավայրերի, կառույցների նկարագրություններ են թողել Քսենոփոնը, Ստրաբոնը, Պլուտարքոսը և ուրիշներ։ Արվեստաբանական արժեքավոր նյութեր կան 5-րդ դարի պատմիչների՝ Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, հատկապես՝ Մովսես Խորենացու (Շամիրամակերտի, Երվանդաշատի, Երվանղակերտի կառուցման նկարագրությունները) գործերում, ինչպես և հետագա դարերի ձեռագիր մատյաններում, Ստեփանոս Տարոնեցու (10-11-րդ դարեր), Արիստակես Լաստիվերտցու (11-րդ դար), Մատթեոս Ուռհայեցու (12-րդ դար), Սամվել Անեցու (12-րդ դար), Կիրակոս Գանձակեցու (13-րդ դար), Ստեփանոս Օրբելյանի (13-14-րդ դարեր), Թովմա Մեծոփեցու (14-15-րդ դարեր) և այլոց պատմական աշխատություններում։ Բնության իմացության փիլիսոփայականգեղագիտական խնդիրներ են արծարծված Դավիթ Անհաղթի (5-րդ դար), Անանիա Շիրակացու (7-րդ դար), Հովհաննես Իմաստասերի (12-րդ դար), Հովհաննես Որոտնեցու (14-րդ դար), Գրիգոր Տաթևացու (14-րդ դար) և ուրիշների իմաստասիրական երկերում։ Արվեստաբանական արժեքավոր գործ է Թովմա Արծրունու «Պատմություն Տանն Արծրունյաց» աշխատության մեջ Աղթամարին նվիրված նկարագրությունը։
Արվեստագիտությունը վերածննդի դարաշրջանում
խմբագրելԱրվեստագիտության ինքնորոշման կարևոր փուլ էր Վերածննդի դարաշրջանը։ 15-րդ դարին ձևավորվեց բնության օրենքների գիտական իմացություն պահանջող ռեալիստական, հումանիստական արվեստի վերաբերյալ ուսմունքը։ Արվեստի և գիտության կապի շատ հարցեր են քննարկվում Լորենցո Գիբերտիի «Կոմենտարներ»-ում, Լ․ Բ․ Ալբերտիի, Ֆիլարետեի, Ֆրանչեսկո դի Ջորջոյի, Պիեռո դելլա Ֆրանչեսկայի տեսական աշխատություններում։ Առանձնապես արժեքավոր են գեղանկարչության մասին Լեոնարդո դա Վինչիի արտահայտած մտքերը։ Դերմանիայում, 16-րդ դարի սկզբին Ա․ Դյուրերը հավաստեց բնության և գեղանկարչության մեջ գեղեցիկի բազմազան դրսևորումները, մշակեց հեռանկարի մասին ուսմունքը։ Ֆլորենտացի Ջ․ Վազարին 14-16-րդ դարերում արվեստագետների կյանքը նկարագրելիս (այդ ժամանակաշրջանը նա անվանեց Վերածնունդ) ընդհուպ մոտեցավ արվեստագիտությանը որպես պատմական գիտության։ 17-րդ դարի վերջին բանավեճ ծավալվեց կլասիցիզմի շուրջ։ Կերպարվեստի տերմինների առաջին բառարանը կազմեց Ֆ․ Բալդինուչչին (Իտալիա)։
Արվեստագիտությունը լուսավորության դարաշրջանում
խմբագրել18-րդ դարի Լուսավորության դարաշրջանում արվեստագիտության իր բոլոր երեք բնագավառներով հետզհետե սկսեց դառնալ ինքնուրույն գիտություն։ Դ․ Դիդրոն (Ֆրանսիա, 18-րդ դար) նպաստեց արվեստի սոցիալական ակտիվության, գաղափարայնության ու ռեալիզմի համար պայքարի ծրագրի, ինչպես նաև քննադատական էտյուդի ժանրի ձևավորմանը։ Դերմանիայում որպես ռեալիզմի տեսաբան հանդես եկավ Դ․ է․ Լեսսինգը, որը ներմուծեց «կերպարվեստ» տերմինը և քննեց նրա յուրահատկությունը։ Արվեստի պատմության, որպես գիտության, նախահայրը եղավ Ի․ Ի․ Վինկելմանը։ 18-րդ դարին Ռուսաստանում թարգմանվեցին Վիտրուվիուսի և այլոց տրակտատները, Պ․ Մ․ Երոպկինը, Դ․ Ա․ Դոլիցինը, Վ․ Ի․ Բաժենովը և ուրիշներ ստեղծեցին արվեստին նվիրված գործեր։ 19-րդ դարին ավարտվեց արվեստագիտության՝ որպես բոլոր դարաշրջանների և երկրների արվեստի խնդիրների լայն շրջանակը սիստեմատիկորեն ընդգրկող, իր մեթոդոլոգիան ունեցող գիտության կազմավորումը։ Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության գաղափարների ներգործությունը, Ի․ Կանտի, Ֆ․ Ի․ Շելլինգի, Ա․ Վ․ ու Ֆ․ Շլեգել եղբայրների և հատկապես Դ․ Ի․ Հեգելի կոնցեպցիաների ազդեցությունը հնարավորություն ընձեռեցին պատկերացում ստեղծելու աշխարհայեցողաբար ամբողջական, թեկուզ և իդեալիստական հիմքով, արվեստի մասին։
Արվեստի տեսությունը, պատմությունը և քննադատությունը հասան պրոֆեսիոնալ մակարդակի, աննախադեպ չափերով մասնակցեցին հասարակական գաղափարների և ուղղությունների պայքարին։ Ստենդալը (Ֆրանսիա) և Զ․ Կոնստեբլը (Մեծ Բրիտանիա) հավաստեցին արվեստի կենսունակությունն ու ազատությունը։ Ֆրանս, սալոնների ակադեմիական քարացած քննադատությանը զուգընթաց, 1820—1840-ական թվականներին հրապարակ ելավ է Դելակրուայի, Դ․ Պլանշի, Հ․ Հայնեի, Շ․ Բոդլերի ազատ ռոմանտիկական քննադատությունը։ Կ․ Ֆ․ Ռումորի (Դերմանիա) հետազոտությունները սկզբնավորեցին արվեստի գիտական ուսումնասիրությունը ոճական վերլուծությամբ։ 19-րդ դարից սկզբից Ռուսաստանում սկսեցին հետաքրքրվել ազգային արվեստի պատմությամբ։ Ա․ Ս․ Պուշկինը, Ն․ Վ․ Դոգոլը, Ն․ Ի․ Նադեժդինը հաստատեցին արվեստի փիլիսոփայական նշանակությունը, կենսականությունն ու ժողովրդայնությունը։ Վ․ Դ․ Բելինսկին, Ն․ Դ․ Չերնիշևսկին, Ա․ Ի․ Դերցենը։ Ն․ Ա․ Դոբրոլյուբովը, Ն․ Պ․ Օգարյովը, հաղթահարելով իդեալիստական մեթոդոլոգիան, ռուս, արվեստին տվեցին խորապես հիմնավորված ռեալիստական ծրագիր։ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը, բացահայտելով իրականության գեղարվեստական ընկալման բնույթը՝ արվեստի կապը հասարակության սոցիալ-տնտեսական կառուցվածքի և դասակարգերի պայքարի հետ, Ա․ զինեցին գիտական աշխարհայացքով, պաշտպանելով ռեալիստական արվեստը՝ հիմնավորեցին նրա պատմական առաջադիմականությունը, տվեցին արվեստի վերլուծման և մեկնաբանման կոնկրետ օրինակներ (անտիկ շրջան, Վերածնունդ, կլասիցիզմ և այլն)։ 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի մարքսիստական գրականությունը (Դ․ Վ․ Պլեխանով, Պ․ Լաֆարգ, Ֆ․ Մերինգ, Կ․ Լիբկնեխտ, Ռ․ Լյուքսեմբուրգ, Կ․ Ցետկին) արվեստի ծագմանն ու զարգացմանը տվեց մատերիալիստական բացատրություն, ընդգծեց նրա ակտիվ դերը հասարակական պայքարում։
Հայ ազգային-ազատագրական շարժումներ
խմբագրել19-րդ դարի վերջին, հայ ազգային-ազատագրական շարժումները նպաստեցին հայագիտության, նաև հայ արվեստի պատմության լուսաբանմանը։ Դրա գաղափարական ուղղվածության գործում կարևոր դեր խաղացին Մ․ Նալբանդյանի հեղափոխական-դեմոկրատական հայացքները։ Զարթոնք ապրեցին ազգագրությունը, հնագիտությունը։ Ուսումնասիրության նյութ դարձան հայ արվեստի հուշարձանները։ Այդ առումով հատկապես արժեքավոր են Ղ․ Ալիշանի պատմա-աշխարհագրական և տեղագրական երկասիրությունները։ Անիում Ն․ Մառի ձեռնարկած պեղումներն ու ուսումնասիրությունները կարևոր երևույթ եղան հայ արվեստի գիտական հետազոտման գործում։
Հայ ճարտարապետության պատմության և տեսության լուսաբանման ուղղություն
խմբագրելՀայ ճարտարապետության պատմության և տեսության լուսաբանման ուղղությամբ եռանդուն գործունեություն ծավալեց Հայաստանի ճարտարապետական գիտության հիմնադիր Թ․ Թորամանյանը։ Հայ Ա․ զարգացրին Հ․ Օրբելին, Դ․ Հովսեփյանը, Դ․ Լևոնյանը, Ե․ Լալայանը և ուրիշներ։ Հայ արվեստի պրոպագանդման գործում կարևոր դեր կատարեցին Դ․ Բաշինջաղյանի, վ․ Սուրենյանցի, Հ․ Թումանյանի, Ա․ Շիրվանզադեի, Ա․ Չոպանյանի հոդվածներն ու ելույթները։ Հայ ճարտարապետության ու արվեստի ուսումնասիրությամբ զբաղվել են նաև 19-20-րդ դարերի օտարազգի գիտնականներ Ֆ․ Դյուբուա դե Մոնպերեն, Շ․ Տեք- սիեն, Մ․ Բրոսսեն, Օ․ Շուազին, Վ․ աոասովը, Ա․ Մուրավյովը, Դ․ Դրիմը, Կ․ Շնաազեն, Վ․ Բախմանը, Իյ․ Լինչը, Դ․ Ռիվոյրան, Շ․ Դիհլը, Ա․ Դրաբարը, Ցոլ․ Բալարուշայտիսը, Ի․ Ստրժիգովսկին և ուրիշներ։ Վ․ Ի․ Լենինի ուսմունքը յուրաքանչյուր ազգային մշակույթում երկու մշակույթի գոյության, արվեստի՝ որպես սոցիալական իրականության արտացոլման, արվեստի կուսակցականության, բուրժուական մշակույթի քայքայման պատճառների մասին հիմք հանդիսացավ նախահեղափոխական տարիների մարքսիստական քննադատության (Վ․ Վ․ Վորովսկի, Մ․ Ս․ Օլմինսկի, Ա․ Վ․ Լունաչարսկի, Ս․ Սպանդարյան, Ս․ Շահումյան) և խորհրդային արվեստագիտության զարգացման համար։ Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ մեծ աշխատանք կատարվեց արվեստի տեսության և պատմության մարքս-լենինյան սկզբունքների մշակման, սոցիալիստական ռեալիզմի գեղարվեստական մեթոդի հիմնավորման, բուրժուական իդեալիստական տեսությունների մերկացման ուղղությամբ։
Արվեստագիտության խնդիրներ
խմբագրելՀոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո խորհրդային արվեստագիտության կարևոր խնդիրները դարձան պայքարը հանուն ժողովրդական զանգվածներին ուղղված սոցիալիստական մշակույթի, ընդդեմ բուրժուական արվեստագիտության իդեալիստական կոնցեպցիաների, ֆորմալիստական և նատուրալիստական արվեստի։ Հարուստ սոցիալական մշակութային կյանքի, ճարտարապետության, հաստոցային և դեկորատիվ արվեստների տեսության բեղմնավոր զարգացման կողքին 1920-ական թվականներին արվեստագիտության մեջ ի հայտ եկան մշակույթի նկատմամբ նիհիլիստական տեսակետներ։ Այդ սխալ հայացքների հաղթահարման գործում վճռական դեր խաղացին Վ․ Ի․ Լենինի ցուցումները, ինչպես նաև Ա․ Վ․ Լունաչարսկու քննադատական գործունեությունը։ Սովետական արվեստագիտության մեջ առաջատար դարձան սոցիալիստական ռեալիզմի տեսությունը, արվեստում մարքս-լենինյան գաղափարներն ամրապնդող դրույթները։ 1950-ական թվականների վերջերից մինչև 1970-ական թվականների սկզբները տեղի ունեցան խորհրդային գեղարվեստական մշակույթի հրատապ հարցերին նվիրված բանավեճեր, երբ հաղթահարվեց ռեալիզմի նեղ, դոգմատիկ ըմբռնումը, առաջ քաշվեցին արվեստի արդիականության, սոցիալիստական ռեալիզմի հետագա զարգացման խնդիրները։ Սովետական արվեստագիտության ուշադրության կենտրոնում են արվեստի կուսակցականության, կոմունիստական գաղափարայնության և ժողովրդայնության հարցերը։
Արվեստագիտության զարգացումը խորհրդային իշխանության տարիներին
խմբագրելՍովետական իշխանության տարիներին Հայաստանում արվեստագիտության աննախընթաց զարգացման հասավ։ Սկսվեց Տ․ Օրրելու, Թ․ Թորամանյանի հետազոտությունների առավել բեղմնավոր շրջանը։ Արվեստաբանությամբ սկսեց զբաղվել գիտնականների նոր սերունդ։ Հայ արվեստագիտության հիմնական օջախը դարձավ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտը։ Հայ գիտնականները ստեղծեցին ազգային կերպարվեստին, ճարտարապետությանը, երաժշտությանը, թատրոնին, կինոյին նվիրված բազմաթիվ բարձրարժեք գործեր։ Հայ հին և միջնադարի ճարտարապետության հետազոտման ու պատմության հարցերով են զբաղված նաև Հռոմի համալսարանի և Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի օտար և հայ գիտնականները։ ԽՍՀՄ ժողովուրդների արվեստի ուսումնասիրության մեջ մեծ ավանդ են մուծել խորհրդային հնագետներն ու ազգագրագետները։ Մեծ մասամբ նորովի է լուսաբանվել անտիկ ժամանակաշրջանի, հատկապես Հյուսիս-Սևծովյան շրջանի, ռուսական, ուկրաինական, բելառուսական միջնադարյան և նոր ժամանակների արվեստների պատմությունը։
Հետազոտություններ
խմբագրելՀետազոտություններ են կատարվել Հին Արևելքի, Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի հնագույն և նոր արվեստների ասպարեզում։ 20-րդ դարի կեսին կապիտալիստական երկրների արվեստագիտության մեջ զգալի տեղ են գրավում մարտնչող իդեալիստական հայացքները, արվեստի մեջ անկումային հակաժողովրդական երևույթների գովաբանությունը։ Մյուս կողմից մեծանում է արվեստի սոցիոլոգիական ուսումնասիրության դերը մարքսիզմի և խորհրդային արվեստագիտության ազդեցության ներքո։ Մեծ հաջողությունների է հասել սոցիալիստական երկրների արվեստագիտությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 116)։ |