«Մոխրոտը» (ֆր.՝ Cendrillon, գերմ.՝ Aschenputtel), արևմտաեվրոպական հեքիաթ։ Առավել հայտնի են Շառլ Պերոյի, Գրիմ եղբայրների և Ջամբատիստա Բազիլեի մշակումները։ Սա ամենահայտնի «թափառող սյուժեներից» մեկն է, աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ հանդիպում են հեքիաթի հազարից ավելի տարբերակներ[2][3]։

Մոխրոտը
Տեսակժողովրդական հեքիաթ և հեքիաթային սյուժե
Ժանրհեքիաթ[1]
Կերպար(ներ)Մոխրոտիկ, Fairy godmother?, The evil stepmother?, Prince?, elder ugly sister? և younger ugly sister?
Նկարագրում էCinderella universe?
 Cinderella Վիքիպահեստում

Հեքիաթի հայտնի ամենավաղ տարբերակը հայտնաբերվել է եգիպտական պապիրուսներում[4]։ Հեքիաթի գլխավոր հերոսուհին՝ Ռոդոպիս անունով աղջիկը, ծնվել է Հունաստանում։ Նրան առևանգել էին ծովահենները, ովքեր աղջկան տարել էին Եգիպտոս և վաճառել ստրկություն։ Տերը նրա համար գնել էր կաշվե ոսկեզօծ գեղեցիկ սանդալներ։ Մինչ Ռոդոպիսը լողում էր գետում, բազեն (այդ բազեն Գոռ աստվածն էր) գողանում է նրա սանդալները և տանում տալիս փարավոնին։ Սանդալներն այնքան փոքրիկ ու գեղեցիկ էին, որ փարավոնն անմիջապես հրամայում է գտնել աղջկան։ Երբ նա գտնում է Ռոդոպիսին՝ Մոխրոտին, ամուսնանում է նրա հետ։

Շառլ Պերոյի մշակման (1697) սյուժեն խմբագրել

Ոչ մեծ երկրի թագավորը, որն առաջին ամուսնությունից հմայիչ ու բարի մի աղջիկ ուներ, ամուսնացել էր ինքնահավան և չար կնոջ հետ, ով երկու աղջիկ ուներ։ Աղջիկներն ամեն ինչով նման էին մորը։ Հայրը «միշտ լսում է կնոջը»։ Խորթ մայրը աղջկան ստիպում է ապրել ձեղնահարկում, քնել ծղոտե անկողնում, կատարել ամենադժվար և կեղտոտ գործերը։ Աղջիկն աշխատանքից հետո սովորաբար հանգստանում է բուխարու մոտ դրված մոխրով լցված արկղի վրա նստած, այդ պատճառով էլ քույրերը նրան անվանում են Մոխրոտ։ Մոխրոտի խորթ քույրերն ապրում են շքեղության մեջ, իսկ Մոխրոտն անտրտունջ տանում է նրանց ծաղրանքները։

 
Մոխրոտը 19-րդ դարի ֆրանսիական լուբոկի նկարում

Միրլիֆլոր արքայազնը[5] կազմակերպում է պարահանդես, որին հրավիրում է թագավորության բոլոր անվանի մարդկանց՝ իրենց կանանց և աղջիկների հետ։ Մոխրոտի խորթ մայրն ու քույրերը նույնպես հրավիրված են պարահանդեսին, իսկ իրեն՝ Մոխրոտին, կեղտոտ ցնցոտիներով ոչ ոք պալատ չէր թողնի։ Խորթ մոր և և քույրերի մեկնելուց հետո Մոխրոտը դառնորեն լացում է։ Նրան այցելում է կնքամայրը, որը փերի էր։ Բարի փերին դդումը, մկներին, առնետներին և մողեսներին փոխակերպում է համապատասխանաբար կառքի, ձիերի, կառապանի և ծառաների, Մոխրոտի ցնցոտիները՝ շքեղ զգեստի և նվիրում գեղեցիկ կոշիկներ։ Նա Մոխրոտին զգուշացնում է, որ ուղիղ կեսգիշերին կառքը նորից կդառնա դդում, զգեստը՝ ցնցոտիներ և կփոխակերպվեն նաև մյուս առարկաները։ Մոխրոտը գնում է պարահանդես։ Բոլորը հիանում են նրա գեղեցկությամբ և զգեստով։ Արքայազնը ծանոթանում և պարում է նրա հետ։ Տասներկուսից քառորդ պակաս Մոխրոտն արագ հրաժեշտ է տալիս բոլորին և շտապում հեռանալ։ Տանը կապում է հին գոգնոցը, հագնում փայտե մաշիկները և լսում պարահանդեսից վերադարձած քույրերի հիացական պատմությունները չքնաղ անծանոթուհու մասին։

 
Մոխրոտի արձանը Բրյուսելում

Հաջորդ երեկո ավելի գեղեցիկ հագնված Մոխրոտը նորից գնում է պարահանդես։ Արքայազնը նրանից չի հեռանում և նրան զանազան հաճոյախոսություններ է շշնջում։ Մոխրոտը շատ երջանիկ էր և սթափվում է միայն այն ժամանակ, երբ ժամացույցներն ազդարարում են կեսգիշերը։ Մոխրոտը շտապում է տուն, բայց կորցնում է կոշիկը։

Արքայազն ամբողջ թագավորությունում հայտարարում է, որ կամուսնանա այն աղջկա հետ, ում ոտքին կոշիկը կլինի։ Ի զարմանս քույրերի՝ Մոխրոտը հեշտությամբ հագնում է կոշիկը։ Փորձելուց անմիջապես հետո Մոխրոտը գրպանից հանում է մյուս կոշիկը, իսկ փերին նրա ցնցոտիները վերածում է շքեղ զգեստի։ Քույրերը ծնկի են գալիս և Մոխրոտից ներողություն խնդրում։ Մոխրոտը նրանց ի սրտե ներում է։

Մոխրոտին տանում են պալատ՝ արքայազնի մոտ, և մի քանի օրից նրանք ամուսնանում են։ Մոխրոտը քույրերին տանում է պալատ և նույն օրն էլ ամուսնացնում պալատական երկու աստիճանավորների հետ։

Գրիմ եղբայրների մշակման սյուժեն խմբագրել

Մի հարուստ մարդու կինը մահանում է։ Մահվանից առաջ վերջինս դստերը պատվիրում է լինել բարի։

Եվ աստված միշտ կօգնի, ես էլ վերևից կհսկեմ քեզ ու մենակ չեմ թողնի։

Աղջիկն ամեն օր այցելում է մոր գերեզմանին և լաց լինում, ինչպես նաև կատարում մոր պատվերը։ Գալիս է ձմեռը, հետո գարունը, և հարուստն ամուսնանում է երկրորդ անգամ։ Խորթ մայրը երկու դուստր ուներ՝ չար, բայց հիմար։ Նրանք աղջկանից խլում են գեղեցիկ զգեստները և ուղարկում խոհանոցում ապրելու։ Բացի այդ, աղջիկն առավոտից իրիկուն կատարում էր ամենակեղտոտ և ամենածանր աշխատանքները, քնում մոխրի վրա, այդ պատճառով էլ նրան անվանում են Մոխրոտ։ Խորթ քույրերը ծաղրում են Մոխրոտին, օրինակ՝ ոլոռն ու ոսպը լցնում են մոխրի մեջ։

Հայրը տոնավաճառ գնալուց առաջ դստերն ու խորթ աղջիկներին հարցնում է, թե ինչ բերի այնտեղից։ Խորթ աղջիկները թանկարժեք զգեստներ և թանկագին քարեր են խնդրում, իսկ Մոխրոտը խնդրում է իր համար բերել այն ճյուղը, որը վերադարձի ճանապարհին առաջինը կդիպչի հոր գլխարկին։ Մոխրոտը բերված ընկուզենու ճյուղը տնկում է մոր գերեզմանի վրա և ջրում արցունքներով։ Մի գեղեցիկ ծառ է աճում։ Մոխրոտն օրական երկու անգամ գնում է ծառի մոտ, լաց լինում ու աղոթում, և ամեն անգամ դեպի ծառն է գալիս մի սպիտակ թռչնակ։ Մոխրոտը նրան որևէ ցանկություն է ասում, թռչնակը նրան տալիս է իր խնդրածը։

 

Թագավորը եռօրյա խնջույք է կազմակերպում, որին հրավիրում է երկրի բոլոր գեղեցիկ աղջիկներին, որպեսզի որդին կարողանա իր համար հարսնացու ընտրել։ Խորթ քույրերը գնում են այդ խնջույքին, իսկ Մոխրոտին խորթ մայրն ասում է, որ պատահաբար ոսպ է թափել մոխրի մեջ, և Մոխրոտը պարահանդես կարող է գնալ միայն այն ժամանակ, երբ կարողանա երկու ժամում ոսպը մաքրել։ Մոխրոտը կանչում է․

Այ ձեռնասուն աղավնիներ, այ սիրունիկ տատրակներ, այ երկնային հավքեր, թռեք եկեք, օգնեք ինձ, մոխրի միջից ոսպը ջոկեք։ Թասը գցեք տռուճը, Փուչերը՝ ձեր քուչը։

Նրանք հանձնարարությունը կատարում են 1 ժամից էլ քիչ ժամանակում։ Այդ ժամանակ խորթ մայրը «պատահաբար» արդեն 2 թաս ոսպ է թափում և ժամանակը կրճատում է մինչև 1 ժամ։ Մոխրոտը նորից կանչում է աղավնիներին և տատրակներին, և նրանք ոսպը ջոկում են կես ժամում։ Խորթ մայրն ասում է, որ Մոխրոտը հագնելու ոչին չունի, պարել չի կարողանում, և պարահանդես է գնում աղջիկների հետ՝ այդպես էլ Մոխրոտին իր հետ չտանելով։ Մոխրոտը գնում է ընկուզենու մոտ և ասում․

Շարժիր ճյուղերդ, օրորվիր իմ ծառ, Ոսկեթել զգեստներ թափիր ինձ համար։

Ծառից թափվում են շքեղ հագուստներ։ Մոխրոտը գնում է պարահանդես։ Արքայազնն ամբողջ երեկո պարում է նրա հետ։ Հետո Մոխրոտը փախչում է նրանից և բարձրանում աղավնատուն։ Արքայազնը պատահածի մասին պատմում է թագավորին։

Ծերուկը մտածում է. «Մոխրոտը կլինի», պատվիրում է բերել կացինն ու կեռը, որպեսզի աղավնատունը քանդի, բայց էնտեղ ոչ ոք չի լինում։

Երկրորդ օրը Մոխրոտը ծառից նորից զգեստ է խնդրում (նույն խոսքերով), և կրկնվում է առաջին օրվա պատահածը, միայն Մոխրոտը ոչ թե աղավնատուն է վազում, այլ բարձրանում է տանձենու վրա։

Երրորդ օրը Մոխրոտը կրկին ծառից զգեստ է ուզում և պարահանդեսի ժամանակ պարում արքայազնի հետ, բայց երբ փախչում է, նրա ոսկյա կոշիկը կպչում է ձյութ քսված աստիճաններին (արքայազն էր խորամանկության դիմել)։ Արքայազնը գնում է Մոխրոտի հոր մոտ և ասում, որ կամուսնանա նրա հետ, ում ոտքին կլինի ոսկե կոշիկը։

Քույրերից մեկը կտրում է բութ մատը, որպեսզի հագնի կոշիկը։ Արքայազնը նրան տանում է իր հետ, բայց ընկուզենու վրա նստած երկու սպիտակ աղավնիները երգում են, որ նրա ոտքից արյուն է հոսում։ Արքայազնը ձին հետ է քշում։ Նույնը պատահում է նաև մյուս քրոջ հետ, միայն թե նա կտրում է ոչ թե բութ մատը, այլ կրունկի մի մասը։ Կոշիկը Մոխրոտի ճիշտ ոտքովն է լինում։ Արքայազնը ճանաչում է աղջկան և հայտարարում է որպես իր հարսնացու։ Երբ արքայազնը Մոխրոտի հետ գնալիս է լինում գերեզմանատան կողքով, աղավնիները թռչում են ծառի վրայից և գալիս նստում Մոխրոտի ուսերին․ մեկը նստում է աջ, մյուսը` ձախ ուսին, և այդպես էլ մնում են նստած։

Հարսանիքի ժամանակ խորթ քույրերն էլ են գալիս, ուզում են շողոքորթել Մոխրոտին, ձևացնել, թե ուրախ են նրա երջանկության համար։ Երբ հարսանեկան կառքը շարժվում է դեպի եկեղեցի, մեծ քույրը նստում է հարսի աջ կողմում, փոքրը` ձախ կողմում։ Եվ աղավնիները կտցում հանում են նրանց մի-մի աչքը։ Իսկ երբ եկեղեցուց տուն են գալիս, մեծ քույրը նստում է ձախ կողմում, փոքրը՝ աջ կողմում, և աղավնիները նորից հանում են նրանց մի-մի աչքը։ Էդպես պատժվում են նրանք իրենց չարության ու խորամանկության համար ու ամբողջ կյանքում կույր մնում։

Կոշիկներ խմբագրել

Հեքիաթի ամենահին տարբերակներից մեկում (Չինաստան) հերոսուհին կրում է ոսկե թելերով հյուսված և մաքուր ոսկուց պատրաստված ներբաններով կոշիկներ[6]։ Գրիմ եղբայրների հեքիաթում հերոսուհին սկզբում նվեր է ստանում «ոսկեթել մետաքսե կոշիկներ», իսկ վերջին երեկոյան՝ «մաքուր ոսկուց կոշիկներ»[7]։ Բրետոնական «Տանձենի ոսկե տանձերով» հեքիաթում հիշատակվում է երեք զույգ կոշիկ՝ պողպատե, արծաթե և ոսկե[8]։ Իտալական հեքիաթում Մոխրոտը հագնում է արծաթե կոշիկներ, հեքիաթի վենետիկյան տարբերակում՝ ադամանդե։ Մանկական հեքիաթում կոշիկները մետաքսից են։ Ֆրանսիացի գրող Մադամ դ’Օնուայի հեքիաթում կոշիկները պատրաստված են կարմիր թավշից և զարդարված մարգարիտներով։ Ֆրանսիացի հայտնի մարդաբան Պոլ Դելարյուն, ուսումնասիրելով «Մոխրոտի» կոշիկների բնութագրումները տարբեր ժողովուրդների մոտ, գտել է հետևյալ տարբերակները․

 
Մոխրոտի կոշիկը
  • միայն կոշիկներ, առանց ճշգրտումների - 24,
  • սանդալներ - 1,
  • ապակե կոշիկներ - 5,
  • ոսկե կոշիկներ - 1,
  • բյուրեղապակե կոշիկներ - 1[9]։

Շառլ Պերոյի հեքիաթում Մոխրոտի կոշիկներն ապակուց են։ Սակայն 19-րդ դարից սկսած նյութը, որից պատրաստված էին Մոխրոտի կոշիկները, չդադարող վիճաբանությունների առարկա է դարձել, քանի որ ֆրանսերենում «ապակի» (verre) բառը արտասանվում է որպես հատուկ ձևով մշակված մորթի՝ «vair» (գազանի, սովորաբար սկյուռի փորի և մեջքի մորթիները կարվում էին հերթականությամբ)։ Պերոյի նման սխալի հնարավորությունն առաջինը ցույց է տվել Օնորե դը Բալզակը

15-րդ և 16-րդ դարերում մորթու առևտուրը ծաղկում էր ապրում։ Մորթեղեն հայթայթելն այնքան էլ հեշտ գործ չէր․ անհրաժեշտ էր հյուսիսային երկրներում կատարել երկար և վտանգավոր ճանապարհորդություն, այդ պատճառով էլ մորթին գնահատվում էր չափազանց թանկ։ Այդ ժամանակ, ինչպես և հիմա, բարձր գները միայն մեծացնում էին պահանջարկը, քանզի փառասիրությունը խոչընդոտներ չի ճանաչում։ Ֆրանսիայում, նույն ձևով նաև այլ երկրներում, մորթի կրելը թագավորական հրամանով ազնվականության արտոնությունն էր, և դրանով էլ բացատրվում է, թե ինչու է սպիտակ կզաքիսն այդքան հաճախ պատկերված հին զինանշանների վրա, որոշ հազվագյուտ մորթիներ, օրինակ՝ vair, որն, անկասկած, ոչ այլ ինչ է, քան թագավորական սամույր, կրելու իրավունք ունեին միայն թագավորները, դուքսերը և որոշակի պաշտոններ զբաղեցնող աստիճանավորները։ Տարբերակում են փոքր մորթուց կազմված vair, և մեծ մորթուց կազմված vair, այդ բառն արդեն հարյուր տարի է դուրս է եկել գործածությունից և այն աստիճան է մոռացվել բոլորի կողմից, որ նույնիսկ Պերոյի «Հեքիաթների» անհամար վերահրատարակություններում Մոխրոտի հայտնի կոշիկի մասին, որ սկզբում, ըստ երևույթին, եղել է փոքր vair-ից, ներկայումս ասվում է, որ այն բյուրեղապակյա է (verre)[10]։

Հետագայում այդ տարբերակը տարածում ստացավ, սակայն ոչ բոլորն են կիսում նման տեսակետը։ Օրինակ՝ Անատոլ Ֆրանսի «Իմ ընկերոջ գիրքը» ստեղծագորժության մեջ («Զրույց կախարդական հեքիաթների մասին» գլխում) հերոսների միջև տեղի է ունենում հետևյալ երկխոսությունը․

Լաուրա։ Չէ որ սխալ են ասում, որ Մոխրոտի կոշիկները բյուրեղապակուց էին։ Անհնար է պատկերացնել կոշիկներ պատրաստված նույն նյութից, ինչից և գրաֆինը։ Սպանված սկյուռի մորթուց կոշիկներն ավելի ընդունելի են, բայց և այնքան էլ սրամիտ չէ այդպիսի կոշիկներով աղջկան ուղարկել պարահանդես։ Մորթե կոշիկներով Մոխրոտի ոտքերը նման կլինեին աղավնու փետրոտ ոտքերի։ Պետք է պարերից խենթացած լինեն, որպեսզի պարեն մորթե կոշիկներով։ Բայց ոչ բոլոր աղջիկներն են այդպիսին․ թող նրանք կապարե ներբաններ ունենան, միևնույն է նրանք կպարեն։

Ռայմոնդ։ Զարմուհի՛, ես նախազգուշացրել էի չէ՝ զգուշացեք առողջ դատողությունից։ Մոխրոտը հագել էր ոչ թե մորթե, այլ բյուրեղապակե կոշիկներ՝ թափանցիկ, ինչպես Սեն-Գոբենի ապակին, ինչպես աղբյուրի ջուրը, ինչպես լեռնային բյուրեղապակին։ Չէ որ դուք գիտեք, որ նա ուներ կախարդական կոշիկներ, իսկ դրանով ամեն ինչ ասված է[11]։

Ցույց տրվեց նաև, որ եթե նույնիսկ հեքիաթի ժողովրդական տարբերակում կոշիկները ապակուց չեն եղել, ապա այդ պատկերը հեքիաթում կարող է հայտնվել ոչ սխալի արդյունքում (հեղինակի կամ հրատարակողների), քանի որ Պերոն կարող էր ապակե կոշիկների կերպարն ստեղծել միանգամայն գիտակցաբար։ Օրինակ՝ գրող Կլոդ Մետրան ցույց է տվել ապակու խորհրդանշական արժեքը․

Ապակին ընտրվել է բոլորովին էլ ոչ պատահաբար։ Այստեղ կա ինչ-որ պարզության նման գաղափար, որը համարվում է հակադրություն հեքիաթի սկզբի կեղտոտ դեմքերին։ Միևնույն ժամանակ ապակին ստեղծվում է կրակով, դա բնական երևույթ է, որն ամբողջովին փոխակերպվում է մոխրի շնորհիվ... և ինչ-որ չափով այդ ապակին կարող է լինել այն բանի խորհրդանիշը, որ մարդկային էությունը, ինչպես ինքը՝ Աստված, կարող է ստեղծել աշխարհ, որը համարվում է միաժամանակ լույսի և պարզության աշխարհ։ Մոխրոտի պատմության վերջում Պեպլի հարսնացուն դառնում է Արևի հարսնացուն[12]։

Ֆրանսիացի գրող Էմիլ Դեշանելը նույնպես ենթադրում է, որ ապակե կոշիկի կերպարը հեղինակի կողմից ստեղծվել է ոչ թե սխալմամբ, այլ հեքիաթի «կախարդանքը» ուժեղացնելու համար․

Ապակե կոշիկ հագած գնալ պարահանդես, պարել։ Հենց այն, որ դա անհնար է, առանձնահատուկ կերպով ազդում է երևակայության վրա և թվում կախարդական... Եվ հնարավոր է՝ Պերոն դրան գնացել է գիտակցաբար[13]։

Պոլ Դելարյուն նույնպես ապակե կոշիկի կողմնակիցն էր․

Խորհրդանշական տեսակետից, ի տարբերություն պրոզաիկ մոտեցման, ապակին իդեալական է։ Ապակին կուսության խորհրդանիշն է։ Այն դյուրաբեկ է, և հնարավոր է ջարդել միայն մեկ անգամ[14]։

Անգլիացի բանահավաքներ Իոնա և Պիտեր Օպիները պատճառաբանում էին հետևյալ կերպ․

Շատ հաճախ կոշիկները կարում էին մետաքսից և այլ կտորից, և երբ Պերոն լսել է հեքիաթը, շատ հնարավոր է, որ նրանում կոշիկները կարված էին գույնզգույն մորթուց (vair)… և ոչ թե ապակուց (verre)։ Միայն նրա հանճարը դրսևորվում է նրանում, որ նա տեսել է, թե որքան տպավորիչ կարող են լինել ապակե կոշիկները, այսինքն՝ կոշիկներ, որոնք չեն կարող ձգվել, և կարելի է տեսնել, թե կոշիկն ինչքան լավ է լինում ոտքին[14]։

Հոգեբան Բրունո Բետելհեյմը ունեցել է հետևյալ տեսակետը․

Քանի որ ֆրանսերենում vair բառը (որը նշանակում է բազմագույն մորթի) արտասանվում է այնպես, ինչպես verre (ապակի) բառը, ապա համարվում է, որ Պերոն սխալմամբ շփոթել է մորթին ու ապակին, և արդյունքում մորթե կոշիկը դարձել է ապակե... բայց, անկասկած, ապակե կոշիկը գիտակցաբար հնարել է Պերոն [14]։

Նա նաև նշել է, որ հեքիաթի հերոսուհին ապակե կոշիկ հավանաբար կրում էր նաև Պերոյի գրքի տպագրվելուց էլ առաջ, ընդ որում՝ այն երկրներում, որտեղ չկան համանուններ, ինչի պատճառով կարելի է շփոթել մորթին ու ապակին։ Օրինակ՝ շոտլանդական հեքիաթում, որն ավելի հին է, քան Պերոյի տարբերակը, կախարդական, սև գառն աղջկան նվիրում է ապակե կոշիկներ։ Իռլանդական հեքիաթում նույնպես հիշատակվում են ապակե կոշիկներ[15]։

Մոխրոտի մասին օքսիտանական հեքիաթն ավարտվում է հետևյալ բառերով․

  • Cric-crac ! Mon conte es acabat / Aviái un esclopon de veire / Se l'aviái pas trincat / Ara lo vos fariái véser
  • Կրի՜կ-կրա՜կ։ Իմ հեքիաթն ավարտվեց։ Ես ունեի ապակե կոշիկներ։ Եթե ես այն ջարդած չլինեի, այն ձեզ ցույց կտայի[16]։

«Vair» տարբերակին դեմ որպես փաստարկ նշվում է նաև, որ չկա Մոխրոտի մասին հեքիաթի մի տարբերակ, որտեղ հիշատակվի մորթե կոշիկի մասին[9]։

Ադապտացիա և էկրանավորում խմբագրել

«Մոխրոտը» (1911)

Ֆրանսիական հեքիաթի մոտիվներով թողարկվել են բազմաթիվ խաղային և մուլտիպլիկացիոն ֆիլմեր, ինչպես անմիջական հարմարեցմամբ, այնպես էլ սյուժեի առանձին տարրերի ամբողջական վերաիմաստավորմամբ։

1817 թվականին իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինին հեքիաթի ֆրանսիական տարբերակի հիման վրա գրել է համանուն պիեսը, իսկ 1899 թվականին տեղի է ունեցել օպերայի մեկ այլ տարբերակի պրեմիերան, որի հեղինակը ֆրանսիացի կոմպոզիտոր Ժյուլ Մասնեն է։

1899 թվականին թողարկվել է Ժորժ Մելիեսի «Մոխրոտը» կարճամետրաժ ֆիլմը։

1945 թվականին տեղի է ունեցել Սերգեյ Պրոկոֆևի բալետի պրեմիերան, որի լիբրետոյի հեղինակը Նիկոլայ Վոլկովն է։

1946 թվականին Եվգենի Շվարցը ֆրանսիական տարբերակի սյուժեի մոտիվներով գրել է պիես։

1947 թվականին Ե․ Շվարցի սցենարի հիման վրա Նադեժդա Կոշևերովայի և Միխայիլ Շապիրոյի կողմից նկարահանվել է «Մոխրոտը» ֆիլմը։

1950 թվականին «Դիսնեյ» ընկերության կողմից թողարկվել է «Մոխրոտիկը» լիամետրաժ մուլտֆիլմը Շառլ Պերոյի հեքիաթի մոտիվներով։

1979 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի ռեժիսոր Իվան Ակսենչուկը նկարահանել է կարճամետրաժ մուլտֆիլմ նույն հեքիաթի մոտիվներով։

Հեքիաթի սյուժեի ծաղրական ու արդիականացված տարբերակը ներկայացվում է Ռոալդ Դալի 1982 թվականի «Revolting Rhymes» բանաստեղծական ժողովածուում։

1994 թվականին «GoodTimes Entertainment» ստուդիան թողարկել է «Մոխրոտը» լիամետրաժ մուլտֆիլմը։

2000 թվականին Մեծ Բրիտանիայում թողարկվել է «Մոխրոտը» ֆիլմը (ռեժիսոր՝ Բիբեն Կեդրոն), որտեղ Մոխրոտի դերը խաղում էր Մարսելլա Պլանկետը։ Ֆիլմը հիմնված է Մոխրոտի մասին բնագիր դասական հեքիաթի վրա, միայն գործողությունների վայրը տեղափոխվել է ժամանակակից աշխարհ, օգտագործվել են ժամանակակից նորաձև հագուստներ և նոր տեխնոլոգիաներ։ Սյուժեի նմանօրինակ արդիականացում է կատարվել ռուսական «Մոխրոտ 4×4։ Ամեն ինչ սկսվում է ցանկությունից» (2008) ֆիլմում։

Ինչ վերաբերում է Գրիմ եղբայրների տարբերակին, ապա Գերմանիայում դասական է համարվում «Երեք ընկույզ Մոխրոտի համար» էկրանավորումը։ Նաև հեքիաթների վերաիմաստավորման Grimm Fairy Tales սերիաների շրջանակներում թողարկվել է համանուն կոմիքս՝ պատմությունը հարմարեցնելով ժամանակակից մոտիվներով։

Հեքիաթի սյուժեն օգտագործվել է «Walt Disney Pictures» արտադրության և ռեժիսոր Ռոբ Մարշալի «Դեպի անտառները» գեղարվեստական, երաժշտական ֆիլմում։

2002 թվականին թողարկվել է ռեժիսոր Սեմյոն Գորովի ստեղծած «Մոխրոտը» ռուս-ուկրաինական հեռուստամյուզիքլը։

2015 թվականին Ուոլթ Դիսնեյ ընկերության կողմից թողարկվել է «Մոխրոտը» ամերիկյան ռոմանտիկ, ֆենտեզի, գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորը Քեննեթ Բրանա է, սցենարի հեղինակը՝ Քրիս Վայցը։ Գլխավոր դերերում խաղացել են Լիլի Ջեյմսը, Ռիչարդ Մեդդենը, Քեյթ Բլանշետը և Հելենա Բոնհեմ Քարթերը։

2016 թվականին Վիեննայում դիրիժոր Զուբին Մեթայի հովանավորությամբ ու ղեկավարությամբ տեղի է ունեցել անգլիացի պատանի կոմպոզիտոր Ալմա Դոյչերի համանուն օպերայի եվրոպական պրեմիերան[17][18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://wolnelektury.pl/katalog/lektura/perrault-kopciuszek/
  2. Zipes, Jack (2001). The Great Fairy Tale Tradition: From Straparola and Basile to the Brothers Grimm. W. W. Norton & Co. p. 444. ISBN 978-0-393-97636-6.
  3. Dundes, Alan. Cinderella, a Casebook. Madison, Wis: University of Wisconsin Press, 1988.
  4. Roger Lancelyn Green: Tales of Ancient Egypt, Penguin UK, 2011, ISBN 978-0-14-133822-4, chapter The Land of Egypt
  5. Ֆրանսերեն mirer - «ձգտել», «շահադիտորեն հետամտել» և fleur - «ծաղիկ» բառերից։ Այստեղից էլ ծագում է Լյուդովիկոս XIV-ի ժամանակներում երիտասարդ մարդկանց տրվող մականունը։
  6. Yeh-Shen, a Cinderella Story
  7. Замарашка (Гримм/Полевой)
  8. Dentu,E., 1879
  9. 9,0 9,1 Delarue, P.
  10. Бальзак, О.
  11. Франс, А., 1957
  12. Bortoluzzi, M., 1977
  13. Emile Deschanel
  14. 14,0 14,1 14,2 Singh, V
  15. Alan Dundes, 1988
  16. Mouly, C., 2008
  17. «Вебсайт «Золушка в Вене»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  18. «Золушка», полнометражная опера Альмы Дойчер. Публикация 29 июля 2015 года.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրոտը» հոդվածին։