Բացել գլխավոր ցանկը

Լուբոկ (անունն առաջացել է լորենու «լուբ»-ից՝ երկրորդային կեղևից), լորա տախտականկար, ժողովրդական նկար, գրաֆիկայի ստեղծագործություն (հիմնականում տպագիր), որ առանձնանում է կերպարների դյուրըմբռնելիությամբ և նախատեսված է մասսայական արածման համար։ Լուբոկին բնորոշ են կատարման տեխնիկայի պարզությունը, կերպավորման միջոցների լակոնիզմը (կոպիտ գիծ, սովորաբար՝ վառ գունազարդում), ոչ սակավ՝ պատկերը լրացնող բացատրագրով։ Սկզբում եղել է ժողովրդական ստեղծագործության տեսակներից։ Հնագույն լուբոկները ստեղծվել են Չինաստանում (8-րդ դարից. Փորագրվել են փայտի վրա), 15-րդ դարից՝ Եվրոպայում, 17-րդ դարից՝ Ռուսաստանում: Լուբոկում մեծ տեղ են գրավել հեքիաթային, երգիծական, երգային, բարոյախոսական, մարտական թեմաները։ Հատկապես նշանակալից են Գերմանիայի Գյուղացիական պատերազմի դարաշրջանի և 16-րդ դարի Ռեֆորմացիայի ագիտացիոն-երգիծական լուբոկ փայտագրությունները, Ռուսաստանի պետրոսյան ռեֆորմների ժամանակի Լլուբոկները, 18-րդ դարի վերջի Ֆրանսիական բուրժուական հեղափոխության և Ռուսաստանի 1812 թվականի Հայրենական պատերազմի շրջանի գունազարդված օֆորտները։ Սովետական արվեստում լուբոկի արտահայտչամիջոցները պլակատներ և ագիտացիոն պատկերներ ստեղծելու համար կիրառել են Վ. Վ. Մայակովսկին և ուրիշներ, ինչպես և Տ. Ա. Մավրինան՝ մանկական գրքեր նկարազարդելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 675 CC-BY-SA-icon-80x15.png