Միջինասիական կոբրա
Միջինասիական կոբրա
Միջինասիական կոբրա
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ինֆրակարգ Alethinophidia
Վերնաընտանիք Elapoidea
Ընտանիք Ասպիդներ (Elapidae)
Ցեղ Իսկական կոբրաներ (Naja)
Տեսակ Միջինասիական կոբրա (N. oxiana)
Միջազգային անվանում
Naja oxiana
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Միջինասիական կոբրա[1] (լատին․՝ Naja oxiana), ասպիդների ընտանիքին պատկանող թունավոր օձ։

Նկարագրություն խմբագրել

 

Մարմնի ընդհանուր երկարությունը՝ ներառյալ պոչը, կազմում է գրեթե 2 մետր, սովորաբար փոքր է 160-180 սանտիմետրից։ Իրանի առավելագույն երկարությունը 161 սանտիմետր է[2]։ Պոչի երկարությունը 4-8 անգամ փոքր է իրանի երկարությունից։ Մարմնի վերին մասի գունավորումը բաց դեղնականաչից անցնում է մուգ շագանակագույնի, որովայնը բաց դեղնավուն է։ Երիտասարդ կոբրաների որովայնի վրա կան լայնակի օղակաձև զոլեր։ Աճի հետ մեկտեղ օձերի գունավորումը մգանում է, օղակները խամրում են և լայնանում, որովայնի զոլերը անհետանում են, և նրանց փոխարեն առաջանում են մանր ու խոշոր բծեր[3]։ Բիբը կլոր է, թեփուկները՝ հարթ[2]։

Պաշտպանական վարք խմբագրել

Անհանգստացած կոբրան մարմնի առջևի մասը վեր է բարձրացնում մինչև իր երկարության 1/3-ը՝ լայնացնելով պարանոցի և իրանի հարակից մասը և արձակելով բարձր ֆշշոցներ։ Եթե մարդը կամ կենդանին, չնայած նախազգուշացմանը, մոտենում են, կոբրան սկզբում փորձում է վախեցնել հակառակորդին և կտրուկ առաջ է նետում մարմնի առջևի մասը։ Թունավոր ատամները կոտրվելուց պաշտպանելու համար բերանը փակ գլխով հարվածում է թշնամուն, ապա կեղծ խայթում նրան։ Պաշտպանական ցուցադրական կեցվածքը վարքի բնածին տարր է, և նորածին օձերն այն ընդունում են ցանկացած վտանգի դեպքում։

Արեալ և բնակեցման վայրեր խմբագրել

Առավել տարածված են Թուրքմենստանում (բացի հյուսիսարևմտյան ծայրամասային շրջաններից), հարավարևմտյան Տաջիկստանում, հարավային Ուզբեկստանում՝ հյուսիսում մինչև Նուրա Տաու լեռնաշղթան, Բել Տաու Ատա լեռները և Թուրքեստանի լեռնաշղթայի արևմտյան լեռնաճյուղավորումները, Ղրղզստանում, Աֆղանստանում, Պակիստանում, հյուսիսարևելյան Իրանում և հյուսիսարևմտյան Հնդկաստանում[2]։ Բնակվում են կավային և խճաքարային նախալեռնային շրջաններում, ոչ բարձր լեռներում, տեռասավոր ափեր ունեցող գետերի հովիտներում, լեռնաձորերում և լանջերի վրա՝ քարերի և թփուտների արանքներում, ոչ հազվադեպ՝ լքված շինություններում, ոռոգված հողամասերում, դաշտերի ծայրամասերում և այգիներում։ Հաճախ հանդիպում են գետափներում, ավազային ջրազուրկ անապատներում, որտեղ հետևում են ավազաթմբերում և նրա լանջերին բնակվող ավազամկների խմբերին։ Լեռներում տարածված են ծովի մակարդակից մինչև 2000 մետր բարձրության վրա։

Ապրելակերպ խմբագրել

Գարնանը և աշնանը ակտիվ են ցերեկը, ամռանը՝ առավոտյան, երեկոյան և գիշերային ժամերին։ Աշնանը երկրի մակերեսին հայտնվում են ավելի հազվադեպ, քան գարնանը։ Տարվա տաք եղանակին կոբրաների համար թաքստոց են ծառայում կրծողների բները, քարերի տակ գտնվող խորշերը, հողի ճեղքվածքները և ճաքերը, թփուտները (մոշենի, էֆեդրա), ջրամբարների մոտ գտնվող եղեգնուտները և այլն։ Ձմեռում են խորը ավազային բներում, ճեղքերում, երբեմն՝ բնակելի շինությունների տակ։ Ձմեռում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների վերջին օրերից մինչև մարտ-ապրիլ ամիսների ավարտը։ Պաճուկափոխությունը կատարվում է տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը։ Կուտակումներ չեն ձևավորում, ուստի խմբերով ոչ մի տեղ չեն հանդիպում։

Սնունդ խմբագրել

Միջինասիական կոբրայի սննդակարգի մոտ 40 %-ը կազմում են երկկենցաղները, հատկապես մեծ քանակությամբ ուտում են կանաչ դոդոշներ։ Գետերի հովիտներում բնակվող պոպուլյացիաներն ուտում են լճագորտեր։ Սնվում է նաև սողուններով, այդ թվում՝ օձերով (վիշապօձերով և այլն, որոնք կազմում են սննդակարգի 30-35%-ը), մանր կաթնասուններով (կրծողներով, 15-20%), թռչուններով (մանր ճնճղուկներով և այլն, 5-10%), թռչուններիի ձվերով[2]։ Երիտասարդ կոբրան կարող է ուտել նաև անողնաշարավորներ։

Որսի վրա հարձակվելու ժամանակ կոբրան, կառչելով զոհից, ոչ թե անմիջապես հետ է նետվում, այլ մի քանի անգամ ամուր սեղմում է ծնոտը, որպեսզի թունավոր ատամները ավելի լավ խրի զոհի մարմնի հյուսվածքների մեջ և ներարկի թույնի անհրաժեշտ չափաբաժինը։

Բազմացում խմբագրել

Կոբրաները սովորաբար զուգավորում են մայիսին։ Հղիությունը տևում է 60-65 օր։ Հուլիսին էգերը դնում են 6-19 երկարավուն ձու՝ 40-45 միլիմետր երկարությամբ և 12-19 գրամ զանգվածով։ Երիտասարդ կոբրաները ձվից դուրս են գալիս օգոստոսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբեր։ Նորածին ձագերի երկարությունը 31-39 միլիմետր է։ Սեռահասունության են հասնում կյանքի երրորդ-չորրորդ տարիներին։

Թույն խմբագրել

Չափազանց թունավոր օձ է, սակայն մարդկանց և կենդանիների խայթոցների դեպքերը հազվադեպ են։ Միջինասիական կոբրայի թույնն ունի վառ արտահայտված նեյրոտոքսիկ ազդեցություն։ Խայթված կենդանին սկզբում թուլանում է և պասիվանում, բայց շուտով առաջանում են ցնցումներ, շնչառությունը արագանում է, դառնում մակերեսային, և որոշ ժամանակ անց մահը վրա է հասնում շնչառական կենտրոնի լուծանքի հետևանքով։ Խայթոցից հետո տեղական երևույթներ (ուռուցքներ, արյունազեղում) չեն նկատվում։

Կոբրայի թույնն օգտագործվում է դեղամիջոցներ պատրաստելու և փորձարարական կենսաբանության մեջ։ Այս օձի թույնի դեմ շիճուկն ինքնին վտանգ է ներկայացնում մարդու համար՝ ալերգիայի և շոկի տեսքով իմունային պատասխանի բարձր հավանականության պատճառով։ Դրա հետևանքով անգամ «հակակոբրին» նյութի ժամանակին օգտագործման դեպքում տուժածների 1/3-ի շրջանում գրանցվում է մահ, ինչը շատ բարձր ցուցանիշ Է կոբրայի այլ տեսակների համեմատ։

Պահպանում խմբագրել

Բնության մեջ կոբրայի թվաքանակը համատարած ցածր է, ուստի այն ենթակա է պահպանության։ Ավազային անապատներում իրավիճակն ավելի բարենպաստ է, մյուս շրջաններում թիվը կրճատվում է բնակավայրերի ոչնչացման պատճառով։ Հատկապես խոցելի են պոպուլյացիաները գետերի հովիտներում, նախալեռնային անապատներում և նախալեռներում, որտեղ բնակավայրերը ոչնչացվում են արտադրողական տնտեսական զարգացման արդյունքում։

Որպես հազվադեպ տեսակ (3-րդ կատեգորիա)՝ գրանցվել է Թուրքմենստանի (1985), Ուզբեկստանի (1983), ԽՍՀՄ-ի (1984) Կարմիր գրքերում։ Պահպանվել է Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի արգելավայրերում։ Ներկայումս թվաքանակով կրճատվող այս տեսակը (2-րդ կատեգորիա) ներառված է Թուրքմենստանի (1999) և Ուզբեկստանի (2003) Կարմիր գրքերում, ունի NT կարգավիճակ։

Միջազգային կարմիր գրքում, որպես անհետացող տեսակ, գրանցված է եղել 1986-ից մինչև 1994 թվականները (Endangered): 1990-ականների կեսերից մինչ այժմ Բնության պահպանության միջազգային միություն կարմիր ցուցակում անորոշ կարգավիճակ ունի, քանի որ նրա թվաքանակի վերաբերյալ ժամանակակից տվյալներ չկան։

1980-ականների սկզբին կենդանաբանական այգիներում և սերպենտարիաներում տարեկան 300-350 կոբր էր պահվում։

Միջինասիական կոբրան նամականիշների և մետաղադրամների վրա խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գիրք:Атлас пресмыкающихся Северной Евразии. էջ=177
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Naja oxiana - General Details, Taxonomy and Biology, Venom, Clinical Effects, Treatment, First Aid, Antivenoms». WCH Clinical Toxinology Resource. University of Adelaide. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
  3. «Species of Asiatic Naja». The Asiatic Cobra Systematics Page. Bangor University. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.

Գրականություն խմբագրել

  • Красная книга СССР: Редкие и находящиеся под угрозой исчезновения виды животных и растений. Том 1 / Главная ред. коллегия: А. М. Бородин, Банников, Андрей Григорьевич, Владимир Евгеньевич Соколов и др. — 2-е изд. — М.: Лесная промышленность, 1984. — С. 197. — 392 с.
  • Андрей Григорьевич Банников, Илья Сергеевич Даревский, Ищенко В. Г., Рустамов А. К., Николай Николаевич Щербак, Определитель земноводных и пресмыкающихся фауны СССР. — М.: Просвещение, 1977. — С. 317. — 415 с.
  • Ананьева Н. Б., Орлов Н. Л., Халиков Р. Г., Илья Сергеевич Даревский, Рябов С. А., Барабанов А. В. Атлас пресмыкающихся Северной Евразии (таксономическое разнообразие, географическое распространение и природоохранный статус). — СПб.: Зоологический институт РАН, 2004. — С. 177—178. — 232 с. ISBN 5-98092-007-2
  • Даревский И. С., Орлов Н. Л. Редкие и исчезающие животные. Земноводные и пресмыкающиеся: Справ. пособие. — М.: Высшая школа, 1988. — С. 381—382. — 463 с. ISBN 5-06-001429-0
  • Жизнь животных. Том 5. Земноводные. Пресмыкающиеся / под ред. А. Г. Банникова, гл. ред. В. Е. Соколов. — 2-е изд. — М.: Просвещение, 1985. — С. 316—317. — 399 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջինասիական կոբրա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջինասիական կոբրա» հոդվածին։