Տնտեսական աճ
Տնտեսական աճ, բարդ ու բազմակողմանի տնտեսական երևույթ, տնտեսագիտության տեսության և տնտեսական քաղաքականության կարևոր հիմնախնդիրներից մեկը։ Տնտեսական աճը երկրի տնտեսության զարգացման ամփոփ բնութագրիչն է, որը պայմանավորված է ոչ միայն արտադրական ռեսուրսներով, քաղաքականությամբ, օրենսդրությամբ, այլև բազմաթիվ հոգեբանական ու սոցիալական գործոններով։
Էությունը
խմբագրելՑանկացած տնտեսական համակարգում տնտեսական աճը հասարակական արդյունքի ընդլայնված վերարտադրության դրսևորման ձևն է։ Տնտեսական աճի հիմնախնդրի հետազոտման կարևորությունը պայմանավորված է ոչ միայն հասարակական վերարտադրության օրինաչափություններն ավելի խորությամբ պարզաբանելու և տնտեսավարման պրակտիկայում կոնկրետացնելու անհրաժեշտությամբ, այլև շուկայական տնտեսության մեխանիզմի հետ ունեցած անմիջական կապով։ Տնտեսական աճը յուրաքանչյուր պետության կողմից դիտվում է որպես կարևոր տնտեսական ու քաղաքական նպատակ, հասարակության բարգավաճման և նրա բարեկեցության բարձրացման նյութական հիմք։ Այն հասարակական արդյունքի քանակական մեծացումն ու որակական կատարելագործումն է, որը հնարավորություն է տալիս ընդլայնել երկրի տնտեսության հնարավորությունները հասարակության պահանջմունքներն առավելագույն չափով բավարարելու համար։ Տնտեսական աճ ապահովող տնտեսությունն ավելի մեծ հնարավորություններ ունի նոր սոցիալական ծրագրեր իրականացնելու, աղքատության և շրջակա միջավայրի խնդիրները լուծելու ուղղությամբ՝ առանց գոյություն ունեցող սպառման ընդհանուր մակարդակը նվազեցնելու և ներդրումների ծավալները կրճատելու։
Տնտեսական աճը սերտորեն կապված է նաև զբաղվածության հիմնախնդրի հետ։ Եթե զբաղվածության տեսությունը խնդիր է դնում, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի գոյություն ունեցող արտադրական հզորություններն օգտագործվեն լրիվ, ապա տնտեսական աճի տեսության հիմնական նպատակն այն է, թե ինչպես կարելի է մեծացնել արտադրական հզորությունների և հասարակական արդյունքի ծավալը լրիվ զբաղվածության պայմաններում։ Տնտեսական աճը նշանավորվում է նրանով, որ նպաստում է արտադրական ռեսուրսների սահմանափակության և հասարակության պահանջմունքների անսահմանափակության հիմնախնդրի լուծմանը։
Տնտեսական աճի բազմագործոնային բնույթը նկատի ունենալով՝ տնտեսագիտական մտքի նշանավոր տեսաբան Բեն Սելիգմենը նշել է.
Տնտեսական աճի համընդհանուր տեսության մշակումը գրեթե անիրագործելի խնդիր է[1]։ - Բեն Սելիգմեն
|
Տնտեսական աճը նշանավորվում է նրանով, որ նպաստում է արտադրական ռեսուրսների սահմանափակության և հասարակության պահանջմունքների անսահմանափակության հիմնախնդրի լուծմանը։ Տնտեսական աճի ապահովումը պետության համար ոչ միայն կարևոր տնտեսական նշանակություն ունի, այլև հետապնդում է քաղաքական նպատակ։ Տնտեսական աճի պարամետրերը, դրանց շարժընթացը լայնորեն օգտագործվում են բնութագրելու ու գնահատելու համար ոչ միայն ազգային տնտեսության զարգացումը, այլև տնտեսության պետական կարգավորման արդյունավետությունը։ Երկրի բնակչությունը սովորաբար պետության և կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը գնահատում է՝ հիմնվելով տնտեսական աճի և կենսամակարդակի շարժընթացի ցուցանիշների վրա։ Տնտեսական աճը երկրի հեռանկարային զարգացման և նրա տնտեսական բարգավաճման առավել կարևոր գործոնն է, որը տնտեսական ու քաղաքական նշանակություն ունի պետության համար, կենսական նշանակություն՝ երկրի բնակչության համար։ Տնտեսական աճը հասարակական արտադրության ընդլայնումն է և հասարակական արդյունքի քանակական ցուցանիշների ավելացումը։ Տնտեսական աճը երկրի տնտեսական զարգացման բաղկացուցիչ մասն է և անմիջականորեն արտահայտվում է հասարակական արդյունքի ու նրա արտադրության գործոնների քանակական ավելացման և որակական կատարելագործման որոշակի շարժընթացով։ Տնտեսական աճը ընդլայնված վերարտադրության հատկանիշն ու օրինաչափությունն է։ Տնտեսական աճին, որպես վերարտադրական կատեգորիայի, բնորոշ են որոշակի գծեր ու հատկանիշներ. այն հավաքական, ընդհանրացնող կատեգորիա է, որն արտահայտում է հասարակության տնտեսական առաջընթացի քանակական ու որակական կողմերը, նաև հասարակական վերարտադրության կատեգորիա է, որն արտահայտում է մակրոտնտեսական մակարդակի տնտեսական հարաբերություններ ու գործընթացներ։ Ինչպես նշեցինք, տնտեսական աճը ընդլայնված վերարտադրության կարևոր հատկանիշն ու օրինաչափությունն է, հետևաբար դրա տեսակը որոշվում է հենց ընդլայնված վերարտադրության բնույթով։
Տիպեր
խմբագրելՏարբերում են տնտեսական աճի էքստենսիվ և ինտենսիվ տիպեր։
Էքստենսիվ (տարածուն) տնտեսական աճն ապահովվում է արտադրության գործոնների՝ աշխատանքի, կապիտալի, հողի քանակական կամ ծավալային ավելացման հաշվին։ Այն արտահայտվում է «արտադրության դաշտի ընդլայնմամբ»․ արտադրության գործընթացի մեջ են ներգրավվում լրացուցիչ աշխատողներ, հողատարածություններ, կապիտալ ներդրումներ, բնական ռեսուրսներ, որոնք հանգեցնում են արտադրության չափագծերի (մասշտաբների) ընդլայնմանն ու հասարակական արդյունքի մեծացմանը։ Էքստենսիվ տնտեսական աճի դեպքում ենթադրվում է արտադրության գործոնների քանակական ավելացում, որը տեղի է ունենում նախկին տեխնիկական հիմքի վրա։
Ինտենսիվ (լարված) տնտեսական աճը բնութագրվում է առավել կատարելագործված արտադրության գործոնների կիրառմամբ և դրանց ինտենսիվ ու արդյունավետ օգտագործմամբ։ Այս դեպքում արտադրության ծավալաչափերի ընդլայնումը ապահովվում է նորագույն տեխնիկայի կիրառման, աշխատողների որակավորումը բարձրացնելու, արտադրության կազմակերպման ձևերն ու մեթոդները կատարելագործելու շնորհիվ։
Տնտեսական աճի էքստենսիվ և ինտենսիվ տեսակներն առանձին-առանձին կարելի է դիտարկել միայն տեսականորեն․ իրականում դրանք միմյանցից անկախ գոյություն չունեն։ Դրանք արտահայտվում են տնտեսական աճի էքստենսիվ և ինտենսիվ գործոնների փոխադարձ կապի տեսքով։
Տնտեսական աճի տեմպեր
խմբագրելՏնտեսական աճը գնահատվում է ազգային տնտեսության վերջնական արդյունքների՝ իրական ՀՆԱ-ի շարժով։ Տնտեսական աճի չափումը կամ գնահատումը կատարվում է երկու եղանակով.
- համախառն ներքին (ազգային) արդյունքի իրական ծավալի մեծացումը որոշակի ժամանակահատվածում,
- համախառն ներքին (ազգային) արդյունքի իրական ծավալի աճը բնակչության մեկ շնչի հաշվով։
Տնտեսական աճը գնահատելու այս եղանակները փոխադարձաբար կապված են և կիրառվում են որոշակի հետազոտական ու վերլուծական խնդիրներից ելնելով։ Առաջին եղանակը բնութագրում է երկրի տնտեսական ներուժը, նրա արտադրական հնարավորությունները, երկրորդը՝ կիրառվում է բնակչության կենսամակարդակն առանձին երկրներում գնահատելու և միմյանց հետ համեմատելու համար։ Օրինակ, Հնդկաստանի համախառն ազգային արդյունքը գրեթե 70%-ով գերազանցում է Շվեյցարիայի համախառն ազգային արդյունքը, սակայն բնակչության կենսամակարդակով Հնդկաստանը Շվեյցարիայից հետ է մնում ավելի քան 60 անգամ։ Տնտեսական աճի գնահատման երկու եղանակների դեպքում էլ այն չափվում է տարեկան աճի տեմպերով։ Աճի տեմպերը որոշելու համար համախառն ներքին արդյունքի փաստացի ծավալը բաժանվում է նախորդ կամ բազիսային ժամանակաշրջանի ծավալի վրա՝ արտահայտելով տոկոսներով։ Տնտեսական աճի տեմպը գնահատվում է տարեկան հավելաճի տեմպով (Y), որը որոշելու համար համախառն ներքին արդյունքի հավելաճը բաժանում ենք բազիսային ժամանակաշրջանի ծավալի վրա՝ արտահայտված տոկոսներով՝
կամ
որտեղ՝
Yt-ն իրական ՀՆԱ-ի ծավալն է դիտարկվող ժամանակահատվածում,
Yt-1-ը՝ ՀՆԱ-ի իրական ծավալը նախորդ ժամանակահատվածում։
Միջին տարեկան հավելաճի տեմպը որոշվում է.
որտեղ՝
Yt–ն վերջին տարվա ՀՆԱ-ի ծավալն է,
Yt-1–ը՝ բազիսային տարվա ՀՆԱ-ն,
n-ը՝ տարիների թիվը։
Տնտեսական աճի ցուցանիշը միշտ չէ, որ դրական է լինում. եթե տվյալ տարում ՀՆԱ-ն վերարտադրվել է նախորդ տարվա նույն ծավալի չափով, ապա դա նշանակում է, որ տնտեսական աճը զրոյական է, իսկ եթե հասարակական արդյունքը վերարտադրվում է ոչ ամբողջովին, այլ մասնակիորեն, ապա առկա է բացասական աճ։ Բացասական աճը բնորոշ է հատկապես երկրի տնտեսության ճգնաժամային, անկումային իրավիճակներին։ Տնտեսական աճի տեմպը պայմանավորված է հասարակական արդյունքի վերարտադրության բնույթով։
Տնտեսական աճի տեմպերի հիմնախնդիրը կարևոր նշանակություն ունի տնտեսագիտության տեսության մեջ։ Տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովումը երկրի տնտեսության շարժընթաց և առաջընթաց զարգացման նախադրյալն է։ Տնտեսական աճի բարձր տեմպերը, այլ գործոնների անփոփոխ պայմաններում, ենթադրում են երկրի տնտեսական ներուժի մեծացում և բնակչության նյութական բարեկեցության բարձրացում։ Տնտեսական աճի տեմպերի նվազումը տարեկան 3%-ից ցածրի դեպքում, կարող է հանգեցնել նրան, որ բնակչության իրական եկամուտների աճը կդանդաղի և էական ազդեցություն չի ունենա կենսամակարդակի բարձրացման վրա, հատկապես թույլ զարգացած երկրներում։
Քանակական և որակական կողմեր
խմբագրելՏնտեսական աճը բնութագրվում է քանակական և որակական կողմերով։ Տնտեսական աճի քանակն արտահայտվում է տնտեսական աճի տարեկան տեմպերով, հավելաճի յուրաքանչյուր տոկոսի «կշռով» կամ քանակական բովանդակությամբ։ Տնտեսական աճի քանակական գնահատումը հավելաճի յուրաքանչյուր տոկոսի իրական պարունակությամբ, կարևորվում է հատկապես բարձր զարգացած տնտեսություն ունեցող երկրներում, որտեղ ցածր են տարեկան հավելաճի տեմպերը։
Տնտեսական աճի որակը տնտեսագիտության տեսության մեջ բնութագրվում է երկակի իմաստով. տնտեսական աճի որակը կապվում է նրա սոցիալական ուղղվածության կամ կողմնորոշման ուժեղացման հետ և արտահայտվում է բնակչության նյութական բարեկեցության բարելավմամբ, անհատի ազատ ժամանակի մեծացմամբ, սոցիալական ենթակառուցվածքի ճյուղերի զարգացման մակարդակի բարձրացմամբ, մարդկային կապիտալում ներդրումների աճով, աշխատանքի ու կյանքի պայմանների անվտանգության ապահովմամբ, գործազուրկների և անաշխատունակների սոցիալական պաշտպանվածությամբ։ Տնտեսական աճի որակական կողմը բնութագրվում է նաև նրանով, թե ինտենսիվ գործոնների ինչպիսի ծախսումներով է ձեոք բերվում համախառն ազգային արդյունքի հավելաճը, և ինչպիսին է վերջինիս կառուցվածքն ու գործառական նշանակվածությունը։ Այս իմաստով տնտեսական աճի որակը արտահայտվում է արդյունավետ գործոնների նշանակության և արտադրանքի որակի ու տեխնիկական մակարդակի բարձրացմամբ, տնտեսական մեխանիզմի հակածախսայհն ուղղվածության ուժեղացմամբ, վերջնական արդյունքի մեծացմամբ և դրանում սպառման բաժնի ավելացմամբ։
Չափանիշներ
խմբագրելՏնտեսական զարգացման մակարդակը գնահատվում է հետևյալ չափանիշների հիման վրա.
- Բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը, որը հիմք է ծառայում համաշխարհային մասշտաբով զարգացած և զարգացող երկրների խմբերը դասակարգելու համար։ Բարձր զարգացած երկրների խմբին են դասվում բնակչության մեկ շնչի հաշվով տարեկան 15 հազար դոլար և ավելի համախառն եկամուտ ապահովող երկրները։
- Ազգային տնտեսության ճյուղային կառուցվածքը, որը բնութագրում է համախառն ներքին արդյունքի մեջ արտադրության առաջատար ճյուղերի, մասնավորապես՝ մեքենաշինության տեսակարար կշիռը։ Զարգացած երկրներում գոյություն ունեն 150-ից ավելի մեքենաշինական ճյուղեր և արտադրություններ, իսկ տնտեսական զարգացման ցածր մակարդակ ունեցող երկրներում դրանց քանակը ընդամենը 10-15 է։
- Հիմնական արտադրատեսակների արտադրությունը բնակչության մեկ շնչի հաշվով, որը բնութագրում է արտադրության առանձին ճյուղերի զարգացման մակարդակը, ինչպես նաև հասարակության պահանջմունքները բավարարելու համար երկրի ունեցած արտադրական սեփական հնարավորությունները։ Այս ցուցանիշները հաշվարկվում են այնպիսի հիմնական արտադրատեսակների գծով, ինչպիսիք են էլեկտրաէներգիան, պողպատը, ավտոմեքենաները, հիմնական սննդատեսակները և երկարաժամկետ օգտագործման ապրանքատեսակները։
- Տնտեսական արդյունավետության ցուցանիշները, որոնք առավել մեծ չափով են բնութագրում երկրի տնտեսական զարգացման մակարդակը, արտահայտում են արտադրական ռեսուրսների որակը և օգտագործման աստիճանը։ Տնտեսական արդյունավետությունն արտահայտվում է աշխատանքի արտադրողականության, կապիտալահատույցի, նյութատարության և արտադրանքի համեմատական մրցունակության ցուցանիշներով։
- Բնակչության կենսամակարդակը՝ բնութագրվում է համախառն ներքին արդյունքի վերջնական անձնական սպառման կառուցվածքով, «սպառողական զամբյուղի», «կենսանվազագույնի» ցուցանիշներով, կյանքի միջին տևողությամբ, բնակչության կրթական մակարդակով, ծառայությունների ու սպասարկումների ոլորտի զարգացման աստիճանով։
Գործոններ
խմբագրելՏնտեսական աճը հասարակական առաջընթացի կարևոր բաղկացուցիչ մաս է և տնտեսական հիմք․ դրա վրա ներգործում են բոլոր այն երևույթներն ու գործընթացները, որոնք ապահովում են հասարակության սոցիալ-տնտեսական զարգացումը։ Տնտեսական աճն իրականացվում է որոշակի գործոնների հիման վրա. դրանք այն ռեսուրսները, պատճառներն ու շարժիչ ուժերն են, որոնք պայմանավորում են արտադրության ծավալների մեծացման և կատարելագործման անհրաժեշտությունն ու հնարավորությունները։ Տնտեսական աճի աղբյուրներն առանձնացվում են գործոնների երեք խմբերով.
- Առաջարկի գործոններ, բնութագրում են տնտեսական աճի հնարավորությունները և կապված են արտադրական ռեսուրսների քանակական ու որակական հատկանիշների հետ։ Առաջարկի գործոնները ֆիզիկապես հնարավոր են դարձնում արտադրության աճը և հասարակական արդյունքի ավելացումը։ Դրանք դրսևորվում են աշխատանքային ռեսուրսների և բնական ռեսուրսների քանակով ու որակով, հիմնական կապիտալի ծավալով ու կառուցվածքով, արտադրության տեխնոլոգիայով և կազմակերպմամբ, ձեռնարկատիրական ունակությամբ։
- Պահանջարկի գործոններ, անհրաժեշտ են դարձնում տնտեսական աճն այնքանով, որքանով որ պահանջարկի ավելացումը ենթադրում է առաջարկի համապատասխան մեծացում և արտադրության ծավալների աճ։ Պահանջարկի գործոնները դրսևորվում են հասարակության ամբողջական ծախսերի մակարդակի բարձրացմամբ և արտահայտվում են անձնական սպառման մեծացմամբ, ներդրումների աճով, պետական սպառման չափերով, զուտ արտահանման ծավալներով։ Պահանջարկի գործոնները հնարավորություն են տալիս իրացնել երկրի տնտեսական ներուժը և ապահովել ռեսուրսների լրիվ ներգրավում տնտեսական շրջանառության մեջ։
- Բաշխման գործոնները բնութագրում են արտադրական ռեսուրսների այնպիսի տեղաբաշխումը ճյուղերի, ձեռնարկությունների և երկրի տնտեսական տարածաշրջանների միջև, որպեսզի ապահովվի դրանց արդյունավետ օգտագործումն ու առավելագույն վերջնական արդյունքի ստացումը։ Եկամուտների բաշխման կարգը նույնպես կարևոր նշանակություն ունի տնտեսական աճի ներուժի հնարավորություններն իրացնելու համար, եթե այն խթանում է աշխատանքի արտադրողականության բարձրացմանը։ Բաշխման գործոնները այլ կերպ կոչվում են նաև արդյունավետության գործոններ։
Ուղղակի և անուղղակի
խմբագրելՏնտեսական աճի վրա ներգործելու եղանակից կախված՝ տարբերվում են ուղղակի և անուղղակի գործոններ, որոնք հիմնական գործոնների մեկ այլ դասակարգում են։
Ուղղակի են կոչվում այն գործոնները, որոնք անմիջականորեն պայմանավորում են տնտեսական աճի ներուժային կարողություններն ու հնարավորությունները։ Տնտեսական աճի ուղղակի գործոնների կազմի մեջ են մտնում առաջարկի այն գործոնները, որոնք արտահայտում են աշխատանքի, հողի, կապիտալի քանակական ու որակական հատկանիշները և արտադրության տեխնոլոգիական հնարավորությունները։
Տնտեսական աճի անուղղակի գործոնները նպաստում են տնտեսական աճի կարողության կամ հնարավորության իրականություն դառնալուն։ Անուղղակի գործոնների շարքին են դասվում առաջարկի այն գործոնները, որոնք տնտեսական աճի վրա ներգործում են հասարակության մեջ ձեռնարկատիրական ունակությունների և գործարարության ակտիվության բարձրացման, գնային քաղաքականության և վարկային ու հարկային մեխանիզմների միջոցով։
Ներքին և արտաքին
խմբագրելՏնտեսական աճի գործոնները երկայացվում են նաև ներքին ու արտաքին գործոնների խմբերով։
Բուն տնտեսական աճ ապահովող և նրա անհրաժեշտությունը պայմանավորող առաջարկն ու պահանջարկը ներքին գործոններ են։
Տնտեսական աճի արտաքին գործոններ են սոցիալ-հոգեբանականը, քաղաքական, հոգևոր-մշակութայինը։ Արտաքին ու ներքին գործոնները բնութագրում են տնտեսական աճի արտաքին և ներքին ռեսուրսները՝ կախված կապիտալի արտահանման ու փոխառությունների հետ։
Էքստենսիվ և ինտենսիվ
խմբագրելՏնտեսական աճի տիպերին համապատասխան՝ առանձնացվում են տնտեսական աճի էքստենսիվ (տարածուն) և ինտենսիվ (լարված) գործոնների խմբեր։ Այսպիսի բաժանումը վերաբերում է տնտեսական աճի ուղղակի գործոններին։
Տնտեսական աճի էքստենսիվ գործոնները դրսևորվում են աշխատանքային ռեսուրսների, կապիտալի, հողի և բնական ռեսուրսների քանակական ավելացմամբ։
Տնտեսական աճի ինտենսիվ գործոնները արտահայտվում են նրանով, որ արտադրության գործոնների որակական կատարելագործումից բացի, տեղի է ունենում այդ ռեսուրսների օգտագործման եղանակների բարելավում։ Տնտեսական աճի էքստենսիվ և ինտենսիվ գործոնները կապակցված են և չեն կարող գործել ու գոյություն ունենալ զուտ, մաքուր տեսքով։ Տնտեսական աճի գործոնների որակական կատարելագործումը, որն իրականացվում է գիտատեխնիկական առաջընթացի նվաճումների ներդրման հիման վրա, պահանջում է որոշակի ներդրումներ արտադրության միջոցների կամ աշխատուժի մեջ։ Արտադրության միջոցների և աշխատուժի աճը ուղեկցվում են դրանց որակական հատկանիշների բարելավմամբ։
Գոյություն ունեն հասարակական արդյունքի հավելաճի մեջ տնտեսական աճի էքստենսիվ և ինտենսիվ գործոնների ներդրումը կամ բաժինը որոշելու տարբեր եղանակներ ու մեթոդներ։
Որտեղ՝
Y - հասարակական արդյունք
Լ - աշխատանք
K - կապիտալ
N - բնական ռեսուրսներ
Տնտեսական աճի տարածուն (էքստենսիվ) եղանակի դեպքում արտադրության ծավալների մեծացումը կախված է արտադրության գործոնների քանակական ավելացումից։ Եթե աշխատանքը, կապիտալը և բնական ռեսուրսները կամ նյութական ծախսերը ավելանան X անգամ, ապա այլ հավասար պայմաններում արտադրությունը նույնպես կավելանա X անգամ։ Տարածուն տնտեսական աճը ընդլայնված վերարտադրության առավել պարզ և պատմականորեն առաջին ուղին է։ Արտադրության տարածուն ընդլայնումը ենթադրում է երկրում արտադրական ռեսուրսների բավարար քանակի առկայություն։ Այդ տնտեսական աճն ունի ծախսային բնույթ և պայմանավորված լինելով աշխատանքային ռեսուրսների, կապիտալի, բնական ռեսուրսների քանակական ավելացմամբ, վաղ թե ուշ կարող է հասցնել երկրի ռեսուրսային հնարավորությունների սահմանափակմանը և տնտեսական աճի տեմպերի նվազմանը։ Տնտեսական աճի լարված (ինտենսիվ) եղանակի դեպքում հասարակական արդյունքի ավելացումը ապահովվում է արտադրության գործոնների արդյունավետության բարձրացման շնորհիվ։ Այս դեպքում արտադրության գործոնների անփոփոխ քանակի պայմաններում հասարակական արդյունքի աճի և արտադրության գործոնների արդյունավետության գործառութային կապն արտահայտվում է.
որտեղ՝
A - արտադրության գործոնների ամբողջական արտադրողականություն
Շարժիչ ուժեր
խմբագրելՏնտեսական աճն ունի իր շարժիչ ուժերը, դրդապատճառներն ու ներքին աղբյուրները, որոնք պայմանավորում և անհրաժեշտ են դարձնում հասարակության տնտեսական առաջընթացը։ Տնտեսական առաջընթացի ներքին աղբյուր ու շարժիչ ուժ են հակասությունները, որոնց առկայությունը հասարակության տնտեսական կյանքին տալիս է դինամիկ բնույթ՝ անհրաժեշտ դարձնելով նրա տարբեր կողմերի քանակական ու որակական փոփոխությունները։
Տնտեսական աճի և արտադրության անընդհատ զարգացման համընդհանուր պայմանն ու շարժիչ ուժը պահանջմունքների և արտադրության միջև հակասական փոխհարաբերություններն են։ Պահանջմունքների բավարարումը ցանկացած արտադրության վերջնական նպատակն է։ Պահանջմունքները ծնում են անհրաժեշտ բարիքների ցանկալի կերպարը, բնութագիրը և դրանով իսկ՝ խթանում ու կանխորոշում դրանց ստեղծումը։ Պահանջմունքներն առաջանում են արտադրության մեջ. դա վերաբերում է մարդկանց ոչ միայն իրական, այլև այնպիսի պահանջմունքներին, որոնց բավարարման համար նյութական պայմանները դեռևս չեն հասունացել։ Պահանջմունքներն անընդհատ փոփոխվում ու զարգանում են, իրենց բնույթով գրեթե անսահմանափակ են, մինչդեռ արտադրական ռեսուրսներն ու հնարավորությունները սահմանափակ են։ Պահանջմունքների ոչ միայն քանակական, այլև որակական փոփոխությունները պահանջում են արտադրության անընդհատ զարգացում ու կատարելագործում, որոնք արտահայտվում են տնտեսական աճի մեջ։ Արտադրության և պահանջմունքների միջև հակասությունը տնտեսական աճի առավել ընդհանուր և բնական հիմքն է։ Հասարակական հարաբերությունների ոլորտում մարդկանց պահանջմունքները դրսևորվում են տնտեսական շահերի ու խթանների տեսքով, որոնք տնտեսական առաջընթացի ներքին դրդապատճառներն ու շարժիչ ուժերն են։
Տնտեսական շահագրգռությունը տնտեսական համակարգի և նրա կառուցվածքային օղակների շարժընթաց զարգացման և անընդհատ կատարելագործման նախադրյալն է, որը կարևոր նշանակություն է ձեռք բերում հատկապես շուկայական տնտեսության պայմաններում։ Իսկ շուկայական հարաբերություններում կարևորվում է հատկապես նյութական շահը, որը յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի գործունեության նպատակն ու ներքին խթանիչ ուժն է։
Տնտեսական առաջընթացի շարժիչ ուժ է նաև մրցակցությունը։ Տնտեսական մրցակցությունը շուկայական տնտեսության կարևոր հատկանիշն է։ Տնտեսական մրցակցությունը ստիպում է տնտեսավարող սուբյեկտներին՝ անընդհատ կատարելագործել արտադրության տեխնիկան ու տեխնոլոգիան, փնտրել ու կիրառել արտադրության գործոնների առավել արդյունավետ օգտագործման եղանակներ։ Տնտեսական մրցակցությունը զտում, մաքրում է երկրի տնտեսությունը հետամնաց, թույլ ձեռնարկություններից՝ ապահովելով նրա շարժընթաց զարգացումն ու անընդհատ կատարելագործումը։
Քաղաքական և հոգևոր
խմբագրելՏնտեսական զարգացման համար կարևոր դեր են խաղում նաև քաղաքական և հոգևոր գործոնները, որոնք տնտեսական աճի արտաքին ազդակներ են։ Քաղաքականությունը ակտիվորեն ներգործում է հասարակության տնտեսական կյանքի վրա և կարող է տնտեսական առաջընթացի հզոր լծակ դառնալ կամ արգելակել այդ առաջընթացը։
Քաղաքականությունը նպաստում է տնտեսական առաջընթացին այն դեպքում, երբ ճիշտ է արտահայտում հասարակական զարգացման օբյեկտիվ օրինաչափություններն ու տնտեսական օրենքների պահանջները։ Հասարակական արտադրության զարգացումը կարգավորելու և տնտեսական առաջընթացի տեմպերն արագացնելու վրա որոշակի ազդեցություն է գործում նաև օրենսդրությունը. այն լինելով քաղաքական վերնաշենքի տարր, հասարակության տնտեսական կյանքին հաղորդում է որոշակի կարգավորվածություն ու կազմակերպվածություն՝ դրանով իսկ նպաստելով նրա առաջընթացին։
Տնտեսական առաջընթացի վրա անուղղակիորեն ներգործում են նաև բարոյահոգեբանական գործոնները՝ հասարակական գիտակցությունը, աշխատանքի մշակույթը, հասարակության մեջ արմատավորված բարոյական նորմերը, ավանդույթներն ու հոգևոր արժեքները։
Գիտատեխնիկական առաջընթացը տնտեսական աճի գործոն
խմբագրելԱրտադրության տեխնոլոգիական եղանակը արտահայտվում է տեխնիկայի ու տեխնոլոգիայի, աշխատանքի առարկաների և արտադրության կազմակերպման ձևերի ու մեթոդների միասնությամբ։ Արտադրության տեխնոլոգիական անցումը մի եղանակից մյուսին հիմնականում պայմանավորված է գիտության ու տեխնիկայի առաջընթացով։ Գիտատեխնիկական առաջընթացի հետևանքով արտադրության տեխնոլոգիական եղանակներում կատարվող որակական փոփոխությունները դրսևորվում են հետևյալ ուղղություններով.
- աշխատանքի միջոցների, արտադրության տեխնիկայի որակական կատարելագործումը,
- արտադրության տեխնոլոգիայի փոփոխությունները և աշխատանքի առարկաների վրա տեխնոլոգիական ներգործության մեթոդների կատարելագործումը,
- աշխատանքի նոր առարկաների ստեղծումը, որոնք փոխարինում են բնական նյութերին, հատկանիշներով գրեթե չեն տարբերվում դրանցից,
- էներգիայի նոր աղբյուրների հայտնագործումն ու կիրառումն արտադրության մեջ,
- արտադրության կառուցվածքի ու կազմակերպման որակական փոփոխությունները,
- գիտության վերածումը անմիջական արտադրողական ուժի,
- աշխատողների կրթական ու որակական մակարդակի բարձրացումը և արտադրական գործընթացների վերահսկման ու կառավարման մեջ նրանց դերի մեծացումը։
Գիտատեխնիկական առաջընթացը որոշակի ազդեցություն է ունենում արտադրության մեջ կիրառվող աշխատանքի ու կապիտալի հարաբերակցության և, դրանով պայմանավորված՝ արտադրության արդյունավետության ցուցանիշների փոփոխության վրա։ Ժամանակակից տնտեսագիտության մեջ տարբերում են գիտատեխնիկական առաջընթացի բացարձակ, հարաբերական և չեզոք տարատեսակները։
Բացարձակ
խմբագրելԲացարձակ ԳՏԱ-ն արտահայտվում է նրանով, որ ուղեկցվում է աշխատանքի արտադրողականության և կապիտալահատույցի բարձրացմամբ։
Որտեղ՝
կապիտալազինվածության աճ - k
կապիտալ - K
աշխատողների թվաքանակ - N
Չեզոք
խմբագրելԵրբ աճող կապիտալազինվածությունը և աճող աշխատանքի արտադրողականությունը ուղեկցվում են հաստատուն կապիտալահատույցով, գգիտատեխնիկական առաջընթացը չեզոք է։ Տնտեսագիտության տեսության մեջ առանձնացվում են չեզոք ԳՏԱ-ի երեք տարատեսակներ, որոնք կոչված են դրանք հետազոտողների (Հիքսի, Սոլոուի, Հարրոդի) անուներով։
Եթե աշխատանքի կապիտալազինվածության հաստատուն մեծության դեպքում աշխատանքի և կապիտալի միջև սահմանային փոխարինումը ( ) մնում է կայուն, ապա տեղի ունի չեզոք ԳՏԱ ըստ Հիքսի։
Եթե աշխատանքի ֆիքսված սահմանային արտադրողականությունը համապատասխանում է ֆիքսված միջին արտադրողականությանը ( և ), ապա գոյություն ունի չեզոք ԳՏԱ ըստ Սոլոուի։
Եթե կապիտալի հաստատուն սահմանային արտադրողականության ( ) դեպքում կապիտալի միջին արտադրողականությունը կամ կապիտալահատույցը ( ) նույնպես հաստատուն է, ապա ԳՏԱ-ն չեզոք է ըստ Հարրոդի։
Հարաբերական
խմբագրելԵրբ կապիտալահատույցի և աշխատանքի արտադրողականության աճի դեպքում կապիտալազինվածությունը մնում է հաստատուն տեխնիկական առաջընթացը հաստատուն է։ Աշխատանքի ֆիքսված կապիտալազինվածության դեպքում աշխատանքի արտադրողականության աճը, եթե ուղեկցվում է իջնող կապիտալահատույցով, ապա տնտեսությունը բնորոշվում է աշխատախնայողական (կապիտալատար) տեխնիկական առաջընթացով, իսկ եթե կապիտալահատույցի աճն ուղեկցվում է աշխատանքի արտադրողականության նվազմամբ, ապա առկա է կապիտալախնայողական (աշխատատար) տեխնիկական առաջընթացը։
Տնտեսական աճի մոդելներ և տեսություններ
խմբագրելՀարրոդ-Դոմարի մոդել
խմբագրելՏնտեսական աճի քեյնսյան տեսությունը բազմաթիվ հետնորդներ ձեռք բերեց տնտեսագիտության մեջ, որոնց շնորհիվ ձևավորվեցին տնտեսական աճի նորքեյնսյան և հետքեյնսյան տեսություններն ու մոդելները։ Տնտեսական աճի տեսության զարգացման, նրա գործնականացման և կոնկրետացման գործում նշանակալից ներդրում են ունեցել անգլիացի տնտեսագետ Ռոյ Հարրոդը[2] և ամերիկացի տնտեսագետ Եվսեյ Դոմարը[3]։ Նրանք, միմյանցից անկախ, առաջադրեցին տնտեսական աճի գնահատման իրենց մոդելները։ Նմանությունների պատճառով տնտեսագիտության մեջ մոդելը ընդունված է անվանել «Հարրոդ-Դոմարի մոդել»։ Այն օգտագործվում է տնտեսության զարգացման մեջ, որպեսզի բացահայտվի տնտեսական աճի տեմպերը խնայողության ու կապիտալի արտադրողականության տեսանկյունից։
Մաթեմատիկական ֆորմալիզմ
խմբագրելԵնթադրենք Y-ը արտադրանքն (թողարկում) է, ինչը եկամուտ է բերում, K-ն կապիտալն է, S-ը խնայողությունն է, s-ը խնայողությունների գործակիցն է, I- ներդրումներն են։ δ կապիտալի ամորտիզացիայի գործակիցն է. Ըստ Հարրոդ-Դոմարի մոդելի կարելի է կատարել հետևյալ ենթադրությունները․
1: Արտադրանքը կապիտալի շուկայի ֆունկցիա | |
2: Կապիտալի հաստատուն սահմանային արտադրողականության դեպքում կապիտալի միջին արտադրողականությունը կամ կապիտալահատույցը նույնպես հաստատուն է | |
3: Կապիտալը անհրաժեշտ է արտադրանքի համար | |
4: Խնայողությունների գործակցի և արտադրանքի արտադրյալը հավասար է խնայողություններին, որն էլ հավասար է ներդրումներին | |
5: Կապիտալը փոփոխությունը հավասար է հիմնական կապիտալի ամորտիզացիայի ներդրումների պակասին |
Արտադրանքի տնտեսական աճի շեղումը․
4-րդ և 5-րդ ենթադրությունների հիման վրա կարող ենք որոշել կապիտալի աճի տեմպը
Քոբ-Դուգլասի արտադրական ֆունկցիա
խմբագրելՔոբ-Դուգլասի արտադրական ֆունկցիա, արտադրության ծավալների կախումը դրանց ստեղծող արտադրական գործոններից․ աշխատանքի ծախսումների և կապիտալի՝ :
Առաջին անգամ այս տեսությունը առաջարկվել է Կնուտ Վիքսելի կողմից։ 1928 թվականին ֆունկցիան ուսումնասիրվել է Քոբ Չարլզի և Փոլ Դուգլասի վիճակագրական տվյալների հիման վրա՝ «Արտադրության տեսություն» աշխատության մեջ։ Այդ հոդվածում փորձ արվեց էմպիրիկ մեթոդով ԱՄՆ–ի արդյունաբերության մեջ որոշել ծախսվող կապիտալի և աշխատանքի ազդեցությունը թողարկվող արտադրանքի ծավալի վրա։ Ֆունկցիայի ընդհանուր տեսքը․
- ,
որտեղ –ը տեխնոլոգիական գործակիցն է, –ն՝ աշխատանքի առաձգականության գործակիցը, իսկ –ը՝ կապիտալի առաձգականության գործակիցը։
Եթե –ը հավասար է մեկի, ապա Քոբ–Դուգլասի ֆունկցիան գծային է, այսինքն՝ ցույց է տալիս, թե ինչքան գումար է վերադառնում արտադրողին արտադրության մասշտաբների փոփոխության ժամանակ։
Եթե –ը մեծ է մեկից, ապա այն ցույց է տալիս, թե ինչքանով է աճում եկամուտը, իսկ մեկից փոքրի դեպքում՝ է նվազում։
Առաջին անգամ արտադրական ֆունկցիան հաշվարկվել է 1920-ական թվականներին ԱՄՆ–ի արդյունաբերության օրինակով․
- .
Քոբ-Դուգլասի արտադրական ֆունկցիայի ընդհանրական տեսքը համարվում է անընդհատ փոփոխման առաձգականության ֆունկիան (CES-ֆունկցիա)։ , որի համար սահմանում ստանում ենք :
Սոլոուի մոդելի ընդհանուր բնութագիրը
խմբագրելՍոլոուի մոդելը տնտեսական աճի նորդասական մոդել է, մշակվել է 1996 թ․-ին։ Այն հնարավորություն է տալիս վերլուծելու տնտեսության կրած փոփոխությունները ժամանակի ընթացքում։ Դինամիկ վերլուծության միջոցով հնարավոր է պարզել, թե կապիտալի կուտակումը, բնակչության աճը և տեխնոլոգիական առաջադիմությունըինչպես են ազդում տնտեսական աճի վրա։ Սոլոուի մոդելի օգնությամբ կարող ենք դիտարկել, թե ինչպես է տնտեսական քաղաքականությունը ազդում կենսամակարդակի բարելավման վրա։
Մոդելում օգտագործվել են հետևյալ նախապայմանները՝ կատարյալ մրցակցություն, գների ճկունություն, լրիվ զբաղվածություն, ռեսուրսների փոխադարձ փոխարինելիություն, կայուն հատույց մասշտաբից, կապիտալի նվազող սահմանային արտադրողականություն, դուրսգրման կայուն նորմ, ներդրումային լագի բացակայություն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Курс экономической теории, под ред. Чепурина М. Н., М., 2004, стр. 606
- ↑ Harrod, Roy F. (1939). «An Essay in Dynamic Theory». The Economic Journal. 49 (193): 14–33. JSTOR 2225181.
- ↑ Domar, Evsey (1946). «Capital Expansion, Rate of Growth, and Employment». Econometrica. 14 (2): 137–147. JSTOR 1905364.
Աղբյուրներ
խմբագրել- Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Եր.: Տնտեսագետ, 2008.- 172 էջ
- Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.՝ տ.գ.դ., պրոֆ. Գ.Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի.Ե. Խլղաթյանի.-Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
- Թամարա Տոնոյան, Տնտեսագիտության հիմունքներ․ - Երևան, 2003 թ, 142 էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տնտեսական աճ» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |