Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովիտ (այլ կիրառումներ)

Հովիտ, ռելիեֆի երկայնաձիգ, իջվածքային ձև՝ առաջացած հոսող ջրի քայքայիչ գործունեության և երկրակեղևի տեկտոնական խախտումների հետևանքով։ Հայաստանի տարածքին բնորոշ են լեռնային գետերի կիրճաձև (Որոտանի, Դեբեդի, Քասաղի), կանիոնաձև (Հրազդանի, Արփայի, Ազատի), V-աձև (Գետիկի ևն) հովիտները։ Առանձնանում են երկայնակի (Փամբակի, Ճորոխի), լայնակի-անտեցեդենտ (Արաքսի հովիտը Մեղրու մոտ) տեկտոնական հովիտները։ Որոշ լեռնային գետեր միջին և ստորին հոսանքներում առաջացնում են հարթավայրային, ողողատային հովիտներ (Արաքսը՝ Արարատյան դաշտում)։ Լեռնային շրջաններին բնորոշ են նաև տաշտակաձև-սառցադաշտային հովիտները (Մանթաշի, Ամբերդի ևն)։

Հովիտ

Հայաստանի տարածքի լեռնային գետերի հովիտները վերնագավառում հաճախ եզրավորվում են ջրհավաք ձագարներով և սառցադաշտային կրկեսներով։

Հարթավայրային գետերի ողողատները լավագույն խոտհարքներ են, դարավանդներն օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով։ Լեռնային գետերի հովիտներում հիմնադրում են բնակավայրեր։ Հովիտների լանջերը հիմնականում ծածկված են անտառներով։ Հովիտների ձևաբանական վերլուծության միջոցով պարզաբանում են տվյալ վայրի երկրաբանական զարգացման նորագույն պատմությունը, հայտնաբերում ցրոնային հանքավայրեր և համապատասխան եզրակացությունների հանգում հիդրոտեխնիկական կառույցներ նախագծելիս։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 551
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։