Օրբելի եղբայրների տուն-թանգարան
Օրբելի եղբայրների տուն-թանգարան, 1972 թվականին ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի հուլիսի 21-ի թիվ 43 որոշմամբ Օրբելի եղբայրների հիշատակը հավերժացնելու նպատակով՝ տունը, որտեղ ծնվել է ակադեմիկոս Լևոն Օրբելին, վերածվել է տուն-թանգարանի։
Օրբելի եղբայրների տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան և վանական համալիր |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Ծաղկաձոր[1] |
Կազմված է | Օրբելի եղբայրների հուշարձան |
Հասցե | Օրբելի եղբայրների թանգարան (12)[2] |
Հիմնադրվել է | 1972 |
Կայք | orbelimuseum.am |
Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն
խմբագրելՕրբելի եղբայրների տուն-թանգարանը բացվել է 1982 թվականի հուլիսի 6-ին՝ ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակի միջոցառումների շրջանակում։ Տուն-թանգարանի նպատակն է պահպանել և սերունդներին փոխանցել այն հոգևոր արժեքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են Օրբելի եղբայրների անվան հետ։ Թանգարանը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո։
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանն ունի շուրջ 2000 մշակութային արժեքների հարուստ հավաքածու՝ գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային առարկաներ։ Թանգարանը ստեղծվել է աշխատակիցների ջանքերով և հատկապես Օրբելի եղբայրների հարազատների, բարեկամների, աշակերտների օժանդակությամբ, որոնք նվիրաբերել են թանգարանին նրանց վերաբերող բազմաթիվ նյութեր։ Դրանք հիմնականում ձեոք են բերվել Սանկտ Պետերբուրգ քաղաքից։
Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից՝ գիտական և հուշային։ Սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին՝ գիտական և հասարակական գործունեությունը։
Թանգարանի երեք հուշասենյակներում ցուցադրված է Օրբելի եղբայրների աշխատասենյակների կահույքը՝ գրասեղանը, բազմոցը, բաղկաթոռը, գաղտնապահարանը, ինչպես նաև գրքերը, անձնական իրերը, ձեռագրերը, լուսանկարները, փաստաթղթերը և կենցաղային առարկաները։
Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում գրադարանը, որն ամփոփում է հայերեն հին հրատարակություններ, ինչպես նաև օտար լեզուներով՝ ռուսերենով, գերմաներենով, իտալերենով գրքեր, որոնցից շատերը կրում են Օրբելիների կողմից արված նշումներ։ Այստեղ են պահվում նաև նրանց կողմից հրատարակված աշխատությունները։ Թանգարանում կան գրաֆիկական և յուղաներկ նկարներ, ինչպես նաև յուրահատուկ տեխնիկայով բարդու աղվամազից պատրաստված դիմանկարներ։ Լուսանկարների հարուստ ֆոնդը վառ պատկերացում է տալիս Օրբելի եղբայրների և նրանց ժամանակակիցների մասին, իսկ կենցաղային զանազան իրերը նրանց ապրած կյանքի և նախասիրությունների լուռ վկաներն են։
Թանգարանի հարևանությամբ է գտնվում Օրբելի եղբայրների հուշաքանդակը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան, ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան)։
Միջոցառումներ
խմբագրելԹանգարանում կազմակերպվում են հոբելյաններ, ժամանակավոր ցուցադրություններ, բաց դասեր, գրքերի շնորհանդեսներ, ինչպես նաև գիտական ընթերցումներ, հուշ-երեկոներ նվիրված Օրբելի եղբայրներին, որի ընթացքում հնչում են Օրբելիների սիրած մեղեդիները, ընթերցվում են հատվածներ նրանց նամակներից[3]։ Այս միջոցաոումներին մասնակցում են քաղաքի միջնակարգ և արվեստի դպրոցների սաները, հրավիրվում են հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ։
Հասցե
խմբագրելԹանգարանը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների փողոցի 12 հասցեում։
Պատկերասրահ
խմբագրել-
Միջոցառում Օրբելի եղբայրների տուն-թանգարանում
-
Օրբելու կնոջ դաշնամուրը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ http://orbelimuseum.am/контакты/?lang=ru (ռուս.)
- ↑ Ցուցադրություն Օրբելի եղբայրների տուն-թանգարանում(չաշխատող հղում)
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 6.5/4 |