Հովհաննես Երզնկացի

հայ մատենագիր

Հովհաննես Երզնկացի (մոտ 1230-ականներ[1], Եկեղյաց, Բարձր Հայք, Մեծ Հայք[1] - 1293[1], Ակներ (վանք), Ակներ, Ղարաքյոյ[1]), հայ նշանավոր վարդապետ և մատենագիր։

Հովհաննես Երզնկացի
Դիմանկար
Ծնվել էմոտ 1230-ականներ[1]
ԾննդավայրԵկեղյաց, Բարձր Հայք, Մեծ Հայք[1]
Մահացել է1293[1]
Մահվան վայրԱկներ (վանք), Ակներ, Ղարաքյոյ[1]
ԳերեզմանԵրզնկա[1]
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունփիլիսոփա, գիտնական, մատենագիր, մեկնիչ, քերական, արվեստագետ, ուսուցիչ և հասարակական գործիչ
 Hovhannes Yerznkatsi Pluz Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1225-1230 թվականների միջև, Մեծ Հայքի Եկեղյաց գավառում։ Երզնկացի է կոչվել կամ իր ծննդավայրի անունով և կամ տեղի հռչակավոր վանքերում կրթություն ստացած լինելու պատճառով։ Պլուզ մականունը նրան, հավանաբար, տրվել է կարճահասակության համար։ Դրա մասին է ակնարկում նաև ժողովրդական ավանդությունը, ըստ որի նա եղել է փոքրամարմին։

Երզնկացու մանկությունն անցել է հայրենի երկրի Լուսավորչի լեռներում գտնվող դպրանոցներում։ Ուսման ծարավը նրան տարել է աշակերտելու ժամանակի նշանավոր ուսուցիչ Վարդան Արևելացուն, որին և հետագայում հիշում է երախտագիտությամբ, անվանում իր հոգևոր հայրը։ Երզնկացին հմտացել է փիլիսոփայության, տիեզրագիտության, քերականության մեջ, խորամուխ է եղել արվեստների, երաժշտության, բժշկության ու զանազան բնական գիտությունների մեջ։

1270-1280-ական թվականներից սկսվում է Երզնկացու եռանդուն գործունեության շրջանը, նա մասնակցում է երկրի թե՛ գիտական և թե՛ քաղաքական կյանքի ամենակենսական իրադարձություններին, լինում է ոչ միայն Հայաստանի, այլև Կիլիկիայի տարբեր քաղաքներում, Երուսաղեմում ու Տփղիսում՝ ամենուրեք վայելելով մեծ հեղինակություն։ Երզնկացին գործուն պայքար է մղում 13-14-րդ դարերում լայն ծավալ ու քաղաքական սուր բնույթ ստացած ունիթորական (այդ ուղությունը ընդունում էր ազգային եկեղեցիների կաթոլիկացումը և Հռոմի պապի գերիշխանությունը) շարժման դեմ, հասարակական ու եկեղեցական հատուկ կանոններ գրում՝ հանուն ազգապահպանության, հայ եկեղեցու և պետականության հաստատման։

1280 թվականին նա արդեն Երզնկա քաղաքի արհեստավորների ու առևտրականների համար կազմակերպված «եղբայրության» հոգևոր հայրն էր, որ «Սահման և կանոնք» էր գրում նաև «տղայահասակ մանկանց աշխարհականաց» համար։

1281 թվականին Երզնկացին մեկնում է Թեոդուպոլիս (Կարին), որպես կաթողիկոսի հատուկ պատվիրակ, ապա պատվեր է ստանում քերականության մեկնություն գրելու, որն ավարտում է 1291 թվականին։ 1293 թվականին Երզնկացին կնքում է իր մահկանացուն։ Նրա շիրիմն ամփոփված է Երզնկայի Սբ. Նշան եկեղեցու առաջնորդական աթոռի տակ։

Երզնկացու մասին պահպանվել են ավանդություններ, որոնք նրա անունը կապում են զանազան հրաշագործությունների հետ։ Նա կոչվել է «սուրբ և իմաստուն», «բանիբուն և աշխարհալոյս վարդապետ», «խստալոյս իմաստասէր», «անյաղթ» և այլն։ Նրա գերեզմանը համարվել է սրբատեղի։

Գրական գործունեություն

խմբագրել

Հովհաննես Պլուզ Երզնկացու անունով մեզ հասել են փիլիսոփայական, բնագիտական, տիեզերագիտական, քերականական, կանոնական, խրատական, մեկնողական, դավանաբանական-քաղաքական, աստվածաբանական և այլ բնույթի բազմաթիվ գործեր ու չափածո երկեր, որոնց թիվն անցնում է հարյուրից։

Հայ միջնադարի գիր ու գրականության զարթոնքի, գիտության ու արվեստների վերածնության արտահայտությունը լինելով, դրանք մղում են դեպի նորը, ձգտում և հետաքրքրություն են առաջացնում ուսումնասիրելու, ճանաչելու աշխարհը, գիտականորեն բացատրելու բնական ու հասարակական երևույթները, նրանց առաջացման, զարգացման ու գոյության օրինաչափությունները։ Արժեքավոր են այն աշխատությունները, որոնք շոշափում են փիլիսոփայական, բնագիտական ու տիեզերագիտական հարցեր։ Սրանց մեջ հեղինակը ոչ միայն ընդունում ու պաշտպանում է արտաքին աշխարհի գոյությունը, այլև դնում է նրա ճանաչման անհրաժեշտությունը։ Աշխարհընկալման ու ճանաչման հիմքը նա համարում է սքանչացումը, իսկ միջոցը մարդու, հինգ զգայարանները։

Եթե ճանաչման հիմքը Երզնկացին համարում էր սքանչացումը, ապա կյանքի ու գոյության հիմքը շարժումը։ Ըստ նրա ամեն ինչ մշտաշարժ է և փոփոխելի. շարունակական շարժման և հարափոփոխության հետևանք են ոչ միայն բնության երևույթները, այլև հասարակական կյանքում ևս գոյություն ունեցող հակասությունները, անհավասարություններն ու անարդարությունները, ինչպես նաև ծնունդն ու մահը։ Կարևոր է նկատել, որ Երզնկացին մահը բացատրում է գիտականորեն՝ ո՛չ թե հոգու բացակայությամբ, այլ մարմնի՝ նյութի քայքայումով։

Գիտական և բանասիրական բարձր արժեք ունի Երզնկացու Քերականության մեկնությունը, ո'չ միայն լեզվի ու քերականության, այլև տաղաչափության, գրականագիտության և գրականության տեսության հետ կապված մի շարք կարևոր հարցերի արծարծումը։ Նա սահմանել է չափն ու ժանրերը (տաղ, հանգերգություն, ողբերգություն, դյուցազնաերգություն, կատակերգություն, դավաբանական, առասպել, զրույց, [պատմություն) և այլն, ուսուցողական նպատակներով հայերեն է թարգմանել տողեր Իլիականից ու Ոդիսականից, ինչպես նաև Հոմերոսի կենսագրությանն ու ստեղծագործությանը վերաբերող պատմություններ։ Անդրադարձել է նաև արվեստի հարցերի, բացատրել երաժշտական հասկացություններ, բնութագրել հոգևոր ու աշխարհիկ երաժշտությունը, երաժշտության դերը մարդու կյանքում և այլն։ Մեկնությունը կազմել է այնպիսի հմտությամբ, որ երկար ժամանակ մնացել է որպես քերականական գիտելիքների ուսուցման հիմնական ձեռնարկ։ Նրանից են օգտվել հետագա հեղինակները, այդ թրվում՝ Եսայի Նշեցին և Հովհաննես Ծործորեցին։

Գնահատելի են Երզնկացու մանկավարժական, բժշկագիտական հայացքները և ժամանակի հասարակական-քաղաքական անցուդարձերին, սոցիալ-տնտեսական հարաբերություններին, կենցաղին, բարքերին, ծեսերին, հավատալիքներին վերաբերող հարուստ տեղեկությունները։

Ստեղծագործությունը

խմբագրել

Երզնկացու արձակի հիմնական ու առանցքային գաղափարներն իրենց հուզական արտահայտությունն են գտել նրա չափածոյում։

Դրանք աշխարհիկ և կրոնական ստեղծագործություններ են՝ տաղեր, շարականներ, ողբեր, մեղեդիներ, խոհա-խրատական, իմաստաբանական քառյակներ։ Երզնկացու չափածոն զարգանում է երեք հիմնական ուղղությամբ՝ կրոնական, գիտական և աշխարհիկ։

Կրոնական երկեր

խմբագրել

Կրոնական երկերը, թեև առաջին հայացքից թվում են սովորական, միայն աստվածաշնչային թեմա ունեցող բանաստեղծություններ, իրականում բացահայտում են նաև մարդկային մտքի ալեկոծումն ու ներհակությունը, զգացումների բազմերանգությունը, կյանքի ու բնության մեծ սերը։

Զիմ գեղեցիկ զարդերքն առին

խմբագրել

Դրախտից արտաքսված Ադամի ողբն ու սուգն, ըստ էության, սրտի տանջանքն ու ներքին տառապանքն է այն մարդու, որ զրկվել է իր ունեցած գեղեցիկ ու հանգստավետ կյանքից, որ իր սիրո, դեպի իր կյանքի ընկերն ունեցած մարդկային վերաբերմունքի պատճառով, նրա ծանր վիշտն ու դառնությունը կիսելու, նրան գթալու հետևանքով արժանացել է պատժի։ Սա և՛ ողբ է, և՛ կյանքի՛ սեր ու կարոտ, և' գեղեցիկ բնապատկեր.

Զիմ գեղեցիկ զարդերքն առին
Զիս անողորմ մերկացուցին
Վասըն միոյ պատուիրանին՝
Անմահական ծառոյ պտղին։
Հօսկայ մերկ եմ ես հիմայ,
Եւայ նըստել ու խիստ կուլայ։
Ա~հ, կու յիշեմ ըզձեզ ծաղկունք,
Անուշահամ աղբերակունք.
Ա~հ, կու յիշեմ ըզձեղ թըոչունք
Քաղցրաբարբառ, և անասունք,
Որք ըզդրախտըն վայելէք,
Ձեր թագաւորն եկայք լացէք։

Ես աղաչեմ զձեզ, սերովբէք

խմբագրել

Սա և՛ գանգա'տ է, և՛ ներման ու հաշտության աղերս, և՛ կյանք ու սեր.

Ես աղաչեմ զձեզ, սերովբէք,
Գանդատ ունիմ, ի՛նձ լսեցէք.
Երբ ի յադին դրախտըն մտնէք,
Յանմահ պըտղոյն ճիւղ մի առէք,
Բերէք յաչացս ի վրայ դրէք,
Զխաւարեալ աչս ողջացուցէք։
Երբ ի դըրախտըն մըտանէք,
Ըզդրախտին դուռըն մի փակէք,
Զիս ի դիմաց կանգնեցուցէք,
Պահ մի հայիմ կարճ, դարձուցէք։

Մեկ այլ տաղում Աստվածածնի ողբն է։ Այն արտահայտում է երկրային, աշխարհիկ զգացումներ, սիրելի ու միակ զավակի հետ կապված հույսեր, սպասելիքներ։ Սա սուգն է իր վշտով լսողներին համակող որդեկորույս մոր, որի համար այլևս ոչինչ արժեք չունի աշխարհում.

Թող արեգակն խաւարի,
Եւ լոյս լուսնի նուաղի,
Երկիր հիմամբք սասանի,
Վէմք ի վիմանց պատառի։

Աշխարհիկ երկեր

խմբագրել

Երզնկացու աշխարհիկ տաղերի մեջ խորն է կյանքի խոհա-փիլիսոփայական ըմբռնումը։ Այստեղ մարդն է իր երերուն ու անհաստատ գոյությամբ, հոգին զբաղեցնող ու տանջող մտքերով, մահվան տագնապով, բայց և ապրելու սիրով ու տենչով, իմաստության հասնելու ծարավով.

Յաստընուորս ենք կարօտ յերկնից ի բարոյն,
Ու ծածկեալ ենք մեղօք, զինչ լոյսն ի յամպոյն.
Մեք բուսաք զերթ ծաղիկ յերեսն ի հողոյն,
Ծարաւած ենք բանի, զինչ տունկն ի ջըրոյն։
Մեք նըման ենք նաւին՝ ի մէջն ի ծովուն,
Անդադար ենք կենօք, զինչ նաւն ի քամուն,

Ի դրախտէն ենք ելած ու յանմահ պըտղոյն,
Կու մաշինք յաշխարհիս ի հոգն ի մահուն։

Եվ ապա՝ հոգու և մարմնի կյանք մաշող երկընտրանքն ու հավիտենական պայքարը.
Զերկուսս ընկեր ո՞նց պահեմ, մեկըս՝ հող, մեկըս հոգի է,
Հոգիս թէ ի վեր քարշէ, հողըս ծանր ի վայր կու հակէ,
Վախեմ թէ հողոյս լըսեմ, նա հոգոյս լոյսն պակասէ,
Ու հետ հոգոյն ո՞վ թըռչի, երբ նորա տունըն հեռի է։

Աշխարհիկ երկերը նաև խրատ են ուսման, գիտության, ընտանիքի ու կենցաղի բարոյակրթման, առաքինության։ Սրանք ծառայում են միևնույն նպատակին՝ դաստիարակել, լուսավորել ազգը, մաքրել հասարակությունն արատներից, վերացնել չարիք ծնող պատճառները՝ տգիտությունը, անուսումնությունն ու վատ բարքերը։ Խրատներն ուղղված են հասարակության գրեթե բոլոր խավերին՝ աղքատ թե հարուստ, ծառա թե իշխան, երիտասարդ թե ծեր, մանուկ՝ դեռևս ուսման կարոտ, թե ուսումնական։

Այս շարքի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Երզնկայի «եղբայրութեան» Հակոբի խնդրանքով գրված բանաստեղծությանը։ Սա կարճ տողերով հորինված մի խրատական է, որ նպատակ ունի «զխորհուրդ մարմնոյն, որ է անգիտութիւնն և մեղքն, փոխել ի հոգևորն, որ է գիտութիւն, և ի կեանքն»։

Գիտական երկեր

խմբագրել

Գիտության գովք հանդիսացող քերթվածները ամբողջացնում են խորհող ու փիլիսոփայող բանաստեղծի մտքերը։ Բնության ու մարդու մասին տալով գիտական բացատրություններ, կրկին սեր ու հետաքրքրություն առաջացնելով դեպի ուսումն ու իմացությունը, Երզնկացին ընդգծում է, թե ամեն ինչ անցողիկ է, ժամանակավոր, ունի սկիզբ և վախճան, մինչդեռ իմաստությունը մնայուն է և աշխարհի բարին վայելելու անսպառ աղբյուր.

Պատկերին փառքն ամեն նըման է ծաղկի,
Թէ հողմ յինք շնչէ, նա շուտ թառամի։

Հարըստին գանձն ամեն զերթ ջուր հեղեղի,
Որ հոսէ պահ մի գայ ու շուտ ցամաքի։
Բարձր գաղափարայնության հետ ձուլված լեզվի և ոճի երաժշտականության շնորհիվ Երզնկացու բանաստեղծություններից շատերը երգվել են։

Քնարերգություն

խմբագրել

Ընդարձակելով միջնադարում լայն ծավալ ստացած խրատական ոտանավորի սահմանները, Երզնկացին ստեղծում է քնարերգության մի նոր տեսակ՝ խոհա-խրատական, իմաստաբանական բանաստեղծություն, որ հատուկ չափ ու բովանդակություն ստանալով՝ հասնում է իր կատարելությանը՝ քառյակների ձևով։ Կյանքի սերն ու մահվան ողբերգությունը խորապես արտահայտող այսհայրեններն առանձնահատուկ և արժեքավոր տեղ են գրավում Երզնկացու չափածոյում։ Սրանց մեջ ամենից ավելի երևում է նշանավոր գեղագետն ու բանաստեղծը։ Իրականության ու բնության գեղեցկությունների կամ իր տպավորությունների ու զգացողությունների անմիջական նկարագրությունը չեն սրանք, այլ դրանցից ծագած մտքեր, հույզեր ու դատողություններ, համամարդկայինի հասցրած անձնական, անհատական իարհրդածություններ՝ փիլիսոփայական համապատասխան ընդհանրացումներով։ Քնարերգուին զբաղեցնում են աշխարհի գեղեցկությունը, հակադրություններով շաղախված մարդու բնությունը, կյանքն ու մահը, մարդկային միտքը մշտապես տանջող «անդենի» անորոշությունը և կենդանի՝ «աղուոր շինուածը» քանդվելու անհուն ցավը.

Շաղղած ես ի չորս իրաց, այդցեղ շէնքդ ամուր չի լինի,
Օդըն հողոյն ի՞նչ նըման, հուրն ու ջուրն են խիստ ատելի,
Ի հակառակէ ստեղծած և եղած ես մարդ կենդանի,

Վերնայ օդն ու հուրն ու չուին, ու մարմինըդ դառնայ փոշի։
Ճամփորդ քեզ յայնժամ ասեմ, որ զճամփի հատըն գիտենաս,
Ծընել ես 'ւ յաշխարհ եկել տուր խապար, թէ ուստի՞ կու գաս,

Եկել ես օտար յերկիր, մէկ ցուցու, թէ ի՞նչ կու կենաս,
Մեռնիս դու 'ւ ի հող մըտնիս, մէկ ասա, թէ ու՞ր կու գնաս։
Աշխարհս է ի ծով նըման, ով որ գայ՝ անթաց չմնայ,

Յայս ծովս ես ի նաւ մըտայ, գնաց նաւս և ես չիմացա,
Յեզեր մօտեցել եմ ես, վախեմ թէ քարի դիպենայ,
Քակտի իմ աղուոր շինուածս, ու տախտակըս մէկմէկանայ։

Երզնկացու մեծ աշխարհասիրությունը ընդգծվում է հատկապես քառյակներում։ Ամեն ինչի անցողիկության մասին փիլիսոփայորեն արված նրա սառն դատողություններն այստեղ անէանում են, մնում են խոկումն, կյանքի կարոտ ու անցողիկության ափսոսանք, մահվան տագնապ ու սարսուռ, հոգու մեծ վիշտ ու դառնություն, որից դուրս գալու եզակի ելքը դարձյալ խելքը, իմաստությանն ու բարի գործն են.

Մարմինդ է ի նաւ նըման, խելքըդ՝ ծով, թէ չունի ժըխոր,
Զմիտքդ նաւավար դու տես, որ բարձեր է գանձ շահաւոր,
Թէ յեզր ի ծովուդ հանես, նա առնէ ըզքեզ փառաւոր։
Աշխարհս է ոչինչ նըման, շատ դատին դառնան փոշիման,

Հալալ ու հարամ անեն՝ հոս թողուն՝ 'ւ ի հոն կու գընան,
Ջան արա, գործէ բարի, որ յետոյ չլնիս փոշիման,
Թէ չէ Ադամայ դըրախտէն քեզ կանաչ տերև մի չի տան։

Համեմատությունների, պատկերների և ստեղծագործական այլ հնարանքների վրա կառուցված, հաճախ երաժշտականության հասցրած գեղարվեստական խոսք է Երզնկացու ոչ միայն չափածոն, այլև արձակը։ Տիեզերքի, հավիտենականության և մարդու կյանքի կարճատևության ու անցողիկության փիլիսոփայական միտքն անգամ, նրա խոսքի գեղարվեստականության ուժով, դառնում է խոհի ու զգացումների արտահայտություն։ Երզնկացին հատուկ ուշադրություն է դարձնում լեզվի մաքրության, պարզության ու գեղեցկության վրա։ Դեմ լինելով խրթնաբանության, պաշտպանելով աշխարհիկ խոսվածքը, նա միաժամանակ մտահոգված է, որ այն չիջնի մինչև ռամկաբանություն, բարբառայնություն։ Գրաբար թե աշխարհաբար, նրա լեզուն գեղեցիկ է ու մշակված, ճոխ ու պարզ, հարուստ ու հասկանալի, կենդանի ու երաժշտական և միշտ՝ բանաստեղծական։ Ահա թե ինչ է գրել Երզնկացին իր լեզվի, ոճի, շարադրանքի, մտքերի մատուցման եղանակի ու արժեքի մասին. «Քաղեմ իբրև զծաղիկս գեղեցիկս զշուշան ի հովտաց, կամ իբրև զվարդս վառեալ ի դաշտաց, որք են գեղեցկատեսք և անուշահոտք... և իբրև զոսկի մարգարտին յեռեալ, գեղեցկահարմար շարակարգեմ զբանս հոգեվարժս այնոցիկ, որ տենչան բանից իմաստութեան..., իբրև զծաղիկ բուրաստանաց դեղ ցաւելի կենաց»։

  • Վիպասանութիւն զերկնային մարմնոյ շարժմանէ, Նոր Նախիջեւան, 1792, 83 էջ։
  • Հաւաքումն մեկնութեան քերականի, Լոս Անճելըս, 1983, 392 էջ։
  • Խրատ բոլոր քրիստոնեաներուն, Անթիլիաս, 1984, 155 էջ։
  • Բանք չափավ, Երևան, 1986, 312 էջ։
  • Խրատ բոլոր քրիստոնեաներուն, Թեհրան, 2002, 152 էջ։
  • Ի տաճկաց իմաստասիրաց գրոց քաղեալ բանք, Երևան, 2009, 144 էջ։
  • Յովհաննէս Երզնկացի Մատենագրութիւն, Երեւան, 2013, 668 էջ։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Երզնկացի» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Երզնկացի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Երզնկացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 559